Այն շրջանում, երբ թվում էր, թե Հայաստանում կրքերի բորբոքման բարձրակետն է ու պայթյունն անխուսափելի, ընթացքը սահուն մտավ արձակուրդային փուլ: Առայժմ մեր քաղաքականների մեծ մասը գոնե երեւութապես արձակուրդ է մեկնել, չի լսվում իմպիչմենտ պահանջողների ձայնը, կալանավորված Սամվել Կարապետյանի կողմնակիցները հայտարարել են նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին (փողի շուրջ ստեղծված ԲՀԿ-ի փորձը հերիք չէ՞ր), բայց այդ մասին առայժմ շատ բան հայտնի չէ, ինչպես եւ այն, թե արդյոք ռուսական ազդեցությա՞ն ուժ է լինելու ստեղծվելիքը: Կաթողիկոսին մի պահ իշխանականները հանգիստ են թողել, վերջինը, որ Նիկոլ Փաշինյանին կոչ էր արել չսրել իրավիճակը եկեղեցու եւ Վեհափառի շուրջ` Լեւոն Տեր-Պետրոսյանն էր:
Ամեն ինչից երեւում է, սակայն, որ ներքին կյանքի կրակն ուղղակի մտել է խսիրի տակ եւ չի հանգել, ու կբոցկլտա արդեն սեպտեմբերին, ու այդ ամսին միգուցե այն արագությամբ գործընթացները կզարգանան, որ անպատրաստներին դուրս կթողնեն ամեն ինչից:
Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ տարածաշրջանում հանգիստ չէ, ու հավանաբար մեր ներքաղաքական գործընթացները կրում են տարածաշրջանային վերադասավորումների ազդեցությունը, ու նայած, թե ո՞ր աստիճանի կսրվի իրավիճակը տարածաշրջանում, ի՞նչ կտան-կառնեն հիմնական խաղացողները, որոնք բոլորն էլ իրենց նախընտրություններն ու ազդեցություններն ունեն Հայաստանի քաղաքական քարտեզում, որքան էլ ցավալի, դրանից կախված կլինեն նաեւ աշնանային զարգացումները մեր երկրի ներսում: Առաջին հայացքից միայն կարող է թվալ, որ մեր հատկապես ընդդիմադիր քաղաքական միավորներն այնպես են ընկղմվել իշխանություն ունենալու բիզնես նախագծերի մեջ, այն աստիճանի են հավատում իշխանություն ունենալու իրենց տվածուրիկ իրավունքին, որ քթից այն կողմ բան չեն տեսնում: Բայց խաղատախտակի ֆիգուրների արագորեն վերադասավորումը տարածաշրջանում չտեսնել հնարավոր չէ, աշխարհաքաղաքական գիշատիչների մոտեցող բախումը մեր քթի տակ ու նաեւ մե՛ր ճանապարհի համար չկանխատեսելը ճիշտ չի լինի, Գյումրիի ռազմաբազայի ամենօրյա վերազինումը, իրանական զինուժի կազմ-պատրաստ սպասումը նոր զարգացումներին`անզեն աչքով են երեւում: Ամեն ինչ հուշում է, որ տարածաշրջանային տեղատարափներ են իջնելու գլխներիս: Ե՛վ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումն է այդ համատեքստում, ե՛ւ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների մեծ հետաքրքրությունն ու մրցակցություն Սյունիքով անցնելիք ճանապարհն իրենցով անելու առումով: Այդ ճանապարհի գործելով ողջ տարածաշրջանի ճարտապետությունն է փոխվելու, նայած, թե ո՞վ եւ ի՞նչ պայմաններով մուտք կունենա այդ ճանապարհ, ո՞վ` ինչ նպատակ է ուզում իրագործել: Ադրբեջանական երազանքին`իբր Նախիջեւանի հետ կապվելու, գումարվում է թուրքական երազանքը` Միջին Ասիայի հարուստ տարածաշրջան դուրս գալու այդ կապուղով, ռուսները դա թույլ տալ չեն կարող: Իրանական կողմից անվերջ են հայտարարում` Հայաստանի հետ սահմանին այլ ներկայություն չեն հանդուրժի, արեւմուտքն ու ԱՄՆ-ը իրենց ներկայությամբ են մտադրվել ռուսական եւ իրանական ազդեցությունը չեզոքացնել:
Այն, որ ճանապարհի վերահսկողությունն ամերիկյան ինչ-որ ընկերության արտապատվիրակելու գաղափարն այդպես փշերով ընդունեցին իրանական, ռուսական կողմերը, հայկական կողմից էլ ի վերջո հայտարարեցին (Արման Եղոյան), թե այդ արտապատվիրակմամբ Հայաստանի ինքնիշխանության հանդեպ վտանգ են տեսել, հենց խոսում է այն մասին, որ տարածաշրջանում այդ վերաբերմամբ ուզած որոշում սվիններով ընդունողներ լինելու են, ուզած որոշում շահերի բախման տարբեր ֆիգուրացիաներ է ունենալու, ու անկախ ամեն տեսակի ճնշումներից` այդպիսի որոշումն, իրոք, Հայաստանը միայնակ չի կարող ընդունել:
Այդ իմաստով շատերի զարմանքն էր հարուցել սովորաբար նման հարցերում մեծ ակտիվություն չդրսեվորող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի վերջին այցը Սյունիք եւ այնտեղ Սյունիքի դարպասները բացելու մասին նրա հայտարարությունը: Սովորաբար Սյունիքի դարպասներ բացելու խոսույթն ընկալվում է թշնամու հանդեպ ոչ բավարար պաշտանվածություն ունենալու ենթատեքստով, համենայնդեպս` Նժդեհը ժամանակին Հայաստանի դարպաս Սյունիքն էր պաշտպանում, այնպես որ` այդ արտահայտության մոգությունը, նրա հոգեբանական նշանակությունը Հայաստանի նախագահը չէր կարող չիմանալ: Իսկ եթե իմանալով հանդերձ է օգտագործել, ապա պետք է հասկանալ, թե ի՞նչ էր նշանակում դա եւ ո ՞ւմ էր ուղղված:
Ենթադրվում էր նաեւ այդպիսի արտահայտության տարածաշրջանային արձագանքը, որ նույնպես չուշացավ, հատկապես իրանական պաշտոնյաների մտահոգ եւ վճռական արձագանքների տեսքով: Միգուցե հենց այդ արձագանքների համար է՞ր այդ ձեւակերպումը, լրացուցիչ վահան է՞ր պետք ենթադրվող արտաքին ճնշումների դեմ:
Ինչո՞ւ էր նախագահը հայտնվել Սյունիքում այն ժամանակ, երբ վարչապետ Փաշինյանն արձակուրդում էր, արդյոք նրա գիտությա՞մբ էր նման մտքեր հայտնում, թե՞ այս այցն այլ նշանակություն էլ ուներ` ինչ-որ կողմ Վահագն Խաչատուրյանին եւս ուզում է ֆիգուր դարձնել մոտեցող աշնանն ընդառաջ: Բոլոր դեպքերում Սյունիքի դարպասները բացելու ձեւակերպումը բացասական տպավորություն է թողել, իսկ դրան հաջորդած վարչապետի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանի վերջին գրառում-պարզաբանումը մտածելու տեղիք է տալիս:
Նա կապուղիների վերաբերյալ պաշտոնյաների տեսակետների տարընթերցմանն անդրադառնալով նշել է, որ թեման բազմաթիվ նրբություններ ունի, որոնք ավելի են բարդանում տերմինների հետ զուգորդվելով` լիզինգ, կառուցապատման իրավունք, արտապատվիրակում: Եւ նորից է պնդել, որ չեն քննարկվում կապուղիների տարբերակներ` անհամատեղելի երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության հետ, որոնք չեն կարող արտապատվիրակվում, մինչդեռ երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես-կառավարումը կարող է: Հա՞: Իսկ երբ քաղաքական ճնշումներ բանեցնելու համար ալյուր ներկրող երկաթուղու աշխատանքը դադարեցնում են, հոսանքի եւ գազի ռուբիլնիկներն անջատում են` երկրի իրավազորության, ինքնիշխանության հետ ի՞նչ է կատարվում, այդ մասին Բաղդասարյանի գրառման մեջ ոչինչ չի ասված:
Բոլոր դեպերում տպավորություն է, տարածաշրջանի մեծ խաղացողները պատրաստվում են պատերազմել, պարզ երեւում է, որ Ռուսաստանն ու Իրանը չեն զիջելու Սյունիքով ճանապարհի ո՛չ արտապատվիրակում, ո՛չ այլ ներկայություն, ու չգիտենք, թե ինչ դուրս կգա նրանից, երբ մեր տարածքին մոտիկ բռնկվի բախումների կրակը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ