Լույս է տեսել անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանի «Փոքր հիդրոէլեկտրակայնները եւ էներգետիկ անվտանգությունը» մենագրությունը 144 էջ ծավալով: Այն տպագրվել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ:
Ուսումնասիրությունները վկայում են,որ փոքր հիդրոէլեկտրականների զարգացումը էական նշանակություն ունի ՀՀ-ի էներգետիկ անվտանգության մեղմացման գործում:
Մենագրությունում «Հիդրոէլեկտրակայանների արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները ՀՀ-ում», «ՀՀ էներգետիկ անվտանգությունը եւ հիմնախնդիրները», «Խմելու ջրատարի պոտենցիալ էներգիայի օգտագործման տնտեսագիտական հիմնահարցերը», «Փոքր ջրահոսքերի վրա ջրաղացների կառուցումը էներգետիկ անվտանգության գործոն» եւ այլ մասերում հեղինակը արծարծում է էներգետիկ անվտանգության կարեւոր խնդիրներ:
Հեղինակը գտնում է ,որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան օրենսդրական դաշտ, որը հնարավորություն կտա լուծել կառավարման խնդիր: Մասնավորապես, պատասխանատվությունը դնելով տեղական ինքնակառավարման մարմինների`մարզպետարանների վրա,ստեղծելով պետական աջակցությամբ խառը ընկերություններ մասնավոր կապիտալի ներգրավմամբ: Փոքր ջրահոսքերի լայնամասշտաբ օգտագործման պարագայում հնարավոր է լուծել տարածաշրջանի համար էներգետիկ անվտանգության լավագույն սցենար: Այն հույժ կարեւոր է հատկապես սահմանամերձ բնակավայրերի համար: Առաջարկվում է ՀՀ քաղաքների եւ բնակավայրերի համար մշակել էներգետիկական անձնագիր եւ փուլ առ փուլ այն իրականացնել:Կարեւոր նշանակություն ունի նաեւ էներգետիկական ճկուն եւ հետեւողական դիվանագիտության մշակումը:
Անտարակույս, մենագրությունը կարեւոր ներդրում է Հայաստանում էներգետիկ անվտանգության զարգացման գործում: