«Դատաստանի օրը»
2023թ. հոկտեմբերի 7-ին, Իսրայելի վրա «ՀԱՄԱՍ»-ի հարձակումներից մի քանի ժամ անց, աշխարհի մի շարք վերլուծաբաններ ու փորձագետներ հայտարարեցին, որ այդ հարձակումը (հրթիռակոծությունը) Իսրայելի հետախուզության խոշոր ձախողման արդյունքն է: Արվեցին համեմատություններ 50 տարի առաջ տեղի ունեցած ռազմա-քաղաքական իրադարձությունների հետ: 1973 թ. հոկտեմբերի 6-ին Եգիպտոսի ու Սիրիայի զինված ուժերը հարձակվեցին Իսրայելի վրա, եւ սկսվեց այսպես կոչված «Դատաստանի օրը» ռազմական օպերացիան: Այն ժամանակ կարծիք կար, որ Իսրայելի հետախուզությունը տեղեկատվություն ստացել էր հնարավոր հարձակման մասին, սակայն բավականաչափ սթափ վերլուծություն եւ գնահատական չէր տրվել այդ տեղեկատվություններին, ենթադրելով, որ 1967 թ. 6-օրյա պատերազմից հետո (որտեղ հաղթել էր Իսրայելը) ոչ մի արաբական պետություն չի համարձակվի Իսրայելի հետ նոր ռազմական կոնֆլիկտ սկսել:
Վարչապետ Գոլդա Մեիրը, որը ղեկավարում էր Իսրայելի կառավարությունը այդ ժամանակ, չափից դուրս վստահ էր պետության հատուկ ծառայությունների եւ զինված ուժերի հզորության վրա: Իսրայելի հետախուզությունը՝ «Մոսսադը», հենց այդ տարիներին ձեռք էր բերել աշխարհի լավագույն հետախուզություններից մեկի համբավը:
Գոլդա Մեիրը՝ նույն ինքն Գոլդա Մաբովիչը, ծնված 1898 թ. Կիեւում, հրեական աղքատ ընտանիքում, այդ ընտանիքի 8 երեխաներից մեկն էր, ընդ որում 5 երեխաները մահացել էին դեռ մանուկ հասակում, կենդանի էին մնացել միայն Գոլդան եւ 2 քույրերը: Գոլդան իր երիտասարդ տարիների որոշ ժամանակահատված ապրել է ԱՄՆ-ում, 1920 թ. ժամանել է Պաղեստին, եղել է սիոնիստական կազմակերպությունների ֆունկցիոներ, այնուհետեւ, Իսրայելի կառավարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 1969-1974 թթ. եղել է երկրի վարչապետը:
Եվ այսպես, 1973 թ. հոկտեմբերի 5-ին, առավոտ կանուխ, երբ Իսրայելի հրեա ժողովուրդը «Ահեղ դատաստանի» (йом-кипур) նախօրեն պատրաստվում էր տարեկան ծոմին, կառավարությանը հայտնի է դառնում, որ Եգիպտոսի զինված ուժերը Սուեզի ջրանցքի իրենց մասում մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա են կուտակում: Արդեն հոկտեմբերի 6-ին «Մոսսադը» տեղեկատվություն է ստանում, որ նույն օրվա մայրամուտին եգիպտա-սիրիական զորքերը կսկսեն հարձակումը: Մոբիլիզացիայի համար շատ քիչ ժամանակ էր մնում, եւ Գլխավոր շտաբի պետ Դավիթ Էլազարը առաջարկեց կանխարգելիչ օդային հարվածներ հասցնել հակառակորդի ռազմական կուտակումներին, սակայն առաջարկը մերժվեց պաշտպանության նախարարի եւ Գոլդա Մեիրի կողմից: Միեւնույն ժամանակ հրաման տրվեց ընդհանուր մոբիլիզացիայի եւ երեխաներին Սիրիայի սահմանակից տարածքից՝ կիբուցիներից տարհանելու վերաբերյալ:
Հարձակումը սկսվեց եւ շարունակվեց մինչեւ հոկտեմբերի 15-ը: Իսրայելական օդային ուժերը մեծ կորուստներ կրեցին խորհրդային «Կուբ» հրթիռային համալիրներից, որոնք ԽՍՀՄ-ի զինված ուժերը տրամադրել էին արաբական աշխարհին: Իհարկե, իրենց մատակարարումներով պատերազմին արդեն խառնվել էին ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը համապատասխանաբար սատարելով իրենց դաշնակիցներին: Պաշտպանական ստրատեգիայում համաձայնության չէին գալիս Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Դայանը եւ Գլխավոր շտաբի պետ Էլազարը: Հոկտեմբերի 13-ին Սինաիի թերակղզում եգիպտացիները նոր հարձակում սկսեցին: Երկուստեք կորուստներ կրեցին, իսկ արդեն հոկտեմբերի 15-ին իսրայելական ուժերը հարձակում սկսեցին Կահիրեի վրա:
Զինադադարը կնքվեց հոկտեմբերի 22-ին, որը շատ արագ էլ խախտվեց եւ նոր զինադադարը կնքվեց հոկտեմբերի 25-ին: Իսրայելը վերադարձրեց իր նոր գրաված բոլոր տարածքները, նույնիսկ հասցրել էր խորանալ Սիրիայի եւ Եգիպտոսի տարածքներում, բայց կորցրել էր ավելի քան 2500 զինվորական եւ գերեվարվել էին մի քանի տասնյակ հրեա ռազմագերիներ:
Սակայն, այս ամենը անհետեւանք չմնաց: Երկրում ծանր սոցիալական ու ներքաղաքական իրավիճակ ստեղծվեց: Մեղադրում էին «Մոսսադին» եւ ռազմական հետախուզությանը, ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ հիմնականում պաշտպանության նախարարությանը եւ Դայանին: Վերջինս մեղադրում էր Գլխավոր շտաբին: Քաղաքական մանեւրումները խիստ ազդեցին վարչապետ Մեիրի առողջության վրա: Շարունակվում էին բանակցությունները Եգիպտոսի հետ Սինաիի թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակի համար: Ամերիկյան կողմից «մաքոքային միջնորդ էր» հանդիսանում ոչ անհայտ պետքարտուղար Հենրի Քիսինջերը:
Ի վերջո ստորագրվեց ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ կրակի դադարեցման, եւ Իսրայելի անվտանգության երաշխավորը դարձավ ԱՄՆ-ը:
Ինչեւէ, 1974 թ. ապրիլի 11-ին Գոլդա Մեիրը հրաժարական տվեց, իսկ հետագայում հրաժարվեց նաեւ պատգամավորի մանդատից:
Վերադառնանք հոդվածի գլխավոր թեմային՝ «ՀԱՄԱՍ»-ին եւ «Մոսսադին»: «ՀԱՄԱՍ»-ը թարգմանվում է որպես արաբական անվանման հապավում «Harakat al-Muqawamat al-Islamiyyah» (Իսլամական Դիմադրության շարժում): Սակայն ինքը բառը «Հեմաս» արաբերեն թարգմանվում է որպես ոգեշնչում, ոգեւորություն (inspiration, enthusiasm): Շարժումը ստեղծվել է 1987 թ. դեկտեմբերին, անմիջապես առաջին պաղեստինյան ինթիֆադայից հետո (ինթիֆադա – արաբերեն՝ ապստամբություն), եգիպտական «Մուսուլման եղբայրներ» (արաբերեն՝ Akhwan Mouslimin) եւ «Պաղեստինյան իսլամական ջիհադ» (Գազայի հատվածում) կազմակերպությունների հիմքերի վրա: Շարժման հոգեւոր ղեկավար դարձավ շեյխ Ահմեդ Յասինը: «ՀԱՄԱՍ»-ը աստիճանաբար ավելի ու ավելի հանրաճանաչ էր դառնում արաբական աշխարհում եւ ուժեղացնում Պաղեստինում ռադիկալ իսլամական տրամադրությունները: Որքան որ Պաղեստինի Ազատագրման Կազմակերպությունը Յասիր Արաֆաթի գլխավորությամբ փորձում էր խուսափել Իսրայելի հետ ռազմական առճակատումից, այնքան «ՀԱՄԱՍ»-ը ավելի ակտիվացնում էր իր ահաբեկչական գործունեությունը:
Իսրայելական հատուկ ծառայությունները միշտ պնդել են, որ «ՀԱՄԱՍ»-ը պատերազմում է ահաբեկչական մեթոդներով, հաճախ օգտագործելով մահապարտներին: Վերոհիշյալ Ահմեդ Յասինը հայտարարեց «Յուրաքանչյուր հրեայի կարելի է համարել զինվորական վերաբնակիչ – եւ մեր պարտականությունն է սպանել նրան»: «Ամբողջ Պաղեստինի ազատագրումը ծովից մինչեւ Հորդանան – մեր ռազմավարական նպատակն է, եւ չկա ավելի սուրբ ու կարեւոր նպատակ»:
Եվ այսպես 2023թ. հոկտեմբերի 7-ին, վաղ առավոտյան Իսրայելում նշվում էր «Սիմխատ Թորա» տոնակատարությունը – Սուրբ գրքի տոնը: «ՀԱՄԱՍ»-ը սկսեց «Ալ-Աքսա ջրհեղեղը» ռազմական օպերացիան: Նշեմ, որ «Ալ-Աքսան» Երուսաղեմում գտնվող մզկիթն է, որը համարվում է մահմեդական կրոնի 3-րդ կարեւորագույն սրբավայրը, Մեքքայի ալ-Խաբամ եւ Մեդինայի Մուհամմեդ Մարգարեի մզկիթներից հետո: Գազայի հատվածից Իսրայելի վրա արձակվեցին 5000 հրթիռեր: 2500-ից ավել «ՀԱՄԱՍ»-ի մարտիկներ ներխուժեցին Իսրայելի տարածք: Մասսայական սպանությունները, վայրագությունը, թալանը, ավերածությունները, որոնք տեղի ունեցան Իսրայելում ըստ փորձագետների «Հոլոքոսթից» հետո երկրորդն էր իր մասշտաբներով:
Ի պատասխան Իսրայելում հայտարարվեց արտակարգ դրություն, այնուհետեւ ռազմական դրություն, 4 օր հետո կազմավորվեց արտակարգ դրության կառավարություն (ընդդիմության եւ իշխող կոալիցիայի կողմից): Իսրայելի պաշտպանության բանակը Ցահալը հայտարարեց հակաահաբեկչական օպերացիայի սկիզբը՝ պետության սահմանակից շրջանները ահաբեկիչներից ազատագրելու նպատակով: Օպերացիան անվանվեց «Երկաթյա սրեր»:
Հայտարարվեց պահեստազորի հավաք, 48 ժամվա ընթացքում մոբիլիզացվեց 300.000 պահեստազորային: Գործի դրվեցին ծանր հրետանին, ավիացիան, անօդաչու թռչող սարքերը….
Հոկտեմբերի 10-ի դրությամբ ազատագրվեցին «ՀԱՄԱՍ»-ի կողմից գրավված Իսրայելական տարածքները եւ հսկողության տակ վերցվեց Գազայի հետ սահմանը: Ըստ որոշ տվյալների, սպանվել են մի քանի հազար իսրայելցիներ եւ «ՀԱՄԱՍ»-ի մարտիկներ:
Հոկտեմբերի 17-ին «Ցահալի» գլխավոր շտաբի հրամանատար Հերցի Հա-Լեվին հայտարարեց. «Մենք չկարողացանք կատարել մեր պարտականությունները: Մենք կպարզենք, ինչու այդպես եղավ: Բայց հիմա պատերազմելու ժամն է»:
Երկրի ընդհանուր անվտանգության՝ «Շաբակի» պետը՝ Ռոնեն Բարը, նույնպես ընդունեց (նույն օրը) իր կազմակերպության թերի աշխատանքը: Նրանցից անմիջապես հետո իր «մեղայականով» հանդես եկավ ռազմական Հետախուզության «Աման»-ի պետը՝ Աարոն Հալիֆը: «Ես անձամբ պատասխանատու եմ ռազմական հետախուզության աշխատանքի ձախողման համար», ասաց նա:
Իսկ որտե՞ղ էր նշանավոր «Մոսսադը», որը հայտնի է իր modus operandi -ով (modus operandi – լատ. գործելակերպ) եւ գործում է «Խորամանկությամբ եւ խաբեությամբ վարի քո պատերազմը» (Սողոմոնի առակներից է վերցված):
«Մոսսադի» մասին ես առիթ ունեցել եմ գրել: Ընթերցողիս հիշեցնեմ 2021թ. «Ազգ»ում իմ հոդվածները «Իսրայելի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը» (2021 թ. N 42, 42): Հոդվածներումս նշել եմ, որ «Մոսսադի» բարձրաստիճան ղեկավարներից մեկը՝ Ուզի Արադը, այցելել է Ադրբեջան եւ հայտարարել, որ «Բաքվի անվտանգությունը մեզ համար նույնքան կարեւոր է, որքան Թել Ավիվինը»: Մեկնաբանությունները ավելորդ են, բոլորին հայտնի է, որ «Մոսսադը» եւ ադրբեջանական արտաքին հետախուզությունը ակտիվ համագործակցվում են տարածաշրջանային խնդիրներով: Թիրախներն են համապատասխանաբար՝ Արցախը, Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը:
«Մոսսադը»-ի գործակալական ցանցի անդամները ամբողջ աշխարհում մի տասնյակ հազարից ավելի է: Բացի գործակալական ցանցից, կա վստահելի անձանց մի «մեծ բանակ», հիմնականում հրեական արտասահմանյան համայնքներում: Նրանց առջեւ պարզ խնդիրներ են դրված՝ օգնել գործակալներին եւ կադրային օպերաշխատակիցներին: Օրինակ՝ ապահովել նրանց համար վարձով բնակարաններ, մեքենա տրամադրել, բջջային հեռախոսներ փոխանցել, եւ պարտադիր չէ, որ վստահելին իմանա բուն օպերացիայի նպատակը:
Գործակալական ցանցում կարեւոր տեղ են զբաղեցնում «ոչ լեգալ» ռեզիդենտները, որոնք ունեն գործունեության եւ ծածկի «ուժեղ առասպելներ»: Նրանցից ոմանց հաջողվում է շատ խորը թափանցել «թիրախ երկրի» կարեւոր կառույցներ: Բացահայտման դեպքում դա իսկական միջազգային մասշտաբի սենսացիա է դառնում: Օրինակ՝ «Մոսսադ»-ի հետախույզ Էլի Կոհենին հաջողվեց շատ բարձր դիրք զբաղեցնել Սիրիայի պաշտպանության նախարարությունում (1960-ականներին) եւ նույնիսկ համարվում էր Սիրիայի նախագահի թեկնածու (այդ մասին նույնիսկ գեղարվեստական ֆիլմ կա): Կոհենը բացահայտվեց եւ մահապատժի ենթարկվեց Սիրիայում, սակայն շնորհիվ նրա փոխանցած տեղեկությունների՝ Իսրայելը հաղթեց 6-օրյա պատերազմում եւ գրավեց Գոլանի բարձունքները: Տասնյակ տարիների ընթացքում «Մոսսադ»-ի մարտիկ-հետախույզները աշխարհի տարբեր ծայրերում հայտնաբերում էին Իսրայել պետության թշնամիներին եւ ֆիզիկապես ոչնչացնում նրանց: Այդ ցուցակում էր Ադոլֆ Էյխմանը (ֆաշիստական Գերմանիայի հանցագործ, որը փախուստ էր տվել ու թաքնվել Արգենտինայում), Իսրայելի օլիմպիական թիմին գնդակահարող ահաբեկիչները Մյունխենում (1972թ.) Պաղեստինյան կազմակերպությունների ղեկավարներն ու ահաբեկիչները, Իրանի միջուկային ֆիզիկոսները եւ այլն, եւ այլն:
Ամենակարեւորը՝ ինչ են ուսուցանում «Մոսսադ»-ի հետախույզները: Որպես հետախույզ նա չի կարող մտածել էթիկայի եւ բարոյականության տեսանկյունից: Ատրճանակը հանելիս պետք է մտածել միայն «թիրախը» լիկվիդացնելու մասին, լինել եսասեր, մտածել Հայրենիքի անվտանգության մասին:
Եվ իրոք, ի՞նչ կարող է հակադրել 10 միլիոնանոց (կամ մի քիչ ավել) Իսրայելը կես միլիարդից ավել ոչ բարեկամ մահմեդականներին:
Խորամանկություն եւ անողոքություն
2000-ական թվականներին «Մոսսադ»-ը իր հիմնական ուժերը կենտրոնացրեց տարածաշրջանի իր երկու հիմնական ախոյանների դեմ՝ Իրանի եւ Պաղեստինի:
«Մոսսադ»-ի շենքի ներսում պատերին գրված են մի քանի հարյուր աշխատակիցների անուններ, որոնք ծառայել եւ զոհվել են հետախուզական համագործակցությանը («Մոսսադ», «Աման», «Շին-Բեթ») ծառայողական պարտականություններ կատարելիս: Առաջին գործակալը եղել է Հակոբ Բոկայը, որը սպանվել է 1949թ. Հորդանանում:
Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Իսրայելը որպես պետություն կազմավորվել է շնորհիվ հատուկ ծառայությունների եւ գաղտնի զինված ջոկատների: Եվ այդ պետության շատ ղեկավարներ նախկինում ղեկավարել են հատուկ ծառայությունները:
Շաբաթվա ընթացքում, հատուկ ծառայությունների ղեկավարները ամենօրյա զեկույցով ներկայանում են վարչապետին: Նման պետությանը հաղթելը շատ դժվար է:
Եվ այսպես՝ «Մոսսադ»-ը տեղեկություն չուներ «ՀԱՄԱՍ»-ի 2023թ. հոկտեմբերի 7-ի հարձակման վերաբերյալ:
Խոսվում է, իբր «ՀԱՄԱՍ»-ը իր հարձակման ծրագիրը մշակելիս օգտվել է Գազայի տակ գտնվող թունելների ցանցում գործող գաղտնի մալուխային հեռախոսներից, որոնք չի հաջողվել գաղտնալսել: Առնվազն ծիծաղելի է, որ PEGASUS ծրագիրը մշակող «Մոսսադը» չի հսկել այդ մալուխները: ( PEGASUS – ի միջոցով կարելի է գաղտնալսել մոլորակի կեսը):
Երկրորդ վարկած՝ տեղեկատվություն ուներ, բայց լուրջ չի մոտեցել դրան, կամ լուրջ չեն մոտեցել զեկույցը կարդացողները:
Երրորդ վարկած՝ պետք էր թույլ տալ հարձակումը, որպեսզի պատերազմ սկսվեր: Քիչ հավանական վարկած, բայց «ապրելու» իրավունք ունի: Սակայն, ինչո՞ւ այդքան զոհերի գնով, իսկ հայտնի՞ էր արդյոք, որ «ՀԱՄԱՍ»-ը այդքան հրթիռներ ունի պահեստավորված, որտե՞ղ էին դրանք պահվում: Ամեն դեպքում «Մոսսադ»-ի տարած հաղթանակների վերաբերյալ նախկին PR-ը մթագնում է:
Վերջացնելով հոդվածս ուզում եմ նշել, որ «Շաբակի» եւ «Մոսսադ»-ի ղեկավարները, համատեղ հրամանով ստեղծել են հատուկ կենտրոն, որը զբաղվելու է «ՀԱՄԱՍ»-ի հրամանատարների ֆիզիկական լիկվիդացիայով: Կենտրոնին անուն է տրվել – «Նիլի» հապավումը (ի պատիվ հրեական կազմակերպության՝ հիմնադրված Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ): Հապավումը թարգմանվում է հետեւյալ կերպ. «Իսրայելը հավերժ չի ստելու»:
Շատ վերլուծաբաններ ու փորձագետներ հայտարարում են, որ երրորդ համաշխարհային պատերազմը արդեն սկսվել է: Իսկապես հիմքեր կան այդպես մտածելու:
Մի բան ակնհայտ է. հատուկ ծառայությունների համար տարբերություն չկա, պատերազմը սկսվել է թե՞ վերջացել է: Նրանք մշտապես պետք է աշխատեն ռազմական դրության կարգավիճակում:
Որոշակի լուրեր են պտտվում, որ Ուկրաինայում գլխավոր հետախուզության վարչությունից զատ ստեղծվել է «Մոսսադ»-ի նախատիպը, եւ արդեն ֆիզիկապես ոչնչացրել է ռուս բլոգեր Վլադլեն Թաթարսկիին, լրագրող Դարիա Դուգինային եւ «Կրասնոդար» ռուսական սուզանավի հրամանատար, կապիտան Ստանիսլավ Ռժիցկիին:
Մի բան էլ նշեմ ընթերցողիս համար: Հատուկ ծառայությունների, հատկապես հետախուզության աշխատանքը արդյունքներ չի տա, եթե տվյալ երկիրը չունենա հնարավորինս շատ դաշնակիցներ ու գործընկերներ, որոնց հետ համատեղ հետաքրքրությունների դաշտ պետք է ստեղծվի եւ պահպանվի մշտապես:
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Գաղտնի ծառայությունների աշխարհից