Փաստեր՝ պատմության համար
Ընթերցողն անշուշտ նկատած կլինի, որ անցյալ ուրբաթ՝ մարտի 3-ին հրատարակված մեր հոդվածի («Կանցլեր Շոլցն առավոտյան Պեկինից դժգոհեց, թե չի դատապարտել ՌԴ-ի ագրեսիան, հետմիջօրեին ինքն էլ նույնն արեց՝ ոչ մի խոսք Ադրբեջանի մասին») վերնագրից սկսած ոգեւորություն չկար, թե Գերմանիան փոխել է Հայաստանի, Արցախի հանդեպ իր քաղաքականությունը: Մարտի 2-ին Բեռլինում ՀՀ վարչապետի հետ առանձնազրույցից հետո ԳԴՀ կանցլերը լրագրողների առջեւ ամփոփելով զրույցն ասաց «Aus unserer Sicht geht es nun darum, eine friedliche Streitbeilegung auf Grundlage des Grundsatzes der territorialen Integrität von Armenien und Aserbaidschan sowie des Selbstbestimmungsrechts der Bürgerinnen und Bürger von Bergkarabach zu erreichen. Alle diese Aspekte sind gleichermaßen wichtig, որ առանց խմբագրման այսպես է հնչում՝ «Մեր տեսանկյունից այժմ խոսքը վեճի խաղաղ կարգավորման հասնելու մասին է, որ հիմնված է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա: Այս բոլոր սկզբունքները հավասարապես կարեւոր են»: Կամ՝ ինչպես թարգմանված եւ խմբագրված տեղադրվել է ՀՀ վարչապետի կայքում ՝«Այս առումով, անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»: 2020-ի պատերազմից առաջ տարբեր պետությունների ղեկավարներից, նաեւ կանցլեր Մերկելից շատ ենք լսել Շոլցի՝ մարտի 2-ին արտաբերած վերոնշյալ սկզբունքների մասին ընդգծումը, սակայն դա չխանգարեց, որ այդ ղեկավարները պատերազմի ժամանակ իրենց դավադիր լռությունը պահպանեն, երբ Ադրբեջանը խախտում էր այդ սկզբունքները:
Շոլցն անշուշտ կարդում էր ելույթը, եւ նրա արտաբերած նախադասությունը մշակվել, գրվել էր: Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում մարտի 2-ի երեկոյան բնականաբար քննարկվում էր Գերմանիայի կանցլերի՝ հատկապես Ադրբեջանին ուղղված վերոբերյալ հիշեցումը, որ, մեր մեկնաբանմամբ հետեւյալ ասելիքն ունի՝ չենք մոռացել նաեւ այս կարեւոր սկզբունքը, եւ սա Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման դեմ առարկությանդ պատասխանն է: Բեռլինում Ադրբեջանի դեսպանի թվիթերյան էջում մարտի 2-ին կանցլերի ելույթին անդրադարձ չկար: Դեսպան Նասիմի Աղաեւը, ենթադրում ենք, ժամանակ չէր կորցնում, ակտիվ աշխատում էր, իսկ ավելի ուշ նկատելի դարձավ, որ կանցլերի կայքէջում ՀՀ վարչապետի հետ ասուլիսի տեսանյութին կից ներկայացված ամփոփ շարադրանքը սրբագրվել է: Նախկինում այսպես էր՝«Der Bundeskanzler erläuterte seine Haltung, dass eine friedliche Streitbeilegung auf Grundlage des Grundsatzes der territorialen Integrität von Armenien und Aserbaidschan sowie des Selbstbestimmungsrechts der Bürgerinnen und Bürger von Bergkarabach zu erreichen sei. «Դաշնային կանցլերը բացատրեց իր դիրքորոշումը, որ վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Մուգ տառատեսակով գրվածը բացակայում է նրա կայքէջից: Տեսանյութն իհարկե անփոփոխ տեղադրված է կայքում, իսկ կանցլերի խոսքն, առանց աղավաղելու, պատկերի հետ տեսանելի ընթեռնելի է նաեւ տեսանյութի վրա ենթագրերով: Տեղադրված է նաեւ մամուլի ասուլիսի ամբողջական սղագրությունը, որտեղ դարձյալ որեւէ բառ փոխված չէ: Նույնիսկ չի լրացվել ՀՀ վարչապետի խոսքի այն հատվածը, որ այդ պահին տեխնիկական պատճառներով չթարգմանվեց: Բազմակետերը դրա վկայությունն են:
Մարտի 3-ին ԳԴՀ կառավարության մամուլի ասուլիսում, երբ նախագահող Բուշովը տեսավ, որ կանցլերի հանդիպումների առթիվ լրագրողներն էլ հարց չունեն, կանցլերի մամուլի փոխխոսնակ Վոլֆգանգ Բյուխներին այսպես դիմեց՝ «Դուք ուրիշ ասելիք էլ ունեիք»: «Երեկ դաշնային կանցլերը լավ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ: Տարածաշրջանից մեզ խնդրեցին (ընդգծումը մերն է- Ան.Հ.) կրկին այստեղ ներկայացնել Դաշնային կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Դաշնային կառավարության դիրքորոշումը չի փոխվել. Գերմանիան հավատարիմ է մնում Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Գերմանիան Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում լուծել վեճը խաղաղ ճանապարհով. Սա ներառում է հարգել Ղարաբաղի ժողովրդի իրավունքները եւ անվտանգությունը: Դաշնային կառավարության համար կարեւոր է, որ երկու երկրների բոլոր բնակիչների եւ փոքրամասնությունների իրավունքները պահպանվեն միջազգային չափանիշներին եւ ստանձնած պարտավորություններին համապատասխան: Հաշվի առնելով Հարավային Կովկասում ավելի քան 30 տարվա հակամարտությունը, դա վերաբերում է երկու երկրների, նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Ուստի Դաշնային կառավարությունը վճռականորեն աջակցում է Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին», ասաց կանցլերի փոխխոսնակ Բյուխները:
Բյուխներին ուղղված հարց հնչեց. « Հայաստանի վարչապետի ներկայությամբ կանցլերը ճանաչե՞ց Ադրբեջանի ագրեսիան ՀՀ-ի նկատմամբ: Դաշնային կառավարությունը մինչեւ հիմա դա չի արել»:
« Ներկայացրի այն, ինչ դուք հենց նոր լսեցիք: Այսօր չեմ կարող ավելին ասել այս թեմայի վերաբերյալ: Ի դեպ այդ թեմայով երեկ ասուլիս կար», եղավ Բյուխների պատասխանը:
Խոսուն է, չէ՞: Շոլցի ելույթի վերաբերյալ հարց, բնական է, լրագրողները չեն տալիս, բայց Բյուխները «տարածաշրջանի խնդրանքով» պարզաբանում է «չեղած» հարցը: Իսկ տեսանյութի այդ հատվածն անմիջապես իր թվիթերյան էջում է տեղադրում Բեռլինում Ադրբեջանի դեսպանը՝ կցելով իր հետեւյալ մեկնաբանությունը՝ «Գերմանիան հավատարիմ է մնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ միջազգային ճանաչված սահմաններով: Դաշնության դիրքորոշումը չի փոխվել»: Հայաստանի հետ «խաղաղության կողմնակիցը» նույնիսկ ուրիշ երկրի պաշտոնյայի խոսքից է արտաքսում Հայաստան տեղանունը…Ինչպե՞ս վստահել այս երկրի դեսպանին, նրա նախագահին:
Ակնկալում ենք «ինչո՞ւ» , «ինչպե՞ս», «ո՞ւմ պահանջով» հարցերի պատասխանները
«Հրապարակ»-ի մարտի 7-ի համարում կարդում ենք վերնագիրը ՝«Գերմանիայի կառավարության խոսնակը պատասխանել է «Հրապարակի» հարցին. Ինչու է հեռացվել Շոլցի ելույթի հատվածը»: Այստեղ ներկայացված է մարտի 3-ին Բյուխների հրապարակած «պարզաբանումը», որն առանց կրճատելու ներկայացրինք վերեւում: Բայց մեր ընկալմամբ՝ «ինչու՞ն» չենք գտնում:
Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոննեբորնի գրասենյակի ղեկավար, մասնագիտությամբ իրավաբան Դասթին Հոֆմաննը, որ իր թվիթերյան էջում բացահայտում է նաեւ Բեռլինում Ադրբեջանի դեսպանի անսպառ լրատվության կեղծ բնույթը, մարտի 5-ին ԳԴՀ մամուլի եւ տեղեկատվության վարչությանն է դիմել կանցլերի խոսքը կրճատել- աղավաղելու պարզաբանման խնդրանքով: «Ինչու՞» եւ «ինչպե՞ս», «ո՞ւմ պահանջով» հարցերի պատասխանները ստանալու հույս այդ հարցապնդման միջոցով մենք էլ ունենք:
«Ադրբեջանը պիտի դադարեցնի իր ագրեսիան». Տաբուն փշրվո՞ւմ է:
Այն, որ Գերմանիան Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ իր դիրքորոշումը չի փոխել, գրել ենք նաեւ անցյալ շաբաթ հրատարակված մեր հոդվածում: Արտգործնախարարությունը չի դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, մամուլի ասուլիսների ժամանակ խոսնակները միշտ խուսափել են ուղիղ պատասխանից՝ ո՞վ է ագրեսոր: Նույն դիրքորոշումն է հաստատում նաեւ Բյուխները՝ մարտի 3-ին, իսկ դրանից առաջ կանցլեր Շոլցը, որից չլսեցինք Ադրբեջանի գործողություններին ուղղված դատապարտող խոսք կամ ագրեսոր բնորոշումը: Առանց հստակ գնահատականի՝ո՛վ է զոհ, ո՛վ ագրեսոր, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերն ապարդյուն են լինելու, որքան էլ խաղաղապահ առաքելության ղեկավարը գերմանացի փորձառու ոստիկան լինի: Առանց Արցախի կարգավիճակի հարցը հստակեցնելու, առանց «ճանաչում հանուն փրկության» բանաձեւի իրագործման, կայունությունն ինչպե՞ս է տարածաշրջանում տեւական լինելու:
«Ադրբեջանը պիտի դադարեցնի իր ագրեսիան: Լավ է, որ ԵՄ-ն տարածաշրջանում վերջապես առավել պատասխանատվություն է ստանձնում», մարտի 3-ին թվիթերյան գրառմամբ դիրքորոշում էր հայտնել Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միշայել Ռոթը՝ հստակ նշելով, թե ագրեսորն ով է:
Գերմանիայի սեւեռակետը ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայումն է
ԵՄ առաքելության մասին Շոլցն առանձնահատուկ տոնով խոսեց՝ «Գերմանիան վճռականորեն աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին եւ գերմանացիներից բաղկացած անձնակազմ է ուղարկում Հայաստանում Եվրոպական միության EUMA առաքելություն»: Մարտի 2-ի ասուլիսում Գերմանիայի համար սեւեռակետը հենց դա էր, եւ Շոլցը չթաքցրեց վերաբերմունքը, այսպես ձեւակերպեց՝ «շատ հպարտ եմ այդ առաքելությամբ»: Հնարավոր է սա դիտարկել ֆրանս- գերմանական մրցակցության համատեքստում, բայց առավել հավանական է, որ Գերմանիան ձգտում է օր առաջ հասնել այն վայրերը, որտեղ Ռուսաստանի դիրքերը թուլանում են: Կամ՝ լինել այդ տեղանքում՝ կանխելու Ռուսաստանի հետ հետագա մերձեցման փորձերը: Չէ՞ որ չի էլ թաքցնում, թե «հավաքական Ասիան» իր ուշադրության օղակում է: Ինչո՞ւ հրաժարվի Հարավային Կովկասից: ԱԳ նախարար Բերբոքը, կանցլեր Շոլցը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ մրցակցելով, Աֆրիկայի հետ Ասիական երկրներ են մեկնում: Այստեղ իհարկե արժե հիշատակել, որ ՀՀ վարչապետի հետ Բեռլինում ունեցած հանդիպումից հետո, Շոլցը ԱՄՆ նախագահ Բայդենի հետ 1 ժամ դեմ առ դեմ զրույցի համար կտրեց օվկիանոսը՝ առցանց տեսակապով զրույցը հարմար չնկատելով: Խոսե՞լ են նրանք Հայաստան-Արցախ-Ադրբեջան հարաբերությունների մասին նաեւ, հայտնի չէ, քանզի գերմանացի լրագրողների համար էլ զրույցի՝ ռուս-ուկրաինական առանցքային թեման ընդհանրական ուրվագիծ ունի, իսկ մանրամասները չեն վերծանվել: Այն, որ Շոլցն ու Բայդենը հենց այդ օրը Արցախի ճակատագրի շուրջ կարող էին խոսել, հավանական է, Մյունխենյան համաժողովում սկսված Փաշինյան-Բայդեն-Ալիեւ հանդիպումն է հուշում:
Գերմանական ԶԼՄ-ներին Փաշինյան-Շոլց ասուլիսը հետաքրքրեց 2 կետով
ՀՀ վարչապետի եւ ԳԴՀ կանցլերի մամուլի ասուլիսի լուսաբանումը գտանք գերմանական երկու լրատվամիջոցում: «Դոյչե վելլեն», որի թիրախը առավելաբար արտերկրի ունկնդիրն է, շեշտադրել է Հայաստանում ԵՄ առաքելություն տեղակայելու խնդիրը: Այստեղից հասկանում ենք, որ առաքելության մաս կազմող գերմանացիների թիվը թեեւ նվազ չէ, բայց չի բացառվում, թե կարող է ավելանալ: Բաքուն համաձայն չէ այս առաքելության տեղակայմանը, ռչ էլ Մոսկվան է համաձայն: Բաքվի եւ Թուրքիայի հետ առավել սերտ հարաբերություններ կառուցած Բեռլինը կանցլեր Շոլցի ելույթով հնչեցնում է մի միտք՝ ԼՂ ինքնորոշումը, որ միջազգային իրավունքն արտոնում է, դրանով ամենայն հավանականությամբ հող նախապատրաստելով առաքելության թվաքանակի եւ գործառույթների ընդլայնման համար: Տարիներ ի վեր Մինսկի խմբի անդամ Գերմանիային Բաքուն տենչում էր դարձնել համանախագահող երկիր՝ Ֆրանսիայի փոխարեն: Այժմ էլ Գերմանիա- Ադրբեջան կապը չի թուլացել: Բայց Բեռլինում ինչ-որ բան շարժվել է՝ Բաքվին նաեւ հասկացնում են, թե մամլիչ էլ ունեն:
Ասուլիսի հանդեպ երկրորդ հետաքրքրությունը պայմանավորված է ԳԴՀ տնտեսության նախարար Ռոբերտ Հաբեքի՝ փետրվարին Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցների կատարմանը հետեւելու նախանձախնդրությանը: Նախարարի ուշադրությունն էր գրավել այն հանգամանքը, որ ԵՄ-ից, Գերմանիայից արտահանումը Թուրքիա, Հայաստան, Վրաստան մեծ աճ է գրանցել: Մեկ տարում Գերմանիայից Հայաստան 165 տոկոսով ներկրում է նկատվել, եւ հայտնի է դարձել, որ Ռուսաստան հասնում է այն ապրանքը նաեւ, որը պատժամիջոցների ցուցակում է: Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքի՝ ARD-ի «Օրվա համայնապատկեր» լրատվականին հենց այդ խնդիրն էր հետաքրքրել, մարտի 4-ին թեմայի լուսաբանումը սկսել էր Փաշինյան- Շոլց ասուլիսին անդրադառնալով՝ մեջբերումներ անելով երկու երկրների կառավարության ղեկավարների պատասխաններից:
Մարտի 5-ի ադրբեջանական ահաբեկչությանը համարժեք գնահատական չտրվեց
Մարտի 5-ին գերմանալեզու մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձան Արցախում Ադրբեջանի ահաբեկչությանը, որը երեք հայ ոստիկանի մահվան պատճառ դարձավ՝ դեկտեմբերի 12-ից ի վեր Բերձորի շրջափակման աքցանի մեջ դիմադրող հայաշունչ եզերքում: Ապրումակցումից հեռու լրատվության մեջ նկատելի է մի բան՝ պարբերականներից մեկը լուրը սկսում է հղում տալով Ադրբեջանի արտգործնախարարությանը, ապա ներկայացնում նաեւ հայկական կողմի՝ ներքին գործերի նախարարության տեղեկությունը, մյուս լրատվամիջոցը հերթականությունը փոխում է: Այս լրատվությանն անդրադարձած ARD հեռուստաընկերության «Օրվա համայնապատկեր» լրատվականի ֆեյսբուքյան էջում մեկնաբանություններից մի քանիսի ամփոփ պատկերը տամ. Գերմանացի մի օգտատեր հաշտության է կոչում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ խորհուրդ տալով՝ դեպի ԵՄ ձգտող պետություններն ինչո՞ւ են ազգային տարածքի համար պայքարում, նրանց տերը Բրյուսելն է: Մի թուրք առարկում է՝ ո՞վ ասաց, թե Ադրբեջանը ԵՄ-ին մերձենալու նպատակ ունի, Ադրբեջան ինքնիշխան պետություն չկա, արդեն Թուրքիա է:
«Եվրոպական անվտանգություն եւ տեխնիկա» առցանց պարբերականում Գերդ Փորթուգալլը (Gerd Portugall) մարտի 8-ին հոդված հրապարակեց «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունն աճում է» վերնագրով: Հոդվածը ծավալուն է եւ ուշագրավ, արժանի մասնագիտական հայացքի: Այստեղ խնդրո առարկա է Ադրբեջանի վերջին ահաբեկչական գործողությունը, 3 հայ ոստիկանի սպանությունը, որ հոդվածագրի բնորոշմամբ կատարվել է « միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետության տարածքում»: Ի տարբերություն պաշտոնական Երեւանի, որ Ղարաբաղի հայություն, ապա Լեռնային Ղարաբաղ ձեւակերպումների կողքին դժվարանում է հիշեցնել դե ֆակտո կյանք ստացած Հանրապետություն բաղադրիչը, գերմանական տարբեր լրատվամիջոցներ այն պարբերաբար հիշատակում են: Սա նաեւ արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ շփման կնիքն է:
Բաքվում ԳԴՀ դեսպանը մեղմո՞ւմ է Շոլցի՝ այլեւս փաստ դարձած, չջնջվող ելույթը
Մարտի 6-ին «Ազերթաջի» գերմաներեն տարբերակը ծանուցեց , որ Բաքվում ԳԴՀ դեսպան Ռալֆ Հորլեմաննը Գանձակում հարգանքի տուրք է մատուցել «հայերի ահաբեկչական հարձակման զոհ դարձած խաղաղ բնակիչների հիշատակին»: Դեսպանին իրազեկել են, որ «2020-ի հոկտեմբերի 4-ին, 5-ին, 8-ին, 11-ին, 17-ին հայկական զինուժը տարբեր հրթիռներով հարվածել է քաղաքին, զոհվել է 26 խաղաղ բնակիչ, ծանր վիրավորվել 175 հոգի»:
Ալիեւի հաղթաթուղթը՝ Շուշի, Ադրբեջան
Մարտի 7-9-ին Բեռլինում անցկացված զբոսաշրջության միջազգային տոնավաճառին Բաքվի պահանջով Արցախն արտոնություն չունեցավ ներկայանալ, Հայաստանն անշուշտ մասնակցում էր, իսկ Վրաստանը հյուր երկիրն էր: Ադրբեջանի տաղավարի «հպարտությունը» մեծ պաստառի վրա դրոշմված տեղանուններն են՝ Շուշի, Ադրբեջան:
Արցախը մեր խիղճն է, մեր կանթեղը վառ
Եթե 2015-16-ին «Ազգ»ում լուսաբանած չլինեինք Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով մամուլում, Բունդեսթագում սկիզբ առած քաղաքական բանավեճը, որի արդյունքը եղավ նախ՝ 2015-ի ապրիլի 23-ին ԳԴՀ նախագահ Գաուքի «ցեղասպանություն» բառեզրը բարձրաձայնելով տաբուն փշրելը, իսկ 2016-ի հունիսի 2-ին՝ Բունդեսթագի ընդունած բանաձեւը, գերմանացի քաղաքական գործիչների բառերի այսօրվա ակրոբատիկան դժվար կլիներ հասկանալ: Գիտության, կրթության, լուսավորության ջահը բարձր պահած Գերմանիան միշտ եղել է հայոց դաշնակիցը, այդ նույն Գերմանիան սակայն երբեք չի եղել մեր քաղաքական դաշնակիցը, դրա վկայությունն է նրա կերտած արյունոտ ու դաժան, անփառունակ պատմությունը՝ հատկապես առաջին, երկրորդ համաշխարհային պատմությունից հայտնի: Օրեր առաջ Բոննի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր ազգությամբ չին Գուն (Xuewu Gu) գերմանական հեռուստաեթերում այսպես ասաց՝ չինացիներին հասկանալու համար նրանց հոգին պիտի ճանաչել, մենք տարբեր կերպ ենք մտածում, գործում: Մեր ելակետը հետեւյալն է՝ «Հաղթել՝ առանց պատերազմի»: Ավաղ, առայժմ հեռու ենք այս բաղձալի մտքից: Հնդեւրոպական լեզվաընտանիքին (Գերմանիայում հնդգերմանական ձեւն են կիրառում) պատկանող մեր լեզուները՝ հայերենն ու գերմաներենը անշուշտ նման են, բայց ակնառու է լեզվամտածողության տարբերությունը, որի դրոշմն է օրինակ հայերեն խիղճ բառը: Այն գերմաներենում իմացություն (das Gewissen) բառից է սերում: Եթե մեր խիղճը սրտի եւ հոգու մեջ է, նրանցը՝ գլխում, ուրեմն մանավանդ քաղաքականության մեջ գերմանների ու մեր պատկերացումներն ու ակնկալիքները չափազանց տարբեր են: Օրեր առաջ գերմանուհի բարեկամներիցս մեկը, որ սերում է քաղաքական, պետական բարձրաստիճան պաշտոնյաների ճանաչված ընտանիքից, մեր մասնավոր զրույցում հակառակելով իմ՝ գերմանցիների իմաստասիրական մտքի պայծառությանը նկատել տվեց, թե ոչինչ է գերմանացիների փիլիսոփայական միտքը, երբ հոգու լույսը մարած է: Եթե Հայաստանում եւ Արցախում, մեր տարածաշրջանում եւ աշխարհում քաղաքական մտքի ճգնաժամը հանգեցրել է լայնածավալ պատերազմի, միեւնույն է, խիղճն արթուն պահենք, ներսի լույսը՝ վառ: Հայոց միտք սնուցող պատրույգը դրանք են: Իսկ Արցախը մեր խիղճն է, մեր կանթեղը վառ: Զգույշ լինենք: Այն զոհասեղանին դնելուց հետո, այլեւս չենք փրկվի:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա