Իսկական պոեզիայի նախապայմանը ժամանակի, տաղանդի եւ անհավանական սուր, անհավանական խորը զգալու կարողության հանդիպումն է: Այս բոլորի առկայությամբ միայն կարելի է ստեղծել այնպիսի գրականոևթյուն, որը հոսանքի պես կխփի-չի սպանի-կարթնացնի, երակները կբացի, սիրտը կամոքի, հոգին տակնուվրա կանի: Կստիպի մարդուն ներս նայել ու հարցեր տալ, հարցեր տալ ու պատախաններ ստանալ: Կստիպի ուրիշի տառապանքի եւ սիրո միջոցով չափել իր սերն ու իր տառապանքը, գնալ ինքնահայեցման եւ մաքրման, նորոգվել ու հառնել …
Իհարկե կարող է պատահել, որ երբեմն փրփուրները ծածկեն ծիածանագույն ձկանը նույնիսկ երկար ժամանակ, բայց չի կարող պատահել, որ արեւի լույսը ինչ-որ նախանշված պահի այնպես չթափանցի ջրերի մեջ, որ մի պահ չբոցկլտա ոսկին ծիածանագույն ձկան բազմաթիվ գույներից՝ հայտնի անելով նրա տեղը. Ու մարդիկ չուզենան ետ տանել փրփուրը` նրան տեսնելու եւ նրա գույներով զմայլվելու համար:
Կոնկրետ դեպքում փրփուրը հաղթահարած փայլող ոսկին Ռաֆ Բարաթյանի պոեզիան է, ոչ մեկին չնմանվող նրա աշխարհը, որտեղ ներկա է իր ապրած ժամանակն ու այդ ժամանակին հարիր թարմ մտածողությունը, որտեղ սուր եւ խորը զգացողությունների պակաս չկա, եւ որտեղ զգացմունքների խորությունն ու սրությունը լուծվում են մերթ վրձնագեղ պատկերայնության, մերթ` ճապոնական թանկայի նրբության, մերթ հորդացող բառերի սաստկության մեջ:
Մենք ներկայացրել էինք Ռաֆ Բարաթյանի վերջերս լույս տեսած տասնմեկերորդ` «Ինձ նկարել եմ ներկայիս վրա» բանաստեղծական ժողովածուն` նշելեվ, որ Ռաֆ Բարաթյանը խորը, մինչեւ վերջ ապրված զգացումների բանաստեղծ է, նրա ամեն բառը, նրա պատկերավորումները, նրա զուգահեռումները ընթերցողին ստիպում են նրա տողերում թաքնված ափսոսանքը, կարոտը, թանձրացումները վերապրել ամեն պատկերի հետ, ամեն բառում զգալ բանաստեղծի սրտի տրոփն ու երակի զարկը:

Լույս է տեսել նաեւ Բարաթյանի տասներկուերորդ` «Ընտրանի» ժոովածուն, որը լավագույնս ներկայացնում է բանաստեղծին, նրա պոեզիայի հավաքական մարմնավորումն է: Այն ամփոփում է բանաստեղծի ստեղծագործական տասնամյակը` ներառելով ընտրյալ բանաստեղծություններ նրա ութ ժողովածուներից: Ընտրանի տպագրելն առհասարակ լուրջ հայտ է որեւէ բանաստեղծի համար, քանի որ այն սոսկ ստեղծագործությունների պարզ հավաքածու չէ, այլ ժամանակի նկարագիր, մտածողության փաստագրում, շուրջը կատարվողի պոետիկ արձանագրում, ապրած կյանքի հավաստագիր: Ռաֆ Բարաթյանի «Ընտրանին» այս բոլորի հիանալի արտացոլանքն է, ցուցիչը նրա, որ մեր ժամանակը եւս հաղթահարում է պոեզիայում առկա հնաբանությունը, պաթոսը, բառերի արհեստական գեղազարդումը եւ ունակ է իր միջից առաջ քաշել նորովի մտածող, պատկերայնության անսպասելի դրսեւորումներով հմայող, միեւնույն ժամանակ` հասկանալի, սրտամոտ ու սիրելի պոեզիա:
Երեւի օրինաչափ է, որ «Ընտրանու» առաջաբանում Ռաֆ Բարաթյանին ներկայացնող խոսքը գրել է մեկ այլ փայլուն բանաստեղծ` Խաչիկ Մանուկյանը. «Լոռեցի Ռաֆ Բարաթյանը բանաստեղծ է` ինքնատիպ խոսքով, պատկերներով, լեզվամտածողությամբ, ներաշխարհի ապրեցնող գանձերն ընթերցողին թարմ շնչով մեկնող բանաստեղծ: Բառերի անսպասելի համադրումներով հեղինակին հաջողվում է պատկերային ինքնատիպ համակարգ ձեւավորել եւ ասելիքը մատուցել բանաստեղծ-դերձակի իր տաղանդով հյուսած շողշողուն բառ -զգեստներով հանդերձավորելով»:
Փոխանցենք այդ հանդերձներից` նաեւ ներսի բովանդակությամբ, ընթերցողին ընձեռելով մի պահ Ռաֆ Բարաթյանի պես զգալու կյանքի զարկերակը.
Անքնությունը
Ամբողջ գիշեր
Թեյի բաժակի մեջ
Խառնեց ինձ:
Կամ` նրա պես սերն ընկալելու.
Երեկվանից
Ժամացույցի պես
Պտտվում եմ
Քո տան շուրջը…
Ե՞րբ ես
Լուսամուտը բացելու,
Որ ժամացույցը կանգնի…
Կամ` պոեզիայի նրա չափագրումը մաշկով զգալու.
Որտե՞ղ ենք հասել, բանաստեղծությո՛ւն,
Ինչո՞ւ է խաչդ ինձ փնտրում հիմա,
Մի՞թե ես էի ճամփիդ կաթկթում,
Մի՞թե դու էիր միակ քահանան…
«Ընտրանի» ժողովածուն հարյուրավոր այսպիսի անկրկնելի, գեղեցիկ, գրավիչ պատկերներ ունի, որոնք դեռ սպասում են գրականագիտական գնահատման ու չափագրման, թեեւ մինչ այդ ընթերցողի սիրուն ու գնահատականին արժանացել են: Անգամ պոեզիա չսիրող մարդիկ, վստահ եմ, եթե բացեն «Ընտրանին», հմայված գնալու են Ռաֆ Բարաթյանի պատկերների հետեւից` փորձելով սիրել, զգալ, ուրախանալ եւ տխրել այնպես, ինչպես այդ պատկերների հեղինակը:
Ավելացնենք միայն, որ Ռաֆ Բարաթյանի «Ընտրանի» ժողովածուն արժանացել է Հայաստանի գրողների միության ամենամյա՝ 2025 թվականի Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ





