20-րդ դարի սկզբին Հեռավոր Արեւելքի երկրներում եւ Ավստրալիայում դեգերել է պոլսահայ երաժիշտ, հետագայում՝ ամերիկաբնակ գործարար եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության բարերար եւ անդամ Երվանդ Հակոբյանը: Իր արկածալից կյանքի թերեւս ամենից կարեւոր դրվագներից մեկն է եղել այն, որ նա առաջինն է գրառել պապուասների երգերը…
Ծնվել է Կ. Պոլսի Պոյաճի գյուղում, աղքատ ընտանիքում: Վարժարանում եղել է Հրաչյա Աճառյանի դասընկերը: Ստացել է երաժշտական կրթություն, որից հետո աշխատել է Գատըգյուղի Արամյան վարժարանում որպես երաժշտության ուսուցիչ եւ եկեղեցու դպրապետ: 1890-ական թվականներին, ասես կանխազգալով գալիք կոտորածները՝ գաղթել է Փարիզ: Այստեղ որոշել է զբաղվել թանկագին քարերի ու մարգարիտների մատակարարմամբ: Մտադրվել է մեկնել թանկագին քարերով հայտնի երկրներ, հայթայթել դրանք եւ ուղարկել Փարիզ:
Ճանապարհածախս ստանալու համար դիմել է այդ բիզնեսով զբաղվող հայերին, բայց ոչ ոք չի համաձայնել ֆինանսավորել: Հակոբյանը ստիպված դիմել է որոշ գործարար հրեաների, որոնք համաձայնել են ֆինանսավորել, բայց առաջադրել ծանր պայմաններ, որոնք Երվանդը ստիպված ընդունել է: Նախ մեկնել է Պարսից ծոց, որտեղից հայթայթում էին մարգարտի լավագույն տեսակները, բայց խիստ մեծ մրցակցություն տեսնելով՝ ճանապարհվել է Հարավային Աֆրիկա: Ի դեպ, 1897-ին Փրեթորիա մայրաքաղաքում նախագահ Փոլ Քրուգերը եւ նրա գործադիր հանձնախումբը Հակոբյանից գնել է 15-րդ դարի հայերէն մի Շարակնոց եւ 17-րդ դարի հայերէն մի պատկերազարդ ձեռագիր Ավետարան: Այն այսօր կոչվում է Փրեթորիայի ոսկէ Ավետարան եւ պահվում է քաղաքի Ազգային մշակութային պատմության թանգարանում:
Հարավային Աֆրիկայում Երվանդ Հակոբյանը հավաքել է վագրի մորթի, ադամանդ, փղոսկր եւ վաճառքի ուղարկել Եվրոպա: Յոհաննեսբուրգ քաղաքում տեսել է վաճառքի հանված վագրի մորթիներ՝ M տառով: Հետամուտ լինելով ՝ պարզել է, որ դա «Մարտիրուս» վայրի գազանների մորթիների ամենամեծ գործարանի տիրոջ անվան սկզբնատառն է: Ըստ Հակոբյանի կենսագիր Ե. Աղաթոնի՝ «Յակոբեան, որուն ազգային բնազդը զինքը չէր խաբեր երբեք այս տեսակ պարագաներու մէջ, կը կռահէ, թէ Հայ մը դուրս պիտի գայ այդ անծանօթ «Մարտիրուս»ին մէջէն: Եւ այս անգամ ալ իր հոտառութիւնը յուսախաբ չ ըներ զինքը: Հասցէն կը գտնէ եւ անմիջապէս կ ելլէ կ երթայ «Մարտիրուս»ի վայրի մորթի մթերանոցը: Հոն թուխ դէմքով հայկական տիպարի մը առջեւ կը գտնէ ինքզինքը եւ առանց վարանելու հայերէն կը բարեւէ զայն:
-Բարե՛ւ ձեզ…
Մարդը տեղէն կը ցատկէ՝ Հայու մը անակնկալ այցելութենէն ցնցուած, այնքան թունդ կ ելլէ իր մէջ ցեղին կարօտը, զոր յագեցնելու յոյսն անգամ չէր կրնար մտքէն անցնիլ, անշուշտ, երկար տարիներէ ի վեր: Ու Հայաստանցիի իսկատիպ շեշտով մը կը գոչէ.
-Վա՜յ, Աստծո՜յ բարին, բարի եկար, դուն Հա՞յ ես, ո՞ր տեղացի ես…:
-Հայ եմ, Պոլսեցի եմ…
-Նստի՛ր, նստի՛ր, ախպե՜ր ջան:
Ու մարդը ինքզինքէն ելած չգիտեր ինչ պատիւներ շռայլել իր ազգակից հիւրին: Վերջապէս զայն իր գիւղը կը հրաւիրէ շոգեկառքի առաջին կարգի տոմսակ մը յանձնելով անոր, երթալու համար մինչեւ գիւղին ամէնէն մերձակայ կայարանը, ուրկէ իր ծառաները պիտի առնեն բերեն զինքը գիւղական իր ապարանքը:
Պ. Մարտիրուս գիւղը Քաֆրերու բանակ մը ունի իր տրամադրութեան տակ, որոնք իրեն կը ծառայեն եւ իրեն համար վայրի կենդանիներ կ որսան: Անոնցմով շրջապատուած, անոնցմէ գրեթէ պաշարուած, կատարելապէս արքայական կեանք մը կը վարէ ան իր սեփական գիւղին մէջ:
Առաջին կիրակի օրը, Երուանդ Յակոբեան թրէնը կ առնէ՝ այցելութեան երթալու համար Պ. Մարտիրուսին: Կայարանէն իշխանավայել թափորով մը տուն կ առաջնորդէ զինքը ափրիկեցի նորօրինակ նապապին կողմէ ղրկուած զինեալ Քաֆրերու խումբ մը: Պ. Մարտիրուսի բնակարանը արեւադարձային բուսականութեամբ լեցուած հրաշագեղ պարտէզներու մէջ համակ պամպուէ շինուած տուն մըն էր: Ներսը շքեղօրէն կահաւորուած եւ պատերն ու գետինները ծածկուած վայրի գազաններու մորթերով:
Պ. Մարտիրուս փառաւոր ընդունելութիւն մը կ ընէ Երուանդ Յակոբեանին եւ պահ մը վերջը սեղան կը նստին: Բայց մեր բարեկամը հազիւ քանի մը պատառ կուլ տուած է, երբ յանկարծ կը սկսի գունաթափիլ, դողդղալ:
-Ի՞նչ կայ, ի՞նչ ունիս,- կը հարցնէ տանտէրը խնդումերես ու անայլայլ հանգստութեամբ մը:
-Բայց, Պարո՛ն Մարտիրուս, նայեցէ՛ք սա պատուհանէն, վագր մը կու գայ կոր, կատակ չէ ասիկա…
Արդարեւ, բաց պատուհանէ մը կը տեսնուէր վագրի մը մօտենալը ոլոր-մոլոր գալարումներով…
Բայց գազանասպան հայ Ափրիկեցին հազիւ բարեհաճելով նայուածք մը նետել դուրսը ազատ պտըտող վագրին՝ Երուանդ Յակոբեանի ուսը կը շոյէ եւ խնդալով կ ապահովցնէ իր հիւրը.
-Մի՛ վախնար, նա երախայ է դեռ, պէտք է տակաւին մեծնայ՝ վագր դառնալու համար…:
Յակոբեանի համար գէշ «քառորդ ժամ» մը անցած էր, սակայն, այդ սեղանին շուրջը:
Պ. Մարտիրուս կը ստիպէ զինքը, որ իր մօտ մնայ, բաժնէ իր կեանքը, վայելէ իր բնակարանը, պարտէզները, ամէն ինչը: Բայց Երուանդ Յակոբեան չի կրնար դիմանալ ահռելի տաք կլիմային, եւ շաբաթ մը վայելելէ յետոյ Պ. Մարտիրուսի հիւրասիրութիւնը, ինքզինքը քաղաք կը նետէ, անկէ ալ մեկնելու համար, իր հետ հանելով ամենագեղեցիկ ու թանկագին վագրի մորթ մը, զոր Պ. Մարտիրուս ընծայ ըրած էր ի յիշատակ իր անակնկալ այցելութեան» (Ե.Գ. Աղաթօն, Գաղափարի նշխարներ, Մարսէյլ, 1934, էջ 65-67):
Աֆրիկայից հետո Երվանդ Հակոբյանը մեկնել է Արեւելքի խորքերը, այցելել Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ (որտեղ ամերիկյան զինվորականների մեջ հանդիպել է մի հայի), Խաղաղ օվկիանոսի կղզիներ, ուսումնասիրել տեղի շուկաները եւ համոզվել, որ դրանք նույնպես իրեն հարմար չեն:
Մի անգամ ճապոնական լուցկու վրա տեսել է «Marten s Bros.» անունը եւ լուցկու գործարանի տիրոջ լուսանկարը ու ենթադրել, որ նա հայորդի է: Գնալով այդ գործարանը, «Հոն դէմ դիմաց կը գտնէ ինքզինքը գործարանատէրին, կատարեալ հայկական տիպար մը, սեւաչուի եւ արծուեքիթ: Երկու անծանօթները իրարու երես կը նային պահ մը: Յակոբեան դեռ բան մը չէ արտասանած, երբ լուցկիի գործարանատէրը կը ձայնէ, մտերմական շեշտով մը. «Դու Հա՞յ ես…»: «Այո՛, Հայ եմ…»: «Նի՛ստ, խօսինք…»: Պարզվել է, որ այս Մարթինը եղել է ռուսահպատակ, որին ցարական կառավարությունն աքսորել էր Սիբիր, այնտեղից փախել էր Ճապոնիա, ինքնաշխատությամբ հարստացել եւ տեր դարձել այդ ժամանակաշրջանում աշխարհում նոր տարածում գտնող լուցկիի գործարանի: Հակոբյանը 4-5 օր հյուրընկալվել է այդ հայի փառահեղ ապարանքում:
Հասնելով Ավստրալիա՝ որոշ ժամանակ ապրել է Սիդնեյում, մտերմացել Այե անվամբ մի օվկիանացու հետ, որը հայտնել է, թե պապուասների հայրենիք Նոր Գվինեայի ափամերձ շրջաններում հեշտությամբ կարելի է մարգարիտներ հայթայթել: Շուտով Սիդնեյի նավահանգիստ է եկել մի առագաստանավ՝ հինգ մարդակեր գվինեացի նավաստիներով: Հակոբյանը նրանց հետ պայմանավորվել է մեկնել Գվինեա ու վարձակալել է նավը:
Ճանապարհին պապուասներից մեկը շոշափել է հայորդու թեւը եւ ասել, որ այս մարդը պարարտ է եւ հարմար՝ կերակուր դառնալու համար: Հակոբյանը, որն արդեն սովորել էր պապուասերեն, հասկացել է, եւ ամերիկյան հրացանն անընդհատ նավազների կրծքին բռնած՝ ճամփորդեր է հինգ ցերեկ եւ հինգ գիշեր: Երկու ընկերները փոխնեփոխ, չորս ժամը մեկը, զենքը մեկը մյուսին փոխանցելով, սպառնալից ու զգուշավոր դիրքով կարողացել են անվտանգ կատարել իրենց ճամփորդությունը: Արդեն նավի մեջ Հակոբյանը սկսել է ուսումնասիրել մարդակերների կենցաղն ու բնավորության գլխավոր գծերը: Զարմանքով տեսել է, որ վայրենիները կոտրում են հանքային ջրի շիշը եւ ապակիով սափրվում՝ առանց մաշկը վնասելու կամ՝ անտառներում իրենց ոտնատակին, առանց ցավ զգալու, կարում են կենդանու հաստ կաշիներ, այնքան կարծրացած է նրանց ոտքերի մաշկը:
Չորս տարի շարունակ Երվանդ Հակոբյանը մանրամասնորեն ուսումնասիրել է Նոր Գվինեայի բնիկների բարքերն ու սովորությունները: Լինելով երաժիշտ՝ ձայնագրել է 26 գվինեական եղանակներ, որոնք մտադիր է եղել հրատարակել` դառնալով գվինեացիների «Կոմիտասը»: Այդ չորս տարվա ընթացքում իր ընկերներով միշտ նավի մեջ է գիշերել: Ծանոթացել է կառավարության անգլիացի փոստային կառավարչի հետ, որը 14-րդն է եղել այդ պաշտոնում, քանի որ նախորդ բոլոր պաշտոնյաները տարբեր ժամանակներում սպանվել եւ կերվել են: Անգլիացին պարզաբանել է, որ ինքն այդ վտանգավոր տեղն աշխատում է, քանի որ Անգլիայի 100 ֆրանկի փոխարեն ինքը 300-400 ֆրանկ աշխատավարձ է ստանում:
Մի անգամ Հակոբյանը չորս ընկերների հետ զբոսնել է անտառում. հայորդուն իր պարթեւ հասակի համար խմբի առաջնորդ են ընտրել: Հանկարծ նրանք անտառի խորքում հայտնաբերել են, որ շրջապատված են մոտ 500 մարդակերներով: Ծառերի վրա դիրքավորվելով՝ հրաձգություն են սկսել, սպանել 67 պապուասի, մյուսները փախել են, սակայն մի նետ վիրավորել է Հակոբյանին: Բարեբախտաբար, նետը թունավոր չի եղել…
Այս պայմաններում Հակոբյանին հաջողվել է որոշակի հարստություն կուտակել. Գվինեայի ծովափին անձամբ հավաքել է մարգարտի խեցիներ եւ ուղարկել է Փարիզ՝ իր հրեա ընկերներին, որոնք շահագործել են նրան՝ 100 ֆրանկի մարգարիտը 1000-ով ծախելով: Հիվանդանալով դեղին տենդով՝ Երվանդ Հակոբյանը ստիպված վերադարձել է Եվրոպա, հաստատվել է Ատլանտյան օվկիանոսի ափին, Ֆրանսիայի Բրետան նահանգի Դինար քաղաքում, ընդունել ֆրանսիական հպատակություն: Նա երբեք չի ամուսնացել:
1913 թ. հունվարի 9-ին Երվանդ Հակոբյանը ՀԲԸՄ նախագահ Պողոս Նուբարին գրել է մի նամակ՝ նշելով. «Ես հարուստ մէկը չեմ, բայց հայրենիքս անձէս ավելի կը սիրեմ», եւ ներփակ ուղարկել է 25.000 ֆրանկի չեկ (այն ժամանակ հավասար էր 1000 ֆունթ սթերլինգի) եւ խնդրելով նվիրատվության տարեկան տոկոսը հատկացնել Սասունի Տալվորիկ գյուղի կարիքներին: 1919-ին կազմել է նոր կտակ՝ իր հարստությունը կտակելով հայկական եւ ֆրանսիական կազմակերպություններին: Նա վախճանվել է 1923-ին, Դինարում: Երվանդ Հակոբյանի եւ ՀԲԸՄ մյուս բարերար-անդամ Գ. Նշկյանի անձեռնմխելի դրամագլուխների 638 ֆունտ սթեռլինգ շահութատոկոսներով հիմնականում սասունցիներով ու մշեցիներով բնակեցված Հայաստանի երեք գյուղեր ունեցել են նորակառույց դպրոցներ:
Երվանդ Հակոբյանի հետմահու բարերարությունը շարունակվել է. ՀԲԸՄ-ին հանձնած նրա գումարի 140 ֆունթ սթերլինգ շահութատոկոսով 1934-ին Մարտունիում կառուցվել է պրոֆտեխուսումնարանի շենք…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ