Այս ծանր ու դժվարին օրերին, երբ հայրենիքն ենք մաս-մաս զիջում, երբ քաղաքամայր Երեւանի սրտում բոլորովին անմեղ մարդիկ են զոհվում, երբ պարբերաբար մետրոյում եւ այլ կարեւոր կառույցներում ռումբի առկայության մասին տագնապներ են հնչում, երբ մարդիկ վախեցած են ու անասելի շփոթված, երբ նույնիսկ Աստծո տունն է վտանգված (ռումբի առկայության մասին հաղորդագրություններում արդեն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է հիշատակվում), երբ վերջապես երկրում երկօրյա սուգ էր հայտարարվել, մեզանից շատերը դարձյալ զբաղված են ներքին թշնամանք քարոզելով:
Լավ, այսպես մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր…
Դարերի ընթացքում համլետյան հարցը մեզ համար ավելի կտրուկ է եղել ու դարձել՝ մահ կամ ազատություն: Մեզ երբեք թույլ չենք տվել միջին եզրեր կամ խուսանավելու միջոցներ գտնել: Երկընտրանքը միշտ եղել է խաղաղության ու պատերազմի միջեւ: Համաձայն եմ, խաղաղությունն իրականում գին չունի, անգին է, ինչպես կյանքը: Հակառակը պնդելն էլ մահվան եւ պատերազմի քարոզ է: Ու չնայած մեզ հարյուրամյակներով հակառակն են քարոզել, բայց մահը երբեք ավելի թանկ չի կարող լինել, քան կյանքը: Իսկ գիտեք ինչու, որովհետեւ քարոզողները եղել են ազգի արտոնյալները, որոնք վստահ են եղել, որ երբեք իրենք չէին զոհվելու, քարոզել են «ազգային» կուսակցությունները, որ մահով են արդարացրել իրենց գոյությունը, քարոզել են մոլորված մարգինալներն ու ռոմանտիկները: Մեզ դատապարտող օտարները մեզ քարոզել են զոհվելու, եւ ոչ թե՝ ապրելու սկզբունքները:
Ամենացավալին էլ այն է եղել եւ է, որ մենք ազգովին, մեծից փոքր, ռամիկից մտավորական ու իշխանավոր տրվել ենք այդ քարոզին: Տրվել ենք ու ընտրել մահը, ոչ թե՝ կյանքը: Աստված իմ, դեռ ինչքա՞ն պետք է ընտրենք մահը եւ ոչ թե՝ կյանքը, դեռ ինչքա՞ն պետք է սխալվենք, ավելի խելամիտ եզրեր չփնտրենք ու շարունակենք լոկ խոսքերով իրականի փոխարեն պատմական հայրենիք դավանել: Բայց չէ՞ որ արդեն տխուր հանգրվանի եզրին ենք, ու եթե այսպես շարունակվի, ընդամենը այլ ազգերի պատմության դասագրքերում կմնանք:
Կարծում եմ, հենց այս հուզումնալից ու ցավաշատ օրերին պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք, որ սխալվում ենք սրա-նրա գիրկը վազելով: Սխալվեցինք նաեւ 100 տարի առաջ, երբ առկա իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի եւ նորից կորցրեցինք իրական հայրենիքի մի մասը: Սխալվել ենք նաեւ 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը եւ «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք: Կուրացանք՝ մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչեւ իշխանավոր: Ու մինչ օրս կույր ենք, չենք հասկանում ու ընդունում մեր սխալները, հրաժարվում ենք առերեսվել գոյություն ունեցող իրականության հետ ու շարունակում ենք ընտրել մահը: Այնինչ, հարկավոր է առերեսվել թեկուզ տխուր, բայց իրականության հետ, արժանապատվորեն դիմակայել հակառակորդին, միաժամանակ դիվանագիտություն խաղալ, համախմբվել, ժամանակ շահել եւ իրական հաղթանակներ կռել:
Հակառակ պարագայում էլի ու էլի կկորցնենք, քանի որ թշնամին նենգ է, խելացի եւ կօգտագործի բոլոր հնարավոր միջոցներն ավելին կորզելու եւ լիակատար իրացնելու իր հաղթանակի պտուղները: Պետք է զգոն լինենք եւ չմոռանանք, որ Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում թուրքական օրակարգը մշտապես համադրված է եղել ադրբեջանականի հետ, քանի որ պետական եւ ազգային շահերի հիմնահարցերում նրանք ունեն ընդհանուր համաձայնեցված նպատակներ, որոնք էլ նախապայմանների տեսքով շարունակ առաջադրվում են հայկական կողմին: Հիշենք, որ մեր վերջին երկու հազար տարվա պատմությունը, որով պարծենում կամ գլուխ ենք գովում, մեզ ոչ մի բան չի սովորեցրել: Մենք շատ ուշիմ, ջանասեր եւ ընդունակ աշակերտ ենք, բայց մեր ուսուցիչն է տգետ, այսիքն՝ մեր պատմությունը: Էնքան տգետ ու անխելք դուրս եկավ մեր ուսուցիչը, որ երկու հազար տարի մնաց երկու քարի արանքում ու ոչ դուրս գալ ուզեց էդ արանքից, ոչ էլ քարի տակն ու գլուխը նայեց, գուցե մի ելք գտներ: Ախր քարերը երկու կողմից շարժվում էին ու ճզմում:
Փաստորեն, զարմանալի թույլ է եղել մեր պատմությունը, որ գոնե մի դասագիրք չի թողել, մի խելացի դաս չի տվել, մի ելք չի գտել էս արարչագործ ազգի համար: Որովհետեւ նախ՝ «Հայոց պատմություն» եզրույթ-հասկացությունը պետք է փոխարինվի «Հայաստանի պատմություն» բառ-հասկացությամբ: Ինչո՞ւ, քանի որ՝
1. Հայոցը դա հայերն են, իսկ Հայաստանը երկիր է, պետություն՝ այլ բովանդակությամբ ստացվում է ժողովուրդ կա, երկիր չկա
2. պատմականորեն եւ սովորույթի ուժով (Խորենացի, Բյուզանդ եւ ուրիշներ), հայը նույնացվել է քրիստոնյայի հետ եւ եկեղեցին հայի իմաստը կապել է իր գերատեսչությանը եւ գաղափաներին պատկանելու հետ: Դասական ֆեոդալական, ճորտատիրական մտածողություն, երբ ամեն մի իշխան եւս իր ճորտերին նույնացնում էր իր տոհմի, ընտանիքի հետ… դա պահպանվել է մինչեւ այժմ՝ համշենահայեր – Համամ իշխանի անունից, Շեկոյ տներ՝ քրդախոս եւ հայախոս, այսօր, հիմնականում արաբախոս, ցեղապետություններ՝ Մամակա-Մնգոյենք- Մամիկոն-յաններ, Ռոժիկ-Ռշկոյենք-Ռշտունիներ եւ ուրիշներ կարելի է անվերջ շարունակել:
Այս սխալը, ցավոք, պահպանվում է մինչեւ այսօր եւ բոլորովին էլ պատահական չէ, որ ինչքան ուզեք, Հայաստան տարածքի «ժառանգորդներ» միշտ եղել են ու կան: Այսինքն՝ ինքներս մեր երկիրը փոխարինել ենք ինչ-որ հավատացյալների խմբի, համայնքի պատմությամբ, մի կողմ թողնելով հսկայական, բազմամիլիոն ոչ քրիստոնյա հայությանը: Իսկ օրինակ միայն Բեկթաշիների, որոնք, ի դեպ Օսմանյան դինաստիա-տոհմի կրոնի կրողներն էին եւ որոնց զենքով ու արյունով ձգտեց ոչնչացնել ՄՔեմալը, թվաքանակը տարբեր հաշվումներով այսօր աշխարհում անցնում է 300 միլիոնի սահմանը, ոչ այլ ոք էին, եթե ոչ պավլիկյան-թոնդրակյան աղանդ կոչվածի ժառանգորդները, այսինքն՝ հայեր էին: Սակայն ցավն այն է, որ այս հիմնահարցը մինչեւ այժմ կա՛մ լռության էր մատնվում, կա՛մ աղավաղվում էր եվրոպամետ, իսկ ապա նաեւ բոլշեւիկյան պատմագիտության կողմից: Իսկ հայտնի է, որ անգլիական խոշորագուն պատմաբան Առնոլդ Թոյնբին Պավլիկյան-Թոնդրակյան ժամանակաշրջանը անվանում էր «Սոցիալական հանրապետության ժամանակաշրջան»… Իսկ ռուս անվանի արեւելագետ Գուիլեւն այդ ժամանակաշրջանն անվանում էր «Նոր համակարգ, նոր աշխարհ…»: Գաղտնիք չի նաեւ, որ ամբողջ քրիստոնեական աշխարհի նկատմամբ Պավլիկյան-Թոնդրակյան սոցիալական հանրապետությունը բերեց այնպիսի նորույթներ, ինչպիսիք էին՝ թարմ ու մարտնչող մտածողությունը (Նարեկացի), հիմք դնում մինչ այդ չեղած արժեհամակարգի եւ հատկապես հակումը դեպի ազատությունը: Մի բան, որը ոչ միայն նոր լույսի ցոլք էր միջնադարյան համատարած խավարում, այլեւ համարդկային Վերածնունդի դարաշրջանի սկիզբը:
Այսքանից հետո ակամա հարց է առաջանում՝ բա ափսոս չե՞նք մենք, որ տանջվում ենք մեր այդ թույլ դասատուների ձեռքին: Արդյոք դա չէ՞ր պատճառը, որ ազգի 70%-ը թողեց պատմությունը եւ սկսեց աշխարհագրություն սովորել, որպեսզի երկրներ գտնի, որոնք հարմար կգան «որտեղ հաց, այնտեղ կաց» համազգային ամոթալի ձեւակերպում-գաղափարին: Այնքան թույլ, որ նրա առաջնորդը ազգը, ժողովուրդն ու հայրենքը կործանելու համար այսպիսի բան կանի. տանուլ կտա պատերազմը եւ կհայտարարի. որ թեեւ ինքն է պատասխանատուն, բայց՝ մեղավոր են… ուրիշները: Իսկ հետո ոչ միայն Արցախյան պատերազմը տանուլ տալու, այլեւ Ղարաբաղը լավ չպաշտպանելու համար կբողոքի ռուսներից, պարզ կակնարկի, որ ռուս խաղաղապահները մեր փոխարեն խփեն ադրբեջանցիներին: Այսինքն՝ թուրքերի հետ պատերազմ սկսե՞ն: Բայց արդյոք Հայաստանը չէ՞ր Արցախի անվտանգության երաշխավորը, հայի զորքը չպիտի՞ կանգներ թուրքերի դեմ: Այնինչ մեր զորքը դուրս է հանվել, տեխնիկան դրվել է արեւերես, առանց քողարկման, առանց պաշտպանական միջոցների, ափի մեջ պարզել թուրքերին, թե՝ խփեք, ու՝ չքմեղանում. ախր, մենք խաղաղության ժամանակաշրջան ենք բերում: Հետո էլ հայտարարում են, թե մեղավոր չենք, որ նրանք մեր խնդրանքը չհարգեցին ու մեզ… խփեցին: Ապա մատուցում են ժողովրդին, թե էս թուրքերն ի՜նչ վատն են: Ժողովուրդն էլ ծափ է տալիս…
Հիմա նայենք աշխարհի քարտեզին: Որքան հայ կա դրսում, որքան եկեղեցիներ են կառուցել, որքան եկեղեցի կա, որ աղոթող չունի, որքան հայ, որ հայերեն չի խոսում:
Կյանքի երկարդարյա ընթացքը եւ պատմությունը ցույց են տալիս, որ եկեղեցի կառուցելու հետ եթե չի կառուցվում մեր հոգեւոր հայրենիքը, ապա միշտ կանգնում ենք կոտրած տաշտակի առաջ: Նույնիսկ գիտատեխնիկական հրաշքների 21-րդ դարում, երբ խոսք է լինում հոգեւորի մասին, մենք դարձյալ եկեղեցի ու քահանա ենք պատկերացնում, սակայն չենք կարողանում կամ չենք ուզում նկատել մեծ ու շքեղ եկեղեցի կառուցողների հոգեւոր դատարկությունը: Դատարկություն, որը ոչ փողով է հնարավոր լցնել, ոչ մեծաքանակ մատաղով ու ոչ էլ պատվիրված ամենաընտիր քարոզով: Մեզանում տարածված է նաեւ շատ թյուր մի կարծիք, թե հոգեւորը միայն եկեղեցու սպասավորների գործն է: Նույնիսկ շատերը չեն պատկերացնում ոչ դրա ծավալը, ոչ էլ այն ծանրությունը, որի հարյուրերորդ մասն անգամ ընկալված չէ մեր եկեղեցականների կողմից: Կարծում եմ ունենք հոգեւորականներ, որ ասածս ճիշտ կհասկանան, քանզի դա բոլորիս է վերաբերում, եւ անկախ մեր գրաված դիրքից ու պաշտոնից մենք նույն արմատից ենք սերում: Իսկ ազգային խնդիր ձեւակերպելու եւ լուծելու համար պետք է բոլորիս միասնական ջանքերը ներդրվեն:
Սփյուռքում միշտ հայ մնալու առաջին եւ կարեւոր պայմաններից մեկը լեզուն է: Չկա լեզուն՝ չկա ազգը: Ինչպես ցանկացած դավանանք, այդ թվում նաեւ քրիստոնեությունը, լավ երեւույթ է, եթե մեզ համախմբում է, շատ վատը, եթե մեզ իրար դեմ է հանում: Մեր բազմադարյա պատմությունը մեզ ապացույց: Բայց գանք մեր իրականությանը: Մեզանում տարածված է մի հիմար սովորույթ, երբ շահեկան ու անհասկացող ձեւանալով՝ փող ենք տալիս եկեղեցու կառուցման համար, սակայն դժգոհում ենք, որ նոր սերունդը հայերեն չի խոսում: Կարծում եմ, դժվար չէ հասկանալ, որ եկեղեցին հոգու փրկության համար է, իսկ որպեսզի երեխան հայերեն կարդալ ու գրել սովորի, պետք է վճարել ուսուցչին:
Մեզանում նաեւ տարածված է այն թյուր կարծիքը, որ եթե մարդը գործարար է եւ մի քանի տասնյակ աշխատող ունի, ապա համայնք էլ կարող է ղեկավարել, եթե լավ երգում է, ապա՝ մշակույթի նախարար էլ կարող է լինել, եւ այդպես շարունակ: Սակայն բոլորովին էլ այդպես չէ: Ամեն կին չէ, որ մայր է դառնում, ամեն մայր չէ, որ առողջ զավակ է մեծացնում-դաստիարակում: Կարեւորն այն է, որ ամեն մարդ իր տեղում լինի, այլապես շփոթ կառաջանա, կարժեզրկվի գրագիտությունը, բանիմացությունը, հոգեւոր մաքրությունը եւ կլսվի միայն բարձր կենացներ ասողի ձայնը: Իսկ այդ խառնաշփոթի պատճառով մեր ժողովուրդն ազգ դառնալու փոխարեն դառնում է բնակչություն ու ծամում այն ամենն, ինչ հրամցնում են: Իսկ ես չեմ ուզում ամեն ինչ ծամող, եղեռնի մասին ճառող, ծովից ծով Հայաստան ասող, իրեն բոլորից բարձր դասող, բայց իր մշակույթը չճանաչող, գովեստներից հալվող, իր պետության ղեկավարին չսիրող ու հայհոյող, օտարների իշխանավորին ամեն կերպ հաճոյացող եւ իր ազգային շահը չգիտակցող հայ լինել: Չեմ ցանկանում նաեւ մտավորականին եւ ուսուցչին մշտապես կարիքի մեջ պահող ազգի անդամ լինել: Այլ ցանկանում եմ, որ Նոյի իջած Արարատի գագաթի, Հիսուսի այցելած Էջմիածնի, 12 մայրաքաղաք, 141 արքա, 133 կաթողիկոս ունեցող ու բաց երկնքի տակ թանգարան երկրի արժանապատիվ քաղաքացին լինել:
Ուզում եմ, որ երկիրս տերտերից բացի նաեւ տեր ունենա ու եկեղեցիների հարեւանությամբ թագավորական պալատներ լինեն: Թե չէ Հայաստանում միայն խաչքարեր են ու եկեղեցիներ, որից շատերը հայ մշակույթ ասելով եկեղեցու պատ ու պատարագ են հասկանում: Այնինչ ամենակարեւորը լեզուն է եւ բոլորովին էլ պատահական չէր, որ դարեր առաջ Արտաշես արքան իր երկրի սահմանապահ քարերի վրա գրել էր՝ իմ տերության սահմանները վերջանում են այնտեղ, որտեղ վերջանում է հայոց լեզուն: Այո, դա պետք է լինի մեր գոյության բանաձեւը: Հոգեւոր Հայաստանի սահմանն էլ մենք պիտի որոշենք, իսկ սահմանապահը՝ պիտի լինի հայոց լեզվի ուսուցիչը:
2022 թ. օգոստոսի 17-ին եւ 18-ին սգո օրեր էին հայտարարվել, հայ ժողովուրդը սգում էր Սուրմալու տոնավաճառի տարածքում զոհված անմեղ նահատակներին: Ակնհայտ լարվածությունն առկա էր ամեն տեղ, մարդիկ շփոթված էին, վախեցած: Այնպիսի զգացողություն էր, որ պատերազմն արդեն Երեւանի կենտրոն է հասել: Ընդ որում այնպիսի հրեշավոր պատերազմ, երբ այն մղվում է իր դեմ, իր հողում, իր տան մեջ: Այնպիսի պատերազմ էր, որպիսին կանխատեսել ու իր գրքում վաղօրոք նկարագրել է օրվա վարչապետը, երբ «նրա աղմուկ-աղաղակը խեղդվում է ծափ-ծիծաղի, երգուպարի, երաժշտության ու համերգների, պարգեւների ու օվացիաների խառնիճաղանջ ժխորի տակ: Ու այդ ալիքների տակ է, որ խլանում են գերվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի, կանանց ողբը, ովքեր իրենք անգամ չեն կռահում, որ իրենց որդիները, եղբայրներն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավարտվել են պատերազմի դաշտում՝ չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում, որ ահա գտնվում են պարտության եւ օրհասի շեմին» (Նիկոլ Փաշինյան, «Երկրի հակառակ կողմը», էջ 337):
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր