Ավստրիական kathpress կաթոլիկական լրատուն հունվարի 20-ին ծանուցեց, թե «Հայ եկեղեցին փետրվարի կեսերին եպիսկոպոսների ժողով կանցկացնի Սանկտ(սուրբ) Պյոլթենում: Ակնկալվում է, որ աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 50 եպիսկոպոս կմասնակցի կայանալիք հանդիպմանը՝ Եկեղեցու եւ ՀՀ կառավարության միջեւ առկա հակամարտությունից դուրս ելք գտնելու համար»: Լրատուն գրում է, որ Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ աշխարհի տարբեր ծայրերից մոտ 55 եպիսկոպոս կհանդիպեն Սուրբ Պյոլթենում: Հյուրընկալող եպիսկոպոս Ալոիս Շվարցը եւ Գարեգին Բ-ն ուսանողական ընկերներ են, Սուրբ Պյոլթենի եպիսկոպոսը լավ հարաբերություններ ունի նաեւ Վիեննայի ներկայիս եպիսկոպոս Տիրան Պետրոսյանի հետ, որ ղեկավարում է եպիսկոպոսաց ժողովի կազմակերպումը: Ժողովը գումարվում է ի պատասխան ՀՀ-ում վերջերս ծավալվող դրամատիկ զարգացումների. Եկեղեցու ղեկավարության եւ ներկայիս կառավարության միջեւ հակամարտությունը սրվել է: Մի քանի եպիսկոպոս արդեն բանտարկված է, կառավարությունը պահանջում է կաթողիկոսի հեռացումը: Որոշ եպիսկոպոսներ վերջերս դուրս են եկել եկեղեցու ղեկավարի դեմ: Թվարկված պատճառներով Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի մայր տաճարում հանդիպում գումարել ներկայում հնարավոր չէ: Սուրբ Պյոլթենը ծառայում է որպես ժողովի անցկացման այլընտրանքային վայր: Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն մարմինը կքննարկի, թե ինչպես պիտի շարունակի գործել՝ ներկա հակամարտության պայմաններում: Եպիսկոպոս Պետրոսյանը եւ եպիսկոպոս Շվարցը հաստատել են, որ եպիսկոպոսների ժողովը նախատեսված է անցկացնել բազմօրյա հանդիպմամբ, իրազեկում է Ավստրիայի կաթոլիկների kathpress լրատվականը:
«Ավստրիայի կաթոլիկ եկեղեցի» կայքը հունվարի 21-ին տեղեկացնում է, որ քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթը կենտրոնացել է Հայաստանի վրա: Կիրակի օրը Սուրբ Պյոլթենի ծխական համայնքներից մեկում եկեղեցիների միասնության համար աղոթքի հատուկ արարողության ժամանակ տարբեր դավանանքների քրիստոնյաներ են ներկա գտնվել: Աղոթքի շաբաթվա նյութերը պատրաստել են Հայ Առաքելական, Հայ Կաթոլիկ եւ Ավետարանական եկեղեցիների անդամները: Արարողությանն աղոթք է հնչել Հայաստանի քրիստոնյաների եւ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածների համար: Զալցբուրգում հունվարի 20-ին են միացել «Լոյս ի լուսոյ» միասնական աղոթքին, որին հրավիրված է եղել Մյունխենից «Շողեր» կանանց երգչախումբը: Քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթվա շրջանակներում միջեկեղեցական արարողություն հունվարի 21-ին գումարվել է Մյունխենի Մայր տաճարում`կարդինալ Ռայնհարդ Մարքսի, երկրամասի եպիսկոպոս Քրիստիան Քոփփի, Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի եւ տարբեր եկեղեցիների մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանից հատուկ այս առիթով Գերմանիա է ժամանել «Գեղարդ» երգչախումբը, որ կմասնակցի հունվարի 25-ին համաքրիստոնեական աղոթքին՝ Քյոլնի առաջնորդանիստ սուրբ Սահակ սուրբ Մեսրոպ եկեղեցում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Նկարում՝ Աղոթք քրիստոնյաների եւ եկեղեցիների միասնականության, հալածյալ հայ քրիստոնյաների համար Վիեննայի սուրբ Փրկչի տաճարում: Լուսանկարը Ավստրիայի կաթոլիկների կայքի:





