Հայաստանի գյուղերում պտտվող, Լենին տեսած պառավների հետ համբույրներ փոխանակող ազգակործան պաշտոնավոր պատուհասը գյուղացիներին տեսնելիս միանգամից հարցնում է սուբվենցիաների մասին, մանրամասն խոսում ջրագծի, կոյուղու խողովակների, դպրոցի տանիքի եւ այլ թեմաների մասին:
Այդ սուբվենցիոն ցավը ներկա ապիկարների համար դարձել է յուրահատուկ տնտեսական խոց, չարիք. դրա ծավալների աճը եւ գործընթացի մեջ փոշիացվող ռեսուրսների մեծությունը ստիպում են մեզ հետազոտել ներհայաստանյան այդ արատավոր երեւույթը:
Սուբվենցիոն մսխման ամբողջ շղթան կարելի է բաժանել օղակների՝ տեղական ինքնակառավարման մարմին–սուբվենցիոն հայտ –կառավարություն–բաշխում–շահառու:
Հերթով քննարկենք օղակները.
1.Տեղական ինքնակառավարման մարմինները՝ հիմնականում գյուղապետերը եւ քաղաքապետերը, տեղի շինարարական կազմակերպությունների հետ հավանաբար ստվերային համաձայնության են գալիս կամ իրենց հետ փոխկապակցված կուսակցական անձանց անունով բացում են տնտեսվարող շինարարական սուբյեկտ՝ ֆինանսական ահռելի հոսքերը իրացնելու նպատակով:
Օրինակների համար պետք է ընդամենը հիշել մի ազգային ջոջի քսանհինգ տարեկան կաթնակեր եղբոր ղեկավարած ասֆալտի բիզնեսը. ընդ որում՝ ասֆալտի գործարանի հիմնարկեքում հարյուր միլիոնավոր դրամների ներդրում էին կատարել ինչ- որ թոշակառու կանայք, որոնք ամեն ամսվա սկզբին սրտատրոփ սպասում են հերթական թոշակի քառասուն հազար դրամին:
Ո՜չ մի ստվեր, ո՜չ մի կոռուպցիա, ո՜չ մի հովանավորչություն:
2.Սուբվենցիոն հայտը, որպես կանոն, կազմվում է աչքաչափով՝ իրական ծախսերի 50-70 տոկոս հավելումով. ոչ մի նորմատիվի չհամապատասխանող հայտը գնում է ՀՀ կառավարություն:
Ընդ որում՝ հայտերի ձեւավորումը կատարվում է առանց համայնքի բնակիչների հետ քննարկման, եւ այդ իմաստով մեծ բախտի տեր են դառնում տեղական ՔՊ որեւէ ջոջի հարեւանները:
Ո՜չ մի ստվեր, ո՜չ մի կոռուպցիա, ո՜չ մի հովանավորչություն:
3.Կառավարության լիազոր մարմիններում ՏԻՄ կողմից ուղարկված կիսագրագետ կուսակցական հայտերն անվերապահորեն ընդունվում են: Առավել արագ, անխոչընդոտ բավարարվում են կուսակցական մերձավորների հայտերը:
Ո՜չ մի ստվեր, ո՜չ մի կոռուպցիա, ո՜չ մի հովանավորչություն:
4.Բաշխումը չի ունենում որեւէ ճյուղային ֆիլտրում կամ չի տեղավորվում միջնաժամկետ ծրագրերի պլանավորման մեջ:
Ուղարկված հայտերը բազմազան են, մեկը մյուսի հետ չկապված, ընդհանուր պլանավորման բացակայության փաստերով լի, եւ որպես կանոն՝ չեն պահանջում որակյալ բանվորական ուժ եւ ինժեներական լուծումներ:
Այս իմաստով լրիվ ձեւական, կոռուպցիոն բնույթ են կրում հայտերի իրականացման նկատմամբ ճարտարապետական, նախագծային կառույցների կողմից իբրեւ թե տրամադրվող վերահսկողական ծառայությունները:
Ո՜չ մի ստվեր, ո՜չ մի կոռուպցիա, ո՜չ մի հովանավորչություն:
5.Շահառուները բաժանվում են երկու խմբի ՝տնտեսական եւ քաղաքական:
Եթե ՏԻՄ ղեկավարներն ունեն հստակ տնտեսական շահ՝ բյուջեն քերելու իմաստով, ապա քաղաքական շահառուներն իշխանություններն են, որոնք փնթի եռուզեռ ստեղծելու նպատակ ունեն, որն էլ մարզերում ու մայրաքաղաքում անկում ապրող իրենց վարկանիշը փրկելու գործարք է՝ իրենց կարծիքով:
Փաստացի՝ իշխանությունները անորակ, չպլանավորված, ռազմավարական տեսակետից անիմաստ ծախսերով համագործակցության եզր են ստեղծում տեղական աղաների եւ ցեցերի հետ, այն հույսով, որ վերջիններս կապահովեն լոյալ վերաբերմունք երկիրը մաս-մաս թշնամիներին հանձնողների նկատմամբ:
Նկարագրված արատավոր շղթայի հիմնական թերությունը սուբվենցիան չէ առհասարակ, այլ դրա կազմակերպման քաոտիկ բնույթը եւ ծախսախնայման, արդյունավետ ծախսման բացակայությունը, որը հիմնականում արդյունք է բոլոր բնագավառներում կուսակցական ակտիվը գործի դնելու հիմար որոշման:
Մասնագետների համար պարզ է, որ ներկայումս սուբվենցիոն իրարանցումը որակյալ, գիտահեն հեռանկար ստեղծող հավելյալ արժեք չի ստեղծում, այն ընդամենը գումարների փոշիացում է, պարզունակ վատնում եւ մսխում:
Ավելի նախընտրելի կլիներ սուբվենցիաների գումարներն ուղղել իրապես տեխնոլոգիական հարցերի լուծմանը, իննովացիոն նախագծերի ֆինանսավորմանը, որոնց արդյունքում նույն համայնքներում կստեղծվեն արտադրություններ, այլ ոչ թե ժամանակավոր ոչ հեռանկարային ծախսագրումներ անելու հնարավորություններ:
Ինչ որ իմաստով Հայաստանը հիշեցնում է 1990-ականների Ուզբեկստանը, որի տնտեսության մեջ հավելագրումներն ահռելի չափերի էին հասել եւ դարձել ապագա աղմկոտ ձերբակալությունների պատճառ:
Ներկա իշխանությունների որդեգրած սուբվենցիոն շղթան տնտեսական իմաստով չարիք է, որը չունի հեռանկար:
Հատկապես մտահոգիչ է քարոզարշավային Երեւանում սուբվենցիոն խեղկատակությունը:
Ասեք-անենքական ՔՊ-ական պոռոտախոսությունը դարձել է անկառավարելի հոսք: Երեւանի նրբանցքների երեք-չորս հոգու ձայնը գնելու միտումով կատարվում են աշխատանքներ, որոնք նույնիսկ նախագծային տեսք չունեն, ըստ երեւույթին, դրանց վճարային փաստաթղթերն անգամ գոյություն չունեն, էլ չասեմ՝ ասֆալտ անողներին ինչպե՞ս են վարձատրելու, եթե նախորդ օրվա խոստումից ժամեր անց ինքնաթափով ասֆալտը բերվում է խոստացված տարածք:
Որպես վերջաբան՝ որոշ պարզաբանումներ եւ դիտարկումներ անենք.
1.Սուբվենցիոն ներկա իրարանցումը պետք է դադարեցնել եւ դրանց վրա մսխվող բյուջետային միջոցներն ուղղել բանակի, բացառապես սպառազինության գնմանը, ինժեներական պաշտպանության բնագծերի կահավորմանը:
2.Ընդդիմության կողմից մայրաքաղաքում ավագանի ձեւավորելու պարագայում մանրակրկիտ հետազոտել կատարված սուբվենցիոն ծրագրերը եւ գտնել հանցավոր շղթայի բոլոր դերակատարներին:
Իսկ ի՞նչ է պետք վերոհիշյալ երկու խնդիրների իրագործման համար:
Պետք է Երեւանի ավագանիում ապահովել նոր կազմ՝ առանց ՔՊ խմբակի եւ դրանց արբանյակների:
ՀՐԱՅՐ ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ