Շթայնմայերն ու նրա տիկինը, ժողովրդավար երկրում իրավաբանի որակյալ կրթությամբ, քննադատություն չեն հնչեցնում հորից որդուն, նրա կնոջը ժառանգաբար փոխանցված բռնակալական Ադրբեջան այցելելիս:
ԳԴՀ նախագահ Շթայնմայերի ապրիլի 2-ին Ադրբեջան այցը լուսաբանելիս դաշնային նախագահի պաշտոնական կայքէջը այն սկսում է Շեհիդների պուրակում նահատակների շիրմաքարերին կարմիր մեխակներ խոնարհող նախագահի, նրա տիկնոջ լուսանկարով: Ապա հետեւում է տեքստը՝ «Բաքվում ԳԴՀ նախագահը շարունակեց Հարավային Կովկաս այցը: «Նահատակների ծառուղի» այցելելով, նախագահը եւ նրա տիկինը ոգեկոչեցին 1990 թվականի «Սեւ հունվարի»՝Բաքվում խորհրդային բանակի դեմ ադրբեջանական անկախության շարժման զոհերի հիշատակը»:
Ադրբեջանական «Ազերթաջը» հուշահամալիր այցի մասին տեղեկությունը լրացնում է՝ գրելով, թե ԳԴՀ նախագահը նաեւ ծաղկեպսակ է խոնարհել հուշավայրի «Հավերժական կրակի» առջեւ, իսկ այնտեղ ննջողների համար կիրառում «ազատության եւ տարածքային ամբողջականության համար իրենց կյանքը զոհած քաջարի զավակներ» բացատրությունը: Ապա երկրորդ լուսանկարն է, որ պատկերում է Ալիեւներին եւ Շթայնմայերին, տիկին Բյուդենբենդերին, իսկ կից տեքստի առաջին նախադասությունը մեկնաբանում է պատկերը: «Այնուհետ նախագահ Ալիեւն իր ամառային նստավայրում ընդունել է դաշնային նախագահին՝ զինվորական պատվո արարողակարգով: Երկու նախագահների զրույցի առանցքը Հայաստանի հետ խաղաղության գործընթացն է եղել: Դաշնային նախագահը կոչ է արել՝ Հայաստանի հետ բանակցային խաղաղության համաձայնագրով ստեղծված պահը չվատնել: Տպավորիչ առաջընթաց է գրանցվել, ասել է ԳԴՀ նախագահը Ալիևի հետ հանդիպումից հետո»: («Տպավորիչ առաջընթաց»՝ո՞ր բառի վրա հարցական դնենք):
Երրորդ լուսանկարում բանակցությունների սեղանն է՝ մի կողմում երեւում է Շթայնմայերի թիկունքը, դիմահայաց՝ արտգործնախարար Բայրամովն է գրառումներ անելիս, եւ Ալիեւն է՝ ճառագող ժպիտով: Ենթադրում ենք, որ ԳԴՀ նախագահի կայքէջն ուզում է հավաստիացնել, որ զրույցի թեմաները Ալիեւի համար հաճելի են եղել, նրան զգաստացնող ոչ մի ակնարկ չի հնչեցրել Շթայնմայերը: Ահա տեքստը՝«Դաշնային նախագահը կոչ է արել երկու կողմին անհապաղ ստորագրել և վավերացնել պայմանագիրը. Փոխզիջման համար քաջություն, վճռականություն ու քաղաքական կամք է պահանջվում՝ խաղաղության բանակցված պայմանագիրն իրականացնելու համար: Գերմանիան պատրաստակամ է շարունակել այս գործընթացին հնարավոր աջակցությունը»:
«Քամին հաճախ է ավլում միլիոնավոր բնակիչների քաղաքը՝ Բաքուն, որ թարգմանաբար «քամու քաղաք» է նշանակում: Միջնադարյան հսկա պարսպով շրջապատված Հին քաղաքի ոլորապտույտ փողոցները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս են: Ադրբեջանում խաղաղ համակեցությամբ են ապրում մահմեդականները, քրիստոնյաները և հրեաները: Ինչպե՞ս է դա հաջողվում, դաշնային նախագահը իրազեկ դարձավ երեք կրոնների ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ: Այցի ավարտին նախագահական զույգերը ներկա եղան Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին»:
ԳԴՀ նախագահի կայքը Բաքու այցի ծրագրի նախնական ու վերջնական տարբերակում որեւէ համերգ չէր նախատեսել, երկու անգամ էլ ծրագրում գրված էր, որ զրույց է լինելու Ադրբեջանում կանանց վիճակի մասին: Փաստորեն Գերմանիայի նախագահն ու նրա տիկինը, որ սերում են հասարակ ընտանիքներից, ժողովրդավար երկրում իրավաբանի որակյալ կրթությամբ, քննադատություն ենթադրող որեւէ բառ չեն հնչեցնում հորից որդուն, նրա կնոջը ժառանգաբար փոխանցված բռնակալական երկիր այցելելիս:
Նախագահական կայքը երկու լուսանկար է հրապարակել «խաղաղ համակեցությամբ» ապրող մահմեդականների, քրիստոնյաների և հրեաների հետ հանդիպումից, որից մեկը՝ հյուրասիրության սեղանի շուրջ: Բունդեսթագի քրիստոնյա դեմոկրատ պատգամավոր, ԵԽԽՎ փոխնախագահ, 2017-2021 թվականներին Հյուսիս Հռենոս Վեսթֆալիա երկրամասի վարչապետ Արմին Լաշեթը այդ հանդիպման մասին X-ի էջում լուսանկարներ է տեղադրել, կից գրությամբ՝ « ԳԴՀ նախագահի հետ զրուցի ժամանակ գլխավոր ռաբբին հաղորդեց, թե հոկտեմբերի 7-ից հետո էլ շիա մեծամասնությամբ Ադրբեջանում հակասեմականություն դրսեւորող որեւէ արարք չի եղել»:
Այս գրառմանն ի պատասխան տարբեր օգտատերեր հարց են ուղղել Լաշեթին՝ «Ադրբեջանում հայ քրիստոնյաների մասին ի՞նչ կասեք, հատկապես ԼՂ-ի հայերի», «Ադրբեջանը բռնի տեղահանել է հայ քրիստոնյաներին: Դրա մասին գրառում արե՞լ եք»: «Ադրբեջանին՝ միայն գովե՞ստ: Նրանք լավ կարողանում են նաեւ հայերին ոչնչացնել: Գերազանց գրառում է, երբ կանգնած եք նրանց գերեզմանների կողքին, ժպտալը մի մոռացեք»: (Սա ակնարկում է Լաշեթի բարոյազուրկ արարքը տարիներ առաջ, երբ Հյուսիս Հռենոս Վեսթֆալիայի հարավում ջրհեղեղից տուժածներին այցելելով, նրանց ողբերգության պահին չէր գիտակցել, թե լրատվամիջոցները կորսան իր բուռն ծիծաղը , եւ ինքը կհայտնվի քննադատության թիրախում- Ան. Հ.): Լաշեթն իհարկե Երեւանում Փաշինյանի հետ հանդիպումից հետո անդրադարձել էր, որ տասնամյակների պատերազմից հետո, ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ «բաղձալի» խաղաղության հույս կա, որին սպասում էին ԵԽ-ում… հույսն իհարկե քրիստոնյաների համար թանկ խարիսխ է, արդարության սպասման, հաղթանակի կամուրջ, սակայն սույն քաղաքական այրերը՝ թե՛ Շթայնմայերը, թե՛ Լաշեթը չեն թաքցնում, որ իրենց ակնկալած խաղաղության հույսը նյութեղեն բարիքը՝ Ադրբեջանի գազը, Արցախի ընդերքի հարստությունը, հատկապես լիթիումը անխոչընդոտ Գերմանիա հասցնելն է: Հայաստանից՝ թե՛ նախագահից, թե՛ վարչապետից այդ հույսն արդարացնելու մեկ խոստում են ստացել՝անշեղ հայացք դեպի Եվրոպա:
Ապրիլի 3-ին, երբ Շթայնմայերը Բեռլին էր վերադարձել, ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի էջում հրապարակվեց իրենց ղեկավարի՝ ազգությամբ գերմանացի Մարկուս Ռիթթերի եւ ԳԴՀ նախագահի հետ Հայաստանում կայացած հանդիպման մասին վկայող տեղեկատվություն: «Հպարտ եմ, որ հավատարիմ եմ տարածաշրջանի անվտանգությանը», գրել է Ռիթթերը՝ փոխանցելով, թե ԳԴՀ նախագահին զեկուցել է իրենց մանդատի, իրավիճակի մասին: Ուրեմն Շթայնմայերը հավանաբար իրազեկ է եղել, որ ադրբեջանական կողմը իր այցից առաջ, այդ օրերին խախտում է հրադադարը: Եթե հայոց սահմաններին զինվոր չի զոհվում նրանց կրակոցից, դա՞ է առաջընթացը:
Գերմանական հեռուսատեսության առաջին ալիքի՝ ARD-ի մեկնաբան Մարտին Փոլանսկին Երեւանից պատրաստած իր հաղորդման մեջ նախագահ Շթայմնայերի այցին անդրադառնալով շեշտում է Գերմանիայի՝ ՀՀ-ի եվրոպական կողմնորոշմանը սատարման մասին, սակայն ընդգծում, թե երկարատեւ, հեռավոր ընթացք է ԵՄ-ին ՀՀ անդամակցումը: Նա առանձնացնում է ՀՀ-ի հետ ԳԴՀ համագործակցությունը էներգետիկ, գիտամշակութային ոլորտում, իսկ հաջորդիվ կարեւորում խաղաղության հաստատումը հարեւան Ադրբեջանի հետ: «Հակամարտության շրջանն ավարտվել է», գերմաներեն տեքստի հետ լսվում է նախագահ Վ. Խաչատուրյանի հայերենը: Սա երեւի պիտի ասվեր Ադրբեջանում, ագրեսոր Ալիեւից պիտի պահանջեին, որ նա՛ դա ասեր, բայց երբ զոհը դա չի պահանջում, դրա մասին զօրուգիշեր չի խոսում, դիվանագետներն էլ լռում են, իսկ «կարգուկանոնի ոստիկան» Գերմանիայի համար տնտեսական շահը բոլոր արժեքներից գերակա է, նա դա ինչու՞ անի: ARD-ի մեկնաբանն էլ շարում է տեքստը՝ նախագահականի տրամադրության հանգույն, եւ ոչ մի բառ Ալիեւի կատարած ցեղասպանության, հայազուրկ Արցախի մասին, նախագահի Ծիծեռնակաբերդ այցի մասին էլ չի հիշատակում:
Կաթոլիկական «Weltkirche» կայքում Դանիել Փելցը սակայն իր հոդվածն հենց այդ վայրից է սկսում՝ «Գերմանիայի դաշնային նախագահի առաջին այցը Հայաստան սկսվում է կովկասյան պետության պատմության ամենամռայլ ժամանակաշրջանը հիշատակող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Դեմքի լուրջ արտահայտությամբ, գլխահակ, մի քանի ակնթարթ կանգնում է նա անմար կրակի առջև, մինչ ամպամած երկնքից անձրև է հորդում: Հայ գործընկերոջ՝ Վահագն Խաչատուրյանի հետ զրույցից հետո ոչ միայն երկինքն է ավելի պայծառ, այլեւ՝ տրամադրությունը»:
Արարատն ամեն օր տեսնողները, Արարատի երկիր այցելողները չեն հիշում, որ պայծառ էր երկինքը ջրհեղեղից առաջ, իսկ անձրեւը դրա կարճատեւ հիշեցումն է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարում՝ Գերմանիայի նախագահ Շթայնմայերը, նրա տիկինը, Լաշեթը, Բաքվում ԳԴՀ դեսպանը Բաքվում ունկնդրում են քրիստոնյա, մահմեդական, հրեա առաջնորդների՝ խաղաղ համակեցության մասին «տպավորիչ» պատմությունը: