«Ազգ»ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը
– Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո օրեր անց հերթական անգամ կփոքրանա: Այս անգամ խոսքն Արցախի Հանրապետության 3 համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի ու Սուսի մասին է: Իշխանությունը պարզաբանում է, թե հերթական զիջումը նոյեմբերիննյան հայտարարությունից է բխում, ընդդիմությունը՝ բացի իշխանությանը «հողատու», «դավաճան» բառերով անվանարկելը, որեւէ այլ քայլ չի անում: Ի՞նչ գնահատական կտաք տեղի ունեցող գործընթացին:
– Ինձ թվում է` հիմա քիչ էական է, թե ես ինչ գնահատական կտամ կատարվողին, որովհետեւ մեր աչքի առաջ օբյեկտիվ փաստերն են՝ որպես գնահատական մեր ապրած կյանքին ու մեր վերջին երկու տարվա վարքագծին: Հիշյալ բնակավայրերի հանձնումը ոչ թե ուղիղ հետեւանք է նոյեմբերի 9-ի փաստաթղթի, այլ նրա, որ մենք երկու տարում չենք ստեղծել որեւէ ռեսուրս, որով կկարողանայինք բանակցել այնպիսի երթուղի եւ այնպիսի պայմաններ, որոնք չէին հանգեցնի խնդրի առարկա բնակավայրերի կորստին: Փաստացի աշխարհաքաղաքականության ինտրիգային այս խաղատախտակին մենք կանգնած ենք առանց նպատակների, առանց ռազմավարության, առանց խելքի եւ առանց զենքի: Այս չորս գործոնները քաղաքական արդյունքի հասնելու ճանապարհին հիմնական վառելիքն են, որոնցից որեւէ մեկը մենք չենք ստեղծել անցնող երկու տարում եւ հետեւաբար չէինք կարող ունենալ ցանկալի արդյունքներ: Իսկ այն, ինչ կատարվում է մեր ներքին քաղաքականության մեջ, սոսկ ալիբիների ստեղծման գործընթաց է, որի ընթացքում բոլոր նրանք ովքեր պաշտոնապես պատասխանատու են Հայաստանի ճակատագրի համար (կառավարությունը, պառլամենտական ընդդիմությունը…) փորձում են ստեղծել ապացույցներ այն պահի համար, որ եթե Հայաստանը հանկարծ չլինի, իրենց անունները գրվեն «անմեղների» շարքում:
– Արցախի իշխանություններն Աղավնո գյուղի բնակիչներին հրահանգել են` տները չհրկիզել, անվնաս հանձնել Ադրբեջանին: Սրա՞ն ինչ գնահատական կտաք:
-Ես չեմ կարող վստահորեն պնդել, թե ինչ նպատակով է այդ ցուցումը տրվել Արցախի կառավարության կողմից, բայց ինքս կողմ չեմ կամուրջներն այրելու հոգեբանական դրսեւորմանը: Իհարկե, գուցե ռացիոնալ փաստարկներն իմ դիրքորոշման դեմ են, բայց կյանքում ամեն ինչ չի, որ ռացիոնալ է: Ու երբ դու քանդում ես այդ իռացիոնալ կապը քո ծննդավայրի հետ, դու, կարծում եմ, հաշտվում ես դրա հավիտյան կորստի հետ: Իհարկե, ես ինքս երբեք տուն չեմ կորցրել ու գուցե այս առումով «իմ ձայնը տաք տեղից է գալիս»:
– Եթե անգամ մեր ռազմական ներուժը չի բավարարի զենքով պաշտպանել Բերձորն ու Աղավնոն, ապա ի՞նչ եղավ դիվանագիտական մտքի հետ: Մենք, փաստորեն, բացի սոցցանցերում գրառումներ անելուց այլ բանի ընդունակ չե՞նք:
– Դիվանագիտությունը կարող է աշխատել երկու դեպքում՝ կա՛մ եթե դու շատ լավ ես հասկանում աշխարհի այդօրվա վիճակը եւ կարողանում ես խաղարկել բոլոր լարերով, կա՛մ եթե ունես այդ դիվանագիտությանը աջակցող ռազմական ներուժ: Մեր պետությունը այս պահին չունի եւ չի էլ պատրաստվում ունենալ ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը: Ուստի դիվանագիտությունից հրաշքներ սպասել պետք չէ:
– Ի՞նչ կարելի է անել, որ հետագայում ՀՀ կամ Արցախի այլ բնակավայրեր նույնպես այդ ճակատագրին չարժանանան:
– Որպեսզի Հայաստանի կամ Արցախի այլ բնակավայրեր նույն ճակատագրին չարժանանան՝ երկու տարբերակ կա. պետական ու ոչ պետական: Պետական ճանապարհը ռազմական ներուժի վերականգնումն է, նպատակների հստակեցումը, այդ նպատակներին համարժեք դիվանագիտական կադրերի ներգրավումը, հանրային հաշտեցումը, մոբիլիզացիան, աշխարհի ներկա պատկերի քարտեզագրումն ու ապագայի հաշվարկումը: Ոչ պետական ճանապարհը հանրության կողմից պատժի մեխանիզմների մշակումն է, որպեսզի նրանք ովքեր մեր բնակավայրերը եւ բնակչությանը պաշտպանելու պարտավորություն են վերցրել (նկատի ունեմ ՀՀ կառավարությանը եւ խաղաղապահներին) հստակ իմանան, որ հաջորդ ձախողումը ունենալու է շոշափելի հետեւանքներ: Մեխանիզմը դեռ չեմ պատկերացնում, բայց պետք է գտնել ձեւ այդ սուբյեկտներին ցույց տալու, որ հանրությունը չի հանդուրժի պարտավորությունների չկատարումը: Ի դեպ, սա այն է, ինչ կարող ենք անել գրառումներից զատ: Բայց, միեւնույն է, հիմա ինչ էլ որ ձեռնարկենք, չի լուծելու մեր բոլոր խնդիրները: Ուստի, ամեն ինչի վերջում միեւնույն է, խնդիրը հանգելու է արդյունավետ պետության ձեւավորմանը:
Զրույցը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ