Հոդվածի հեղինակ, հրեա հոր եւ քրսիտոնյա մոր զավակ Չայլզ Ֆրեյզրը անգլիկան եկեղեցու առաջնորդական տեղապահ է, նաեւ քարոզիչ եւ լրագրող, որը թղթակցում է «Guardian» թերթին եւ «BBC»-ին:
Անցյալ տարվա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Իսրայելի Նեգեւ անապատի Օվդա զինվորական ավիացիայի հենակետից մի քանի ինքնաթիռներ թռիչք կատարեցին դեպի Ադրբեջան` փոխադրելով իսրայելական զինարտադրության տեխնոլոգիայի ամենաարդիական տեսակի զինամթերք, որը ներառում էր նաեւ հարձակողական դրոններ (ԱԹՍ-եր): Մի քանի օր անց ադրբեջանական բանակը ավերիչ հարձակում կատարեց Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավի վրա, ստիպելով տեղի ամբողջ բնակչությանը դուրս գալ իր բնօրրանից եւ ապա քարուքանդ անելով այնտեղ գտնվող ճարտարապետական պատմական կառույցները, ճիշտ այն ձեւով, որ իսլամական պետությունն (ISIS) էր քանդել Պալմիրան: Ավելի քան 100,000 փախստականներ ապաստան գտան Հայաստանում:
Ռազմամթերքի առք ու վաճառքով զբաղվող մասնագետների հաշվարկներով ադրբեջանական բանակի օգտագործած զինամթերքի 70 տոկոսը այն խմբաքանակից էր, որ Իսրայելն էր վաճառել Ադրբեջանին: Անցյալում Հայաստանը Իսրայելին մեղադրել էր ոչ միայն զինամթերքի մատակարարման, այլեւ դրանց օգտագործման համար:
Հետաքրքրական է, որ Իսրայելի օժանդակությամբ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձեռք բերած հաղթանակը ողջունողների թվում էր նաեւ Համասը: «Մենք շնորհավորում ենք մարտերում Ադրբեջանի հաղթանակը եւ օկուպացված տարածքների վերագրավումը», ասված էր Համասի 2020-ի խոսնակներից մեկի ելույթում: Մյուս ողջունողը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր, որն անցյալ սեպտեմբերին ասաց. «Մենք աջակցում ենք այն ջանքերին, որ գործադրում է Ադրբեջանը, որի հետ մենք գործակցում ենք մեկ ազգ, երկու պետություն սկզբունքով»:
Թուրքիայի եւ Ադրբեջանի արանքում գտնվող հայկական պետությունը տառապում է այդ երկուսի հետապնդած պանթուրքիզմի մոլուցքով, որ վերականգնվել է հետխորհրդային տարիներին, նպատակ ունենալով միավորել թյուրքական բոլոր ազգություններին: Բացի այդ, ռուսներն էլ վշտացած են Հայաստանից, որը նոր եւ ավելի վստահելի դաշնակիցներ որոնելու ճանապարհին փորձում է դեպի Արեւմուտք եւ Եվրոմիություն շրջադարձ կատարել: Մոսկվան կարող է Հայաստանին պարտադրել Ուկրաինայի օրինակը, ինչպես վերջերս քողարկված ակնարկեց Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակուհին: Հայաստանը հուսահատված է եւ բարեկամների խիստ կարիքն ունի:
Երեւութապես, Իսրայելն ու Հայաստանը ընդհանուր շատ բան ունեն: Երկուսն էլ վաղեմի հարուստ մշակույթով փոքր երկրներ են` շրջապատված թշնամի հարեւաններով: Երկուսն էլ ձեւավորված են 20-րդ դարի տրավմատիկ ցեղասպանությունների դառն փորձությունների հետեւանքում: Եվ երկուսն էլ ունեն մեծ, լայնատարած եւ գլոբալ նշանակությամբ սփյուռք: Մեկը դավանում է քրիստոնեականությունը (իրականում աշխարհի ամենահին քրիստոնյա պետությունն է), մյուսը` հրեականությունը: Երկուսն էլ ծայրահեղական իսլամիզմի թիրախի տակ են գտնվում:
Կարեւոր է նշել, որ Համասը ինչպես Գազան, անպես էլ Լեռնային Ղարաբաղը համարում է «գրավյալ տարածքներ», որոնք պետք է ազատագրվեն: Ուստի հարց է ծագում, թե ինչո՞ւ է այդ դեպքում Իսրայելը զինում Ադրբեջանին եւ հրճվանք պատճառում Համասին եւ Էրդողանին:
Իսրայելցիների երկմտությունը Հայաստանի վերաբերյալ վերջերս հանդուգն շրջադարձ կատարեց, երբ մարտի 9-ին Բենիամին Նեթանյահուն սոցցանցում հետեւյալ գրառումն արեց. «Իսրայելը, որ միջազգային իրավունքի պաշտպան երկրներից է, մերժում է վարչապետ Էրդողանի բարոյականության վերաբերյալ անհեթեթ քարոզչությունները, որը պաշտպանում է Համասի մարդասպաններին եւ բռնաբարողներին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, իր երկրում կոտորում է քրդերին եւ հավակնում է վարչակարգի ընդդիմադիրներին ու լրագրողներին բանտարկելու եւ վերացնելու գործում աշխարհի ռեկորդակիրը դառնալ»: Բիբին (այսինքն` Նեթանյահուն,- Հ.Ծ.) ճիշտ է, անկասկած: Հայերի ցեղասպանությունը (ի դեպ` առաջին ցեղասպանությունը 20-րդ դարի) պետական քաղաքականություն է Թուրքիայում եւ էթնիկապես թյուրքական բնակչությամբ Ադրբեջանում: Խնդիրն այն է, սակայն, որ Իսրայելն էլ մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել կատարվածը:
Քրիստոնյա հայերը հազարավոր տարիներ ապրել էին այն տարածքում, որ մենք այժմ ճանաչում ենք որպես Արեւելյան Թուրքիա: Սակայն, Առաջին աշխարհամարտի ընթացքում նրանցից ավելի քան մեկ միլիոնը հետեւողականորեն կոտորվեց Օսմանյան իշխանությունների կողմից: Լեռնային Ղարաբաղում վերջերս կատարված իրադարձությունները դարձյալ հրապարակ են հանել այս պատմական տրավման:
Այս առնչությամբ թուրքերի դիրքորոշումն այն է, որ հայերի մահվան քարավանները մարտավարական տեղահանություններ էին պարզապես` ճնշելու համար հնարավոր ապստամբությունը, որ նրանք պատրաստվում էին իրականացնել Օսմանյան կայսրության ամենախոցելի ժամանակաշրջանում: Բայց իրականում ոչ մի ապստամբություն էլ չկար: Դա իսկական եւ կատարյալ էթնիկական զտում էր: 1939 թվականի օգոստոսի 2-ին, նախքան Լեհաստան ներխուժելը, Հիտլերը, ըստ լուրերի, ասել էր, որ ոչ ոք չէր արձագանքելու Արեւելյան Եվրոպայում Լեյբենշրոում (ապրելու տարածք) ստեղծելու իր ծրագրին, որովհետեւ «ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածը»: Այո, ո՞վ իսկապես:
Նեթանյահուի արտահայտության կեղծավորությունը այն է սակայն, որ հենց ի՛նքն է եղել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խոչընդոտողը: 2018-ին Յաիր Լապիդը գրել էր. «Ժամանակն է վերջ տալ Էրդողանի առաջ քծնելուն: Ժամանակն է կատարել բարոյական ճիշտ քայլը եւ ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանությունը»: Ամեն տարի Քնեսեթում կոչ է արվում քննարկելու այս հարցը եւ ամեն տարի իշխող կառավարությունների կողմից այն լռեցվում է: Լուրջ խնդիրներ կան: Հրեական որոշ շրջանակների համոզմամբ այդ ճանաչումը կարող է թուլացնել Հոլոքոսթի հասկացությունը որպես եզակի սարսափի: Փաստը, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական հիշատակության օրը` ապրիլի 24-ը նշվում է «Յոմ ՀաՇոայի» օրերին զուգահեռ, առավել շեշտադրում է այս մտահոգությունը: Իսրայելը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի ներկայիս, բայց Լապիդը ճիշտ է` ասելով, որ անհրաժեշտ է ճիշտ քայլ կատարել Հայաստանի նկատմամբ: Խնդիրն այն է, սակայն, որ Իսրայելը Ադրբեջանից է ստանում երկրին անհրաժեշտ նավթի մոտ 40 տոկոսը, եւ երկու երկրները ռազմավարական դաշնակիցներ են ընդդեմ Իրանի: Բայց Համասի կողմից, թեկուզ անուղղակի, ողջույնի խոսքերը հօգուտ Արդբեջանի պետք է որ Երուսաղեմին հուշեն վերանայելու Իսրայելի արտաքին քաղաքականությունը Կովկասում:
Հույս հայտնենք, որ Նեթանյահուի գրառումը վերաբերմունքի փոփոխության սկիզբը կհանդիսանա:
ՉԱՅԼԶ ՖՐԵՅԶՐ
Անգլերեն բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ