Խորհրդարանում երկու օր է քննարկում էին Հակոբ Մովսեսին եւ նրա տեսակետները` հնչած լրատվամիջոցի եթերում: Նախագիծը բերել էր «Հայաստան» խմբակցությունը եւ առաջարկում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունների դադարեցումը, քանի որ վերջինս իր հարցազրույցներում քաղաքական զսպվածություն չի դրսեւորել, քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ հասցեին` կոռեկտ չլինելով դրանցում, ինչի իրավունքն ի պաշտոնե, որպես անկախ պետական մարմնի անդամ, չունի:
Ասենք, որ այս հարցը վերածվեց ՀՅԴ-ՔՊ առճակատման`մինչ այս էլ հայտնի այն տեսակետների հակադրությամբ, որոնք միշտ էլ խորհրդարանում եւ նրանից դուրս արտահայտվել են, ուղղակի այս անգամ պատմական եւ ներկա էքսկուրսները կատարվեցին բարձր մակարդակով, ի դեմս Հակոբ Մովսեսի եւ ՀՅԴ ներկայացուցիչների: Հակոբ Մովսեսն ի գիտություն ընդունեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցչի (հարակից զեկուցող) եզրակացությունը` Մովսեսի գնահատականների ինչ-որ հատվածում խախտում արձանագրվել է` մնալով, սակայն, իր տեսակետներին հավատարիմ: Իսկ ՔՊ-ն , բնականաբար, կանգնեց Հակոբ Մովսեսի կողքին, ու նա հազիվ թե զրկվի պաշտոնից փակ գաղտնի քվեարկությամբ:
Ինձ այս բոլորում այլ բան է հետաքրքրում: ՀՅԴ-ին, որ նախագծի գեներացման հեղինակն էր, երկու բան էր հաջողվել` ՀՅԴ-ի մասին երկօրյա խոսակցություն-քննարկում ԱԺ-ում, եւ, կամա թե ակամա, մեր հայացքների շեղում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցելությունից Հայաստան, այդ առթիվ հրապարակված համագործակցության հայտնի դարձած կետերի մասին խորհրդարանում լայնորեն խոսելու պատեհությունից, Հայաստանի համար դրանց նշանակությունը գնահատելուց:
Չգիտեմ ինչ ասել, ինչ անուն տալ այս բոլորին: Իմաստ չեմ գտնում անգամ այդ երկու օրվա լայն լուսաբանման մեջ (չնայած տարողունակ ելույթներին), մենք այս օրերին այլ օրակարգ պիտի ունենայինք: Մի բանի հետ համաձայն եմ` ՀՌՀ անկախ մարմնի անդամն, իրոք, քաղաքական զսպվածությունը պետք է պահի, միգուցե այս քննարկումը կնպաստի դրան այսուհետ:
Մինչդեռ արժեր լսել ընդդիմության լայն արձագանքը հենց խորհրդարանում, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Երեւան այցի ընթացքում բարձրաձայնված հայատարարությամբ հայտնի դարձավ ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման վերաբերյալ համագործակցության համաձայնագրի բանակցությունների ավարտի, իննը միլիարդ դոլարի ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների արտահանման մտադրության մասին Հայաստան` սկզբում 5 միլիարդ դոլարի սարքավորումներ, իսկ մնացած 4 միլիարդ դոլարը կկազմեն վառելիքի մատակարարման և ռեակտորների սպասարկման պայմանագրերը:
Մոդուլային ատոմակայանների վերաբերյալ, որին արդեն, բացասական արձագանք կա ռուսական կողմից, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան է արձագանքել` դրանք անվանելով չթեստավորված, մենք փորձում էինք հարց ուղղել եւ պատասխաններ ստանալ խորհրդարանում, բայց այդ հարցից խուսափում էին բոլորը: ՀՅԴ-ից Արթուր Խաչատրյանն ասաց` մասնագետ չի, Ալեն Սիմոնյանը, որին այդ մասին հարցնում էինք երեքշաբթի` հղում արեց վարչապետին, թե ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այդ հարցն էլ կշոշափվի-կասի: Չշոշափվեց, ավելին ` Հանրային հեռուստատեսությանը տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում եւս անորոշ մնաց ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության թեման: Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հարցն անգամ չուզեց մինչեւ վերջ լսել, թե բա` հին եք , ամեն բան փոխվել է, էլ հին ժամանակները չեն, երբ խոսում էիք, թե ջերմուկով կարելի է երկիրը պահել: Ու փախավ-գնաց: Չհասցրի ասեմ` թե ո ՞վ է հինը, ժամանակին ՀՀՇ-ական այդ եւ բազմաթիվ այլ թեզեր հենց ես էի քննադատում, իսկ ինքն էլ հիմա էկոնոմիկան զարգացնելու փոխարեն` Գյումրու շուկան նորոգելուց ու գյումրեցիներին հանձնելուց է խոսում, կամ երկիր դրսի մեգաաստղերին բերելուց: Մինչդեռ անգամ Փաշինյանի նախկին խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է կասկածում, որ մոդուլային ատոմակայանի կառուցման սոուսի տակ Մեծամորի ատոմակայանն է փակվելու սոսկ: Եւ առհասարակ`11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառքից սկսած մինչեւ միջուկային համագործակցություն` արժեր մանրամասն քննարկել, մինչեւ դրանց իրագորրծումն սկսելը:
Առհասարակ` Վենսի այցի շուրջ քաղաքական աժիոտաժը թույլ չի տալիս առավել հանդարտ հայացքով վերլուծել տնտեսական, հայ-ամերիկյան ծրագրի անվտանգային բաղադրիչներից յուրաքանչյուրը: Մինչդեռ չքննարկումն ու անտեսումը հենց այդ ձեւաչափերն են. որ միշտ իշխանության օգտին են աշխատել, իսկ հանդարտ վերլուծությունները, Բաքվում Վենսի ստորագրած խարտիայի եւ մտադրությունների բարձրաձայնումների մանրամասն ու չքաղաքականացված վերլուծությունները կկարողանային վեր հանել ներկա ծրագրերի թաքնված խութերը, որ միգուցե իշխանականների համար էլ անտեսանելի են եւ հուշումների դեր կստանձնեին:
Սամվել Կարապետյանի ու նրա կողմնակիցների հիմնադրած «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսին նախորդ օրը վարչապետի թեկնածու որպես անվանվել է հենց Սամվել Կարապետյանը: Նրա երկքաղաքացի լինելը Հայաստանի օրենսդրությամբ դա չի թույլատրում իհարկե, ու տեղեկություններ կային, որ Նարե՛կ Կարապետյանն է լինելու վարչապետի թեկնածու, ու ոչ թե ընտանիքից դուրս ուրիշ մեկը: Բայց երեւում է ` մենք իզուր ենք օրենսդրությունը հիշում, այս նորաստեղծ կուսակցության ղեկավարը խոստանում է ընտրություններում հաղթելու դեպքում ընտրություններից քսան օր անց ԱԺ-ում փոխել Սահմանադրության 148-րդ կետը եւ հանգիստ վարչապետ դառնալ: Դե` այդ դեպքում այս նոր կուսակցությունում կարող էին մի ուրիշին վարչապետի թեկնածու առաջադրել, ոչ Կարապետյան ընտանիքից, մեկ է, որ հաղթեն` Սահմանադրության կետ են փոխելու, ու Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ: Բա էլ Սահմանադրության պահանջ խախտելը ո՞րն է:
Խնդիրն այստեղ հոգեբանական է: Այն, որ երկիրը բոլորինն է, բայց մի ուժ ընտանիքի անդամների կերպարներով է հանդես գալիս, այլապես օրենսդրությանն անսալով վարչապետի թեկնածու այլ մեկին կառաջադրեր, սրա բացասական ազդեցության մասին հանրության վրա երեւի ներընտանեկան խորհուրդը չի մտածել: Այսինքն` ինչպես Հայաստանում մյուսները չեն ծածկում, որ քաղաքական քարտեզը հավաքած է ինչպես բաժնետիրական ընկերության, որտեղ մի քանի մեծ խաղացող բաժնեմաս ունեն եւ փայատեր են, այնպես էլ Կարապետյան ընտաիքում չեն ծածկում , որ նոր ստեղծված ուժն ընտանեկան է եւ չի պատրաստվում ապագայում ստանձնելիք քաղաքական դերակատարությունից փայ զիջել ընտանիքից դուրս: Դե հա` մենք ո՞վ ենք, հասարակությունն ո՞վ է, Հայաստանն էլ ունեցվածք է, որ կիսում են մի քանիսով, այդ թվում` քաղաքական ուժերի վրա ազդեցություն ունեցող տնտեսական դերակատարներով:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.– Հետաքրքրական է, որ Դի Վենսի այցից անմիջապես հետո ռուսական կողմն է հետաքրքրություն ցուցաբերում Հայաստանի հանդեպ`ՌԴ փոխվարչպետ Ալեքսեյ Օվերչուկը լրատվամիջոցներին հայտնել է, որ Հայաստանի խնդրանքով Ռուսաստանը առարկայական բանակցություններ է սկսում մեր երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ` Երասխի շևջանում` Ադրբեջանի հետ կապող եւ Ախուրյանի շրջանում` Թուրքիայի հետ կապող: Ընդհանուր հաշվարկով մոտ տասնչորս կմ երկաթուղի է վերականգնվելու: Ինչպես ասում են` Հայաստանի շուրջ կենացները քաղցրանում են:
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ





