Ռուսաստանցի քաղաքագետ Պյոտր Մակեդոնցեւը ամսույս 18-ին այս վերնագրով հոդված է հրապարակել «Եվրասիա Դեյլի» լրատվական գործակալության կայքում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից 18-ի ընթացքում, ինչպես նշվում է հրապարակման սկզբում, 7 անգամ Հայաստանի զինված ուժերին մեղադրել է ադրբեջանական դիրքերի գնդակոծման մեջ: Պաշտոնական Բաքվի մեղադրանքների այսպիսի անսպասելի հաճախականությունը՝ ի հասցե հարեւան երկրի, որի ղեկավարությունը «մտադիր է զիջումների միջոցով հասնել խաղաղության«, որոշակի մտորումների տեղիք է տվել վերլուծաբանին:
Եվ առաջինը, ինչից, կարծում է նա, պետք է սկսել, այն հարցի պատասխանն է, թե երրորդ երկրներից ո՞վ է շահագրգռված անդրկովկասյան երկու պետությունների միջեւ «նոր» պատերազմի հարցում: Չնայած աշխարհագրական գործոնին, այս երկու երկրներին Իրանի հարեւանությանը եւ պաշտոնական Բաքվի ու Իսրայելի սերտ կապերին, դժվար թե Թել Ավիվը կանգնած լինի այս սրացման ետեւում, կարծում է Մակեդոնցեւը: Դրա ետեւում, ըստ նրա, ավելի հավանական է՝ կանգնած լինի, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության բնորոշմամբ, «գլոբալ հակամարտության գլխավոր հրձիգ» Մեծ Բրիտանիան: Ի հիշեցումն նշվում է, որ այս ամսվա սկզբին բրիտանա-իրանական հարաբերությունների վատթարացում է տեղի ունեցել, որը համընկել է Իրանից Նախիջեւանի կախվածությունը նվազեցնող Իգդիր-Նախիջեւան գազատարի բացմանը: Բացի այդ, մարտի 14-ին Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սոցցանցերում հայտնել է բրիտանական առաջին ռազմական կցորդի Ադրբեջան ժամանման մասին, դա համարելով երկու երկրների գործընկերության ամրապնդման պատմական քայլ, որը կնպաստի «պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը»:
Ու հենց բրիտանական առաջին ռազմական կցորդի Բաքու ժամանումից երկու օր հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսեց Հայաստանին մեղադրել, թե գնդակոծել է ադրբեջանական տարածքները: Եվ չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի առիթով ամսի 14-ին Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ անդրծովյան տարածքների հարցերով նախարար Սթիվեն Դաութիի գոհունակ գրառմանն ու համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման կոչին, խաղաղության փոխարեն Բաքվից սկսեցին հնչել Հայաստանին ուղղված մեղադրանքներ…
Որպես սրանց համընկնող կասկածելի իրադարձություններ նշվում են նույն օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից թուրքական «Բայկար» ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարի ընդունելությունն ու նրա հետ Ադրբեջան-Թուրքիա ռազմատեխնիկական համագործակցության քննարկումը, Ստամբուլի տեխնիկական համալսարանում Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի ելույթում հնչած հայտարարությունը, թե մոտակա ամիսներին կսկսկվեն «Զանգեզուրի միջանցքի» (իրենց հատվածի) 224 կիլոմետրանոց հատվածի աշխատանքները, էրդողանյան «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ Հայաստանի Սահմանադրության փոփոխման կոչը: Վերլուծաբանի գնահատմամբ՝ առկա են Իրանի շրջափակմանը ձգտող բրիտանա-թուրքական դաշինքի համակարգված գործողություններ:
Նկատի ունենալով նաեւ նույն մարտի 14-ին Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի լոնդոնյան հանդիպումները Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման գրասենյակի մշտական փոխքարտուղար Օլիվեր Ռոբինսի, ապա բրիտանական փորձագիտական շրջանակների հետ, հոդվածագիրը հարց է տալիս. «Տարօրինակ չի՞ թվում արդյոք, որ Փաշինյանի մարդիկ մառախլապատ Ալբիոնի հետ շփվում են գրեթե Ադրբեջանի հետ միաժամանակ, որտեղ այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդը»: Եվ ավելացնում է, թե Երեւանի ու Բաքվի գործողությունների այս համաժամանակեցումը պատահականություն չէ, Մեծ Բրիտանիան աշխատում է միաժամանակ երկու կողմի հետ, եւ դա հնարավորություն է տվել մեծապես զրոյացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Հայաստանի կողմից Ադրբեջան-Նախիջեւան տրանսպորտային հաղորդակցության անվտանգության ապահովման ռուսական վերահսկողության հարցը: Այժմ առկա է Հայաստանի սահմանային որոշ տեղամասերից ռուս սահմանապահների հեռացումը: Ասել է թե՝ «բրիտանա-թուրքական դաշինքը եւ փաշինյանականները համաձայնեցրել են բոլոր նախադրյալները, որ «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները մերն են – Գ. Մ.) բացվի»… Կարծիք է հայտնվում նաեւ, թե Ֆրանսիան էլ դժվար թե իրական քայլեր ձեռնարկի դա թույլ չտալու համար, քանի որ շահագրգռված է ստանալ ուզբեկական ուրանը, ինչը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքով:
Անդրադառնալով նաեւ այլ հարցերի, Պյոտր Մակեդոնցեւը եզրափակում է. «Ասես Հայաստանի բնակչությանը թույլ չտալով գիտակցել, որ Փաշինյանի կողմնակիցների աղետալի քաղաքականությունը Սարգսյանի եւ նրա ՀՀԿ-ի կուրսի շարունակությունն է, Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի աջակցությամբ խստացնում է իր հռետորաբանությունն ու պատրվակ ստեղծում ռազմական գործողություններ սկսելու համար, որի վերջնական նպատակը պետք է լինի Իրանի հյուսիս-արեւմուտքի շրջափակումը: Նման մի բան եղել է նաեւ նախկինում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Երեւանի ավագանու ընտրություններում Փաշինյանի կողմնակիցների ոչ համոզիչ հաղթանակից հետո Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց Ղարաբաղում: Եվ քանի որ Փաշինյանի իշխանության պահպանումը երաշխավորում է Զանգեզուրի միջանցքի բացումը, Բաքուն, Անկարան, Լոնդոնը եւ Փարիզը կարող են օգնել Փաշինյանի կողմնակիցներին դիմանալ՝ կազմակերպելով ռազմական էսկալացիա հայ-ադրբեջանական սահմանին…»:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ