Հայ եւ համաշխարհային կինոյի ականավոր բեմադրիչ Արտավազդ Փելեշյանի մասին եւ նրա հեղինակությամբ նոր գրքեր են հրատարակվում տարբեր լեզուներով. 2016 թվականին Երեւանում երկու ծավալուն հատորով լույս տեսավ «Արտավազդ Փելեշյան. Դրոշմելու ժամանակը» ռուսերեն գիրքը, որտեղ ամփոփված են կինոբեմադրիչի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ: Թվում էր՝ դրանից հետո շատ ժամանակ էր անհրաժեշտ համանման նոր գրքի երեւան գալու համար: Սակայն վերջերս լույս տեսած կինոգետ Սերգեյ Գալստյանի «Փելեշյան. մեր ժամանակների լեգենդը» գիրքը (հայերեն եւ ռուսերեն) կրկին համոզում է, որ մշակութային անսպառ երեւույթների մասին որքան էլ գրվի՝ դարձյալ քիչ է, մանավանդ որ տվյալ դեպքում գործ ունենք, ինչպես ֆրանսիական «Կայիե դյու սինեման» է գրել, «մեր ժամանակների մեծագույն կինոգործչի» հետ…
Գրքի առաջին մասում («Մեր ժամակների լեգենդը») Սերգեյ Գալստյանի խոսքն է կինոբեմադրիչի կյանքի եւ ստեղծագործության վերաբերյալ, այստեղ նա կատարում ուշագրավ դիտարկումներ նրա մեկ տասնյակից մի փոքր ավելի կինոգլուխգործոցների վերաբերյալ, ի թիվս այլ հարցերի, շեշտադրվում է մասնավորապես երաժշտության դերը Փելեշյանի հիրավի՛ «կինեմատոգրաֆիական կինոյում»: Երկու բաժնով ներկայացված «Նրա համալսարանը» գլուխներում իր արվեստի մասին խոսում է ինքը՝ Փելեշյանը: Գրքի մնացած մասում ի մի են բերված Փելեշյանի մասին հնչած կարծիքներ եւ հատվածներ նրա մասին ստեղծված հարուստ գրականությունից: Իսկ նրա վերաբերյալ հիացական կարծիքներ են հայտնել բազմաթիվ ականավոր անձինք՝ սկսած ռուս մեծանուն մտավորականներ Շկլովսկուց եւ Լոտմանից մինչեւ ամենատարբեր ազգերի հարյուրավոր հեղինակներ:
Սերգեյ Գալստյանը գիրքը եզրափակել է ինը ամբողջական հոդվածներով (հեղինակներ՝ Տոնինո Գուեռա, Լյուդմիլա Դոնեց, Հակոբ Հակոբյան, Ռաֆայել Հովհաննիսյան, Սերգեյ Մուրատով, Տիգրան Խզմալյան, Լաերտ Պողոսյան, Սիրանույշ Գալստյան, Լիլիթ Հակոբյան):
Բարձր տպագրական որակով այս գիրքն է՛լ ավելի ախորժընթեր են դարձնում սեւ-ճերմակ լուսանկարները, այնքա՛ն համահունչ փելեշյանական անզուգական կինեմատոգրաֆին…
Ա. Բ.