Չեմ թաքցնում, դրական զգացումներ չեմ տածել ընդհանրապես կոմունիստների, մասնավորաբար Սովետական Հայաստանի պաշտոնյաների նկատմամբ: Դրանց համարել եմ անհոգի մարդիկ, ուծացած հայեր: Առավել եւս, դույզն հարգանք չեմ ունեցել ԽՍՀՄ-ի պետական ահարկու կառույցի՝ Պետական անվտանգության կոմիտեի աշխատակից հայազգիների հանդեպ: Վերջիններիս իմ անձին պատճառած, մեղմ ասած, տհաճությունները բավարար են լիաբուռն ատելությամբ լցվելու նրանց նկատմամբ:
Այս ամբողջ գորշ զանգվածի մեջ իր նկարագրի մարդկային էությամբ բացառիկ բացառություն էր պարոն Ռոմեն Կոզմոյանը:
1980-ականներին Երեւանում իմ ուսումնառության տարիներին լսել էի Ռոմեն Կոզմոյան անունը իբրեւ Բեյրութում ԽՍՀՄ-ի դեսպանատան աշխատակցի (1980-1985 թթ.), սակայն առիթ չէր եղել նրա հետ շփվելու: Նրա հետ իմ ծանոթությունը եղավ ամբողջովին պատահական: Ահա թե ինչպես:
1987-ի հոկտեմբերին իր կնոջ հետ Երեւան էր այցելում Բեյրութի «Սփիւռք» շաբաթաթերթի մատենագիտությունը կազմած Սագո Օգնայանը: Նա իր հետ բերում էր խմորատիպ գրքից 30 օրինակ՝ բաժանելու Սովետական Հայաստանի գրադարանների, Գրողների եւ Լրագրողների միություններին եւ մի շարք հեղինակավոր գրողների, գրականագետների ու պատմաբանների: Թերթը եւ նրա հիմնադիր-խմբագիր Սիմոն Սիմոնյանը բազմած լինելով արգելված գրականության «պատվո ցանկի» ամենավերեւում, «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատանը վայր էին դրել ամբողջ խմբաքանակը: Օգնայանի ցասումին չափ ու սահման չկար: Նա վճռել էր գերությունից ամեն գնով ազատել երկար տարիների իր ծանր աշխատանքի պտուղները:
Ելքը անելանելի էր թվում: Որոշեցինք դիմել Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեին: Ներկայացանք այդ օրերին կոմիտեի նախագահի տեղակալ Ռոմեն Կոզմոյանին: Նա հարգալիր ընդունեց մեզ, իրեն բնորոշ հանդարտությամբ լսեց մեր բողոքը եւ, ի զարմանս մեզ, խոստացավ իր կարելին անել հարցի լուծման ուղղությամբ: Ճիշտն ասած, նման խոստման հույս չունեինք, երբ Կոմիտեի շենքն էինք մտնում: Առաջարկեց հանդիպել 4-5 օր անց: Երբ նորից հանդիպեցինք, նրա սեղանին տեսանք գրքի 25 ազատագրված օրինակ: Սագոն չբավարարվեց եւ պահանջեց մնացյալ 5 օրինակը: Պարոն Կոզմոյանը ակնհայտորեն վրդովվեց, սակայն փորձելով դա թաքցնել՝ ասաց. «Նորից կփորձեմ»:
Եւս մի քանի օր, եւ Կոզմոյանի գրասեղանին կային 4 օրինակ: Քաջալերված նախորդ անգամ Սագոյի համարձակության արդյունավետ ելքից, ինքս կոպիտ սխալը գործեցի պահանջելու նաեւ 30-րդ օրինակի վերադարձը: Զգացի, որ անպատկառ պահանջիս համար պարոն Կոզմոյանի համբերության բաժակը հորդեց. այս անգամ, չթաքցնելով իր վրդովմունքը՝ ասաց. «29 օրինակը ձեզ չի՞ բավարարում: Գիտե՞ք որքա՜ն եմ տանջվել այդքանը ետ ստանալու համար: 30-րդ օրինա՞կն եք ուզում: Դա չի լինի: Բացահայտ ասեմ՝ այդ օրինակը ստիպված եմ եղել թողնել ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԱՌՈՒՅՑԻՆ՝ մնացյալներին ազատելու համար»: Երկուսով ամոթից գլխիկոր դուրս եկանք գրասենյակից՝ առանց նույնիսկ շնորհակալություն հայտնելու…
Իր բնավորությամբ քինախնդրությունից ամբողջովին հեռու պարոն Կոզմոյանին տարիներ անց երբ այս տհաճ պատմությունը հիշեցնում էի, պատասխանում էր իրեն հատուկ ժպիտով, եւ տեղից վեր կենալով … շոկոլադ կամ ուրիշ քաղցրեղեն էր հրամցնում ինձ՝ «Արի դառը հիշատակները քաղցրացնենք» ասելով:
Երբ 1994 թվականին հաստատվեցի Երեւանում, պարոն Կոզմոյանի հետ իմ հարաբերությունները դարձան ավելի քան մտերմական: Հաճախ էի հանդիպում իր գրասենյակը: Գրեթե միշտ ունենում էր սփյուռքահայ այցելուներ կամ նրանցից ստանում էր հեռախոսազանգեր: Ոմանք կատակով նրան անվանում էին «Սփյուռքի դեսպանը Հայաստանում»: Երբ մի քիչ երկար չէի հանդիպում իր գրասենյակ, զանգում էր ինձ եւ հումորով հարցնում. «Պարոն Յազըճյանը արդյոք հիշո՞ւմ է, որ Երեւանում կա Ռոմեն Կոզմոյան անունով մի մարդ, որը իրեն է փնտրում»: Դրանից հետո, նույն օրը կամ հաջորդ 1-2 օրերին անպայման այցելում էի: Երբեմն ունենում էր ծրագրեր, որոնց մասին հարցնում էր անարժանիս կարծիքը, ինձ՝ որ կարիքն ունեի իր նման բազմափորձ անձի խորհուրդներին: Նաեւ այստե՛ղ, իր համեստության մեջ էր կայանում պարոն Կոզմոյանի մեծությունը: Լավ եմ հիշում, երկուստեք խորհրդակցության շնորհիվ Երեւան հասցվեցին ու Գրականության եւ արվեստի թանգարանում հանգրվանեցին սփյուռքահայ տաղանդավոր հեղինակ-հասարակական գործիչներ Վահրամ Մավյանի ու Գառնիկ Ադդարյանի թողոնները: Շատ եւ շատ ուրիշ հարցերում էլ խորհրդակցում էինք:
Հատկապես չեմ մոռանա իր հիմնած «Մուղնի» հրատարակչության տնօրեն Ռուզան Պետրոսյանի եւ սփյուռքահայ մի քանի արվեստագետների հետ Գյումրու «Թռչունյան տուն» մեր այցելությունը: Տեսնե՜լ էր պետք ՍԻՐՈ այն աներեւակայելի չափը, որով նա պարուրել էր այդ կրթարանում ապահով երդիկ ունեցած երեխաներին, որոնք ավելիով փոխադարձում էին այդ սերը: Այդ օր, երեխաների ասմունքը, երգն ու պարը գեղագիտական բացառիկ վայելք պարգեւեցին այցելուներիս: Այդ բոլորի շարժիչ ուժը պարոն Կոզմոյանն էր, որ աչքի բիբի ման պահում էր «Թռչունյան տունը», հոգ տանում նրա ամեն մի մանրուքին: Եվ բնական է, որ նա եւ տիկին Ռուզանը խոր վիշտ պիտի ապրեին, երբ ոչ-հիմնավոր պատճառներով այդ ապաստարան-կրթարանը փակվեց՝ նրա սան-սանուհիների մի մասին մատնելով ճակատագրի հաւանական դառն հարվածներին…
Պարոն Կոզմոյանը նաեւ ցավ էր ապրում, որ իր հարուստ փորձառությունը Հայաստանի Հանրապետության իրար հաջորդած իշխանությունները ըստ արժանվույն չեն գնահատում եւ ըստ էության չեն ցանկանում դա ծառայեցնել պետության շահերին: Նրան ընդգրկել էին նոր հիմնված Սփյուռքի նախարարության խորհրդատվական մարմնի՝ ատյանի անդամ: Ամիսների ու տարիների թավալքի հետ նա հասկացել էր, որ այդ մարմինը ձեւական բնույթ ունի եւ ստեղծվել է նրա անդամների անունը շահարկելու համար: Եվ նա առանց ավելորդ աղմուկի՝ սուսուփուս հեռացավ այդ անվանական մարմնից՝ ափսոսանքի զգացումներով:
Գիտեի, թե Սփյուռքի Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը անպայման «Օրգանի աշխատող» պետք է լինի (Սովետական Միության մեջ բազմամարդ հիմնարկների ղեկավարների տեղակալներից մեկը այդպիսին պետք է լիներ): Անկեղծորեն, երբեք չեմ կասկածել, որ պարոն Կոզմոյանը կլինի ոչ միայն այդ հիմնարկի աշխատող, այլեւ ՊԱԿ-ի բարձրաստիճան սպա՝ գնդապետի աստիճանով: Նրա ազգային մաքո՜ւր տեսակետները եւ գործունէությունը երբեք հիմք չեն տվել ինձ կասկածելու, մինչեւ որ նա ինք մի օր ինձ հայտնեց այդ մասին: Այդ բացահայտումը սկզբում ընդունեցի … խնդուքով, մինչեւ որ ուրիշներից եւս հաստատեցի փաստը: Սակայն անձի որակները դույզն իսկ ստվեր չգցեցին նրա հետ իմ ջերմ հարաբերությունների վրա: Ավելին, նա եղավ այդ տխրահռչակ պետական կառույցի միակ աշխատողը, որի նկատմամբ իմ հարգանքը օր-օրի ավելացավ՝ մեր հանդիպումների քանակի ավելացման հետ:
Պարոն Կոզմոյանը աներեւակայելի սիրով կապված էր իր վաղամեռիկ կնոջ՝ տիկին Աիդայի հետ: Զգում էի, որ ապրում է նրա հիշատակներով, թեեւ մեր զրույցների ժամանակ հազվադեպ էր նրան ուղղակի հիշատակում:
2021թ. մարտի 16-ին կյանքից անժամանակ հեռացավ նաեւ իմ կինը, ում պարոն Կոզմոյանը ծանոթ էր եւ իրար շատ էին հարգում: Չեմ իմանում ինչ պատճառով, պարոն Կոզմոյանը չկարողացավ ներկա գտնվել հուղարկավորության եւ թաղմանը: Մեծ եղավ իմ հուզումը, երբ շաբաթներ անց ինձ առաջարկեց այցելել կնոջս շիրիմին: Գնացինք Քասախ գյուղի գերեզմանատուն: Երկուքիս էլ կոկորդը խեղդում էին դառն ապրումները, մեր ուղեղում իրար էին բախվում անդարձ մեկնած սիրելի կանանց հիշողությունները: Երկար րոպեներ անխոս մնացինք՝ վիշտը մեր սրտում: Մեկ էլ պարոն Կոզմոյանը… կատակեց. «Գեւորգ, էս ի՜նչ հաճելի տեղ է, օդասուն, ամեն կողմից հովեր են փչում: Արժե այս զով տեղում էլ թաղվել»… Այս խոսքի վրա, մեր հուզմունքը զգալի նահանջեց:
Անչափ շատ են պարոն Կոզմոյանի հետ կապված իմ հիշողությունները: Ո՞ր մեկի մասին պատմեմ:
Պարոն Ռոմեն Կոզմոյանը իմ եւ շատ շատերի հիշողության մեջ մնում է եւ կմնա իբրեւ ԱՆԲԱՍԻՐ ՄԱՐԴ, ԼԻԱՐԺԵՔ ՀԱՅ եւ ՀԱՆՁՆԱՌՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, մեկ խոսքով՝ ՀԱՅ ՄԱՐԴ՝ այս երկու բառերի ամենավավերական իմաստներով:
Հարգա՜նք իր անթառամ հիշատակին:
ԳԵՎՈՐԳ ՆԱԹԱԼԻ (Յազըճյան)
Երեւան, 24 հունվար 2023