Հաագայում տեղակայված միջագային դատարանի կողմից Լաչինի միջանցքում հատուկ միջոց կիրառելու Հայաստանի հայցի վերաբերյալ դրական վճիռն, իհարկե, ողջունելի է, չնայած չգիտենք, թե դրան ի վերջո ինչ է հաջորդելու, քանի որ կարծես թե Ադրբեջանը գլխապատառ չի նետվել բացելու Լաչինի միջանցքը։ Վճռի քաղաքական նշանակությունը, Արցախի իրավունքների դիվանագիտական միջազգային պաշտպանության գործիքակազմի մեջ վճիռն oգտագործելու պատեհությունը ոչ ոք չի ժխտում։
Սակայն բուն հայցի քննարկման ընթացքին հետեւելով՝ հերթական անգամ նկատեցինք, որ հայկական կողմը մնում է իշխանության գծած հումանիտար շրջագծում եւ չի ներկայացնում ոչ պատմական իրողությունները, ոչ տեղի ունեցողի պատճառահետեւանքային կապը։ Եւ ի վերջո մնում է եզրահանգել, որ այն բոլորը, որ տեղի է ունենում Հայաստանի մասնակցությամբ արտաքին ճակատում, այդ թվում՝ ՄԱԿ- միջազգային դատարան ներկայացված հայցի արգումենտների դեպքում, ելնում է այն կանխավարկածից, որ Հայաստանի ղեկավարների պատկերացումներում էլ Արցախը մաս է Ադրբեջանի, ու Հայաստանը, հասկանում եք, միայն պայքարում է արցախցիների հումանիտար իրավունքի համար։
Նորից հիշեցնում եմ, որ դա միայն Հայաստանի ղեկավար կազմում հայտնված մի քանի տասնյակ մարդու տեսակետը կարող է լինել, եւ որ՝ այդ տեսակետը չի կիսում հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների մեծ մասը, իսկ ժողովրդի մեծ մասի եւ նրա ղեկավարների տեսակետների հակադրության անունը քաղաքագիտորեն շատ վաղուց լավագույնս ձեւակերպված է։
Ուրիշ բան, որ մենք չունենք այնպիսի ընդդիմություն, որը աղմուկ-աղաղակ բարձրացնելուց բացի՝ ուրիշ, ավելի կազմակերպված գործունեություն իրականացնելու ընդունակ լիներ, ունենար այնպիսի մարդիկ, որոնք կարողանային դառնալ իշխանության այլընտրանքը։ Այդպիսի բան դեռ չկա։ Ու անգամ վիրավորական, հայերիս արժանապատվությունը վնասած Մյունխեն- 2-ից հետո հայացքդ չես կարող դարձնել դեպի այնպիսի գործիչներ, որոնք կկարողանային ապագա մյունխեններում արժանի հակառակորդ լինել բազմափորձ աղվեսներին։
Այդուհանդերձ՝ մեկ-երկու ոսկե կանոն, որ ուրիշ անգամ էլ անօգուտ բարձրաձայնել ենք.
-Եթե չես կարող բանավիճել՝ բանավեճի մի՛ գնա (պանելային-մանելային, կամ մի ուրիշ՝ ուզած բանավեճի)։
-Եթե դու չես կարող բանավիճել եւ այդ բանավեճից խուսափել հնարավոր չէ՝ որեւէ պատճառաբանությամբ (փորացավ, սրտացավ, լուծ) ուրիշին ուղարկի՛ր՝ արտգործնախարարին, նման վիճակների համար հատուկ բանագնաց նշանակիր եւ այլն։
-Եթե անգլերեն չգիտես, ու մեկ է, ոչ մի այլ տարբերակ չկա՝ բանավեճին մասնակցելուց բացի, ուրեմն հայերեն՝ քո պետության լեզվով խոսի՛ր, թող թարգմանեն, դա ավելի լավ է, քան երկիրը ծիծաղի առարկա դարձնելը։
Այս իմաստով մարդ սրտդողում է, թե ի՞նչ շփումներ են սպասվում առաջիկայում ԵՄ նախագահ Շառլ Միշելի քավորությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ, որի մասին ասում էր ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, երբ ճեպազրույցում պետքարտուղար Բլինքենի տեսակետն էր փոխանցում հայ-ադրբեջանական բանակցություններում իբր առաջնթացի մասին։ Եթե այդ առաջընթացն այն է, որ գագիկմելքոնյանների բերանով է բարձրաձայնվում /Արցախն Ադրբեջանի կազմում՝ հումանիտար խնդիրների լուծմամբ/, հայերիս սրտով չէ դա, ու վերջ։
Իսկ լիարժեք հայերեն, ռուսերեն եւ անգլերեն եւ միջազգային հարցերը խորությամբ տիրապետող երկու- երեք մարդու անձամբ գիտեմ, որոնք թաքնված- նստած են իրենց ծակերում, կանչեք՝ ասեմ տեղները։ Չի կարելի ներուժը չօգտագործելով՝ տնայնագործական կամ գավառական եղանակով հարցեր լուծել։
Մյունխենից, ՄԱԿ միջազգային դատարանից սահուն անցում անենք Արցախի ներքին վիճակ, որն այժմ անհանգստացնող է, քանի որ բուն խնդիրներից շեղում է եւ արցախցիների, եւ բոլոր հայերի միտքը։
Ու անգամ Մյունխենում էլ ներկա էր Արցախի ներքաղաքական վիճակի հարցը, քանի որ Ալիեւն անպատկառորեն խառնվեց Արցախի ներքին գործերին, ասելով, թե Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի մարդն է ու թող գնա, ինքը Վարդանյանի հետ չի բանակցի։ Եւ ոչ էլ արժանի պատասխան ստացավ, թե այլ երկրի ներքին գործերին ի՞նչ իրավունքով է խառնվում կամ թելադրում՝ ո՞վ լինի Արցախում պետնախարարը։ Դա եւս վիրավորական է՝ Արցախում փաստորեն կատարում են Ալիեւի պատվերները եւ Վարդանյանին փոխարինում են Հայաստանի իշխանության հանդեպ լոյալ տրամադրված, մինչեւ այժմ գլխավոր դատախազի պաշտոն զբաղեցրած Գուրգեն Ներսիսյանով։ Ողջ հինգշաբթի օրը հայ հանրությունը սպասում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ այդ հարցում պարզություն մտցնող ուղերձին, քանի որ Ռուբեն Վարդանյանն ասել էր արդեն, որ ինքը հրաժարական չի տա, թող նախագահը հրամանագրով ազատի իրեն։ Ընդ որում՝ Վարդանյանը նշել է, որ անգամ այդ դեպքում մնալու է Արցախում եւ շարունակի նպաստել Արցախի կայացմանը։
Դե հիմա ի՞նչ՝ Ալիեւը վաղն էլ Արցախում նախագահ ու այլ պաշտոնյանե՞ր է նշանակելու, մենք արժանապատվություն չունե՞նք։
12,5 տոկոսանոց պետություն
Պետության վերաբերյալ այդպիսի զգացողություն է առաջանում, երբ լրահոսից տեղեկանում ես, որ մոտավոր հաշվարկով միլիոնավոր տոննա ոսկի, արծաթ, միգուցե նաեւ ուրան (դա թաքցվում է) ունեցող Ամուլսարի հանքավայրի՝ աշխարհի այլ պետությունների օգտին շահագործման դիմաց հանքատեր պետությունը միայն այդքան տոկոս բաժնեմաս է կարողացել կորզել գիշատիչներից։ Դեռ մի բան էլ գլուխ է գովում, որ բնակչության առողջությունն արժեցող հանքավայրի շահագործումից 250 միլիոն դոլար մտնելու է բյուջե։
ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի եւ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջեւ փետրվարի 22-ին ստորագրվեց Եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման նպատակով։
Հարց է առաջանում, թե ինչու էին զանազան շրջանակներից վարձատվող այսպես կոչված բնապահպանները տարիներ պայքարում հանքավայրի շահագործման դեմ՝ աշխարահացունց կարգախոսներով, երբ հիմա էլի մեր առողջության հաշվին հարստանալու են ուրիշները։ Սրա համար էի՞ք պայքարում։ Նորմալ պետություն լիներ, նախկինների կերած բողկերը դեռ մի կողմ, միջազգային դատերով հետ կվերցներ «Լիդիան Արմենիայից» բոլոր բաժնետոմսերը եւ ստրատեգիական հանքավայրը կպետականացներ, ոչ թե սեփական գանձերի բանալիներըը կտար այլ պետությունների, որ հետո հայերիս ավելի լավ ստրկացնեն։ Դրա համա՞ր է բրիտանացիների շահեր ներկայացնող ադրբեջանցի զինվորը նստած Ջերմուկի գլխին, հա՞։ Ու ռուսներն էլ դեռ իրենց փայն են ուզելու մեծացնել Սահմանադրությամբ մեզ պատկանող ընդերքի թալանից։
Հասան պետության խորհրդանիշներին
Այս օրերի մյուս՝ լրահոսի ավելի էկզոտիկ լուրի սկզբնաղբյուրը վարչապետն է, թե՝ արդարադատության թաղամաս կառուցելու մտադրություն կա, այնտեղ տեղափոխելով արդարադատության նախարարությունը։ Եւ, առհասարակ, Երեւանի կենտրոնի, հրապարակի շենքերըը պետք է հանձնել մասնավոր կառավարման, դա ավելի ճիշտ տարբերակն է, այդպես կարելի է ազատվել կառավարության նստավայր շենքերի վրա ծախսվող ահռելի գումարներից։ Այ քեզ բա՛ն։ Երբեմն մեր առաջին դեմքերը լսում ե՞ն տեսնես, թե ինչ են ասում, այ հետո որ իրենց ասածի տեսանյութը դնեն ու լսեն, կարող է հասկանան՝ ի՞նչ են ասում։ Օրինակ, կառավարության անդամների ծախսերը կառավարական առանձնատներում ահռելի են, դուրս եկեք այնտեղից, պաշտոնյանե՛ր, ապրեք սովորական բազմաբնակարան շենքերում, ոնց որ բոլորը, ու այդ ծախսերից ազատեք հարկատուին, եթե ծախսերը նվազեցնելու մասին եք մտածում։ Իսկ Հանրապետության հրապարակում եղած կառավարական շենքերը հանգիստ թողեք, դրանք պետության, պետականության խորհրդանիշ են անկախ պետության, պետություն ունենալու զրո ժամից։ Ե՛ս չէ, որ պետք բացատրեմ խորհրդանիշների ոչնչացման հոգեբանական ավերները ազգի ու պետության համար, դրա համար անգամ գիտություն կա։ Հարցրեք ոլորտի մասնագետներին, կասեն։ Նախ ոչնչացնում ես խորհրդանիշները, հետո պետության ոչնչացումը տեխնիկայի հարց է։
Տարեք երրորդ մասի ղռերում սարքեք արդարադատության թաղամաս, ուսանողական թաղամաս, Շորբուլախում՝առողջապահության թաղամաս, պատմության թանգարանը տեղափոխեք Արզնիի թռչնաբուծարանի հարեւանությամբ, պատկերասրահը՝ Նուբարաշենի աղբանոցի եւ այլն։ Իսկ կառավարության շենքը, պատկերասրահը (նախապես նրա մեջի անգին պարունակությունը վաճառելով Բրիտանական թանգարանին), պատմության թանգարանի շենքերը վարձով տվեք այժմ արդեն կառուցվելիք ֆիրդուսնոցի բիզնես թաղամասի թուրք, ադրբեջանցի, իրանցի, հնդիկ, պակիստանցի տերերին, այդպես ավելի ճիշտ է, ո՞վ ենք մենք, որ Թամանյանի կառուցած շենքում կառավարոթյուն ունենանք,պետության հպարտ խորհրադանիշներ ունենանք։ Հա, կամ էլ պատմության թանգարանը վարձով տվեք ադրբեջանցիներին, իր ներսի անգին վավերագրերով հանդերձ, թող Ալիեւը վերցնի ու բոլոր վավերագրերն ադրբեջանացնի, ի՞նչ է եղել, լավ առեւտրական գործարք կլինի, մի քանի հազար կանաչ կմտնի մի քանիսի գրպանը, դե իսկ Ալիեւն էլ միլիոնավոր դոլարներ կխնայի՝ իր մասին բա ո՞վ պիտի մտածի։
Գոնե գիտե՞ք, որ ռուս միապետերը հազար ու մի անգամ փոխել են իրենց գերբերի խեղճուկրակ արծիվներին ավելի ագրեսիվներով, որ չպարտվեն պատերազմներում, քանի որ շատ լավ իմացել են խորհրդանիշների առարկայական ներգործությունը։ Գիտեք, որ Սասունցի Դավիթն առանց Քուռկիկի ու Խաչ-պատերազմի չէր կարող հաղթել թշնամուն՝ ժողովուրդը հատուկ է կարեւորել այդ առումով խորհրդանիշների դերը։ Խորհրդանիշների հանձնումից կսկսվի պետության հանձնումը, որքան էլ ձեւական՝ օրենքով քրեականացնեք ինքիշխանության դեմ ասված կարծիքը։ Բա խորհդանիշների հանձնումը ինքնիշխանության դեմ քայլ չէ՞, էլ չասած, որ Սահմանադրությամբ արդեն պաշտպանված է պետության ինքնիշխանությունը, իսկ մասնավոր օրենքի ընդունումը նշանակում է, որ Սահմանադրությունը բանի տեղ չեք դնում։
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ