«Ագրեսիվ շան դիվանագիտություն»
Դիվանագիտության պատմության մեջ «ագրեսիվ շուն» ձեւակերպումը մինչ այժմ առանձնահատուկ տեղ չի զբաղեցրել եւ, ի տարբերություն «մաքոքային», «պինգ-պոնգային» կամ «ֆուտբոլային» դիվանագիտության, դեռ չի դասակարգվել որպես առանձին մոտեցում: Սակայն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի առիթով իրանական մամուլում շրջանառվող «Թրամփի ագրեսիվ շան դիվանագիտություն» արտահայտությունը նման հավակնություն ընձեռում է:
Իրանցի քաղաքական վերլուծաբանների ճնշող մեծամասնության գնահատմամբ՝ Վենսի այցը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ Հարավային Կովկասը վերածվել է մեծ տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության հիմնական օջախներից մեկի: Տարածաշրջանում ընթացող զարգացումները կարող են լուրջ հետեւանքներ ունենալ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի շահերի համար՝ ազդելով անվտանգային հավասարակշռության վրա:
Ըստ իրանցի փորձագետների, այցը պետք է դիտարկել որպես Վաշինգտոնի ավելի լայն ռազմավարության բաղկացուցիչ մաս՝ Հարավային Կովկասում Թեհրանի եւ Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու եւ Միացյալ Նահանգների անվտանգային, տնտեսական եւ աշխարհաքաղաքական ներկայությունն ընդլայնելու նպատակով: Այս համատեքստում ընդգծվում է, որ ԱՄՆ նախաձեռնությամբ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումը կարող է թուլացնել Ռուսաստանի ավանդական դերակատարությունը տարածաշրջանում:
Ուշագրավ է Իրանի Իսլամական Հանրապետության Ռադիոյի եւ Հեռուստատեսության պետական կազմակերպության համակարգում գործող «Երիտասարդ լրագրողների ակումբ» կայքում հրապարակված վերլուծականը՝ նվիրված Վենսի Հարավային Կովկաս կատարած այցին: Հոդվածի հեղինակը պնդում է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցի եւ «Զանգեզուրյան միջանցքի» միջեւ կապը ակնհայտ է: Նույն աղբյուրի գնահատմամբ՝ այսպես կոչված «Թրամփուղու» հայտնվելը ԱՄՆ քաղաքական հովանու ներքո, այն վերածում է անվտանգության լծակի, որը ճգնաժամային իրավիճակում կարող է Իրանի վրա հավելյալ ճնշման գործիք դառնալ:
Վերլուծության համաձայն, գործընթացի շարունակությունը կարող է Հարավային Կովկասը բուֆերային գոտուց վերածել Իրանի դեմ ուղղված ակտիվ աշխարհաքաղաքական ճնշման տարածքի:
Հոդվածագիր Մեհդի Սեյֆ Թաբրիզին նշում է, որ այցի նշանակությունը պայմանավորված է ոչ միայն դրա փաստով, այլեւ բովանդակությամբ: Նրա խոսքով՝ այնպիսի պայմաններում, երբ Թրամփի վարչակազմը, նոյեմբերին նախատեսված միջանկյալ ընտրությունների նախաշեմին, աննախադեպ սահմանափակել է բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան այցերը եւ կենտրոնացել ներքին օրակարգի վրա, Հարավային Կովկասի ընդգրկումը փոխնախագահի ծրագրում հաշվարկված բացառություն է:
Այս բացառությունը, ըստ հեղինակի, վկայում է, որ Վաշինգտոնը տարածաշրջանը դիտարկում է որպես աճող ռիսկեր պարունակող գոտի: Հոդվածագիրը փորձում է պատասխանել նաեւ այն հարցին, թե ինչու հենց «ծանր հրետանու» կշիռ ունեցող փոխնախագահն է այցելում Հարավային Կովկաս եւ ինչու հենց այժմ:
Նրա գնահատմամբ՝ Վենսի այցը «ագրեսիվ շան դիվանագիտության» հստակ օրինակ է: Այս մոտեցման շրջանակում ԱՄՆ-ը, ուղիղ ռազմական միջամտության փոխարեն, բարձր մակարդակի քաղաքական ներկայությամբ զսպող եւ ուղղորդող ուղերձներ է հղում ինչպես մրցակիցներին, այնպես էլ դաշնակիցներին: Հեղինակը հիշեցնում է, որ վերջին մեկ տարում Թրամփը նման մեխանիզմ կիրառել է նաեւ Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի հետ կապված հարցերում՝ փոխնախագահի միջոցով:
Ըստ հոդվածագրի, Վենսի ներկայությունը Բաքվում եւ Երեւանում նպատակ չուներ անհապաղ ճգնաժամային կառավարում ապահովելու: Ավելի շուտ այն միտված էր Վաշինգտոնի ազդեցության հաստատմանն ու ամրապնդմանը Հարավային Կովկասում: Այցի ժամանակացույցը նույնպես, նրա կարծիքով, խորհրդանշական էր. հիմնական խթանը ոչ այնքան ԱՄՆ ընտրություններն էին, որքան Իրանի նկատմամբ վերահսկողության հնարավորության ուժեղացումը Թեհրան-Վաշինգտոն լարված հարաբերությունների պայմաններում:
Հեղինակի համոզմամբ՝ Վաշինգտոնի ռազմավարական գնահատականներում Հարավային Կովկասը դիտարկվում է որպես այնպիսի տարածք, որտեղ Թեհրան-Վաշինգտոն հնարավոր սրման հետեւանքները կարող են անմիջապես դրսեւորվել: Այս տեսանկյունից Վենսի այցը, ըստ վերլուծականի, ավելի շուտ տարածաշրջանային դերակատարներին վստահեցնելու եւ նրանց ԱՄՆ շահերին համահունչ քաղաքականության շարունակությանը խրախուսելու փորձ էր, քան պարզապես արարողակարգային քայլ:
«Թրամփի միջանցք». Իրանի դեմ աշխարհաքաղաքական ինժեներիա՞
Իրանական աղբյուրի փոխանցմամբ, Վենսի այցի օրակարգում ընդգրկված էին հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագիծը, որի նպատակն է բացել առանցքային տրանսպորտային ուղիներ եւ խթանել տարածաշրջանային կապակցվածությունը:
Հոդվածագիրը նախագիծը դիտարկում է որպես Հարավային Կովկասում ԱՄՆ ազդեցության շարունակականությունն ապահովող կարեւոր գործիք՝ Իրանը եւ Ռուսաստանը շրջանցելու ռազմավարությամբ: Նրա համոզմամբ, այս միջանցքը Իրանի համար պարզապես նոր տարանցիկ ուղի չէ, այլ մարտահրավեր է՝ ուղղված երկրի աշխարհաքաղաքական դիրքին: Արեւելք-Արեւմուտք կապակցման մեջ Իրանի դերի թուլացումը, ըստ հեղինակի, կնշանակի նաեւ Թեհրանի բանակցային լծակների նվազում տարածաշրջանային հաշվեկշռում:
Քողարկված ուղերձներ՝ Թեհրան-Վաշինգտոն լարվածության ֆոնին
Հոդվածագրի գնահատմամբ, այցը տեղի է ունենում Իրանի եւ ԱՄՆ հարաբերությունների առավել զգայուն փուլերից մեկում: Թեեւ նա դիվանագիտական ուղիները լիովին սպառված չի համարում, սակայն չի բացառում բախումների կամ միջնորդավորված պատերազմի հավանականությունը:
Այս պայմաններում, ըստ վերլուծականի, ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասում Թեհրանին հղում է հստակ ուղերձ. ճնշումը չի սահմանափակվելու միայն պատժամիջոցներով կամ Պարսից ծոցում ուժի ցուցադրությամբ: Իրանի հարակից միջավայրը եւս վերածվում է մրցակցության դաշտի:
Իրանական կողմի գնահատմամբ, Վաշինգտոնը միաժամանակ փորձում է վերահսկել տարածաշրջանի հարավում հնարավոր ապակայունացումը եւ ցույց տալ, որ ճգնաժամի ընդլայնման դեպքում պատրաստ է կիրառել իր աշխարհաքաղաքական գործիքակազմը նաեւ Իրանի հյուսիսում:
Այս տեսանկյունից Վենսի այցն Իրանում դիտարկվում է որպես երկարաժամկետ գործընթացի մաս, որի նպատակը Իրանի հյուսիսային հարեւանությամբ ուժերի հարաբերակցության փոփոխությունն է: Գործընթաց, որի անտեսումը, ըստ իրանցի վերլուծաբանների, կարող է երկարաժամկետ հեռանկարում էապես սահմանափակել Թեհրանի ռազմավարական ընտրանքները եւ նույնիսկ սպառնալիքի տակ դնել երկրի ազգային անվտանգությունը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ





