Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նորից մեծ երախտավորի մասին. ԱՐՏԱՇԵՍ ԱԲԵՂՅԱՆ

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սկիզբը` նախորդ համարում եւ վերջ

Ա. Աբեղյանը հեղինակում է նաեւ գերմաներեն լեզվով նոր մեծարժեք ուսումնասիրություններ, դասագրքեր, որոնցից հիշատակելի է հատկապես հայերեն աշխարհաբարի քերականությունը (հրատ. 1936): Սա գերմանացի ուսանողության համար գրված հայերենի ձեռնարկ է, որտեղ որպես առաջաբան տրված է հայոց լեզվի եւ գրականության ամփոփ ու փաստալից պատմությունը, ապա շարադրված է արեւելահայերեն եւ արեւմտահայերեն աշխարհաբարի (հակիրճ՝ նաեւ գրաբարի) քերականությունը, իսկ վերջում ներկայացված են արեւելահայ եւ արեւմտահայ գրականության մի ընտիր ծաղկաքաղ-ընթերցարան եւ հայ-գերմաներեն մի բավական ընդարձակ բառարան: Ա. Աբեղյանի այս ձեռնարկը լայն ընդունելություն գտավ հայ եւ եւրոպական գիտական ու մանկավարժական շրջանակներում, բարձր գնահատականի արժանանալով գիտական մամուլի էջերում, համարվեց «հայ լեզուի առձեռն համայնագիտակ»: Գրքի տպաքանակի մեծ մասը, ցավոք, ոչնչացել է Լայպցիգում օդային ռմբակոծությունների ժամանակ: Առավել ցավալի է այն փաստը, որ համանման աղետալի գործողությունների զոհ է գնացել նաեւ Ա. Աբեղյանի կազմած գերմաներեն-հայերեն երկհատոր բառարանը, որը տպագրության ընթացքի մեջ է եղել 1944 թվականին Բեռլինում (1000 էջից տպագրվել է 300-ը): Պատերազմի զոհ են դարձել նաեւ Ա. Աբեղյանի մի շարք աշխատությունների ձեռագրեր…

Ա. Աբեղյանի հրատարակած գերմաներեն գրքերից հիշատակելի են նաեւ «Հայ ժողովրդական վեպը» (1940) եւ «Հայաստան 1940» (1942) աշխատությունները: Հատկապես հիշարժան է Ա. Աբեղյանի նախաձեռնած այն գերմաներեն գրքույկը, որը ճակատագրական նշանակություն է ունեցել մեր ժողովրդի մի ստվար հատվածի համար:

1933 թվականին, երբ Գերմանիայում նացիստներն իշխանության գլուխ անցան, հակահրեական շարժման հետ մեկտեղ սկսվեց նաեւ հակահայ շարժում: Տպագրվեցին հոդվածներ, որոնց մեջ հայերը, հրեաների հետ միասին, ներկայացվում էին իբրեւ սեմական ժողովուրդ, որն, իբր, իր ծանրակշիռ ներդրումն է կատարել համայնավարության տարածման եւ բոլշեւիկյան վարչակարգի հաստատման գործում: Այս հակահայ շարժման մեջ մեծ դեր կատարեցին նաեւ Անկարայից գործուղված եւ նացիստական շրջանակներում, քաղաքական նկատառումներով, գրկաբաց ընդունվող թուրք գործակալները: Իրավացի է նկատված, որ «նացի Գերմանիոյ թրքասիրութեան եւ հայատեացութեան ամենէն պերճախօս վկայութիւնն էր անշուշտ, շանսատակ Թալեաթի՝ Պերլին թաղուած ոսկորներուն հանդիսաւոր առաքումը Թուրքիա» («Հայրենիք», Բոսթոն, 1975, մարտի 16):

Եւ ահա, հրեաների նման հայերը եւս դատապարտվում էին ոչնչացման, եւ պատրաստվում էր մի նոր եղեռն, ինչը, սակայն, բարեբախտաբար կանխվեց եւ հիմնականում՝ Ա. Աբեղյանի շնորհիվ: Նա դոկտոր Ռոհրբախի հետ հրապարակ հանեց «Հայկականությունը արիականություն է» («Armeniertum – Ariertum») գրքույկը (Պոտսդամ, 1934), որտեղ նրանք մի շարք այլ գերմանացի մասնագետների հետ միասին ապացուցեցին հայերի արիական ծագումը: Ինքը՝ Ա. Աբեղյանն, այդ գրքույկում հանդես է եկել «Նորդիկ տիպեր հայոց մեջ» հոդվածով: Գրքույկն արագորեն տարածվեց Գերմանիայով մեկ եւ անմիջական ազդեցություն ունեցավ: Գերմանական մամուլում դադարեցին հակահայ հոդվածները, եւ հայ (Armenien) անունն արիական ցեղերի անվանացանկի մեջ առաջին տեղը գրավեց այբբենական կարգով: Այդ ցանկերը բաժանվում էին ոստիկանատներին, եւ ներքին գործոց նախարարության հրամանով հայերին, որպես արիացիների, տրվեցին հատուկ վկայագրեր: Տարիներ անց, սակայն, երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահին, հայտնի չէ, թե ինչ «մութ հաշիւներով եւ դրդումներով» հայերի արիական ծագումը դարձյալ կասկածի տակ դրվեց: Եւ Ա. Աբեղյանը նորից իր գերմանացի համախոհների հետ միասին գործի անցավ, «ամէն դուռ բախեց, խօսեցաւ, լուսաբանելով նացի ազդեցիկ շրջանակները, յօգուտ Հայութեան: «Դուռ բախել»-ը ըսելու ձեւ մըն է, որ սակայն նացիներու պարագային բոլորովին տարբեր, չարագուշակ բան մը կը նշանակէր յաճախ: Կրնայիր դուռէ մը ներս մտնել եւ ա՛լ դուրս չելլել»:

1942-1943 թվականներին Ա. Աբեղյանը կարողանում է Շտուտգարտում վերստին հրապարակ հանել «Հայկականությունը արիականություն է» գրքույկը, որը վերջնականապես փրկության խարիսխ է նետում պատերազմի ժամանակ Գերմանիայի գրաված տարածքներում ապրող շուրջ 500 000 հայությանը: «Հոս հարցնել հարկաւոր է, – գրում է դեպքերի ականատես Մանասե Սեւակը, – թէ ի՞նչ պիտի ըլլար այս կէս միլիոն հայերուն ճակատագիրը, եթէ նախախնամական դեր մը կատարած չըլլար պրոֆ. Աբեղեան, տոքթ. Ռորպախի հետ, խեղդելով այդ հակահայ եւ թրքական ոխերիմ շարժումը իր օրրանի մէջ» («Հայրենիք», Բոսթոն, 1955, հունիսի 16):

Պատասխանը պարզ է: Եւ եթե Ա. Աբեղյանը մինչ այդ ոչինչ արած չլիներ եւ այդուհետեւ էլ ոչինչ չաներ իր ժողովրդի համար, ապա լոկ այդ մեկ սխրանքի համար, որի արդյունքը բազմահազար հայերի փրկված կյանքն է, արժե նրա անունը դասել մեր ամենաերախտավոր ազգային գործիչների շարքին: Ի դեպ, 1942 թվականին Գարեգին Նժդեհի նախաձեռնությամբ հրատարակվել է մի համանման ժողովածու, որտեղ ընդգրկված է նաեւ Ա. Աբեղյանի մի հոդվածը: Դրանից մեկ տարի առաջ նամակ գրելով Նժդեհին, որը նույնպես ծնունդով նախիջեւանցի էր, Ա. Աբեղյանն արտահայտել է ազատագրված հայրենիք վերադառնալու իր իղձը. «անհրաժեշտ է ուժերի համախմբում, սպասենք ու յուսանք, որ մեր սիրելի հայրենիքը, նաեւ մեր բնագաւառ Նախիջեւանը, լաւ օրեր տեսնեն շուտով, եւ մենք արժանանանք նրանց տեսութեան»:

Պատերազմի տարիներին եւ այդուհետեւ Ա. Աբեղյանը կատարում է նաեւ այլ ազգանպաստ գործեր: Նախագահում է 1942 թվականի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված Հայ ազգային խորհուրդը, որի կազմում, ի թիվս այլոց, ընդգրկված էին նաեւ Նժդեհը եւ Դրաստամատ Կանայանը: Խորհուրդի բուն նպատակն էր պայքարելով բոլշեւիկյան լծի եւ ռուսական տիրապետության դեմ՝ վերականգնել Հայաստանի անկախությունը Գերմանիայի օգնությամբ: Այս տենչերով ու գաղափարներով նա հանդես է գալիս հայության առաջ Վիեննայում եւ Բեռլինում:

Հայ ազգային խորհուրդը մեծապես օժանդակել է հայ գերիներին եւ պաշտպանել հայերի ազգային շահերը: Այս մտահոգությամբ Ա. Աբեղյանը կրկին ու կրկին բախում է գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների դռները, անձնազոհաբար անցնում մի քաղաքից մյուսը: Չնայած իր արդեն առաջացած տարիքին եւ առողջական տկարությանը, նա՝ թեթեւացնելու համար հայ գերիների ծանր վիճակը եւ անտեսելով ձմեռային ու պատերազմական դժվարին պայմանները, որդու եւ մեկ օգնականի հետ մեկնում է Վարշավա, անում հնարավորն ու անհնարինը…

Ազգային խորհուրդը կարճ ժամանակ անց վերածվում է կոմիտեի, որը կազմավորում է ազգային վտարանդի կառավարությունը՝ նրա ղեկավար ընտրելով Ա. Աբեղյանին: 1943 թվականի մայիսին, սակայն, Ա. Աբեղյանն ազատվում է Ազգային կոմիտեի նախագահի պաշտոնից եւ մեկնում է Ֆրանսիա, որտեղ միառժամանակ խմբագրում է գերմանական կառավարության ստեղծած Հայ ազգային լեգեոնի համար տպագրվող «Հայաստան» եւ «Լէգէօնական լրատու» շաբաթաթերթերը:

Բեռլինի անկումից հետո Ա. Աբեղյանն անցնում է հարավային Գերմանիա՝ Վյուրտենբերգի Ռոտվայլ, Տուտլինգեն, ապա Շտուտգարդ քաղաքները: Այստեղ էլ նա իր հոգատար ձեռքն է մեկնում բազում հայ տարագիրների, որոնք իր նման ստիպված էին անցնել Գերմանիայի խորքերը: Այս շրջանում էր նաեւ, որ Ա. Աբեղյանի ջանքերով Փարիզ վերադարձվեց Նուպարյան մատենադարանի թալանված գրքերի զգալի մասը (Այս կապակցությամբ տե՛ս Արծվի Բախչինյան, Արտաշես Աբեղյանի նամակներն Արշակ Չոպանյանին, «Բանբեր Երևանի համալսարանի», 1998, թիվ 1, էջ 111-120):

1951-ից մինչեւ մահը Ա. Աբեղյանն ապրում է Մյունխենում, որի համալսարանում եւս հիմնում է հայագիտության ամբիոն եւ դասավանդում է հայոց լեզու (գրաբար եւ աշխարհաբար): Այստեղ էլ նա, ինչպես գրեթե ամենուրեք, ապրում է թե՛ աշխատանքային, ստեղծագործական խանդավառությամբ եւ թե՛ նյութական զրկանքներով, տագնապներով եւ անգամ վտանգներով լի կյանքով:

Գերմանիայում եւս Ա. Աբեղյանը շարունակում է գործել նաեւ իբրեւ հայ հրապարակագիր եւ գրականագետ-բանասեր, թղթակցում է Սփյուռքի գրեթե բոլոր նշանավոր պարբերականներին: Հիշարժան է 1927 թվականին Բոսթոնի «Հայրենիք» ամսագրում լույս տեսած նրա «Ազատ, անկախ եւ միացեալ Հայաստան» հոդվածը:

Գիտնականի կատարած պրպտումների արդյունքը եղան նրա, այսպես կոչված, «Դորպատեան աշխատութիւնները», որոնց զգալի մասը հրատարակվել է մամուլում կամ առանձին գրքերով: Որոշ հայերեն եւ գերմաներեն աշխատություններ տակավին մնում են անտիպ: Հմուտ եւ բանիբուն բանասերը արխիվային նյութերի հիման վրա ներկայացրել է Դորպատի հայ ուսանողությանը, այլեւ Խաչատուր Աբովյանի, Ստեփանոս Նազարյանի, Գեւորգ Դոդոխյանի եւ Քերովբե Պատկանյանի առնչություններն այդ խոշոր կրթօջախի հետ:

Սփյուռքահայ մամուլի էջերում Ա. Աբեղյանը տպագրել է նաեւ մի շարք այլ արժեքավոր հոդվածներ եւ ուսումնասիրություններ: Դրանց թվում է «Միջնադարեան հայ առակագրութիւն» ուսումնասիրությունը՝ 173 առակների ու զրույցների արեւմտահայերեն վերածումներով հանդերձ (1998-ին առանձին գրքով վերահրատարակել է Գրականության և արվեստի թանգարանը՝ այլ նյութերի համեմատությամբ):

Դեռեւս պատերազմից շատ առաջ Ա. Աբեղյանը զբաղվել է Գյոթեի կյանքի եւ գործի ուսումնասիրությամբ: Պատերազմի վերջերին, 1944-1945-ի ձմռանը Բեռլինի օդային ռմբակոծություններից խուսափելով՝ նա հաստատվում է Դեսսաու քաղաքում, որտեղ հնարավորություն է ունենում ըստ ամենայնի ուսումնասիրել գերմանացի մեծ գրողի ստեղծագործությունը եւ կատարել բազում թարգմանություններ: Նախ թարգմանում է նրա նովելները, պատմվածքներն ու հեքիաթները: Հետագայում, նպատակ ունենալով հայ ընթերցողին ներկայացնել Գյոթեի գեղարվեստական երկերի ամբողջական պատկերը, նա Տուտլինգենում եւ Շտուտգարտում թարգմանում է նաեւ մի շարք այլ գործեր: Թարգմանիչը ծրագրել էր հրատարակել Գյոթեի երկերի վեց հատորյակ, սակայն, իր կենդանության օրոք, կարողանում է տպագրել միայն մեկ հատոր (Գրականության եւ արվեստի թանգարանը 1995 թվականին տպագրել է Գյոթեի չորս թատերգությունների նրա թարգմանությունները): Ա. Աբեղյանն իր մեծարժեք թարգմանությունները կատարել է գերմաներեն գիտական-քննական հրատարակություններից՝ գրելով նաեւ համապատասխան ներածականներ ու ծանոթագրություններ: Հիշարժան է 1951 թվականին Կահիրեում լույս է տեսած նրա «Գէօթէ. իր կեանքը եւ իր գործերը» ուսումնասիրությունը:

Հմուտ եւ անխոնջ թարգմանիչն ու բանասերը մինչեւ կյանքի վերջը վայր չդրեց գրիչը: Նա վախճանվեց 1955 թվականի մարտի 13-ին, Մյունխենում: Մի քանի օր անց Կահիրեի «Յուսաբեր» թերթում տպագրվեց հետեւյալ հաղորդագրությունը. «1955 Մարտ 17-ին, անձրեւոտ ու փոթորկոտ տխուր օր մը, Միւնիխի մէջ, օտար հողին յանձնեցինք մեր սիրելիին՝ Արտաշէս Աբեղեանի յոգնատանջ ու հայրենակարօտ մարմինը: Չունէինք բուռ մը հայրենի հողէն՝ իր դագաղին վրայ շաղ տալու համար: Իր տարաբախտ այրին՝ Տիկին Ն. Աբեղեանը՝ տասնամեակներ առաջ Լոռիէն քիչ մը ծաղիկ բերած էր, զոր չորցած վիճակի մէջ կը պահէր: Այդ ծաղիկն է, որ ցանեցին իր դագաղի վրայ, գէթ ատով իր տարագիր հոգին քիչ մը ջերմացնելու համար»:

Հիշենք նաև Ա. Աբեղյանի մասին գրված հետեւյալ տողերը. «Աբեղեան մասամբ կը նմանէր Պօղոս Առաքեալի. ինչպէս որ Առաքեալը, ուր որ երթար քրիստոնէութիւն կը քարոզէր, նոյնպէս Աբեղեան ալ ամէն պարագայի տակ, ամէն ատեն ու ամէնուրեք կ ըլլար դասախօս, ըսէ՝ քարոզիչ հայագիտութեան» («Հայրենիք», Բոսթոն, 1955, մայիսի 18):

Ահա եւ հետեւյալ բնութագիրը՝ ամբողջացնելու համար արժանահիշատակ Արտաշես Աբեղյան մարդու, գիտնականի եւ հայի կերպարը. «Արեւելքցիի իր չարքաշութեան միացուցած էր գերմանական կարգապահութիւնը. Հայու ուշիմութեան եւ թափանցող մտքին միացուցած էր գիտականօրեն պրպտելու, բծախնդրօրէն համադրելու կիրքը: Համեստ, հաճոյակատար, հաւատաւոր» («Արեւելք», Փարիզ, 1955, ապրիլի 17):

ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ԲԳԴ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Վերածննդի 10 հանճարներ» միջազգային նախագիծը

Հաջորդ գրառումը

«Արվեստը խենթություն է». նկարիչ Միքայել Հարությունյան

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը
zzzzzz

«Արվեստը խենթություն է». նկարիչ Միքայել Հարությունյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական