Ամբողջ շաբաթ ցույցեր, հավաքներ ու բողոքի ակցիաներ են ընթանում Հայաստանում տարբեր երկրների դեսպանատների ու միջազգային կառույցների ներկայացուցչությունների առջեւ: 44-օրյա պատերազմից հետո Երեւան տեղահանվածները, Արցախի շրջափակումից հետո Հայաստանում մնացած արցախցիներն ու հայկական երկրորդ հանրապետության ճակատագրով մտահոգվածները միջազգային հանրությանն ինչ-ինչ պահանջներ են հղում: Եվրոպական կառույցների ներկայացուցիչները կլսե՞ն, թե՞ոչ արցախցիների պահանջները, բնավ պարզ չէ: Հստակ է սակայն, որ Արցախի նախագահականից կուրացիա արվող ակցիաների բառապաշարն ընդունելի չի կարող լինել եվրոպացու համար: Առնվազն տարօրինակ է՝ Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունը վստահել ռուսներին, բայց մուննաթ գալ եվրոպացիների վրա: Իսկ ամմենատարակուսելին այն է, որ Արայիկ Հարությունյանի հետ սերտ կապեր ունեցող ու այս օրերին ակիցա իրականացնող անձինք ՀՀ իշխանություններին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին ո՛չ հարց ունեն, ո՛չ՝պատասխան:
«Ազգ»-ի տեղեկություններով՝ այս օրերին Արցախում ներքաղաքական իրավիճակը հասել է պիկին, քաղաքական ուժերից ամեն մեկն պետության համար ճակատագրական այս օրերին անգամ իր դիրքն ու լիազորությունը կորցնել չի ուզում: Բայց անգամ արցախցիները գլուխ չեն հանում, թե երկրի ղեկավարությունն ինչո՞ւ ռուսների հետ կոշտ չի խոսում, պահանջում նրանցից կատարել նոյեմբերի 9-ի պայմանագրով ստանձնած լիազորությունները:
«Ինչպե՞ս է ստացվում, որ ռուս խաղաղապահները Հայաստանից սնունդ ու անհրաժեշտ ամեն բան ստանում են, բայց մերոնք՝ ոչ: Ինչքան կարելի է հանդուրժել այս ամենը»,- ասաց արցախյան մեր զրուցակիցը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ