Այսօր Մյունխենում «Բայերիշե հոֆ» հյուրանոցում գումարվում է Անվտանգության միջազգային եռօրյա համաժողովը:
Իհարկե քաղաքի անվտանգությունն ապահովում են 5000 ոստիկաններ, սակայն նրանց ծայրահեղ ուշադրության պայմաններում անգամ երեկ՝ հինգշաբթի օրը, ցուցարարների բազմության մեջ մխրճված ավտոմեքենան, որի վարորդը 24-ամյա աֆղան է, վիրավոր է դարձրել 28 հոգու, այդ թվում՝ երեխաների ,հուշում է, որ աշխարհի որեւէ անկյուն այլեւս անվտանգ չէ: Ահաբեկչությունն ու սպանդը գերարագ աշխարհում դարձել են անկառավարելի:
Արդեն 61-երորդ անգամ աշխարհի առաջնորդներն ու դիվանագետները, նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ Մյունխեն են գալիս բանախոսելու, վիճաբանելու, աշխարհակարգ թելադրելու, ուժերը չափելու, ուժեղ եւ թույլ սահմանելու, ագրեսոր եւ զոհ դասակարգելու… եւ քանի երկակի ստանդարտները կիրառվում են հենց կամ՝ նաեւ այս համաժողովում, ուրեմն այս տարվա՝ «Խաղաղություն երկխոսության միջոցով» խորագիրը դառնում է երկու անհրաժեշտ բառերի փորձարկում կամ՝ շահարկում:
Համաժողովին բացման ելույթով հանդես կգա ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, մասնակցելու են նաեւ կանցլեր Շոլցը, պաշտպանության նախարար Պիստորիուսը, ԱԳ նախարար Բերբոքը, ներքին գործերի նախարար Ֆեզերը: Ֆրանսիայի, Լեհաստանի նախագահներ Մակրոնն ու Դուդան: Բոլորը լարված սպասում են ԱՄՆ-ից՝ Թրամփի բանագնացներին, որ Բայդենի վարչախմբի համեմատ տրանսատլանտյան դաշինքի սուր քննադատներ են: Փոխնախագահ Վենսը, պետքարտուղար Ռուբիոն մասնակցելու են համաժողովին: ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնակատար Կայա Կալլասը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հաստատել են իրենց ներկայությունը:
Ուրբաթ օրվա բանախոսությունը կենտրոնանալու է անվտանգության մարտահրավերների վրա, ինչպիսիք են գլոբալ կառավարումը, ժողովրդավարական ճկունությունը, կլիմայի անվտանգությունը:
Շաբաթ օրվա քննարկումներում առանցքայինը միջազգային աշխարհակարգն է, տարածաշրջանային հակամարտություններն ու ճգնաժամերը, ինչպես նաեւ անդրատլանտյան գործընկերության շուրջ բանավեճը:
Համաժողովն ավարտվում է կիրակի օրը՝ աշխարհում Եվրոպայի դերի վերաբերյալ քննարկումներով: Համաժողովին ընդառաջ հրապարակվել է նաեւ անվտանգության համաժողովի զեկույցը: 2025-ին այն վերնագրված է «Բազմաբեւեռացում»՝ արդյոք աշխարհը դառնո՞ւմ է ավելի բազմաբեւեռ, ի՞նչ հետեւանքներ կունենա դա միջազգային կարգի վրա:
Ամեն տարի հետեւում եմ այս համաժողովում տարբեր հռետորների բանախոսությանը, լարված սպասում եմ, թե Իրանի, Իսրայելի բանախոսներն ինչպես են պատասխանում իրենց հասցեին ուղղված մեղադրանքներին եւ զարմանում եմ, թե ինչո՞ւ դարերը մեզ հետ չափող մեր դիվանագետ հարեւան ազգերից որեւէ բան չենք սովորում՝ առաջին հերթին՝ ինքնապաշտպանություն, մի զրահ, որ որեւէ պարագայում չի արտոնում դահիճին սահմանելու՝ ինքը զո՞հ է, թե՞ ագրեսոր, սփյուռքը բե՞ռ է, թե՞ հարստություն: Անցյալ տարի Իրանին հրավեր չէր ուղարկվել, բայց նախորդ տարիներին նրանց բանախոսների ելույթներն այնքան տպավորել էին: Այս տարի դարձյալ Ռուսաստանին մասնակցության հրավեր չի ուղարկվել, Զելենսկին լինելու է, եւ բոլորը խոսելու են ագրեսորի՝ Ռուսաստանի ու Պուտինի մասին, սակայն ենթադրելի է, որ երեք տարի շարունակվող պատերազմում Պուտինին ժամանակը չի «խեղդում», Ուկրաինան է, որ զինվոր չունի, եւ Թրամփի՝ Զելենսկու կարծիքը զանց առնելու, միայն Պուտինի հետ բանակցելու վարքի դեմ Գերմանիան եւ Եվրոպան Մյունխենում դեռ խոսելու են: Նախորդ տարվա նման այս անգամ էլ համաժողովում ամենաշատը շրջանառվելու են «ագրեսոր Պուտին, ՌԴ-ի ագրեսիա» բառակապակցությունները, սակայն Թրամփի բանագնացների ներկայությունը սրբագրելու է նախկին բառապաշարը: Հիշում ենք, որ ռուսական գազը Եվրոպա հասցնող Ադրբեջանի նախագահի ձեռքը 2024-ին ոչ միայն առանձնակի ջերմ ցուցադրականությամբ էր սեղմում Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Հոյսգենը, այլեւ ուրիշներ: Նաեւ մենք ենք արտոնել, որ Մյունխենում, ապա Բեռլինում ցեղասպանին, կացնասպանին հովանավորողին հարթակ տրամադրեն: Այս տարի դեռ կտեսնենք՝ ի՞նչ է փոխվել COP 29 կազմակերպած Ալիեւի հանդեպ, երբ նրա կաշառքով սնված 4 մեղադրյալներ, դրանց թվում՝ ԵԽԽՎ նախկին անդամներ, Բունդեսթագի նախկին պատգամավորներ Լինթներն ու Ֆիշերը կանգնած են Մյունխենի դատարանի առջեւ եւ նրանց գործը մինչեւ օգոստոս շարունակվելու է: Հիշեցնելո՞ւ են Ալիեւին հայ 23 ռազմագերիների, նրանց ապօրեն դատավարության մասին, որին անդրադարձավ նաեւ գերմանալեզու մեդիան: Թե՞ նպաստելու են, որ նա իր հայասպան ատելավառ ծրագիրը «խաղաղության պայմանագիր» անվան տակ իրացնի հենց Մյունխենում…
ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանի մասնակցությունը Մյունխենի անվտանգության համաժողովին անշուշտ կարեւոր է: Նրա ստորագրած պայմանագրերով Հայաստանին տրվող ռազմական տեխնիկան առարկայական պաշտպանություն է ապահովելու: Բայց Մյունխենի համաժողովում մեր վահանը, զրահաբաճկոնը, սաղավարտը առաջին հերրթին խո՛սքն է, բա՛ռը, համաշխարհային պատմության մաս կազմող հայոց պատմության իմացությո՛ւնը: Պատմության նախկին ուսուցիչ Պապիկյանը քաջ գիտի, որ Հայոց անվտանգության միակ երաշխիքը ոչ թե որեւէ կուսակցություն է, փոփոխական գաղափարախոսություն, այլ՝ հայ ժողովուրդն է՝ աշխարհասփյուռ ազգը հայոց, որի առողջ բանականության ցուցիչը հավաքական Հիշողության պահպանումն է:
Հենց Հիշողությո՛ւնն է անվտանգության երաշխավորը:
Փետրվարի 13-ի երեկոյան ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ին աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Նա մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Փաշինյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Մյունխենյան համաժողովին դեռ կանդրադառնանք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա