Այս ի՞նչ է կատարվում մեր հետ: Հարցը, վստահ եմ, Աստծո յուրաքանչյուր օր հաճախից ավելի է հնչում հայաստանաբնակներիս մոտ ու շրջապատում: Ոմանք հիշում ու պնդում են, որ այսպես է եղել նաեւ տասնամյակներ ու անգամ դարեր շարունակ: Հիշո՞ւմ եք «Սարոյան եղբայրներ» կինոնկարի Գեւորգի ու Հայկի զրույցը, որը ֆիլմի հեղինակները խնդրել են գրել Հրանտ Մաթեւոսյանին: Հիշեցնեմ, թե ինչ է ասում դաշնակցական բանակի սպա Գեւորգը. փոքր ժողովուրդն ապրելու իրավունք չունի: Եղբորը հակադարձում է բոլշեւիզմի գաղափարակիր Հայկը, ակնարկելով հյուսիսից եկող մտայնությունները, որոնց միջավայրում ապրեցինք շուրջ յոթ տասնամյակ, տալով… 300 հազարից ավելի զոհ: Ասում ենք պատերազմ էր, ահավոր մի բան, իսկ թե երբ խոսքը մեր հայրերի ու եղբայրների, մայրերի ու քույրերի մասին էր, որոնց կյանքերն ընդհատվեցին ռուսական դաշտերում ու բելոռուսա-ուկրաինական ճահիճներում ու անտառներում, եվրոպական բնակավայրերում: Անգամ այսօր, տասնամյակ անց որեւէ մեկը չունի «ճիշտ էինք թե ոչ» հարցի պատասխանը, որը չի հնչում հազարամյակներ շարունակ մարդ արարածի մեր տեսակով բնակեցված Արցախի ասենք ժամանակավոր կորստի հետ: Եբ հարցը՝ ինչո՞ւ ենք այս օրին հայտնվել, որը շարունակվում է շաբաթներ, ամիսներ ու տարիներ շարունակ, հնչում է ինքնաբերաբար:
Օրին-ի չափանիշը մարդ-արարածի օրվա կենցաղն է, սկսած սննդակարգից մինչեւ տեսողա-լսողական տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորությունն ու կարողությունը: Այստեղ արդեն հայտնվում է դրանք ունենալու պարագան, երբ խնդիր է նախաճաշի թե՛ մեկ բաժակ կաթն ու ձվածեղը, թե՛ հեռակապի չափն ու մեգաբայտերը, թե՛ դրանց արտադրության վայրերը: Թե ինչ է պետք այսօրինակ հարցերն ու խնդիրները լուծելու համար, պարզից էլ պարզ է՝ աշխատանք: Ի՞նչ է այդ աշխատանք ասվածը, քանզի հայտնի է, որ մեզանում, ուր յուրաքանչյուր առավոտ երեք միլիոն Նապոլեոն է արթնանում, յուրաքանչյուրն իր առարկություն չընդունող կարծիքն է հայտնում-պնդում: Կան սահմանափակ թվով բացառություններ, ովքեր դիմում են, այսպես կոչենք, գիտնականների օգնությանը: Դրանցում աշխատանք բառի հոմանիշ են համարվում գործն ու զբաղմունքը, ջանքն ու ճիգը, գործելն ու զբաղվելը, նաեւ՝ թալաթոսելը, շլտորելը, լղճորելը. տողերիս հեղինակն ամենայն բծախնդրությամբ է տեղադրել վերջին երեքը, որոնք վերցվել են ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի երաշխավորությամբ տպագրված հոմանիշների բառարանից:
Նման պարագաներում ակամայից հիշում ես ոչ պակաս հետաքրքրաշարժ այլ իրողություններ, ասենք՝ կտուր վարողն էլ է մահանում արտահայտությունը: Թե ինչի մասին է խոսքը, վստահ եմ հեշտ է գուշակել՝ աշխատելու, ջանք ու ճիգ գործադրելու: Մարդն ամեն ինչ արել է, հերթը կտուրը վարելուն է հասել, որը սիզիֆյան արարք է հիշեցնում, թող ներեն հավատավոր գեղագիրները՝ էշ-էշ խոսելու պես մի բան: Մեզնից յուրաքանչյուրի շրջապատում վստահ եմ նման գնահատական կստանա որեւէ մեկը, ով կակնարկի, որ այդ անմեղ կենդանու մսից պատրաստված սնունդ է ճաշակել: Թերահավատ մի գտնվեք, ծանոթացեք ՀՍՀ հանրագիտարանի «էշ» հրապարակման տեքստին, որտեղ Մեծն Մաշտոցյան տառակապակցությամբ նշված է. «Հայաստանում էշը ընտելացվել է սկսած էնեոլիթից: Օգտագործվել է որպես մսատու, ապա՝ միայն բանող կենդանի»: Այնպես որ յուրաքանչյուր երեւույթ, ինչպես այս մեկը, դուրս է պրծնելու, որը եւ թերեւս նկատում ենք մերօրյա առօրյայում, մեր շրջապատում: Ասենք, երբ բարձրագույն պետական այրերի կողմից հայտարարվում է, որ Հայաստանը փոքր երկիր է: Երկիր մոլորակի որեւէ վայրում չեն կասկածում, որ ՀՀ-ն տարածքով փոքր երկիր է, ինչպես, ասենք՝ Բելգիան, ընդամենը 30 հազար քառակուսի կիլոմետր: Սակայն որեւէ մեկի մտքով չի անցնի այս երկիրն ու պետությունը փոքր համարել, ուր 12 մլն մարդ է ապրում, ՀՆԱ-ն 800 մլրդ դոլարի է մոտենում, ՀՀ-ն 26 մլրդ դոլար: Տարածքով փոքր այս երկիրը տարեկան 1.2 մլն տոննա խոզի միս է արտադրում, ՀՀ-ն հազիվ մի 10 հազար տոննա, երկրի մայրաքաղաք Բրյուսելը աշխարհի իրական կենտրոնն է: Մերոնք կանխավ Հայաստանը փոքր են հռչակում, որովհետեւ կարող է մեկը հարցնել՝ իսկ ինչո՞ւ, ասենք… բրինձ չեք մշակում, մի 5 հազար հեկտարի վրա, որը մեր վարելահողային կարողունակության անգամ 1 տոկոսը չի կազմում: Տարօրինակ բանից եմ խոսում, երբ Իտալիան այդ մշակաբույսի արտադրությունը 2 մլն տոննայի է մոտեցրել: Է է է՜… ինչերից եմ խոսում, երբ հաց հանապազորյայի ցորեն ենք ներկրում ու ներկրում, իսկ բարեբեր հողերն անմշակ պահում, ըստ նախարարի՝ այդպես է պետք, ինքը գիտի:
Այսպես էլ ապրում ենք, փոքրիկ խմբակը ինքնագոհ, շատերը՝ մոլոր ու շփոթված, հույսը՝ Արարչից սպասված, ինչպես երգում է ասվում՝ տեր Աստված, օգնիր մեզ զորանանք, հզոր Հայաստան դառնանք:
Հանճարեղ Պարույր Սեւակն այլ գնահատական ուներ, ասում էր. երազել էր տալիս մութը, իսկ երազել մենք չենք ուզում:
Ուզածներս ի՞նչ է..
Հ.Գ. – Ընդամենը շաբաթներ առաջ թուրքական լիրան դոլարի հանդեպ 40-1 հարաբերակցություն ուներ, հիմա՝ 44-1 է: Էլի բաներ կան ասելու, որոնց մասին՝ առաջիկայում:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
03.03.2026թ.





