Համաձայն ձեւավորված բարի ավանդույթի՝ ամեն այցելությանը Հայաստան Պերճ Թյուրաբյանը հայրենի հանդիսատեսի դատին է ներկայացնում իր համերգային նորացված ծրագիրը: «Արդեան» պատկերասրահի (հիմնադիր-տնօրեն՝ Վազգեն Բրուտյան) եւ երգիչ ու երգահան Վահան Արծրունու նախաձեռնած «Մշակութային հինգշաբթիների» շրջանակներում նոյեմբերի 1-ին եւ 2-ին տեղի ունեցան նյույորքաբնակ արվեստագետի՝ «Ֆրանսիական շանսոնը հայերեն» խորագրով մենահամերգները:
Հայտնի է, որ երգվող բանաստեղծություն թարգմանելն առանձնապես դժվարին գործ է, սակայն Թյուրաբյանը հաջողությամբ է իրականացնում այդ առաքելությունը՝ հաղթահարելով լեզվական տարբերությունները, օրինակ՝ ֆրանսերենի համր «ը»-երին հայերեն համարժեքներ գտնելով: Չնայած որ հայերենում բառերը հաճախ ավելի երկարավանկ են, քան ֆրանսերենում, Թյուրաբյանն «ավելորդ» վանկերն արտաբերում է սահունորեն ու քիչ արագացված, ինչը նրա ոճը ճանաչելի ու հարազատ է դարձնում: Հայ պոետների դեպքում էլ նա ասես լսում է բանաստեղծության մեջ թաքնված մեղեդին, որպես երգ` այլ կողմով դրանք մատուցում ունկնդրին՝ լինի Պետրոս Դուրյանի թե Սլավիկ Չիլոյանի գործը:
Խոսքի ու երաժշտության ներդաշնակ միասնությունն է, որ ծնում է երգ կոչվող հրաշքը: Պիտի ինքդ հեղինակային երգիչ լինես, որպեսզի կարողանաս երգեցիկ թարգմանել Շառլ Ազնավուրին եւ ֆրանսիական երգի մյուս երեւելիներին: Թյուրաբյանը միաժամանակ երգահան է, երաժիշտ, թարգմանիչ, գրադարանագետ, բանասեր… Ծնունդով եգիպտահայ է՝ Հելիոպոլսից: Դեռ ծննդավայրում հրապուրվել է երգեր գրելով: 15 տարեկանում ընտանիքով հայրենադարձվել է խորհրդային Հայաստան: Իր գործունեությունը սկսել է 1960-ականների վերջերին, Ռուբեն Հախվերդյանի եւ Վահրամ Թաթիկյանի հետ եղել Հայաստանում հեղինակային երգի առաջին կատարողներից: Անցյալի մեծագույն հայ բանաստեղծների գործերի հիման վրա երգեր ստեղծելու հարցում նրան ոգեշնչել են Լեո Ֆերեն եւ Ժան Ֆերան, որոնք ֆրանսիական գրականության մեծերի բանաստեղծությունները երգաշարերի են վերածել: Մինչ օրս թողարկել է 9 երգապնակ:
Նոյեմբերի 1-ի համերգի առաջին մասում ազնավուրյան՝ վերջապես «բյուրեղացված» «Ջահելությունն» էր ու ֆրանսալեզու այլ հեղինակների երգերը՝ Շառլ Տրենե, Ժակ Բրել, Ժորժ Բրասենս, Լեո Ֆերե, Բարբարա: Հնչում է Բրելի «Դու ինձ մի՛ լքիր»-ը, որը Թյուրաբյանը կատարում է այնպիսի ծանոթ զգացականությամբ, կրակոտ վերապրումով, որ նկատելիորեն «մոտեցնում», հարազատ է դարձնում հայ հանդիսատեսին: Նույնը կարելի է ասել «Ամստերդամի» կատարման մասին. հայացված, բավականին թունդ արտահայտություններ պարունակող տեքստը փորձում ես մտքում համեմատել չիլոյանական թարգմանության հետ, սակայն այս դեպքում՝ երգ դառնալով, այն կարծես ավելի է բացվել ունկնդրի առջեւ՝ երանգային իր ողջ հարստությամբ: «Ամստերդամը», ինչպես եւ ձայնային ու ֆիզիկական մեծ լարում պահանջող այլ երգեր կատարելիս Թյուրաբյանը թողնում է կիթառը եւ երգում՝ ոտքի կանգնած: Այդ պահերին կամերային դահլիճում մի անտեսանելի զգացական կապ ու փոխըմբռնում է հաստատվում ունկնդրի եւ երգչի միջեւ:
Երգերին նախորդում են Թյուրաբյանի մեկնաբանությունները եւ մենախոսությունները՝ լի կենսափիլիսոփայական դիտարկումներով եւ հումորով (իզուր չէ, որ հայրենադարձվելուց հետո նա որոշ ժամանակ Լենինականում է բնակվել):
Թյուրաբյանի գրեթե բոլոր երգերը եւ ձայնապնակները, բացի առաջինից, գործիքավորել է երաժիշտ Տիգրան Նանյանը: Բոլորովին յուրահատուկ կիթառային նվագակցությամբ է հնչում Բրասենսի «Չամուսնության առաջարկը», որը մեծ ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից.
Թույլ տուր ես քո
ձեռքը չխնդրեմ, օ՜, սեր իմ
ոչ մի մատյանում մենք
մեր անունը չկնքենք:
Լինենք ազատ թռչնի նման
ու բանտարկի թող մեզ միայն
սիրո կապանքը…
Ընդհանրապես, Բրասենսի երգերի դեպքում նկատելի է, որ Թյուրաբյանը զարգացնում է դրանց ե՛ւ խոսքերի, ե՛ւ երաժշտության մեղեդայնությունը («Սիրահարները նստարաններին», «Ակնաղբյուրի ջրի մեջ սառը»): Երկարամյա թարգմանական եւ խմբագրական մշակումներից հետո շանսոնիեների երգերը հայերեն հնչում են հարազատորեն ներդաշնակ, ականջ է շոյում գործածվող անաղարտ մայրենին:
Հայաստանում գրեթե անծանոթ անուն է հեղինակ-կատարող Բարբարան (Մոնիկ Անդրե Սերֆ), սակայն նրա թարգմանված երգերը («Գոթինգեն», «Սեւ արծիվը») մեծ խանդավառությամբ են ընդունվում. իզուր չէ, որ Բարբարայի ստեղծագործություններն ամենահաճախ կատարվողներից են: Համավարակային մեկուսացման պայմաններում համացանցային հետեւորդներին ի մխիթարություն՝ Թյուրաբյանը դրանք տեղադրում էր իր էջում: Նրա խոսքերով՝ երկու տասնյակ երգեր թարգմանել է Բարբարայից եւ երկու տասնյակ էլ՝ Բրասենսից. «մի օր, հուսամ, բախտ կվիճակվի դրանք վերածել երգապնակների կամ համերգների»:
Իսկ Ազնավուրի երգերը, նաեւ Թյուրաբյանի թեթեւ ձեռքով, այսօր արդեն հայերիս ազգային ընդհանրական ծածկագրի մի մասն են կազմում: Թյուրաբյանը տարիներ առաջ խնդիր է դրել, որպեսզի իր հայրենակիցները ոչ թե սոսկ լսեն Ազնավուրի երգերը, այլեւ հասու լինեն դրանց բովանդակությանը: «Բոլոր դեմքերն ես դու սիրո» երգը թարգմանվել է ֆրանսերեն տեքստից, որը Թյուրաբյանը «She» անգլերեն (իր բառերով՝ «Ազնավուրից հեռացած») տարբերակից շատ ավելի բարձր է գնահատում: Որպես շարունակություն եւ եզրափակում «Ազնավուր 85» եւ «Ազնավուր 95» գիրք-երգապնակների՝ նա ներկայումս պատրաստում է երրորդը, որը, ի տարբերություն նախորդների, կպարունակի ոչ թե 13, այլ քսանից ավելի ստեղծագործություն եւ կնվիրվի շանսոնի արքայի 100-ամյակին: Առաջիկա երգապնակի մեջ մտնելիք ստեղծագործություններից նա կատարեց «Ո՞վ» երգը, որը թարգմանել է կնոջ եւ խմբագրի՝ Անահիտ Դաշտենցի առաջարկով: Թյուրաբյանը խոստովանում է, որ երբեմն երգերի բուն իմաստը պարզ է դառնում միայն թարգմանության ընթացքում. մասնավորապես այս երգի հիմքում քնարական հերոսի ու նրա կնոջ միջեւ տարիքային տարբերությունից ծագած մտահոգություններն են: «Սերը եւ պատերազմը» երգի հայերեն թարգմանությունը հնչում է ազնավուրյան ուշ շրջանի տարբերակից մի փոքր ավելի դանդաղ, ինչը այս երգին առանձնահատուկ թախիծ է հաղորդում: «Դերասանները» երգի կատարումը նվիրվում է դահլիճում ներկա դերասաններին՝ Վարդան Պետրոսյանին, Հասմիկ Տեր-Կարապետյանին, Ժիրայր Բաբազյանին, Մխիթար Ավետիսյանին, նաեւ՝ Մարատ Օրդյանին, որը ժամանակին Թյուրաբյանի բեմադրած ֆրանսերեն պիեսների գլխավոր դերակատարն է եղել:
Հիանալի է կազմված համերգի դրամատուրգիան, մեղմ երգերին որոշակի հաճախականությամբ հերթագայում են առավել էքսպրեսիվները, ու բնական է թվում, որ համերգն ավարտվում է «Երկու կիթառով». կրկներգին, ի դեպ, հնչում է Ազնավուրի ձայնը՝ կատարումը վերածելով վիրտուալ դուետի:
Ուրախալի է, որ առաջին համերգի ազդագիրը հրապարակելուց ժամեր անց այլեւս ազատ տեղեր չէին մնացել, ուստի հանդիսատեսի խնդրանքով հաջորդ օրը կազմակերպվեց եւս մեկը եւ կրկին՝ անշլագ: Թյուրաբյանը խոստացավ հաջորդ անգամ «Արդեան»-ում հանդես գալ սեփական երգերով (վերջիվերջո, նա խիստ ինքնատիպ, միտք եւ զգացմունք արտահայտող երգերի հեղինակ է՝ «Փոքրիկ կամ Երգ՝ երգ գրելու մասին», «Ինչքա՜ն, ինչքա՜ն են գեղեցիկ», «Ինչ-որ մեկն ինչ-որ մի տեղ» եւ այլն), ինչպես նաեւ ներկայացնել Բոբ Դիլանի լավագույն երգերի ընտրանին, որի հայերեն թարգմանությամբ ներկայումս զբաղվում է…
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ