Կամ ինչպես ֆրանսերենով լույս աշխարհ եկավ Կոստան Զարյանի գլուխգործոցը
«Սպանիայի պատմագրութիւնը՝ ներկան եւ անցեալը՝ թուրով եւ կրակով է շաղուած, ինչպէս մեր պատմագրութիւնը»:
Կոստան Զարեան (1885-1969)
Մեծանուն արձակագիր, բանաստեղծ, պատմաբան, արուեստագէտ Կոստան Զարեանի «Սպանիա» վիպասքը առաջին անգամ տպագրուել է Պոսթոնի «Հայրենիք» ամսագրում 1935-36 թթ.: Հայաստան վերադառնալուց յետոյ (1962թ.), մեծ գրողը հրաւէր ստանալով Կենտկոմի քարտուղար Յակով Զարոբեանից՝ պայմանագիր է հաստատւում Զարեանի ստեղծագործութիւնները հրատարակել 5 հատորով:
Ցաւօք Զարոբեանի պաշտօնանկութիւնից յետոյ չեղարկւում է այդ պայմանագիրը, հրատարակուելով միայն «Նաւը լերան վրայ» մեծարժէք վէպը 1963-ին՝ «խմբագրական» տարբերակով, աւելի ուշ՝ «Տատրագոմի հարսը», «Սգա՛ Աստուած» եւ «Վահագն» պոէմների հաւաքածուն՝ 1965-ին:
Թերեւս որպէս մեղմացուցիչ դէպք յանցանաց որոշւում է հրատարակել նաեւ հեղինակի «Սպանիա» դիցավէպը, որը պէտք է լոյս տեսնէր 1967-ի Նոյեմբերին:
Ժամանակին Ռուբէն Զարեանի կարգադրութեամբ որոշուեց Արուեստի ինստիտուտից Անելկա Գրիգորեանին նշանակել Վահրամ Փափազեանի քարտուղար-օգնական, իսկ ինձ՝ Կոստան Զարեանի:
1966-67-ին աշխատելով Վարպետի (այսպէս էին կոչում նրան, ինչպէս Մարտիրոս Սարեանին, Երուանդ Քոչարին) մօտ, առաջին պարտականութիւնս եղաւ «Հայրենիք»-ի էջերից մեքենագրել «Սպանիա»-ն:
Անշուշտ ամսագրի էջերը զերծ չէին վրիպակներից եւ տառասխալներից՝ պահանջելով առաւել ուշադրութիւն: Պիտի ասեմ, որ վարպետի երկլեզու, փափուկ գրամեքենան հրաշալի էր եւ դիւրին էր աշխատել:
Մեքենագրուած էջերը բծանդրութեամբ կարդում էր Զարեանի ամենօրեայ այցելու (եթէ չասենք երկրպագու), անթիք գրականութեան սիրուած դասախօս Լեւոն Ներսիսեանը:
Վարպետը այդ տարիներին որպէս խորհրդատու աշխատակցում էր Գրականութեան եւ Արուեստի թանգարանին, որտեղ նա մեծապէս գնահատուած եւ սիրուած էր:
Իսկ տանը եղած ժամանակ, երբ աշխատում էի, սովորութիւն ունէր երբեմն մտազբաղ, սեւեռուն հայեացքով քայլել աշխատասենեակում, բարձրաձայն որեւէ դրուագ յիշելով անցեալից: Երբ հարցրի՝ գրամեքենայի չխչխկոցը չի՞ խանգարում, պատասխանեց:
– «Ընդհակառակը՝ կը մտածեմ…»:
Այդ յիշողութիւնները նա թերեւս ոչ թէ ինձ էր պատմում, այլ մենախօսում էր, ինչպէս.
– «Տանը խօսում էինք ռուսերէն, իսկ ծառաների հետ հայերէն, Շամախու բարբառով»:
Մէկ ուրիշ անգամ.
– «Մայրս՝ ազնուաբարոյ նստած իր բազմոցին… Նա ինձ Կոստեայ էր կանչում…»:
***
«Սպանիա»-ի մեքենագրութիւնը անշուշտ սովորական աշխատանք չէր ինձ համար, կլանուած գրքի բովանդակութեամբ՝ ուր զուգորդւում էր Իսպանիայի եւ Հայաստանի պատմութիւն-մշակոյթը, երբեմն ակամայ դադարեցնում էի գրամեքենան, լռելեայն շարունակելով ընթերցել, երբ վարպետը հարցնում էր.
– «Ի՞նչ կայ…»:
Ես բարձրաձայն կարդում էի…
– «Հայը իր հայրենիքից դուրս դադարում է հայ լինելուց, որովհետեւ նա գերազանցապէս ազգ է. իր բնութեան եւ երկրի հետ կապուած հաւաքական միաւոր: Օտար միջավայրում նա իր ազգային դիմագիծը պահում է այնքան ժամանակ, ինչքան ժամանակ որ յիշում է իր հայրենի գիւղը, իր տան մօտից անցնող վտակը, իր բակի մեծ ընկուզենին: Ինչքան ժամանակ որ նա իրեն զգում է ժամանակաւոր գաղթական, վտարանդի…»:
Հարցրի Վարպետին՝ գրե՞լ է իսպաներն.
– «Ո՛չ, իսպաներէն կը խօսէի, բայց չեմ գրած»:
Յիշենք, որ Զարեանը գրել է՝ ռուսերէն, ֆրանսերէն, հայերէն, իտալերէն, անգլերէն:
Ի դէպ նա որոշ վերապահութիւն է ունեցել անգլերէնի հանդէպ, որի մասին յիշատակում է Լորենս Դարելը, իր «Պրոսպետոյի կղզին» վէպում, մեծ ակնածանքով բնութագրելով Զարեանին՝ «ալեհեր, տիրական, առասպելական»:
«Սպանիա»-ի մեքենագրումը աւարտելով 1967-ի Հոկտեմբերին, Լեւոն Ներսիսեանը յանձնեց հրատարակութեանը: Եւ սակայն…
Եղաւ նոր անակնկալ. չեղարկուեց նաեւ որոշուած հրատարակութիւնը: Մեծարժէք այդ գործը լոյս տեսաւ գրողի վախճանումից 29 տարի անց՝ 1998-ին՝ «Նայիրի» հրատարակչութեամբ, երկրորդ հրատարակութիւնը՝ 2018-ին՝ «Զանգակ» հրատարակչութեամբ, գրականագէտ Երուանդ Տէր-Խաչատրեանի աշխատասիրութեամբ:
Ցաւօք Զարեանը չտեսաւ «Սպանիա»-ի լոյս աշխարհ գալը, որը գրասէր հասարակութեան կողմից ընդունուեց մեծ գոհունակութեամբ:
Ճանաչուած արուեստագէտ Հենրիկ Իգիթեանի նախաձեռնութեամբ ռուսերէն թարգմանուեց Իրինա Կարումեանի կողմից, հրատարակուելով 2003-ին, իսկ ռուսերէնից՝ թարգմանուեց նաեւ իսպաներէն՝ 2012-ին:(*)
Տարիներ ի վեր Երեւանի գրախանութներում ինքս կը գնէի «Սպանիա»-ի պատահած բոլոր օրինակները՝ նուիրելով ծանօթ-բարեկամներիս՝ ընթերցելու յորդորանքով:
Առիթ ունեմ յիշեցնելու, որ Փարիզի երկլեզու «Նոր Յառաջ» շաբաթաթերթի կողմից հայ դասականներին թարգմանաբար ֆրանսերէնով ներկայացնելը աներկբայ հայանպաստ-շնորհակալ կարեւոր աշխատանք է: Տարիներ ի վեր թերթի աշխատակից Աշոտ Փափազեանի ջանքերով թերթի էջերում հրապարակել էր Զապէլ Եսայեանի, Լեւոն Շանթի, Ռուբէն Դարբինեանի, Փանոս Թերլեմէզեանի ստեղծագորութիւններից:
Այս նկատառումով «Սպանիա»-ի հերթական նուիրատւութիւնն եղաւ «Նոր Յառաջ»-ին՝ խնդրանքով ապագայ թարգմանութեան: Անշուշտ երկար սպասեցի անհամբեր, երբ 2023-ի Դեկտեմբերին թերթի պատասխանատու Ժիրայր Չոլաքեանը զանգահանրեց՝ ասելով.
– «Յաջորդը կը լինի «Սպանիա»-ն»:
***
Սպասուած թարգմանութեան առաջին հատուածը հրապարակուեց 2024-ի Յունուարի 25-ին՝ խմբագրութեան կողմից Կոստան Զարեանի մասին համառոտ նախաբանով: Պիտի ասեմ, որ թարգմանութիւնը կ՛առաջանար փորձառու իմացութեամբ, զարեանական ոգով՝ աւարտին հասնելով 2025-ի Ապրիլի 24-ին՝ թերթի 65 համարների մէջ:
Աշխատատար դժուարին գործը այլեւս կատարուած էր. յաջողութեամբ՝ գրքի հրատարակման սպասումով, որին բարեացակամ ընդառաջեց Մարսէյլից «THADDE՛E» հրատարակչութեան պատասխանատու Վարուժան Աւետիսեանը:
Առիթով յիշենք, ինչպէս տարիներ ի վեր այդ հրատարակչութեան կողմից հետեւողական աշխատանք է տարւում ֆրանսահայութեանը եւ ֆրանսալեզու գրասէր հասարակութեանը ներկայացնելու հայ դասականների գործերից, որ իւրօրինակ հայանպաստ առաքելութիւն կարելի է համարել:
Անհամբեր սպասումով անցեալ դեկտեմբերի վերջին «THADDE՛E» հրատարակչութիւնից ստացայ շքեղ կազմով «SPANIA»-ն՝ այն համարելով իմ Նոր տարուայ լաւագոյն նուէր:
Նախաբանի հեղինակն է գրողի թոռնուհի Սիրվարդ Զարեանը, որտեղ ներկայացուած են Կոստան Զարեանի գործունէութեան յիշարժան դրուագներ, իսկ միւս թոռնուհին՝ Անաիս Զարեանը` վերջաբանի, հեղինակի կենսագրական մանրամասներով:
***
Աւարտելով մեր խօսքը, «Սպանիա»-ի ֆրանսերէն հրատարակումը ընդունենք իբրեւ ուշագրաւ պատեհութիւն ֆրանսալեզու գրասէր հասարակութեանը ծանօթանալու հայ-իսպանական պատմա-մշակութային իւրօրինակ աղերսներին:
Յիշենք նաեւ, որ 2025-ին լրացաւ Կոստան Զարեանի ծննդեան 140-ամեակը, որ հիշատակուեց նաեւ «SPANIA»-ի հրատարակութեամբ:
Մեր խորին շնորհակալութիւնը «THADDE՛E» հրատարակչութեան պատասխանատու Վարուժան Աւետիսեանին, «Նոր Յառաջ»-ի գլխաւոր խմբագիր Ժիրայր Չոլաքեանին, թարգմանիչ Աշոտ Փափազեանին եւ խմբագրութեան աշխատակազմին՝ նորանոր յաջողութեան մաղթանքներով:
Կոստան Զարեանի ամբողջական ստեղծագործութիւնների հրատարակումն ավարտուեց 15 հատորով, Երեւանում 2025-ին:
ՍԵԴԱ ԱՆԱՆԵԱՆ
Լոնտոն, 2026թ. հունվար
*) Այստեղ արտառոց բան կա. փաստորեն հայերեն գրված ու հրատարակված երկը 3-րդ լեզվի է թարգմանվում 2-րդ լեզվից՝ ռուսերենից: «Ազգ»:





