Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ կհամարձակվի համեմատել, որ Հոլոդոմոր է Արցախում

01/09/2023
- 01 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամիսների լռությունից հետո վերջապես Գերմանիայի արտգործնախարար Բերբոքն էլ արտահայտվեց՝ երեկ Բերձորի միջանցքը բացելու հորդոր հղելով Բաքվին եւ Մոսկվային, իրազեկում է գերմանական HAYPRESS-ը իր X՝ նախկինում թվիթերյան անունը կրող սոցհարթակում՝ առիթ տալով օգտատերերի տրամադրությունները շոշափել:  Առայժմ արտառոց որեւէ կարծիք չենք նկատել:

Օգոստոսի 30-ին Իսպանիայում՝ Տոլեդոյում, ԵՄ արտգործնախարարների Gymnich-յան  (առաջին անգամ 1974-ին գումարվել է գերմանական այդ անունը կրող ամրոցում- Ան. Հ.)  ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Անալենա Բերբոքը գերմանական լրատվամիջոցներին տված ասուլիսի ժամանակ անդրադարձավ  ԼՂ 120 000 հայերի՝ դեկտեմբերի 12-ից ի վեր շրջափակմանը:
 «Երրորդ թեման, որի մասին ուզում եմ խոսել, ԼՂ-ում տիրող իրավիճակն է, որ Ֆրանսիայի իմ պաշտոնակցի հետ ներառեցինք մեր աշխատանքային օրակարգում:  Այնտեղ գտնվող մարդկանց համար իրադրությունն աղետալի է՝ սուպերմարկետներում սնունդ չկա, հղիները, հիվանդները, որոնք դեղամիջոցների հրատապ կարիք ունեն, զրկված են դրանից, բուժսպասարկում ստանալու հնարավորությունից, էլեկտրաէներգիան հասանելի է անջատումներով, եւ այստեղից հորդոր ենք ուղղում Ադրբեջանին եւ… (այստեղ Բերբոքը մի վայրկյան դադար տվեց, առավել ընդգծել տալով հաջորդող խոսքը-Ան. Հ.) Ռուսաստանին:  ԼՂ բնակիչները վերջապես պիտի ստանան այն, ինչի կենսական կարիքն ունեն, պիտի բացվի Լաչինի միջանցքը մարդասիրական օգնության համար: 

Այսօր այստեղ քննարկելու ենք այս հարցերը, իսկ մինչ այդ մեր ամերիկացի գործընկերների հետ բազմաթիվ զրույցներ ենք վարել՝ արծարծելով այն հարցը, թե ինչպես պիտի հումանիտար օգնությունը հասնի մարդկանց», երեկ ասաց ԳԴՀ արտգործնախարար Անալենա Բերբոքը:
Ուրեմն՝ մի կողմից Ալիեւի եւ Պուտինի վրա ճնշումը մեծանում է, մյուս կողմից՝ Բեռլին- Փարիզ մրցակցությունն է ստիպում Բերբոքին արտահայտվել, երբ Փարիզի քաղաքապետի գլխավորած ֆրանսիացի քաղաքական գործիչների Կոռնիձոր 10 բեռնատարներով հումանիտար օգնություն հասցնելու լուրը մեկ օր առաջ իրականություն է դառնում:  Սեպտեմբերի 1-ին միգուցե հայտնի դառնա, թե ԵՄ արտգործնախարարներն էլ ինչ են խոսել եւ պայմանավորվել, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը  երեկ հայտարարեց, թե սեպտեմբերի 1-ին հրաժարական է տալու:

2023 թվականի հուլիսի 1-ից Իսպանիան է ստանձնել ԵՄ խորհրդի նախագահությունը, եւ ավանդույթի համաձայն՝ նախագահող երկիրը ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպում է կազմակերպում:  Սա ամառային արձակուրդից հետո առաջինն է:  ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում Աֆրիկյան Սահելի շրջանի հարցն է (արեւադարձային տափաստան է Աֆրիկայում, որ սահման է Հյուսիսային Սահարայի եւ աֆրիկյան երկրամաս Սուդանի հարավային պտղաբեր հողերի միջեւ:  Խոսքը բամաթիվ պետություններ ընդգրկող շրջանի մասին է՝Բուրկինա Ֆասո, Մալի, Մավրիտանիա, Չադ,Նիգերիա- Ան.Հ.), Նիգերիայում ռազմական հեղաշրջումից հետո ԵՄ, հատկապես Գերմանիան եւ Ֆրանսիան այստեղ նոր մարտահրավերների առջեւ են:
Երկրորդը Ուկրաինային սատարելու հարցն եւ, ինչպես փոխանցեց Բերբոքը, երրորդը դարձել է ԼՂ-ի շրջափակման վերացումը:

ԵՄ ԱԳ նախարարները երեկ քննարկում էին ԵՄ-ի շարունակական աջակցությունը Ուկրաինային, վերջինի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի ներկայությամբ:

Տեսնես Կուլեբան կհուշի՞, կամ նրան կհուշե՞ն, որ Արցախում կատարվողը իրենց Հոլոդոմորի արդիական տարբերակն է:  Իհարկե դերակատարներն ուրիշ են, պատմական ժամանակաշրջանը նույնը չէ, բայց՝ գործողությունը կամ՝ ավելի շուտ մարդկային ողբերգությունը, ոճիրը միգուցե կարելի է դատապարտել:  Կա՞ մի պաշտոնյա, որ կխոսի դրա մասին, կհամարձակվի նման համեմատություն անել Ուկրաինայի հետ:
Երեկ ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ուշադրության առանցքում էր սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստերի բարձրամակարդակ նախապատրաստումը:

Նշենք, որ ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիան ավելի վաղ տեղեկացրել էր, թե հոկտեմբերի 5-ին Գրանադայում կազմակերպելու է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը:  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ծանուցմամբ, Գրանադայում հոկտեմբերին նախատեսվում է հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ նպատակ ունենալով գումարել եւս մեկ եռակողմ հանդիպում:  Բայց Արցախում, Արցախի շուրջ դեպքերն այնքան արագ են զարգանում, որ դժվար է կռահել՝ Գրանադայում հանդիպում կլինի՞, կամ՝ ո՞վ կգնա հանդիպման:

Երեկ տեղում աշխատող մեր գերմանացի գործընկերների հաղորդմամբ, Տոլեդոյում առանցքային է եղել հետեւյալ շեշտադրումը՝ ԵՄ սատարում է Ուկրաինային խաղաղության, ազատության եւ անվտանգության համար մղվող պայքարում:  Իսկ ԵՄ արտգործնախարարների քննարկումներում ընդգծվում է այդ երկրին հումանիտար, ֆինանսական եւ ռազմական ոլորտներում երկարաժամկետ աջակցության մասին եւ խոսվում նաեւ երկրի վերականգնման հարցերի շուրջ:  Այստեղ տեղին է հիշատակել մի ենթադրություն. կարծես լսելի է դառնում ԵՄ առանձին պաշտոնյաների այն շշունջը, թե Ադրբեջանի «ազատագրած» տարածքներում հետաքրքրված են վերականգնման աշխատանքներին մասնակցել:  Հայերեն ասած՝ տնտեսականով պայմանավորված քաղաքական մրցակցություն՝ մեր բռնազավթված հայրենիքի ամայացած հողերի վրա:  Ռուսաստանը կարտոնի՞ դա, Իրանը թույլ կտա՞:

Ինչպես նախորդ շաբաթներին էր նկատելի, գերմանալեզու ԶԼՄ-ները ուշադրության առանցքում են պահում ԼՂ-ի շրջափակման խնդիրը, համարյա բոլոր անդրադարձներում արձանագրում ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի նախկին գլխավոր դատախազ Մորենո Օքամփոյի մասնագիտական հստակ որակումը, թե այժմ Արցախում կատարվողը ցեղասպանություն եզրաբառով է բնորոշվում:  Դահիճի՝ Ադրբեջանի զենքը Բերձորի միջանցքը Հայաստանից կտրելու միջոցով արցախահայությանը սովի մատնելն է:  Ինչպես գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքի՝ ZDF-ի լուրերի թղթակից Նինա Նիբերգալլն (Nina Niebergall) է պատմում օգոստոսի 28-ին, որ աշխարհի անտարբերության մասին իր ծավալուն ռեպորտաժը վերնագրել է «ԼՂ-ում սով է, իսկ աշխարհը դիտում է», ուրիշ թղթակիցներ («Վելթ», առցանց «Ցայթ») աշխարհի փոխարեն սլաքը հստակ ուղղել են ԵՄ-ին:  Հեռուստատեսային 3 րոպեանոց ռեպորտաժում ZDF -ը ցույց է տալիս Ստեփանակերտի հացի հերթը:  Բնակիչներից մեկն ասում է՝« 4 երեխա ունեմ, երեքը զինվոր են:  Առավոտից իրիկուն հերթ եմ կանգնում, որ զինվորներս գան, հաց ուտեն», պատմում է լացակումած կինը:  «Չգիտեմ՝ որքան կդիմանանք՝ մե՞կ շաբաթ, երկո՞ւ… Երեւի հրաշքի ենք սպասում», կարծիք է հայտնում ստեփանակերտցի ատամնաբույժ Գեղամ Ասրյանը:

Բարձրակարգ պրոֆեսիոնալիզմով այդ ռեպորտաժում չի շրջանցվում Ադրբեջանի ներկայացուցչի՝ Յաշար Ալիեւի ՄԱԿ ԱԽ-ում հնչեցրած ելույթը, թե «Ադրբեջանը հետամուտ է, որ ԼՂ էթնիկ հայերը ինտեգրվեն Ադրբեջանին՝ որպես իրավահավասար քաղաքացիներ»:

«Միայն մի տարբերակ եմ տեսնում՝ ինչ մանկությունից հիշում եմ, ինչի համար, որ պայքարել ենք, Արցախի եւ Հայաստանի միավորումն է:  Ուրիշ բան չեմ էլ ուզում լսել», եզրափակում է Գեղամ Ասրյանը:  Երեւի արցախցու այս հաստատակամությունը աշխարհին ցույց տալն է, որ հանգիստ չի տալիս Ադրբեջանին:

Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ Նինա Նիբերգալլը դեռ 2022-ին անդրադառնալով Արցախին՝ հիշատակել էր նաեւ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, իսկ դրանից հետո Ադրբեջանը փորձում էր Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանային թեմաների գիտակ թղթակցին ճնշել:  Բաքվի միակ լծակը գերմանացի թուրքագետ դոկտոր Միշայել Հեսսն (Michael Heշ) է, որ, ինչպես երեւում է նրա ֆեյսբուքյան էջից, դեռ տառապում է բացատրել իր թուրք հետեւորդներին, թե գրում է «գերմանական մամուլի հայամետ, միակողմանի դիրքորոշման» դեմ, բայց որքան անարդար է՝ գերմանացիներն իր բողոքը չեն տպում:  Այս թուրքագետի, մասնավորապես նրա հրատարակած Շուշիի մասին գերմաներեն գրքին անդրադարձել ենք «Ազգ»ի նախորդ համարներում:  Այժմ մի նորություն կա՝ ստահոդ փաստերի այդ ժողովածուն թարգմանվել է անգլերեն:
Հատկապես կարեւոր ենք նկատում արձանագրել վերջին օրերին նշմարվող մի դիտարկում՝ գերմանալեզու լրատվամիջոցներից շատերը այժմ խուսափում են հստակ գրել այն կաղապարային արտահայտությունը, թե «ԼՂ միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանին է պատկանում»:

Իհարկե շարունակվում է այն հիշատակումը, թե ԼՂ հայության դեմ կատարվողը Հայոց ցեղասպանության՝ Աղետի սահմռկեցնող վերհուշն է արթնացնում: «Գերմանիան մեղսակից է» վերնագրյալ հոդվածում taz-ի մեկնաբան Տիգրան Պետրոսյանը օգոստոսի 28-ին իր շարադրանքը շաղկապում է վերոբերյալին:  Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից, բնակչությունը սովամահ է, սակայն գազով հարուստ Ադրբեջանը Արեւմուտքի համար ավելի կարեւոր է, գրում է հոդվածագիրը՝ արծարծելով Գերմանիայի՝ Բունդեսթագի 2016-ի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության բանաձեւից բխող պարտավորությունները եւ դրանց անտեսումը, ինչպես նաեւ հիշեցնում Շոլցի՝ Ալիեւին ուղղված թեւավորող գնահատականը, թե Ադրբեջանը Գերմանիայի համար նշանակալից դեր ունեցող երկիր է՝ էներգետիկ մատակարար է:  Հոդվածագիրը հիշեցնում է նաեւ նախորդ շաբաթ դաշնության կառավարության խոսնակի ցինիկ պատասխանը, թե «պրոպագանդա» է եւ «մարտավարություն» Մորենո Օքամփոյի «ցեղասպանություն» աստիճանակարգումը:

Իսկ խոսնակը չի էլ զղջացել:  Չէ՞ որ եթե նրան կարգի հրավիրող կողմ, պետություն, պետություններ, հանրույթ «չի գտնվում», ինքնախարազանմամբ հո չի զբաղվելու:

Տարածաշրջանի մասնագետ Շտեֆան Մայսթերը (Stefan Meister)  օգոստոսի 27-ին ծավալուն եւ ուշագրավ վերլուծություն է ներկայացրել առցանց «Ցայթում», որին կանդրադառնանք նաեւ հետագայում:  Մեր հոդվածը եզրափակենք նրա վերլուծությունից երկու հատված ներկայացնելով:

«Եթե Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ լինեն, դա ամենայն հավանականությամբ կնշանակի Փաշինյանի իշխանության վերջը. Հայաստանը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական տեղաշարժերի պարտվողն է, ռազմական տեսակետից ՝ստորադաս, Ռուսաստանից աջակցության հույս չկա, խրված է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն մինչ այժմ զգուշորեն են արձագանքել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետին, նույնիսկ այն պարագայում, երբ դրա մասին հայտարարվել է ավելի քան վեց ամիս առաջ: Թեեւ կան առանձին բանակցային ձեւաչափեր, սակայն բացակայում է հակամարտող կողմերի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու պատրաստակամությունը», գրում է Մայսթերը:
«Խնդրահարույց է, որ ԵՄ-ն հայացքով ուրիշ տեղ է, երբ մարդիկ սովամահ են լինում Լեռնային Ղարաբաղում: ԵՄ անդամ երկրների համար Ադրբեջանից գազի եւ նավթի ծավալները կարեւոր են, բայց ոչ վճռորոշ: Այդ երկիրը տեսանելի ապագայում չի կարողանա շատ ավելի մեծ քանակություն մատակարարել: ԵՄ-ի վստահելիությունն այստեղ տուժում է՝ արժեքների եւ աշխարհաքաղաքականության առումով: Հայաստանում բազմակարծություն կա, եւ դրա հաշվին ավտորիտար Ադրբեջանի հետ գործարքները տարածաշրջանից դուրս, բացասաբար են անդրադառնում ԵՄ-ի վարկանիշի վրա:   ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ կարեւոր անդամ երկրներից, առաջին հերթին՝ Գերմանիայից իրական հանձնառության բացակայություն կա»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բրիկսը՝ պատժամիջոցների հետեւանքները չեզոքացնելու նոր հնարավորություն

Հաջորդ գրառումը

Միջանցիկ մտքեր

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Միջանցիկ մտքեր

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական