Non a la Nakhitchevanisation de l’ Artsakh
Լեռնային ղարաբաղ՝ բազմադարյա ժառանգությունը անհետացման վտանգի տակ. այս մտահոգությամբ՝ Փարիզի «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության եւ «Արմեն – Գարո» կոմիտեի միասնական ջանքերով՝ հունվարի 18-ից 31-ը, Փարիզի հայ մշակույթի տանը տեղի ունեցավ Արցախի պատմշակութային կոթողների լուսանկարների ցուցահանդես:
Ծրագրում նախատեսված էր Արցախի տեսարժան վայրերի մասին ֆիլմերի ցուցադրություն, հանդիպումներ հայ եւ ֆրանսիացի նշանավոր դեմքերի, քաղաքական գործիչների հետ:

Այդ օրերին, հարյուրավոր այցելուներ հաղորդակից դարձան Արցախում տիրող ներկա իրավիճակին, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը՝ ինչպես Արցախի դարավոր մշակույթի ոչնչացման, այնպես էլ մարդու ազատ տեղաշարժի բռնությանը:

Ցուցահանդեսի նպատակը հանրության ուշադրությունը գրավելն էր Արցախի ժողովրդի բնաջնջման վտանգի վրա: Եթե Արցախը հայաթափվի, պատմամշակութային ժառանգությունը կարժանանա Նախիջեւանի ճակատագրին:

Ցուցահնդեսին ներկա էին մի խումբ հետազոտողներ, հնագետներ, որոնք Ադրբեջանի գրաված տարածքներից ցուցադրեցին արբանյակների միջոցով արված լուսանկարներ, ուր հիմնահատակ քանդված էին մի շարք խաչքարեր ու վանքեր:
Խմբում ընդգրկված են հայ երիտասարդներ, որոնք «Caucasus Heritage Watch» կայքում պարբերաբար հրապարակում են Արցախի պատմաշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի պատճառած վնասները:

Ցուցահանդեսին ներկայացված էր նաեւ փարիզյան շրջանի Թարգմանչաց եւ Ալֆորվիլի «Սուրբ Մեսրոպ» հայկական դպրոցների աշակերտների գեղանկարչական, պոեզիայի եւ արձակի գործեր: Նրանք իրենց բանաստեղծություններով ու նկարներով՝ «Ո՛Չ» են ասում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու երեխաների դեմ անմարդկանին բռնությանը:
ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Փարիզ