Արեւելագետ Տիգրան Եկավյանը անկախ լրագրող է եւ գիտաշխատող ֆրանսիական հետախուզական Ուսումնասիրությունների կենտրոնում (CF2R)։ Բակալավրի տիտղոս է ստացել արաբերեն լեզվի իմացության գծով «Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ուսումնասիրման կենտրոնից (INALCO) եւ մագիստրոսի գիտական աստիճան՝ Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտից (Sciences Po)։ Հետաքրքրվում է մասնավորապես Պորտուգալիայի եւ պորտուգալերեն խոսող երկրների, հայկական եւ արեւելքի քրիստոնյա սփյուռքների ուսումնասիրությամբ։ «Ակտուալ արվեստ մշակութային միությունը» 2020-ին հայերին թարգմանությամբ լույս է ընծայել նրա «Արեւելքի փոքրամասնություններ։ Պատմության կողմից մոռացվածները» ֆրանսերեն հատորը։ Ստորեւ ներկայացնում ենք անգլերենից թարգմանված նրա խիստ այժմեական եւ բազմակողմանի համեմատական ուսումնասիրության առաջին հոդվածը։
Հ.Ծ.
2021 թվականի սեպտեմբերին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարեց, որ սկսում է իրականացնել երկրորդ փուլը իր «Ի Գործ» ծրագրի, որ նպատակ է հետապնդում աշխարհի տարբեր անկյուններից տասնյակ սփյուռքահայ մասնագետների ներգրավել Հայաստանի հանրապետության գերատեսչությունների եւ գրասենյակների աշխատանքներում։ Չնայած իր փոքր չափերին, այս անաղմուկ կատարվող գովելի նախաձեռնությունը հեղաշրջում է համարվում եւ լայն հնարավորություններ է ստեղծում։ Առաջին անգամ Հայաստանի պետական մարմինները օրգանական, հորիզոնական հարաբերություններ են հաստատում Սփյուռքի հետ։ Մինչ օրս Երեւանի եւ սփյուռքահայ համայնքների միջեւ կապերը հիմնված են եղել գլխավորապես երկու ուղղությունների վրա, մեկը` մարդասիրական-բարեգործական, մյուսը` զբոսաշրջային (հիշողությունների հետ կապված, թե հանգստի նպատակներով)։
1988-ի երկրաշարժից ի վեր սփյուռքի զորաշարժը հօգուտ Հայաստանի տեղի է ունեցել ընդհատումներով, այսինքն՝ ամեն անգամ՝ երբ ողբերգական մի դեպք ցնցել է հայրենիքը։ Դրա վառ օրինակն է երկրաշարժը, որ բացեց երկաթյա վարագույրի դռները, սկիզբ դրեց Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, այնուհետեւ տեղի ունեցավ 2020 թվի պատերազմը, որն էլ առաջացրեց «թվայնացված սփյուռք» հասկացությունը։ Բայց այդ հարաբերություններում կային նկատելի թերություններ։
Երերուն հարաբերություն` ռազմավարական ներուժով
Չնայած իր ժամանակին մեծ ոգեւորություն առաջացրեց, Հայաստանի անկախությունը տեղի ունեցավ քաոսային համատեքստում։ Մի կողմից պատերազմը, մյուս կողմից սննդի եւ էներգիայի ճգնաժամային իրավիճակները համակել էին հայրենի բնակչությանը։ Սակայն, այդ դժվարին տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը սփյուռքին չդիմեց որոշելու համար նրա դերն ու պարտականությունները պետականության կառուցման գործում։ Փոխարենը բացահայտ հակամարտություն սանձազերծեց սփյուռքի ամենակազմակերպված կառույցներից մեկի` ՀՅԴ-ի դեմ, ընդհուպ դադարեցնելով այդ կուսակցության գործունեությունը հայրենիքում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծումը որոշ առումով նպաստեց ամենաանհրաժեշտ կարիքների հոգսը թեթեւացնելուն։ Այն հնարավորություն տվեց արհեստավարժ ձեւով կապեր հաստատելու եւ օգնություն ձեռք բերելու, առանց տնտեսության այլ բնագավառների ներդրումների օգտագործմանը։ Անկախությունը, որին թուրքական հնարավոր հարձակումների ակնկալիքով պատրաստ չէին սփյուռքի քաղաքական կազմակերպությունները, այդուհանդերձ նոր ձեւաչափ հաղորդեց Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։ Մինչ այդ Հայաստան-Սփյուռք կապը իրականացվում էր միջնորդված ձեւով, կա՛մ հայաստանյան Սփյուռքի կոմիտեի, կա՛մ էլ սփյուռքի որոշ հայաստանամետ (խորհրդային) համայնքային կառույցների միջոցով։ Մինչեւ 1980-ական թվականները դեռեւս կառավարության խստագույն վերահսկողության ներքո էին գտնվում 1957-ին «Ինտուրիստ» գործակալության սկսած դեպի Հայաստան սահմանափակ թռիչքները։
Անկախությունը փոխեց նաեւ սփյուռքի մոդելը։ Պետություն չունեցող (ապապետական) սփյուռքից (ինչպես օրինակ` պաղեստինցիները, քուրդերը կամ ասորիները) մենք դարձանք պետության կից գործող սփյուռք (ինչպես օրինակ` հրեաները, իռլանդացիները կամ լիբանանցիները) (1)։ Սակայն, ի տարբերություն հզոր սփյուռք ունեցող այլ երկրների (ինչպիսիք են Իռլանդիան, Հունաստանը եւ Պորտուգալիան) Հայաստանն իր անկախության առաջին քսան տարիների ընթացքում չկարողացավ ստեղծել քաղաքական համապատասխան մի կառույց կամ խորհրդատվական մի մարմին, որն զբաղվեր ինչպես իր երկրի քաղաքացիների, այնպես էլ իր սահմաններից դուրս բնակվող հայրենակիցների խնդիրներով։
1990-ականներին, երբ դեռ չկար երկքաղաքացիության օրենքը, միջանկյալ մի կարգադրություն թույլ էր տալիս սփյուռքահայերին 10 տարվա բնակություն հաստատել հայրենիքում։ Սփյուռքահայերին որպես քաղաքացի (առանց նրանցից պահանջելու, որ հրաժարվեն իրենց ծննդավայրի հետ կապերից) ընդունելու հարցում եղած երկմտանքը հիմնված էր ՀՅԴ-ի քաղաքական գործունեությունը սահմանափակելու Տեր-Պետրոսյանի կառավարության ցանկության վրա։
Նրան հաջորդած նախագահ Ռոբերտ Քոչարյանը ավելի ազատամիտ մոտեցում ցուցաբերելով, վերացրեց այդ կազմակերպության հանդեպ դրված արգելքը։ Նա նաեւ Սիրիայից Միացյալ Նահանգներ տեղափոխված Վարդան Օսկանյանին նշանակեց արտգործնախարար։ Իսկ ներդրումներ ձեռք բերելու նպատակով 1999-ին կազմակերպեց առաջին համահայկական սփյուռքյան համաժողովը, որը բացի բարձրագոչ հայտարարություններից, դժբախտաբար, ոչ մի կոնկրետ քայլի չառաջնորդեց։ Այդ ժամանակ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կարգավորում էր արտգործնախարարությունը։ «Աշխատանքի հստակ բաժանում» կար, որտեղ Սփյուռքը կենտրոնանալու էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերի վրա, իսկ հայրենի պետությունը զբաղվելու էր երկրի ներքին գործերով, առանց սփյուռքահայերի մասնակցության(*)։
2008-ի մարտի 1-ի ողբերգության պայմաններում երկրի իշխանությունը ստանձնած Սերժ Սարգսյանն էր, որ հիմնադրեց Սփյուռքի նախարարություն, որի ղեկավարությունը վստահեց Հրանուշ Հակոբյանին` կոմսոմոլի նախկին առաջնորդին, որ շատ քիչ բան գիտեր սփյուռքահայ համայնքների ներքին իրավիճակների մասին։ Նախարարության քաղաքականությունը հիմնված էր գլխավորապես խորհրդային ժամանակաշրջանի Սփյուռքի կոմիտեի գործունեության մոդելի վրա։ Տոգորված հնաոճ հայրենասիրական լոզունգներով, տիկին Հակոբյանը մի քանի ծրագրեր մշակեց հաստատելու համար որոշակի կապեր տարբեր մասնագիտությունների (բժիշկներ, գրողներ, լրագրողներ, ոսկերիչներ, եւայլն) տեր սփյուռքահայերի միջեւ։ Նրա ղեկավարած նախարարությունը նշանակալի դերակատարություն ունեցավ տեր կանգնելու տասնյակ հազարավոր սիրիահայերին եւ իրաքահայերին, որոնք իրենց ծննդավայրի պատերազմներից փախչելով ապաստան էին գտել Հայաստանում։
Թավշյա իշխանափոխությունը կոսմետիկ փոփոխության ենթարկեց նախարարությունը։ 1990-ին ծնված Մխիթար Հայրապետյանը 28 տարեկանում հաջորդեց Հրանուշ Հակոբյանին եւ անտեսելով սփյուռքահայ համայնքների ներքին բարդությունները՝ կենտրոնացավ իսրայելական «Start-Up Nation» մոդելի սկզբունքների վրա, հավատալով, որ ինքն ու իր թիմը դրանցով կկարողանան սփյուռքահայ երիտասարդ ձեռնարկատերերի ուշադրությունը գրավել։ Այդ նպատակով նա մշակեց հավանաբար իր լավագույն իրագործումներից մեկը` «Ներուժ» ծրագիրը։ Բայց նախարարության ամբողջական վերացումն ու դրա փոխարեն գլխավոր հանձնակատարի գրասենյակի ստեղծումը բյուջետային սահմանափակումներ էր առաջացնում, որին գումարվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատշաճ ուշադրության բացակայությունը սփյուռքի մարտավարական հնարավորություններին։
Բարեգործությունից ներգրավվածություն
Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը դարձել է այսպես կոչված «Զբոսաշրջային ոստան» եվրոպացի եւ անդրատլանտյան բազմաթիվ այցելուների համար։ Շատ սփյուռքահայեր Հայաստանը համարում են գյուղերում մարդասիրական աշխատանքներ կատարելու վայր կամ էլ ցանկանում են մկրտվել Սյունիքի կամ Արցախի վանքերից մեկում։ Դրանով նրանց առաքելությունը ավարտված էր համարվում։ Բարեգործությունը մնում է հարաբերությունների գլխավոր շարժիչ ուժը։ Դրան է նպատակաուղղված մի շարք հաստատությունների (ՀԲԸՄ-ի, Ազնավուր հիմնադրամի, Հովարդ Կարագյոզյանի հիմնադրամի, Լինսի հիմնադրամի, Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամի, COAF-ի, եւայլն) գործունեությունները։ Սակայն Հայաստանի եւ Սփյուռքի դերակատարների միջեւ համընդհանուր տեսլականի եւ խորհրդատվության բացակայությունը մարտավարական նշանակությունից զրկում է նրանց աշխատանքները։ Կարեւորագույն հարցերի նկատմամբ (սոցիալ-տնտեսական զարգացում, ժողովրդագրական եւ կիբեր անվտանգության խնդիրներ, եւայլն) երկկողմ անտարբերությունը մղում է ուշադրությունը սեւեռել լոկ Ցեղասպանության միջազգային ճանաչման (ոչ պահանջատիրական) եւ Արցախի վրա։ Նաեւ պատճառ է հանդիսանում, որ միայն հայապահպանության խնդիրների լուծմանը հետամուտ լինեն, անտեսելով երկու խիստ կարեւոր ոլորտներ, որոնցից առաջինը Սփյուռքի հաստատությունները, երկրորդը` սփյուռքահայ կյանքի ուսումնասիրությունները Հայաստանում եւ աշխարհում (անկախ մարդաբանական կամ գաղափարական մոտեցումներից)։ Բեյրութի Հայկազյան համալսարանում գործող Սփյուռքի կենտրոնից (որը հիմնականում Միջին Արեւելքի համայնքների գործունեության վրա է կենտրոնանում) բացի մինչ օրս հիշատակության արժանի այլ կենտրոն գոյություն չունի։ (2)
Մարդասիրությունն ու բարեգործությունը բավական չեն։ Բավական չէ նաեւ ՀԲԸՄ-ի ստեղծած լեզվամշակութային ձեռնարկը` Հայկական վիրտուալ համալսարանը, որը ոչ մի կերպ չի կարող փոխարինել Կիպրոսում փակված Մելգոնյան կրթօջախին։
Ավանդական կուսակցությունների հարցը
Մինչ սփյուռքը որպես հայրենազուրկ քաղաքական միավոր երբեք ամբողջովին չի գիտակցել, պատմական կարեւոր հնարավորություններ է բաց թողել։ 1988-ին, երեք ավանդական կուսակցությունները դեմ են արտահայտվել Հայաստանի անկախությանը (**), վախենալով, որ Հայաստանն առանձին չի կարողանալու դիմակայել պանթուրանական վտանգին(3)։ Ինչ վերաբերում է ավանդական կուսակցություններին, ժամանակը ցույց է տվել, որ նրանց ծրագրերը հաջողակ չեն եղել։ Բացի մի քանի փոքրաթիվ միություններից, սփյուռքում գոյություն չունեցող Հնչակյան կուսակցությունը Հայաստանում ընդհանրապես հետեւորդներ չունի։ Ռամկավարները մեծապես տուժել են կրկնվող պառակտումներից, բայց դեռեւս պահպանում են որոշակի կշիռ հայ մտավորականության շրջանակներում` շնորհիվ իրենց անպաշտոն խոսափողը դարձած «ԱԶԳ» թերթի։ Ինչ վերաբերում է ՀՅԴաշնակցությանը, տասնամյակների համագործակցությունը Քոչարյանի եւ Սարգսյանի թալանչիական իշխանությունների հետ զրկել է կուսակցությունը իր հիմնական սկզբունքներից։ Թավշե իշխանափոխության հետո նրանք 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ միացան Քոչարյանի «Հայաստան» դաշինքին։ Սակայն այն նույն ձեւով, որ հնչակյանները ծառայեցին խորհրդային իշխանությունների տարածմանը սփյուռքում, ՀՅԴ-ականները, շեղվելով իրենց սկզբունքներից, մի քանի նախարարական կամ շրջանային կառավարիչների պաշտոնները ձեռք բերելու դիմաց դարձան նախ Քոչարյանի, ապա եւ Սարգսյանի իշխանությունների պաշտպանը։ Մյուս ցայտուն փաստն այն է, որ ավանդական կուսակցությունները եւ նրանց կառույցները հիմնականում չկարողացան հետամուտ լինել` լուծելու իրենց համապատասխան համայնքների սոցիալական կարիքները եւ ինտեգրվեցին Հայաստանից նոր արտագաղթը խթանողների շարքերում։ Դրանով է՛լ ավելի խորացրին ավանդական սփյուռքի եւ Հայաստանում ծնված անդրազգային համայնքի միջեւ ստեղծված անդունդը։
«Սփյուռքացնել» Հայաստանը… կամ կորցնել այն
Ինքնիշխանության աստիճանական կորուստն ու Մոսկվայից կախվածության մեծացումը Հայաստանին դարձրել են Ռուսաստանի ինքնավար շրջաններից մեկի նմանակը։ Միակ այլընտրանքային տարբերակը Հայաստանը «սփյուռքացնելն» է։ Դժբախտաբար մինչ օրս ուղիղ հակառակն է տեղի ունեցել։ Մարդկային հզոր ռեսուրսներ զանգվածային կերպով թողեցին երկիրը Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Հավելյալ 300,000-ի հասնող ուրիշներ մեկնեցին հայրենիքից Սերժ Սարգսյանի իշխանության երկու ժամկետների ընթացքում։ «Սփյուռքացումը» նպաստելու է կենսական անհրաժեշտության մի շարք հարցերի լուծմանը՝ ի շահ պետության գոյությունը պահպանելուն. վերցնենք ժողովրդագրական գործոնը։ Զանգվածային արտագաղթը, պատերազմի հետեւանքում մեր կորուստները, ծնունդների ցածր մակարդակը (12.20 տոկոս 2019-ին) խոսում են այն մասին, որ Հայաստանն այլեւս ի վիճակի չէ ապահովելու սերունդների վերարտադրողականությունը։ Զարմանալի չէ, որ «Ապագա հայկականը» նախաձեռնությունն իր 15 որոշումներում «50.000 ընտանիքների հայրենադարձության» մասին է ակնարկում (***)։ Բայց անհրաժեշտ է նախ ապահովել համապատասխան ենթակառուցվածքները նման չափերի հայրենադարձություն իրականացնելու համար։ Չմոռանանք, որ Հայաստանը որպես ցատկահարթակ էին համարում սիրիահայերի երկու երրորդը, որոնք Հայաստան եկան, որպեսզի հետագայոմ տեղափոխվեն արեւմտյան մի որեւէ այլ երկիր։ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամն էլ, իր լավ մտադրություններով հանդերձ չի կարողանալու հաջողության հասնել առանձին։ Մենք պետք է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը փոխենք եւ այն դարձնենք հայրենադարձության գործերով զբաղվող կառույց։ Ձեւաչափը փոխելով Հայաստանի պատկան մարմինները պետք է պարտավորվեն ինստիտուցիոնալ փոփոխությունների ենթարկել պետության կառուցվածքը, երկրի զարգացման գործում ներգրավելով սփյուռքահայերի քաղաքական մասնակցությունը։
Մինչ օրս քարոզչությունն ու հիշարժան տարեթվերի նշումն է եղել երկրի քաղաքականության ուշադրության կենտրոնում։ Հօգուտ Արցախի ճանաչման 2010 թվականից սկսած Մ. Նահանգների հայկական համայնքների գործադրած ջանքերը բավականին ուշացած էին։ Այդ ժամանակ արդեն Հայաստանի պետությունը խորասուզված էր սարգսյանական կլանի ամբողջատիրական գործունեությանց մեջ։ Նոր հարաբերությունները մարտավարականի վերածելու գործում հայկական կառույցները առավել արդյունավետ կդառնան, եթե իրենց մեջ ներգրավեն սփյուռքահայերին։ Սփյուռքահայերի քաղաքական ներգրավվածությունը ներկա պահի դրությամբ կարելի է իրականացնել` տալով նրանց համապետական ընտրական իրավունքից օգտվելու հնարավորություն, որի հետեւանքում նրանք խորհրդարանի պատգամավորներ կկարողանան դառնալ։
Ֆրանսիայի սահմանադրության 2008-ի բարեփոխումներից հետո, օգտվելով 2010-ի վերակազմավորման գործընթացից, արտասահմանյան երկրներում օրենսդրական տեղամասեր ստեղծվեցին, որպեսզի Ֆրանսիայից դուրս ապրող քաղաքացիները կարողանան ընտրել Ազգային ժողովի պատգամավորներ։ (Նման քայլ առաջին անգամ էր կատարվում հանրապետությունում։ Դրանից առաջ այդ ֆրանսիացիները ներկայացված էին միայն Սենատում։ Թվով 11 պատգամավորները ընտրվում են նույնպես երկու փուլով եւ օժտված են միեւնույն լիազորություններով, որ ունեն Ֆրանսիայի տարածքում ընտրված պատգամավորները)։ Նրանք առաջին անգամ ընտրվեցին 2012-ին եւ դարձան ֆրանսիական 5-րդ հանրապետության 14-րդ օրենսդիր մարմնի պատգամավորներ։
Պորտուգալական հսկայական սփյուռքը Լիսաբոնում ներկայացված է երկու կառույցների` մեկը «Պորտուգալական համայնքների խորհրդի» (հհՀ), որը կազմված է 80 անդամներից, որոնք չորս տարի ժամկետով են ընտրվում, եւ մյուսը` 2012-ին հիմնված «Սփյուռքի խորհուրդի» միջոցով։ Առաջինը զբաղված է թեմատիկ որոշակի ոլորտներով (տնտեսություն, հասարակություն, տեղաշարժային հոսքեր, ազգային լեզվի ուսուցում, եւայլն), երկրորդը` խորհրդատվական կառույց է, որի աշխարհով մեկ ցրված անդամները արհեստավարժական հարաբերություններ են հաստատում պորտուգալացիների եւ լուզիտանների հետեւորդների միջեւ գիտության, մշակույթի եւ քաղաքացիության ոլորտներում։ Արտգործնախարարությանը կից գործում է նաեւ «Պորտուգալական համայնքների պետական քարտուղարություն», որը համակարգող դեր է կատարում։ 1980-ին ստեղծված հհՀ-ին պատմականորեն հաղորդակցության առաջին կառույցն էր, որ կապ հաստատեց երկրի կառավարության եւ սփյուռքի միջեւ։ Խորհրդատվական այս կառույցը կազմված էր արտագաղթողների հիմնած ասոցիացիաները պահպանելու գործին նվիրված ներկայացուցիչներից։ Որպես բոլորովին նոր մարմին, այն պետք է ինքնուրույն հարթեր իր ճանապարհը, հաղթահարելով արգելքներ եւ կառուցվածքային փոփոխություններ։
Պատմության առավել նոր փաստերին անդրադառնալով նշենք, որ Հունաստանի կառավարությունը որոշ փոփոխություններ կատարեց` երկրի սահմանադրության մեջ ավելացնելով սփյուռքի հետ առնչվելու իր մեխանիզմները։ 1975 թվի սահմանադրության 108րդ հոդվածը առաջին անգամ հունական սփյուռքին էր անդրադառնում որպես Հելլենիստական միավորի, որը պետությունից աջակցության կարիքն ուներ։ 1983-ին հիմնադրված «Արտասահմանյան հելլենիզմի գլխավոր քարտուղարության» առաքելությունն էր զբաղվել մայր երկրից դուրս ապրող հույների կրթության եւ մշակութային հարցերով` կազմակերպելով համաժողովներ եւ այլ միջոցառումներ` նաեւ պետական որոշակի քաղաքականություն մշակելով։ 1995-ին ստեղծված «Արտասահմանյան հույների խորհուրդը» Թեսալոնիկի (Սալոնիկ) իր գլխավոր գրասենյակով նույնպես մեծ դերակատարություն է ունեցել կոմունիզմի տապալումից հետո հույներին Խորհրդային Միությունից եւ Ալբանիայի հյուսիսային Էպիրուս շրջանից հայրենիք վերդարձնելու եւ նրանց հայրենի հասարակության հետ ինտեգրելու գործում։
Կարեւոր է նշել, որ Հայաստանի նման մինչ օրս արտասահմանում ապրող հույները իրավունք չունեն մասնակցելու ազգային ընտրություններին։ 1970-ականներից սկսած սփյուռքի քվեարկությունները կրել են կուսակցական քաղաքականացված բնույթ։ Ընտրություններում պայքարող կուսակցությունները այդ ժամանակվա պետական սեփականության «Օլիմպիկ» ավիաուղիներով արտասահմանյան ընտրողների փոխադրության ծախսերն են հոգացել, դրանով իսկ քվեները բաժանելով հիմնականում երկու մեծ` «Պասոկ» եւ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունների միջեւ։
Հաշվի առնելով սփյուռքի հսկայական հնարավորությունները եւ այնտեղ բնակվող մարդկային ռեսուրսների ընդունակություններն ու ներդրումային կարողությունները՝ մեզ մնում է ափսոսալ իզուր վատնված տարիների համար, որոնք կարող էին ծնունդ տալ նշանակալի ծրագրերի իրագործմանը` ի շահ Հայաստան աշխարհի երկու կողմերի։ Ցավալի է, որ մինչ օրս Հայաստանի կրթության եւ արտաքին գործերի նախարարությունները չեն հիմնել հայկական արբանյակային մի հեռուստակայան (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ թուրքերեն լեզուներով) եւ մի կայան, որ հայոց մշակույթն ու լեզուն իր երկու գրական (արեւելահայերեն եւ արեւմտահայերեն) եւ համշենյան տարբերակներով (իսլամացած հայերի համար) կարողանար ներկայացնել աշխարհին, ինչպես ֆրանկոֆոնների «TV5 Monde Channel-ը»։ Սփյուռք-Հայաստան հարաբերություններում գոյություն ունեցող մյուս թերությունը Սերվանտեսի, Գյոթեի կամ Կոնֆուցիուսի անվան կրթօջախների նմանությամբ ինստիտուտի բացակայությունն է։ Դրա գոյությունը, անկախ գաղափարախոսություններից կամ այլեւայլ մտահոգություններից, կարող էր մեր լեզուն եւ մշակույթը տարածել համայնքային շրջանակներից դուրս։ Մենք այդ կառույցը կամ կրթօջախը կարող էինք Կոմիտասի կամ Մաշտոցի անունով անվանակոչել։
Սենատ` սփյուռքի համար
Իր ժողովրդավարական հիմքերը ամրապնդելու համար Հայաստանը շատ բան կշահեր, եթե սփյուռքահայ համայնքների բարձրաստիճան պաշտոնյաներից կամ հասարակական գործիչներից կազմված մի սենատ ունենար` որպես խորհրդարանական պալատներից մեկը։ Արժանավոր սփյուռքահայերին կարող են նշանակել կամ ընտրել ՀՀ նախագահը, վարչապետը կամ Ազգային ժողովի խոսնակը` հաշվի առնելով նրանց ունակություններն ու բնակության վայրը։ Դա մեծապես կնպաստի Հայաստանին առաջ շարժվելու մարտավարական հարցերում։ Օրինակ` խորհրդարանի որոշումների վավերացման գործընթացի մաս կազմող Սենատի (կամ Բարձրագույն խորհրդի) կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը լայն արձագանք կգտներ աշխարհում Հայ դատի առաջխաղացման համատեքստում։ Եթե քվեարկության համակարգն ու ներկայացուցչության ձեւաչափը մնան գաղտնի եւ անաչառ, մրցակցության հսկայական ալիք կառաջանա սփյուռքում, որտեղ հասարակական կառույցները պայքարում են ժողովրդականացնելու համար իրենց գործունեությունները։ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, որ 2018-ին իշխանության ղեկը ստանձնեց, պարտավոր է որոշակի անհրաժեշտ տրանսֆորմացիայի ենթարկվել` կարողանալ ամրապնդելու համար պետության հիմքերը։
Ժողովրդագրություն եւ ժողովրդավարություն
Սփյուռքն առանձին չի կարող նշանակալի փոփոխություն առաջ բերել առանց կենտրոնից (պետությունից) ուղեկցված ճանապարհային քարտեզի։ Մի բան, սակայն, պարզ է։ Նրա ներդրումը Հայաստանի ապագայի կերտմանը կարող է արդյունավետ լինել, եթե կարճ ժամկետում հնարավոր լինի խրախուսել հայրենադարձությունը (հանուն ժողովրդագրության), ստեղծել բիզնեսին նպաստող մթնոլորտ եւ կատարել անհրաժեշտ սոցիալական բարեփոխումները ամրապնդելու համար պետության հիմքերը։ Մարտավարության այս բաղադրիչը կարող է դեպի Հայաստան ուղեղների հոսքը խթանել, ինչը հնարավորություն կտա ստեղծելու տարբեր ոլորտների (բարձր տեխնոլոգիաների, բնական եւ արհամարհված՝ սոցիալական գիտությունների), առաջավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից միակն է, որտեղ գործում են երեք իրարից որոշակիորեն տարբեր մշակույթի եւ մտածողության համալսարաններ (Ամերիկյան, Ֆրանսիական եւ Սլավոնական)։
Որպես դիտարժան հրաշալի վայր, ցամաքապատ, բայց արտաքին աշխարհի հետ սերտորեն կապված, Հայաստանը խստորեն կարիքն ունի սփյուռքահայ փորձագետների աշխատաոճին (know-how) եւ մեթոդաբանությանը։ Մենք նաեւ պարտավոր ենք ուշադրության կենտրոնում պահել գյուղատնտեսությունը եւ ագրոպարենային արդյունաբերությունը, որոնցում Ֆրանսիայի եւ Հայաստանի համայնքները երկարամյա փորձ ունեն։ Ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի եւ Օ դը Սենի (Hauts-de-Saine) Գերագույն խորհրդի հովանավորած Տավուշի հովվական-անասնաբուծական ծրագիրը արդեն իսկ տվել է իր դրական արդյունքը։ Գալով ժողովրդավարության, նշենք, որ փոխադարձ հարգանքի եւ շահագրգռվածության հիման վրա լավ կարգավորված Սփյուռք-Հայաստան հարաբերություններում, Հայաստանի քաղաքացիական հասարակության (որի հնարամտությունն ու տաղանդը ապացուցված են) ուսերին է ընկած Սփյուռքում հայկական ծրագրերի արդիականացման իրականացումը։ Ողբերգությունների պատճառ դարձած մեսիական-փրկչական ազգայնականության նկատմամբ ժողովրդավարության գաղափարը պետք է գերակայի պետական իրականության մեջ խարսխված հայրենասիրության իդեալին։
*) Տեղն է այստեղ հիշեցնելու, որ պետական կառավարման գործում սփյուռքահայ գործիչների ընդգրկման հարցում ամենից «առատաձեռնը» եղել է հանրապետության առաջին նախագահը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը էկոնոմիկայի նախարար է նշանակել ամերիկահայ (նախկին երուսաղեմահայ) Սեպուհ Թաշչյանին, իրեն ավագ խորհրդական՝ Ժիրայր Լիպարիտյանին (նախկին լիբանանահայ), Արցախյան հարցով բանագնաց՝ ֆրանսահայ Քրիստիան Տեր-Ստեփանյանին։ Ծ.Խ.։
**) Ճշտենք՝ 1980-ին անկախության հարցը դեռեւս օրակարգային չէր։ Ավանդական կուսակցություններից միայն ՌԱԿ-ն էր, որ 1990 թ.ի աշնանը Մոնտրեալում անցկացված համագումարում իր աջակցությունը հայտնեց անկախությանը, իսկ Հայաստանում ՌԱԿ-ը հինգ կուսակցություններից մեկը դարձավ Անկախության հանրաքվեի նախաձեռնող։ Ծ.Խ.։
***) Խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախընտրական հայտնի խոստումներին։ Ծ.Խ.։
Ծանոթագրություններ
1) Sheffer, G. (2003). Stateless and State-Linked Diasporas. In Diaspora Politics: At Home Abroad (pp. 148-179). Cambridge University Press. doi:10.1017/CBO9780511499432.008
ՇեՖեր Գ. «Պետականություն ունեցող եւ պետականազուրկ սփյուռքներ» սփյուռքյան քաղաքականություն» գրքում (էջ 148-179) Քեմբրիջ համալսարանի հրատարակչություն, 2003 թ.։
2).Diasporan studies in Armenia are for the most part content with listing the existing structures without providing any analysis. One will quote in particular the study of Knarik Bedrossian, Homeland-Diaspora Relations from 1988 to 2001, (in Armenian), Yerevan, NAS RA Gitutitun Publishing House, 2011.
Հայաստանում կատարվող սփյուռքյան ուսումնասիրությունները հիմնականում պարունակում են գոյություն ունեցող կառույցների ցուցակներ, առանց վերլուծական մեկնաբանությունների։ Մասնավորապես նշելու ենք պրոֆ. Քնարիկ Պետրոսյանի ուսումնասիրությունը` «Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները 1988-2001 թթ.», Երեւան, ԳԱԱ Գիտություն, հրատ. 2011 թ.։
3) Ishkanian, Armine. (2005). Diaspora and Global Civil Society: The Impact of Transnational Diasporic Activism on Armenia’s Post-Soviet Transition. In Central Asia and the Caucasus: Transnationalism and Diaspora. Edited by Atabaki, T. and S. Mehendale (London: Routledge, 2005) p. 113-139.
Իշխանյան Արմինե։ «Սփյուռքը եւ գլոբալ քաղաքացիական հասարակությունը» (2005 թ., Լոնդոն, Ռութլեջ հրատ., էջ 113-139)։
ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ
Փարիզ, Ֆրանսիա
Անգլ. բնագրից թարգմ.` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ