Առճակատումից մինչեւ միավորման հույսեր
2021թ, հոկտեմբերին լրացավ հայկական ավանդական ամենահին կուսակցություններից մեկի՝ Ռամկավար Ազատական կուսակցության 100-ամյակը: Կուսակցությունը սկիզբ է առել դեռեւս 1885 թվականին Արմենական կազմակերպության սկսած ազատագրական ինքնապաշտպանական շարժմամբ, որն այնուհետեւ անցել է մի շարք ձուլումներ ու վերամիավորումներ, եւ միայն 1921 թվականին դարձել Ռամկավար Ազատական կուսակցություն: Ցավոք, վերջին տասնամյակներին կուսակցությունը գտնվում է մասնատման ու կազմալուծման ճանապարհին, որի սկիզբը դրվել է դեռեւս 1995 թվականին, երբ Կիպրոսում տեղի ունեցավ կուսակցության հերթական համագումարը, որի արդյունքում հին սերունդը մնաց խաղից դուրս եւ իշխանության եկան նոր սերնդի ներկայացուցիչները: Իհարկե, այդ ամենի հետեւում թաքնված էին նաեւ միջանձնային եւ «միջխմբային» հարաբերություններ: Կուսակցության պատմության մեջ դա նորություն չէր, երբ տարբեր երկներում գործող ակումբները փորձում էին գերիշխող տեղ գրավել ՌԱԿ Կենտրոնական վարչությունում: Նման պատմությունների մասին վկայել է նաեւ կուսակցության Լիբանանի շրջանի երբեմնի ատենապետ Հայկ Նագգաշյանն իր հուշերի գրքում:
Սակայն 1990-ականների նման անհանդուրժող գործելաոճ չէր եղել նույնիսկ սառը պատերազմի տարիներին: 1995 թ. փորձ արվեց Հայաստանում հիմնադրված ԱԶԳ օրաթերթը սեփականաշնորհել, որին խառնվեցին նաեւ այն ժամանակվա Հայոց Համազգային Շարժում կուսակցության ղեկավարները, բայց ոչինչ չստացվեց, քանզի թե՛ ողջ լրագրողական դաշտը, եւ թե՛ ստեղծագործական միությունների ղեկավարները աջակցեցին թերթի խմբագրակազմին, եւ ի վերջո, դատարանի որոշմամբ արգելափակված ԱԶԳ օրաթերթը սկսեց լույս տեսնել: Բայց սա ընդամենը մի դրվագ է ողջ հակամարտության պատմության մեջ: Այնուհետեւ Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը՝ ՀՌԱԿ-ը ընդդիմադիր կեցվածք որդեգրեց իշխանությունների նկատմամբ, եւ Հայաստանի օրվա իշխանություններն էլ նպաստեցին այդ առճակատմանը, որն անցավ նաեւ սփյուռքին:
Այսօր սփյուռքում կուսակցությունն ունի երկու կենտրոնական մարմին, եւս մեկ կենտրոնական մարմին՝ Հայաստանում, նաեւ անջատված տեղական վարչություններ, եւ դրանցից յուրաքանչյուրին հարում են իրենց համակիրները:(*)
Անցած 30 տարիներին անդրադառնալու իմաստ էլ չկա, քանի որ թե՛ Հայաստանում, եւ թե՛ սփյուռքում կուսակցական կյանքի հետընթաց է գրանցվել: 2021-ի տարվերջին, կուսակցության 100-ամյակի առիթով, ՌԱԿ տարբեր տարիների ղեկավարներ ու անվանի ութ գործիչներ հանդես եկան միասնականության կոչով, որում մասնավորապես նշելով անցյալի դառը փորձառությունը եւ միմյանց նկատմամբ ցեխարձակումները, այնունամենայնիվ կոչ արեցին միասնական հարթակ ստեղծել բոլոր ռամկավարների համար:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր.
«ՌԱԿը կերտելէ ետք իր փառաւոր պատմութիւնը՝ ապրեցաւ նաեւ իր անկումի ու պառակտման վիճակները: Այսօր իր բնօրրանը հանդիսացող Սփիւռքի մէջ ոչ մէկ կառոյց, խմբաւորում եւ մարմին, որ կը գործէ ՌԱԿի պիտակին ներքեւ, արդարացումը ունի գոյացած ըլլալու կուսակցութեան ծրագիր-կանոնագրի օրէնքներով: Օրինականութեան սկզբունքը մնացած է ետին, ասպարէզը բանալով նոր էջի մը անհրաժեշտութեան:
Մենք, որպէս նախաձեռնող խումբ մը ՌԱԿի ղեկավարներ, պատասխանատու կը զգանք մենք զմեզ մեր պատմութեան, մեր շարքերուն եւ մեր ժողովուրդին դիմաց՝ անկարելին գործադրելով իրականացնելու կուսակցութեան միաւորումը. որովհետեւ չենք կրնար կիսաւարտ թողուլ մեր առաքելութիւնը մեր պատմութեան ու ժողովուրդին դիմաց:
Ենթականերս յաճախ ունեցած ենք տարակարծութիւններ իրարու հետ, եւ գուցէ կը շարունակենք ունենալ: Սակայն կուսակցութեան ճակատագրական միասնականութիւնը գերիվեր նկատելով ամէն կարծիքէ՝ կը միանանք այս կոչին:
Իբրեւ նախկին ղեկավարներ, մենք մեր տուրքը տուած կը նկատենք մեր սիրելի կուսակցութեան եւ անպայմանօրէն յաւակնութիւն չենք սնուցաներ պաշտօններ եւ աթոռներ գրաւելու:
Ժամանակը հասած է նոր սերունդի ղեկավարութեան յանձնելու այս պատմակշիռ կազմակերպութեան առաջնորդութիւնը եւ սատարելու այդ ղեկավարութեան բոլոր միջոցներով, յաջողցնելու եւ շարունակելու կուսակցութեան պատմական առաքելութիւնը:
Մեր շրջանակներէն հասնող անկեղծ կոչերով՝ նախկին ղեկավարներու այս շարժումը կը յաւակնի ներկայացնել շարքերու մեծամասնութեան սրտի կոչը՝ միասնականութեան: Մեր նախաձեռնութիւնը առ այսօր պատրաստի տարազներ չունի առաջարկելիք, ոչ ալ թեկնածուներ՝ պաշտօններ գրաւելու. մեր նախաձեռնութիւնը կը բխի այն խորունկ հաւատքէն, որ ՌԱԿը պէտք է վերականգնի եւ մեր սերունդին պարտքն է իրականացնել այդ վերականգնումը:
Այսու կոչ կ ուղղենք բոլոր անհատ կուսակցականներուն, մարմիններուն եւ շրջանակներուն՝ ոչ թէ միանալու մեզի, այլ ստեղծելու հասարակաց բեմ մը, ուր բոլորս կրնանք համախմբուիլ աննախապաշար հոգիով ու ձեռնարկել վերամիաւորման սրբազան գործին»:
Ըստ էության այս կոչի տակ ստորագրել են վերջին երեսուն տարիներին ՌԱԿ-ում կարեւոր դեր ստանձնած կամ ղեկավար պաշտոններ զբաղեցրած անհատներ՝ Դոկտ. Արշաւիր Կէօնճեան (Մոնթրէալ), Յակոբ Գասարճեան (Պէյրութ), Սերխիօ Նահապետեան (Պուէնոս Այրէս), Երուանդ Ազատեան (Տիթրոյթ), Վարդան Նազիրեան (Լոս Անճելըս), Դոկտ. Գրիգոր Ատանալեան (Լոս Անճելըս), Դոկտ. Հրաչ Գույումճեան (Լոնտոն), Յակոբ Աւետիքեան (Երեւան):
Իր հերթին, ՌԱԿ Կենտրոնական վարչությունը հանդես էր եկել այլ հայտարարություններով, որոնցից վերջինում, ցավոք, ոչ մի լուրջ առաջարկ չկար, բացի հակառակ կողմին պիտակավորելուց: Բնականաբար նման պայմաններում անհնար է ակնկալել երկխոսություն:
Մենք հարցեր ուղարկեցինք նաեւ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին եւ խնդրեցինք պատասխանել դրանց: Սակայն խոստանալով պատասխանել, պարոն Խարապյանը հարցերը ուղարկել էր ՌԱԿ գրասենյակ, որտեղից էլ գրեցին, որ տիկին Անի Չալյանը կպատասխանի կազդուրումից հետո, սակայն այդպես էլ որեւէ պատասխան չստացանք: Փոխարենը առաջարկեցին բավարարվել ՌԱԿ Կենտրոնական վարչության վերջին երկու հայտարարություններով:
Այսպիսով, 2021 թվականի դեկտեմբեր 27-ին թվագրված հայտարարությամբ (Մ. Խարապյանի գլխավորած ՌԱԿ կենտրոնական վարչությունը- «Ազգ») տեղեկացվում է, որ կուսակցության 100-ամյակը պատրաստվում են նշել Հայաստանում՝ 2022թ. հունիսի 22-ին Հայաստանի Ազգային Ժողովում: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հարիւրամեակ մը ամբողջ, Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը, յարաճուն վճռականութեամբ, վիթխարի աւանդ եւ անգնահատելի ներդրում ունեցած է ազգապահպանման, ազգային գիտակցութեան եւ հայրենասիրութեան վառ պահումին, ինչպէս նաեւ պահանջատիրութեան նուիրականագոյն նպատակներուն ի սպաս:
ՌԱԿ-ի երկնագոյն դրօշին տակ, վերանորոգ եռանդով համախմբուելու հոյակապ պատեհութիւն կը ստեղծէ հարիւրամեակի պանծալի մեր յոբելեանը, յատկապէս նկատի ունենալով որ մեր ժողովուրդին ու հայրենիքին դէմ ծառացող ներկայ ճգնաժամային, ահեղ ժամանակահատուածը կենսական կը դարձնէ գոյառումը համազգային լիակատար միասնականութեան:
Միասնականութիւնը կտրականապէս կը բացառէ առկայութիւնը բոլոր փառասիրութիւններու եւ քմահաճոյքներու: Միասնականութիւնը կը պահանջէ նաեւ արմատական չէզոքացումը պառակտիչ ամէն ազդակի եւ գործօնի, բայց մանաւանդ՝ զանցառումը նախկին, ժամանակավրէպ եւ ձախողած ամէն մտայնութեան: Հիմա, աւելի քան երբեւէ, անհրաժեշտ է որ վաւերականօրէն եւ յարաճուն կերպով դրսեւորուի ռամկավար ազատականներուս՝ մեր հայրենիքին ու ժողովուրդին անսակարկ կերպով ծառայելու ուխտեալ յանձնառութիւնը:
Առ այդ՝ Կեդրոնական Վարչութիւնս, լիովին պատրաստ է լսելու գործնական եւ շինիչ որեւէ առաջարկ կամ թելադրութիւն»:
Այս հայտարարությունը ստորագրել են ՌԱԿ կենտրոնական վարչության ատենադպիր Ռաֆֆի Պալեանը եւ ատենապետ Մայք Խարապեանը:
Սակայն միասնության կոչ անելով հանդերձ, նրանք չեն միացել ՌԱԿ տարբեր տարիների ղեկավարների միասնական հարթակ ստեղծելու վերը նշված կոչին, այլ պատասխանել են մի այլ հայտարարությամբ, որն իր ոճով բացարձակապես չի նպաստում կուսակցության միասնությանը: Ավելին, այդ հայտարարությամբ վարկաբեկիչ բառապաշարով բնութագրում են հակառակ կողմին, իսկ վերջում՝ սպառնում են ինչ-որ հանցագործություններ բացահայտող փաստաթղթեր հրապարկել: Հայտարարությունը եզրափակվում է ընդհանուր կոչով. «Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը, որեւէ ատենէ աւելի, կազդոյր ու նպատակասլաց կ’ընթանայ, կատարելապէս հաւատարիմ երդուեալ իր ազգային առաքելութեան: Առ այդ, Կեդրոնական Վարչութիւնը պատրաստ է գրկաբաց ողջունելու գործօն մասնակցութիւնը ընկեր-ընկերուհիներու, որոնք, այլեւայլ պատճառներով, յարաբերաբար կրաւորական կեցուածք ունեցած են ժամանակէ մը ի վեր: Որովհետեւ մեր ժողովուրդին վիճակուած ճգնաժամային ներկայ կացութիւնը կ’ահազանգէ թէ հիմա՛ է ժամանակը ամենաներգործօն կերպով ցուցաբերելու իսկական մեր հայրենասիրութիւնը»:
(Շարունակելի)
*) Ներկա պահին Սփյուռքում գոյություն ունի իրեն կենտրոնական վարչություն հորջորջող մեկ կառույց, որը, սակայն չունի կուսակցության անդամների մեծամասնությունը իր եւ համակիրների խմբերին իր շուրջ հավաքելու ո՛չ ֆունկցիոնալ, ո՛չ էլ մտավորական եւ ո՛չ նյութական կարողականությունը: «Ազգ»:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ
«Օրեր» ամսագիր, Պրահա