Նեպալում տեղի ունեցող դաժանութունները հաջորդել են սոցցանցեր փակելու կառավարության որոշմանը: Սոցցանցերը հիմա դարձել են հանրության կառավարման գործիք ողջ աշխարհում, այդ թվում` տարբեր երկրներում դրսից արտաքին կառավարում կարող են ապահովել: Այլեւս պետք չէ մեծ ռեսուրսներ ծախսել եւ ամենուր ներդնել սեփական մարդկանց եւ գործակալներ, երբ նույն բանն անգամ տասնապատիկ էֆեկտով կարելի է սոցցանցով անել: Նայեցի Նեպալում տեղի ունեցող դաժանությունների մի քանի տեսանյութ: Նկատեցի, որ դրանց մեծ մասը պատահական տեսանյութեր չեն, այլ հավանաբար հատուկ ծառայութունների արած կադրեր` նախօրոք դիրքավորված, հատկապես դաժանությունների պահերը ֆիքսած, որոնք չեն կարող չազդել մարդկանց ենթագիտակցության վրա, չարթնացնել վատ բնազդները եւ կատարվողը վիրուսային, կրկնօրինակվող չդարձնել: Այսինքն ասել, որ Նեպալում կատարվողը ժողովրդական պոռթկում է, առանց արտաքին հրահրումների, նեպալցիներն ինքնաբախվել են` մեծ սխալ կլինի: Սոցցանցերը դարձել են սարսափելի զենք, որ գործածում են` ով չի ալարում, եւ հատկապես` աշխարհի տարբեր երկրների հատուկ ծառայությունները այլ երկրներում խժդժություններ հրահրելիս, նայած իրենց հետապնդած նպատակի:
Աշխարհն հիմա հիմնովին փոխվել է նույնիսկ տասը տարի առաջվա համեմատ, կարելի է պատերազմել եւ հաղթել` առանց երկրի տարածքում ֆիզիկապես հայտնվելու, անօդաչուներով եւ այլ հեռահար միջոցներով կետային հարվածներ հասցնելով, երեսիդ ժպտալով եւ դաշնակից ձեւանալով` հետեւից խոցել, ինչպես Քաթարում եղավ, սոցցանցերով այսուայն երկրում իրավիճակ ապակայունացնել եւ իշխանություն փոխել:
Ու այս անճանաչելի փոխված աշխարհում լրիվ նոր, դաժան, ոչ մի բանի առաջ կանգ չառնող կանոններ են գործում հիմա: Այստեղ ոչ ոք ոչ դաշնակիցների վրա կարող է վստահ լինել, ոչ ինչ-որ ստորագրված կամ նախաստորագրված թղթերի` ԱՄՆ-ի նման դաշնակից ունեցող եւ տնտեսական մեծ ներուժի տեր Քաթարին ԱՄՆ-ի մյուս դաշնակից Իսրայելի հարվածելը ձեզ ապացույց, Նեպալի` սոցցանցային արգելանքի դեմ հրահրված սոդոմ-գոմորը վկա:
Սոցցանցերով հիմա մարդկանց կարելի է դարձնել ուզած հանրույթը` ագրեսիվ, անպատմելի դաժանութուններ անող, ամենանողկալի բնազդներն արթնացած, ամենանողկալի հրահանգներին ենթարկվող, ու սա այլեւս վաղուց բոլոր , հատկապես փոքր պետությունների համար անվտանգության սպառնալիք է:
Ու նայելով մեր սոցցանցերի վիճակը` ոչ մի լավատեսություն այս առումով չենք փայփայում, հատկապես վերջին խորհրդարանական միջանձնային սկանդալի պարագայում, երբ իրար վիրավորանքներ հասցեագրած Թագուհի Թովմասյանին եւ Արթուր Հովհաննիսյանին այս օրերին պարզապես համացանցում բզկտեցին դիմակա բանակների ֆեյքերն ու նրանց հարակից՝ այսպես կոչված կանայք ու տղամարդիկ, հատելով բարոյականության եւ էթիկայի ամեն սահման:
Այս բոլորն ասվում է`ցույց տալու համար, որ աստիճանաբար, ուզենք, թե չուզենք, սխալ, թե ճիշտ` սոցցանցերն ու անհատները, հատուկ ծառայությունները կարող են ավելի շատ ազդել հանրային կարծիքի վրա` դուրս մղելով քաղաքական ուժերին եւ նրանց հին, ծանրաշարժ մեթոդները: Ու պետք է հետեւություններ անել այս բոլորից:
Բայց նոր սկսված խորհրդարանական սեզոնն, ընդհակառակը, նորից ի ցույց դրեց մեր քաղաքական ուժերի որդեգրած հին ֆորմատն իր ողջ փայլով` միմյանց դիմակայելու կոշտ մեթոդներով, անցյալի նույն պաթոսով, որի համար նոր առիթ կար` օգոստոսին Վաշիգտոնում նախաստորագրված երկկողմ հռչակագիրը Թրամփով-բանով: Ու այդ դիմակայությունը հատկապես վառ դրսեւորվեց Վճռաբեկ դատարանի անդամի թեկնածուի առաջադրման, Հակակոռուպցիոն հանձնաժողովի տարեկան հաղորդման քննարկումներին եւ ԱԺ-կառավարություն հարցուապատասխանին:
Մեր քաղաքական ուժերից ոչ ոք չի կարող, իհարկե, ինքնուրույն գլխի ընկնել, որ ճիշտ են իրենք, թե սխալ` ,մարդիկ վաղուց հոգնել են իրենց գորգոռոցից, իշխանական եւ ընդդիմադիր գոռգոռացողներից հավասարապես: Ու անգամ եթե Նիկոլ Փաշինյան` Թրամփի երթուղու վերաբերյալ ինքնիշխանի, իրավազորի եւ մյուս սկզբունքների առումով փորձում է համոզել, կամ Աննա Գրիգորյանի եւ Գեղամ Մանուկյանի կոռուպցիոն բացահայտումներն իրոք ցնցող են, Արծվիկ Մինասյանն ու Հայկ Կոնջորյանը` պերճախոս, բայց մարդկանց մեծ մասն արդեն ոչ ընդդիմության, ոչ իշխանականների ճշմարտություններն է լսում:
Ու չգիտենք, որտեղի՞ց Ալեն Սիմոնյանի համոզվածությունը, որ իր նկարի շուրջ ավելի շատ մարդ կհավաքվի, քան ընդդիմության շուրջ, ախր բոլորիցդ` նույն բովանդակությամբ, նույն բառերով ձեր մշտական էքսցեսներից է խոնջացել լայն հանրությունը (ոչինչ անձնական` ամեն օր բազմաթիվ մարդկանց հետ շփվելով` հանրության մեջ տարածված տեսակետն եմ փոխանցում):
ԱԺ-ն վաղուց եւ հիմա հատկապես քաղաքական կշիռը կորցրել է, եւ եթե իր գործունեությամբ Հայաստանի հետ պատահած ճակատագրական իրողություններում չի կարողացել վճռորոշ դերակատարում ստանձնել, միգուցե հիմա է ժամանակը հենց, որ լուծարմամբ, քանի դա օրենսդրորեն հնարավոր է, մի քանի հարց կարողանա լուծել.
-Կանգնեցնի հասարակությունը հյուծող նիհիլիզմն ու անվստահությունը (ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության հանդեպ)` նոր ընտրություններով առաջ նայելու հնարավորություն տալով:
-Ջարդի անվերջ մեր գխին իշխանություն ձեւավորելու սխեմաներ կոտրելու աշխարհաքաղաքական նախագծերը` մենք մի փոքր ժամանակ կշահենք ընտրական ժամանակում չկատարելով այս ու այն արտաքին պարտադրանքները:
-Դանդաղեցնի գոնե մի պահ Հայաստանն իրենցով անելու տնտեսական նախագծերի պարտադրման արագությունը:
-Կանգնեցնի արհեստական քաղաքական միավորներ ստեղծելով մեր ներքին գործերին արտաքին միջամտությունները:
Հանրության լայն շերտերն արդեն բոլորին տեսել են, բոլորին գիտեն ու այս անգամ թող ընտրության գնան ոչ թե նախապես հստակ գծված ու տարբեր տեխնոլոգիաներով պարտադրվող քաղաքական քարտեզներով, այլ իրենց տեսածով եւ խղճով առաջնորդվելով, իրենց կարծածով հեղինակավոր մարդկանց առաջ մղելով, փորձելով ընտրել առանց քաղաքական, ֆինանսական եւ այլ պարտադրանքների: Չթողնելով, որ մեր երկրի բոլոր հարցերը մշտապես կուլիսներում լուծող մաֆիոզ խմբերն ինքնակազմակերպվեն, նախապես խորհրդարանի գրպանային կազմ հավաքեն ու կոտրեն Հայաստանի գլխին,գոնե այս անգամ դրա դեմն առնվի: Հաստատ հիմիկվանից ավելի նորմալ մարդիկ կանցնեն խորհրդարան, քան ինչ-որ սեւ կարդինալների գծած քարտեզներով եւ իբր ընտրությամբ պարտադրվածների դեպքում: Որ քաղաքական ուժը վստահ է` վարկանիշ ունի, անհանգստանալու կարիք չունի: Չասեք` ժամանակը չէ, հենց ժամանակն է` առաջ անցնելով աշխարհաքաղաքական, տեղական քարտեզագիրներից, խառնելով նրանց հաշիվներն ու մեզ պարտադրվելիք արհավիրքները գոնե ժամանակային առումով հեռացնելով` հարաբերականորեն գտնված այս ժամանակի մեջ, երբ մեծերը դեռ զբաղված են տաք օջախներում:
Եվ պետք է անպայման մատնանշել, որ այժմ հարկավոր են այլ տիպի կառավարողներ, որոնք շեշտը կդնեն ոչ թե հակադրությունների վրա, այլ համերաշխությամբ, կոմպրոմիսներով, հանդարտորեն խնդիրներ լուծելու վրա, քանի որ հակադրությունների ձեւաչափը հոգնեցրել է մարդկանց, որոնք այլեւս նյարդեր չունեն գոռգոռոց լսելու, ընդհանրապես սկսել են չլսել ելույթները, չկարդալ տեքստերը, կարդում են վերագրերն ու անցնում, դուք բոլորդ մարդկանց անտարբեր եք դարձրել` տարիներով դիմակայության նույն ալիքի վրա մնալով:
Մեզ այժմ պետք է ոչ թե քաղաքական հակադրությունների այս ամենօրյա թատրոնը, այլ լուծումների վերաբերյալ տարբեր մոտեցումների մրցակցություն, նոր ֆորմատի իշխանությունն իր հետ կբերի նոր իշխանավորների` պրոֆեսիոնալների ներառելով բոլոր կայացած քաղաքական խմբերից, հասարակության լայն շերտերից, որ դատախազությունը, քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն եւ այլ կառույցներ այսքան լցոնված չլինեն ինչ-որ աջիկներով: Չե՞ք զգում, որ մարդկանց նյարդերից, կյանքից տանող ձեր գոռգոռոցն էլ լայն սպառող չունի: Անգամ սպառում չունի «Արեւմուտք, թե՞ Ռուսաստան» կեղծ օրակարգը, մարդիկ լինում են արտերկրում, եվրոպաներում ու տեսնում են մարդկային կեցության իրական օրակարգեր: Ու պետք չէ այսքան կենաց ու մահու հարց դարձնել իշխանության գալը կամ մնալը, վարչապետի ու ԱԺ նախագահի պաշտոնը պահպանելը, Հայաստանը նոր իրավիճակներում, նոր աշխարհակարգում պետոթյուն մնալու խնդիր ունի, ու այս ներքին թշնամությունը խանգարում է կենտրոնացնել ուժերը:
Մի մոռացեք սոցցանցերը, մարդկանց կարիքների եւ տեսակետների անտեսումը, տեսեք` Ֆրանսիայում եւ Նեպալում ինչ է կատարվում` ոչ մենք ենք հատուկ տեսակի, ոչ այլ եկրների հատուկ ծառայությունները կհապաղեն:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով.