Դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովն իր համերգն ավարտեց հարցական նշանով
ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Լյուբիմովին բնութագրում են՝ որպես այսօրվա առավել գունեղ եւ յուրատիպ երաժշտի: Նրա կատարողական արվեստին հայ հանդիսականը ծանոթ է եղել դեռ նախորդ դարի վերջին տասնամյակներից, երբ հանդես է եկել Խորհրդային երկրի բոլոր ծայրերում, նաեւ՝ Հայաստանի քաղաքներում: Հասակավոր երաժիշտները լավ են հիշում Լյուբիմովի նվագից ստացած իրենց վառ տպավորությունները: Ինքը՝ Հայաստանի եւ հայ արվեստի մասին գրել է. «Հայաստանը հիմնվում է իր անզուգական ավանդույթների վրա, որոնք այսօր ապրում եւ սնում են ժամանակակից մշակույթը: Ես շատ եմ սիրում ոչ միայն հայկական երաժշտությունը, այլեւ հայկական գեղանկարչությունը: Եվ, առհասարակ, հայկական մշակույթը: Էլ չեմ ասում հայ գրականության մասին»: Մի առիթով նա ասել է, որ վաղուց արդեն թե՛ Հայաստանը եւ թե՛ հայ ժողովուրդն իր համար շատ հարազատ են, եւ որ ինքը հիացած է Հայաստանում ապրող այն մարդկանցով, ովքեր, չնայած տեղի հաճախ ոչ բարենպաստ պայմաններին, դժվարություններին եւ հակամարտություններին, ոչ միայն շարունակում են իրենց գործունեությունը, այլեւ օրինակ են ծառայում մյուսներին, թե ինչպես կարելի է ապրել եւ ստեղծագործել այն ժամանակ, երբ ամեն ինչ ավերվում է. «Հենց այդ մարդկանց շնոհիվ է, որ այսօր հայկական մշակույթը նոր ընթացքի մեջ է, որին անպայման հետեւելու է մեծ զարգացում»:
Եվ ահա դարձյալ հարուստ համերգային ծրագրով հանրաճանաչ երաժիշտն Առնո Բաբաջանյան համերգասրահի բեմին էր: 79-ամյա դաշնակարը նվագեց շուրջ երկուսուկես ժամ, նվագեց առանց նոտաների տետրի, անգիր, առանց հոգնության դույզն-ինչ նշույլի, իր ընտրած հեղինակների արվեստի խորին զգացողությամբ: Նվագեց նույն, գուցե թե՝ առավել ջանքով, քան տարիներ առաջ էր, առանց ձանձրույթի, հավելելով ծրագից դուրս մի քանի գործեր, ինչպես հանդես է եկել Հելսինկիի, Իսրայելի, Լոս Անջելեսի, Մյունխենի եւ Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային նվագախմբերի, Ռադիո Ֆրանսի, Թորոնթոյի սիմֆոնիկ եւ Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Դասական եւ ռոմանտիկ երկացանկով ականավոր երաժիշտը բեմել է աշխարհի ամենահայտնի հարթակներում՝ համագործակցելով հանրաճանաչ դիրիժորների՝ Աշկենազիի, Յարվիի, Կոնդրաշինի, Հոգվուդի, Մաքերասի, Նագանոյի, Նորինգթոնի, Պլետնեւի, Սարաստեի, Սալոնենի, Յանովսկիի եւ Տորտելիեի հետ, ելույթներ ունենալով Լուսավորության դարի նվագախմբի, Վիեննայի ակադեմիայի եւ Գենտի Կոլեգիա վոկալ խմբերի հետ եւ այլն:
Իր գերադասած դասական եւ ռոմատիկ լայն երկացանկից երեւանյան համերգի համար Ալ. Լյուբիմովն ընտրել էր Վ. Ա. Մոցարտի, Յ. Բրամսի, Ֆ. Շոպենի, Ֆ. Շուբերտի, Իգոր Ստրավինկու, Ա. Պյարտի, Վալենտին Սիլվեստրովի ստեղծագործությունները: Շոպենյան՝ «սրտից դեպի սիրտ» հոսող մեղեդայնությունից մինչեւ շումանյան հուզական լիրիզմ, բրամսյան դաշնամուրային պիեսների ռոմանտիկ հոսքից մինչեւ Ստրավինսկու՝ ռուսական ոգու երաժշտական ճշգրիտ թարգմանությամբ սերենադի պոետիկա, Ա. Պյարտի սիրո եւ կորստի պատումների կրքից մինչեւ Սիլվեստրովի մտակենտրոնացումների՝ մեդիտացիաների հանդարտությունը,- այս ամենը կար այս համերգին՝ իհարկե, գումարած կոմիտասյան յոթը երգերի հարազատ գրավչությունը:
Համերգի ավարտին, հանդիսականի չդադարող ծափողջյունների եւ գովեստի ձայնարկությունների դրդմամբ, ռուս դաշնակահարը կատարեց ուկրաինացի կոմպոզիտոր Վ. Սիլվեստրովի եւս մի ստեղծագործություն: Այն, Ալեքսեյ Լյուբիմովի բնորոշմամբ, վերջանում է հարցականով, ու թերեւս սա բեմից հնչած միակ հուշումն էր, որ խոսում էր արվեստագետ քաղաքացու՝ մեր օրերի իրադարձությունների վերաբերյալ անձնական խռովքի մասին: Մնացյալը երաժշտության մեջ էր:
Սուսաննա Բուդաղյանի անդրանիկ անհատական ցուցահանդեսը
Նկարչուհի Սուսաննա Բուդաղյանի նկարչությունը հասկանալու համար պետք է սկսել այն արմատներից, որից աճում է իր կյանքի ծառը, որտեղ արմատներ են ձգել իր պատկերած լեռները, որոնք իր գրաֆիկական թերթերին հայոց տառերի շարվածքներով ստեղծարար կյանքի հավերժական անիվն են կազմում, դեպի արեգակնաձեւ գնդեր են ցայտում… Հայաստանի Նկարիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում ներկայացված գրաֆիկական պատկերների մի մասը Սուսաննայի երեւակայության արդյունքներ են՝ մանկական լեզվի պարզությամբ արված. շուրջ տասնհինգ տարի է՝ հիմնել եւ դասավանդում է «Դեկարտ» մանկապատանեկան մշակութային կենտրոնը, եւ ոնց խոստովանում է, ուսուցանելու ընթացքում ոչ միայն հմտություններ է հաղորդում մանկահասակ երեխաներին, այլ միաժամանակ ազդվում է նրանց պարզությունից եւ անկեղծությունից: Այստեղից էլ՝ պարզունակ նկարելաձեւի արձագանքներն ու արտահայտման «լեզվի» յուրատիպությունն իր նկարչությունում: Բայց դա չէ՛ միայն իր արվեստը. հատկապես կանգ եմ առնում նկարչուհու նատյուրմորտների առջեւ. կայացած մասնագետի ձեռքով արված գործեր, որոնք խոսում են իր հասունության, ճաշակի, նկարչական ունակությունների եւ ակադեմիական կրթության մասին (Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտն է): Իր լեզուն տարբերվող է, եւ բարակ թերթերի վրա արված գունագծային պատկերները, որ, թվում է, կպատռվեն սովորական հպումից, նուրբ կնոջական աշխարհի մասին են խոսում, նաեւ այն մասին, որ հայրենիքի հանդեպ իր սիրո ու նվիրվածության զգացումը չի հանդուրժում նկուն տրամադրություն, հուսահատություն եւ պարտություն… Նրա հորենական արմատները գնում են դեպի Արցախ, մայրականը՝ դեպի Շամախի… Եվ սրանով արդեն շատ բան է ասված…
Համերգ՝ ի հիշատակ կոմպոզիտորներ Հրաչյա Մելիքյանի եւ Ռուբեն Սարգսյանի
Օրերս մեկնարկեց Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնը, որի շրջանակներում կայացած առաջին համերգը նվիրված էր հայ անվանի կոմպոզիտորներ Հրաչյա Մելիքյանի եւ Ռուբեն Սարգսյանի հիշատակին: Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հուշ-համերգին մենակատարումներով հանդես եկան դաշնակահարներ Սեդրակ Երկանյանը եւ Թերեզա Ոսկանյանը, ջութակահարներ Քրիստինե Չթչյանը եւ Դավիթ Հակոբյանը, թավջութակահարներ Հենրի Երկանյանը եւ Տիմուր Խաբիբին, ֆլեյտահար Հայկուհի Հակոբյանը, ալտահար Լիլիթ Վարդանյանը, երգչուհի Գալինա Ցոլակյանը:
«Աբսուրդի վերջը կամ օտար արյուն» օպերայի, «Ամբոխները խելագարված», «Ձոն սիրուն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների, ջութակի, թավջութակի եւ նվագախմբի կոնցերտների, փողային եւ լարային կվարտետների, կվինտետների, տարբեր նվագարանների համար տրիոների, սոնատների հեղինակ Հրաչյա Մելիքյանի ստեղծագործական ժառանգությունից համերգային երեկոյին կատարվեցին 8 պիեսներ՝ «Հեքիաթների աշխարհում» դաշնամուրային շարքից, 3 պիես՝ թավջութակի եւ դաշնամուրի համար, ինչպես նաեւ դաշնամուրային տրիոն, որ հեղինակն ընծայել է Առնո Բաբաջանյանի հիշատակին:
Համերգի մեկնարկին Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, խոսելով երկու կոմպոզիտորների ստեղծագործության մասին, առավել կարեւորեց նրանց մարդկային նկարագիրը, հիշեց նաեւ Ա. Բաբաջանյանի եւ Հր. Մելիքյանի մտերմությունը: Պատահաբա՞ր էր, թե՞ ոչ, հենց Բաբաջանյանին նվիրումն էր ընդգրկված համերգային ծրագրում. դրամատիկ շեշտադրությամբ, ժամանակակից երաժշտական աբստրահարմամբ կառուցված երկը կատարեցին Թերեզա Ոսկանյանը, Դավիթ Հակոբյանը եւ Տիմուր Խաբիբին:
8 պիեսների մենակատարմանն իր կատարողական արվեստով հանդիսականին հուզեց, հմայեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը: Մաեստրոյի նվագի ոգեշնչվածությունը, ներքին զուսպ, բայց նկատելի ապրումի անկեղծությունը, հեղինակային ձեռագրին հավատարիմ մնալով՝ սեփական մեկնության նրբազգացողությունը, հուզական-դրամատիկ շեշտադրումների ճշգրտությունն ու արտիստականությունը հուշեցին-առաջնորդեցին ունկնդրին դեպի Հ. Մելիքյանի ստեղծագործության անբռնազբոս ծավալումները: Բնույթով՝ քնարադրամատիկական, կատարման համար բարդ դաշնամուրային այս պիեսները ձեւի մեջ ազատ էին եւ մեկնաբանության լայն տարածք էին պարունակում կատարողի համար: Մաեստրոյի նվագի հուզական հագեցվածությունն օգնեց ունկնդրին ընկալելու Հ. Մելիքյանի գործերի երբեմնակի տարականոնությունը: Դաշնամուրային պոեմներն ունեն բնաբաններ՝ բանաստեղծական տողեր՝ առնված համաշխարհային պոեզիայի նմուշներից, եւ դաշնակահարը հարկ համարեց դրանք յուրաքանչյուր պոեմից առաջ ընթերցել՝ ասես տալով կոմպոզիտորի մտահղացումների խորքն ու տվայտանքը, հույզն ու հրճվանքն ըմբռնելու «բանալիները»: Իսկ բանաստեղծական տողերն այն մասին էին, թե ոնց են ձայնի հունչեր կազմվում լուսնի լույսի եւ մանուշակի հոգոցից, ինչպես է ծաղիկներից թախիծ ծորում, նաեւ՝ դայակի պատմած հեքիաթների, հոգիների թափառման, ստվերախաղերի, քնարի լարերի փոթորկումների, հովվի հառաչի, անձրեւների եւ հեղեղումների մասին: Բանաստեղծության մեղեդիական վերաձեւակերպումների դաշնամուրային կատարումների բարձր որակը, հուզական խորաթափանցությունը Ս. Երկանյանի գեղագիտական փորձառության եւ ներքին կուլտուրայի խաչաձեւման արդյունք էին: Ինչպես միշտ, «Տաղարանի» գեղարվեստական ղեկավարի եւ դիրիժորի բեմելույթները սպասված էին եւ խորապես տպավորիչ: Դրանց կողքին գեղարվեստորեն բարձրաոճ հնչեց երիտասարդ թավջութակար Հենրի Երկանյանի նվագը՝ ներհուն, ոգեշունչ, հասուն: Նա թավջութակի եւ դաշնամուրի համար երեք պիեսները նվագեց հեղինակի հույզերին համահունչ:
Ապրիլին լրացել է տասը տարին, ինչ կյանքից հեռացել է կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը, եւ սա առիթ էր քանիցս հիշատակելու նրա անունը, երբ կատարվում էին իր «Ներսես Շնորհալի» պոեմը, «Սիրո մասին» երեք ռոմանսները, 2 սոնատը եւ լարային կվարտետը, որ ժամանակին հեղինակը նվիրել է Էդվարդ Միրզոյանին:
Ռուբեն Սարգսյանը սրանից դեռեւս 45 տարի առաջ դարձել է «Տարվա լավագույն ստեղծագործություն» հանրապետական մրցանակի դափնեկիր, 1993-ին ճանաչվել լավագույնը՝ սիմֆոնիկ երաժշտության հայկական կենտրոնի կողմից անցկացվող մրցույթին:
Բարձրագույն պարգեւին՝ ՀՀ պետական մրցանակին արժանացել է 2007-ին: «Ժամանակակից հայ երաժշտության պատմության մեջ նա կգրավի իր արժանի տեղը՝ որպես նոր երաժշտության ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկը,- Ռ. Սարգսյանի մահվան առիթով գրել է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը:- Դեռեւս ուսանողական տարիներին աչքի ընկնելով սիմֆոնիկ նվագախմբի համար գրած «Կոնցերտով»՝ Ռուբենն իր հաստատուն ու մնայուն տեղը գրավեց եւ, ավելի քան 40 տարի վարելով կոմպոզիտորի անխոնջ ու դժվարին իր ամենօրյա աշխատանքը, միշտ մնաց իսկական ստեղծագործողի եւ մտավորականի առաջին շարքերում, պատնեշի վրա: Ստեղծագործեց բազմաթիվ ժանրերում. ռոք-բալետից մինչեւ սիմֆոնիաներ եւ կոնցերտներ, նվագախմբային, անսամբլային, գործիքային բազմապիսի ստեղծագործություններ՝ չմոռանալով նաեւ մանուկներին:
2007 թ.՝ «Այն, ինչ մնաց», «Տէր Զոր վերապրածի խոստովանանքը», «Ի շրջանս յուր» եւ «Պատարագ ուրվականի համար» ստեղծագործությունների համար Ռ. Սարգսյանը արժանացավ ՀՀ պետական մրցանակի: Պրոֆեսոր Ռուբեն Սարգսյանը Հայաստանի Կոմպոզիտորների միության անդամ էր 1973 թ.-ից, միաժամանակ Հայկական Երաժշտական Համաժողովի հիմնադիր անդամը (1994 թ.): Իրավ մտավորական, ազնվագույն ու պարկեշտ քաղաքացու տիպար էր: Նրա ստեղծագործությունները, որպես իր կյանքի եւ ժամանակի հավաստի վկայություններ, խորապես ապրված գեղարվեստական իրականություն եւ արժեք, կդառնան ապագա սերունդների համար կյանքի եւ ստեղծագործության թանկագին ուղեցույց, որպես երաժշտական արվեստին անմնացորդ նվիրումի փայլուն հուշարձան»:
Ռ. Սարգսյանի՝ համերգին հնչած գործերում, որքան էլ բարդ-փորձարարական լինեին, շոշափելիորեն տեղ էին գտել հայկական մոտիվները: Առանձնակի տպավորիչ էր Ս. Երկանյանի եւ Հայկուհի Հակոբյանի կատարմամբ «Ներսես Շնորհալի» պոեմը, իմ տպավորությամբ՝ երաժշտական մի կոթող, որում դաշնամուրի, ֆլեյտայի եւ մարդկային ձայնի միախառնվող հունչերն աղոթք էին դառնում, գովաբանություն, երախտիքի խոսք, բարեխոսության հայց. «Առաւօտ լուսոյ, Արեգակն արդար, Առ իս լոյս ծագեա: Բըղխումն ի Հօրէ, Բըղխեա ի հոգւոյս, Բան քեզ ի հաճոյս…»:
Բլուլ, ուդ, սանթուր… եւ սաքսոֆոն՝ Լյուսի Խանյանի ջազ համերգին
Ո՛չ սովորական ջազ, այլ անսովոր կոմպոզիցիոն կառույցով զրույցներ, մտորումներ, խենթություն, տեսիլք, էքսպրեսիա, փորձարարություն, հանպատրաստից համերգին ազատորեն մուտք արվող դետալներ եւ նվագաբաժիններ, ժողովրդական նվագարանների ներդաշնակում ջազային նվագներին, գործիքավորման յուրատիպություն, որտեղ, ասենք սաքսոֆոնն ու բլուլը հավասար երկխոսում են, ուդը, քանոնը, սանթուրը գույն առ գույն, երանգ առ երանգ հարստացնում են ջազային երաժշտական «պաննոյի» համապատկերը, իմպրովիզացիաների հավելումը նոր երանգներ է հաղորդում, շարժում եւ ռիթմ, որ կա ամեն եղանակում.- ահա այսպիսին էր Լուսի Խանյանի ստեղծագործությունները ներկայացնող ջազ-ֆոլք համերգը, որ կայացավ մայիսի 11-ին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը: Դաշնամուրի մոտ էր Լուսին, կողքին՝ իր կազմավորած հնգյակի անդամները՝ Նարինե Ղուկասյանը (սաքսոֆոն), Գոհար Ֆրանգյանը (քանոն), Մանանա Ավետիսյանը (հարվածային գործիքներ), Աննա Հովհաննիսյանը (շվի):
Լուսի Խանյան հնգյակի հետ համերգի շրջանակներում համագործակցում էին Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մենակատարներ բլուլահար Հասմիկ Մուրադյան-Հարությունյանը, ուդահար Լուսին Դավոյանը, սանթուրահար Քրիստինե Մնացականյանը եւ կոնտրաբասահար Եվա Գեւորգյանը:
Ասես, իրար հետ զրույցի բռնվելով, թեման մեկընդմեջ զարգացնելով, իրար համահունչ եւ ներդաշնակ նվագեցին բլուլահարները եւ սաքսոֆոնահարը, ուդահարը եւ քանոնահարը, մյուս նվագածուները՝ դաշնամուրային «դեգերումների», տեսիլքների, խենթացումների, ցավի եւ հրճվության կանչերի ուղեկցությամբ: Նվագարանների նման ներդաշնակումը հնարավոր դարձավ Լուսի Խանյանի ստեղծագործությունների եւ ժողովրդական երգերի յուրատիպ գործիքավորումների շնորհիվ:
Լուսի Խանյանը ծնվել եւ միջնակարգ երաժշտական կրթություն է ստացել Հայաստանում: Երկար տարիներ անցկացնելով ԱՄՆ-ում՝ տաղանդավոր երաժիշտների հետ հանդես է եկել հայտնի բեմերում (Նոկիա եւ Ալեքս կինոթատրոններում, Փասադենայի համերգասրահում, Սաբան թատերասրահում, ԿՍԵՏ ստուդիայում, այլուր): Իր հեղինակած գործերը հրապարակվել են «Vision» եւ «Աբսենտիա» ալբոմներով: Լուսին ներկայացնում է բազմաչափական, նորարարական էթնո-էքսպերիմենտալ տարրերով պարուրված ստեղծագործություններ՝ կատարելով, առաջին հայացք, անհամատեղելի ոճերի միաձուլում: Նա ոգեշնչվում է գույնի եւ ձայնի, ակուստիկ հնչեղությունից, գործիքների ոչ ստանդարտ համադրություններից, մշտապես շարունակվող փորձարկումներից: Նորարար կոմպոզիտորը, վերադառնալով Հայաստան, հայ հանդիսատեսին ներկայացնում է բազմաոճ երաժշտություն: Հայրենիքում նախորդիվ տված համերգներից առանձնացնում եմ հատկապես 2018-ի ապրիլին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում իր ելույթը եւ 2022-ին՝ «Տաղարան»-ի հետ համատեղ համերգը:
2023 թ. մայիսյան համերգին կատարվեցին Լ. Խանյանի վեց՝ «Միտք», «Ֆոլկազմիկ», «Տեսիլք», «Հոգու զրույց», «Խենթություն», «Վերածնունդ» պայմանական անունները կրող ստեղծագործությունները: Նաեւ՝ Լյուսիի մշակմամբ՝ Գառնիկ Կարմիրյանի «Զեյբեկ»-ը եւ ժողովրդական «Քելե-քելե»-ն ու «Գարուն ա»-ն, որ զարմանալի հմայիչ եւ անսովոր հնչողություն ունեին՝ նոր գործիքավորման, ազգային նվագարանների եւ սաքսոֆոնի՝ իրարու հաջորդող, մեկմեկու լրացնող, ասես երկխոսություն հնչող մենանվագների շնորհիվ: Դա ջազ էր, որ հաճախ չի հնչում:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ