Մ. Նահանգների փոխնախագահ Ջեյմս դի Վենսի պատմական այցելությունը Հայաստան եւ Ադրբեջան պետք է ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել: Մինչ դա Հայաստան եւ Ադրբեջան կատարված ամենաբարձր մակարդակի պաշտոնական այցելություն էր, անհրաժեշտ է ճիշտ հասկանալ քաղաքականության նրբերանգները ե Ամերիկայի շահերը Հարավային Կովկասում:
Դժբախտաբար Վենսի պատմական այցելությունը շատ սահմանափակ կերպով լուսաբանվեց ամերիկյան մամուլում: Այն չդարձավ կարեւոր թեմա, եւ այցելության իսկական բնույթը լայնորեն չքննարկվեց, քանի որ սովորական ամերիկացու համար այն իրենից հետաքրքրություն չէր ներկայացնում:
Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թվիթերյան իր գրառման վերացումը դարձավ բավական լուրջ քննադատության թեմա: Այն քննադատվեց ինչպես ամերիկյան առաջավոր մեդիա աղբյուրների, այնպես էլ Մ. Նահանգների կոնգրեսականների եւ այլ հանրային պաշտոնյաների կողմից: Այլ խոսքով, այցելության վերաբեյալ ամերիկյան մամուլի գլխավոր շեշտադրումը հենց այս հարցի վրա դրվեց եւ ոչ թե այցի բուն էության:
Անկախ այս բոլորից, Թրամփի երկրորդ պաշտոնավարումը կարողացավ Ամերիկային շատ ավելի մոտեցնել Հարավային Կովկասին, այսինքն` իր երկար սպասված նպատակին, հզորացնելով իր ներկայությունը եւ նվազեցնելով Ռուսաստանի ազդեցության ոլորտը: Դրանից առաջվա փորձերը, ինչպես օրինակ` Վրաստանի գործոնը առաջ մղելը (նախագահ Ջորջ Բուշի օրոք) անհաջող էին: Ներկա պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի միջոցով կատարվածը շատ ավելի արդյունավետ էր Ամերիկայի համար: Իրականում Վենսը ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին է պաշտպանում: Նա պարզապես Ամերիկայի աշխարհաքաղաքական շահերն է հետապնդում Կենտրոնական Ասիայից սկսած մինչեւ Եվրոպա երկարող ճանապարհին, որի մի մասը` Հարավային Հայաստանի տարածքով ընդգրկված է «Հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) Թրամփի ուղու մեջ: Սա միջազգային քաղաքականության մեջ ընդունված բնականոն գործընթացներից մեկն է:
Սակայն փոխնախագահի այցը մի շարք վիճելի քննարկումների պատճառ դարձավ Երեւանում: Հնարավոր ներդրումների վերաբերյալ լայնածավալ քննարկումներ կատարվեցին Հայաստանում, հիմնականում թյուրըմբռնման եւ սխալ մեկնաբանության պատճառով:
Փոխնախագահ Վենսը չնշեց, որ ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարներ է ներդնելու Հայաստանում: Թարգմանիչը սխալ արտահայտվեց, ասելով, որ ամերիկյան ներդրումներ են լինելու: Փոխնախագահը ընդամենը ասաց, որ Մ. Նահանգների կառավարությունը «կանաչ ճանապարհ է բացելու միլիարդավոր դոլարների արժողությամբ տեխնոլոգիաներ եւ զանազան այլ ապրանքներ արտադրող ամերիկյան խոշոր ընկերությունների առաջ, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում»: Փաստորեն Թրամփի վարչակազմի ուշադրության կենտրոնում Մ. Նահանգներին այդ ներդրումների շնորհիվ հետագայում եկամուտներ ապահովելն է` ամերիկյան ապրանքներ, տեխնոլոգիաներ եւ զենք վաճառելով աշխարհով մեկ: Այս հարցը լուրջ վիճարկումների պատճառ դարձավ, հատկապես հայկական իշխանությունների կողմից, որոնք փորձեցին ի շահ իրենց օգտագործել այդ այցելությունը, ներկայացնելով այն իրենց անձնական ձեռքբերումը:
Վենսի մյուս արտահայտությունը, որ տեղյակ է Հայաստանում սպասվող ընտրությունների անցկացման մասին, եւ ըստ էության նաեւ պաշտպանությունը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, առավել սրեց իրավիճակը: Վենսի կողմից սխալ էր ընդհանրապես անդրադառնալ հայաստանյան ընտրություններին, հատկապես որ Ռուսաստանի կամ այլ պետությունների կողմից ընտրություններին միջամտելու եւ այդ գործողությունը անընդունելի համարելու թեման բավականին հաճախ էր քննարկվել Ամերիկայում վերջին տասնամյակում: Մյուս կողմից կարելի է նաեւ հասկանալ, որ Մ. Նահանգների պաշտպանությունը, եթե ոչ անձամբ Փաշինյանին, այլ ուղղված էր մեկ այլ անձնավորության, որը առաջ կտաներ հօգուտ Ամերիկայի օրակարգը, ինչը «ռեալպոլիտիկի բնականոն գործընթաց է»:
Համագործակցության տեսակետից ԱՄՆ-ի համար Հայաստանն ու Ադրբեջանը միեւնույն մակարդակի վրա են գտնվում:
Քննարկումների մյուս թեման առնչվում էր Բաքվում բանտարկված հայ գերիների հետ: Վենսի խոստումը, որ կբարձրացնի այդ հարցը, գործնականում մնաց սոսկ հռետորական արտահայտություն, ինչը ցավալի է առաջատար մի թեկնածուի համար, որ հավակնում է դառնալ Մ. Նահանգների հաջորդ նախագահը: Եթե Վենսը բանտարկյալների հարցը չքննարկեց Բաքվում, նշանակում է, որ նա չպահեց իր խոստումը: Իսկ եթե քննարկեց եւ անարդյունք մնաց եւ չհրապարակվեց, նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունները պարզապես լուրջ չընդունեցին հարցը, ինչը հեղինակության եւ իշխանություն բանեցնելու հարց է:
Հակառակ այս բոլորին, այցելությունը իրոք պատմական էր, եւ շատ բան այժմ կախված է Հայաստանի իշխանություններից: Ժամանակը ցույց կտա, թե նրանք ԱՄՆ-ի հետ ավելի կխորացնե՞ն հարաբերությունները, կկառուցե՞ն նոր ատոմակայան` ներդնողներին հրապուրելով, թե՞ կօգտագործեն առիթը առավել հիմնավոր եւ խիզախ օրակարգ առաջ տանելու Մ. Նահանգների հետ: Մի բան հստակ է: Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է, եւ շատ բան կախված է իշխանությունների որոշումներից:
Ինչ վերաբերում է Բաքու կատարած այցին, այստեղ շատ հետաքրքրական մանրամասներ կան հատկապես կապված ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության փաստաթղթերի հետ: Հայաստանը նույնպես նման փաստաթուղթ է ստորագրել, բայց նման փաստաթղթերի օգտակարությունը կարող է տեսանելի դառնալ, եթե ստորագրող պետությունները իրոք ցանկանան ավելի լայն համագործակցություն ծավալել ԱՄՆ-ի հետ: Ադրբեջանի պարագայում նման ցանկությունը ակնհայտ է:
Հետաքրքրական է նաեւ այն, որ Ադրբեջանը Մ. Նահանգներից ձեռք է բերում որոշակի քանակի ռազմական հանդերձանք, սարքավորումներ եւ տեխնոլոգիա, որն ըստ էության կարելի է օգտագործել միայն Իրանի դեմ: Այս տեսանկյունից Բաքուն ցուցադրաբար ամրապնդում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, միեւնույն ժամանակ ցույց տալով Ռուսաստանին եւ Իրանին, որ ինքն է գլխավոր դերակատարը տարածաշրջանում եւ կարող է ցանկացած ժամանակ անախորժություններ պատճառել երկու պետություններին, վայելելով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի անմիջական պաշտպանությունը: Գործի դնելով որոշակի փաստարկներ, Ադրբեջանը փորձում է Հարավային Կովկասի բոլոր դերակատարներին ցույց տալ իր կրկնապատկված վարկն ու կարեւորությունը տարածաշրջանում:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)





