Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված էր մեր 4-5-րդ դարերի հայտնի պատմիչի անունը կրող երեւանյան մի փողոցի անվանատախտակի լուսանկարը եւ հարց էր տրվել՝ այդ անվան ո՞ր տարբերակն է ճիշտ՝ (Փավստոս) Բյուզա՞նդ, թե՞ Բուզանդ. այն միշտ տարբեր գրությամբ է հանդիպում: Լուսանկարի ցուցանակում յ-ով տարբերակն է գրված, սակայն որքան մեզ հայտնի է, գիտականորեն առավել ընդունված է առանց յ-ի տարբերակը:
Բայց այդ ցուցանակում, դատելով լուսանկարից, կա նաեւ մեկ այլ, ընդհանուր տարածում գտած սխալ: Այնտեղ գրված է՝ Փ. Բուզանդ 53-55 (թվերը տվյալ շենքերի համարներն են): Մինչդեռ ըստ կանոնի պետք է լինի ոչ թե Բուզանդ, այլ Բուզանդի՛, որ կնշանակի նրա անվան փողոց: Նույն կերպ եւ պետք է լինի, ասենք, Սայաթ-Նովայի եւ ոչ թե Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհի եւ ոչ թե Գարեգին Նժդեհ, Շիրակացու եւ ոչ թե Շիրակացի փողոց, պողոտա ու հրապարակ: Իսկ մեր ոչ միայն քաղաքամայր Երեւանում, այլ նաեւ մյուս քաղաքներում, մեծ գյուղական վայրերում տարեցտարի ավելի արմատացել է նման անվանումների ուղիղ, սխալ ձեւը:
Ամենայն հավանականությամբ այս սխալը եկել է Տերմինաբանական կոմիտեի 1970-80-ական թվականների տեղեկատուում հրապարակված, ավելի վաղ գրված «Փողոցների հայերեն անվանումների եւ սրանց ռուսերեն տառադարձության մասին» որոշման 1-ին կետի թյուրըմբռնումից: Գուցե ավելի ճիշտ կլիներ ասել՝ այդ կետի ձեւակերպման առաջացրած շփոթից: Այնտեղ սահմանված էր, որ հայկական ազգանուններով կոչված փողոցները պետք է անվանել եւ գրել ազգանվան ուղիղ եւ ոչ սեռական հոլովաձեւով… Ու չնայած հայկական ազգանուններ ասելով, ըստ նույն կետում բերված օրինակների, նկատի էին առնվել միայն յան-ով (Աբովյան, Նալբանդյան, Շահումյան եւ այլն) ավարտվողները, որոնցում թեկուզ այժմ մթագնած՝ կա սեռական հոլովի, պատկանելության իմաստ, հանրային գիտակցության մեջ այդ «ուղիղ եւ ոչ սեռական հոլովաձեւով» պահանջը մակաբերվել էր փողոցների բոլոր հայական ու գուցե նաեւ ոչ հայկական անվանումներին:
Ակնհայտորեն խնդիրը հստակեցնելու եւ իրավիճակը շտկելու նպատակով արդեն 1990-ական թվականներին կայացվել է Հայերենի բարձրագույն խորհրդի՝ ցավալիորեն կարճ կյանք ունեցած կառույցի վերաշարադրված որոշումը՝ «Փողոցների եւ հրապարակների հայերեն անվանումների մասին»: Այն կազմվել է նույն հեղինակի՝ անվանի լեզվաբան-հայագետ, համալսարանական-բանասերների մի քանի սերունդ կրթած Հովհաննես Բարսեղյանի կողմից, հաստատվել Լեզվի պետական տեսչության պետի 1997 թ. եւ 2000 թ. հրամաններով:
Ըստ կատարման ենթակա այս նորացված որոշման, փողոցների, պողոտաների, հրապարակների անունները, բացի յան-ով, նկատենք նաեւ՝ ական-, ային-ով վերջացողներից, պետք է գործածվեն ի-ով եւ այլնով վերջավորվող սեռական-տրական թեք հոլովաձեւով. օրինակ՝ Բակունցի փողոց, Արցախի փողոց, Ծերեթելու փողոց, Մաշտոցի պողոտա, Պուշկինի փողոց, Չարենցի փողոց, Րաֆֆու փողոց, Տպագրիչների փողոց, Աղբյուր Սերոբի փողոց, Հրաչյա Քոչարի փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Արշակունյաց փողոց, Մայիսի 9-ի փողոց, Գարեգին Նժդեհի հրապարակ, Հանրապետության հրապարակ եւ այլն:
Իսկ դրանց միայն յան-ով կամ յանց-ով վերջացող անվանումները պետք է գործածվեն ուղիղ ձեւով. օրինակ՝ Աբովյան փողոց, Թումանյան փողոց, Սուրենյանց փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Հակոբ Պարոնյան փողոց, Մարշալ Բաղրամյան պողոտա, Շահումյան հրապարակ:
Սովորաբար սխալը շուտ է տարածվում, ուղղվում է դժվար: Բայց ուղղել պետք է:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Գյումրի