Մեր ծնողները մեր կյանքի գլխավոր մարդիկ են, եւ երանի այն զավակներին, ովքեր երբեք աչքաթող չեն անում իրենց լույս աշխարհ բերած այդ կարեւոր անձանց եւ ամենուր նրանց շրջապատում են հարգանքի, ուշադրության, սիրո եւ հոգատարության ջերմ զգացումներով:
Այս պատմությունը ծնողասիրության մասին է, իսկ մեր հերոսուհին՝ Լենա մայրիկը, նոյեմբերի 26-ին իր մեծ գերդաստանով տոնելու է իր պատկառելի եւ հոբելյանական 85-րդ տարեդարձը: Խոսքը Սանկտ Պետերբուրգում բնակվող եւ գործունեություն ծավալող ճանաչված հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանի մոր՝ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի պատվավոր քաղաքացի Լենա Պողոսյանի մասին է:
Պետերբուրգաբնակ մեր հայրենակից Հրաչյա Պողոսյանը թուրքական յաթաղանից մազապուրծ եւ Եղեռնի սարսափները վերապրած մեր տարաբախտ հայրենակիցների շառավիղներից է: Մոխիրներից վերստին հառնելու, վերածնվելու եւ հայի արյան շարունակականությունն ապահովելու ձգտումը նրա պապերին ավելի քան 100 տարի առաջ ստիպեց նոր շունչ ու կյանք տալ ներկայիս Արագածոտնի մարզի հնամենի Ագարակ գյուղին: Վանից, Բիթլիսից, Գավաշից, Որիզից հատուկենտ ընտանիքներ հիմնավորվեցին ու շենացրին այս հողը: Այդ ժամանակներից ի վեր՝ պապերի վառած կանթեղը երբեք չհանգավ գյուղում. արհավիրքներ եղան՝ կռիվ, սով, այլեւայլ աղետներ, բայց գյուղը երբեք չծնկեց ու չխեղճացավ: Երախտագետ սերունդները շենացրին եւ այսօր էլ շենացնում են Ագարակը: Երախտավորների այդ ցանկում գյուղի համար կա մի լուսավոր անուն՝ Հրաչյա Միսակի Պողոսյանը՝ որիզցի Խապոյի Պողոսի թոռը, որ երկար ու ձիգ տարիներ թեեւ ապրելով հեռուներում՝ ջանք ու եռանդ չի խնայում իր պապերի գյուղն ավելի լավը դարձնելու համար (Որիզը Արեւմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի գյուղերից էր, 1895-ին թուրքերը կողոպուտի են ենթարկել այն եւ բնակիչների մի մասին սպանել: Բնակիչները տեղահանվել են 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ):
– Ժամանակի տարեգիրները գյուղի մասին գրել են. Ագարակը եղել է նախակենտրոններից մեկը հայոց աշխարհի եւ քաղաքակիրթ մշակույթով ներծծված մի վայր,-ասում է Հրաչյա Պողոսյանը: Եվ հենց այս եզերքի ձգողական ուժն ու վաղվա պայծառ օրվա հույսն էր, որ թուրքական յաթաղանից մազապուրծ մեր պապերին ստիպեց նոր շունչ ու կյանք տալ հնամենի Ագարակին: Երեխաներ ծնվեցին, գյուղը վերածնվեց, սերունդների հերթափոխը շարունակվում է, եւ ես մեծ խորհուրդ եմ տեսնում այս ամենում՝ վերածննդի խորհուրդը: Այսօր էլ ագարակցին ապրում է՝ իր պապերի հավատամքն իր շուրթերին. սիրել հայրենի հողը, պաշտել Քրիստոսի եկեղեցին, շենացնել հայրենական օջախը, բարին կամենալ մարդկանց:
Ագարակն այսօր Արագածոտնի մարզի ծաղկուն գյուղերից է՝ նաեւ շնորհիվ իր հնամենի գյուղը սիրող եւ արմատներին խոնարհվող, իր հայանպաստ գործունեությամբ հայտնի Հրաչյա Պողոսյանի, որ նույնքան ծնողասեր եւ ծնողին պաշտող անձնավորություն է:
Հրաչյայի հայրը՝ Միսակը, ցավոք մոտ երկու տասնամյակ առաջ է հրաժեշտ տվել երկրային կյանքին, եւ այսօր հեռուներում ապրող մեր հայրենակցի մեծագույն ուրախություններից մեկը Լենա մայրիկն է, ում տարվա մեջ մի քանի անգամ տեսնելու համար Հրաչյան որեւէ լավ առիթ գտնում է հայրենիք ժամանելու:
Մայրը՝ Լենան, ծնվել է Արթիկի շրջանի Լեռնակերտ գյուղում, 1937-ին: Նրա հայրը՝ Գաբրիելը, 1941-ին մեկնել է պատերազմ եւ չի վերադարձել: Լենայի մայրն այդ ժամանակ հղի է եղել, եւ պատերազմ մեկնող ամուսինը խնդրել է տղա ծնվելու դեպքում անվանակոչել Ազատ, որպեսզի, իր ասելով, շուտ ավարտվեր պատերազմը, ինքը ազատություն ստանար եւ վերադառնար տուն՝ ընտանիքի գիրկը:
Պատերազմներն իրենց կործանարար ազդեցությունն են թողնում նաեւ մարդկային ճակատագրերում, եւ պատահական չէ, որ Հայրենական մեծ պատերազմի թեման մշտապես եղել եւ մնում է Հրաչյա Պողոսյանի բարեգործական ծրագրերի գլխավոր առանցքներից մեկը:
– Հայրենական մեծ պատերազմի տարեգրությանը նվիրված իմ բոլոր ձեռնարկումների առանցքը մեծագույն հարգանքի տուրքն է բոլոր նրանց հիշատակին, ովքեր պաշտպանում էին հայրենիքը, ովքեր հաղթանակ էին կերտում մարտական ընկերների հետ,- ասում է Հրաչյա Պողոսյանը: Իմ հայրենի Արագածոտնի մարզի Ագարակ գյուղն, օրինակ, Մեծ հայրենականին տվել է 43 զոհ, եւ իմ ջանքերով զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր է կառուցվել այնտեղ: Մեր բոլորիս ընտանիքներում սերնդեսերունդ փոխանցվում են պատերազմում ընկածների մասին հիշատակը, պատերազմի մասնակիցների հուշերը եւ ապրումները:
«Ես իմ մայրական տատիկին ժպտալուց չեմ տեսել եւ հասուն տարիքում հասկացա, թե ինչու էր նա այդպիսին,-ասում է Հրաչյա Պողոսյանը: Պապս գնացել էր պատերազմ եւ չէր վերադարձել: Տատիկիս հաջողվել էր իր բոլոր երեխաներին պահել, մեծացնել, դաստիարակել, կրթության տալ, ինչը հեշտ չէր միայնակ կնոջ համար»:
Լենա մայրիկը բուժքույր է աշխատել, բժշկական, անգամ՝ ընտանեկան եւ կենցաղային ցանկացած հարցի հետ կապված ամենալավ խորհրդատուն է եղել գյուղի: Եղել են դեպքեր, երբ ցանկացել են բաժանվել ընտանիքները, նա հաշտեցրել է, ընտանիքներ է փրկել եւ վերստին միավորել: Բոլորը նրան ճանաչել, սիրել ու հարգել են:
Միսակի հետ 4 երեխա են մեծացրել, 3 տղա եւ մեկ աղջիկ: Ավագ որդին՝ Հրանտը, ցավոք, մահացել է, Հրաչյան,արդեն գիտենք, ապրում է Սանկտ Պետերբուրգում, իսկ Հարութն ու քույրիկը՝ հարգված ու սիրված ուսուցչուհի Ոսկեհատը (Ոսկեհատ անվանակոչել է պապը), գյուղում են:
Որդու կորուստը ծանր հարված է եղել Լենա մայրիկի համար, բայց ինքը աշխատել է երեխաների մոտ ցույց չտալ, որ չպղտորվի եւ չխաթարվի վերջիններիս հոգեկան աշխարհը, իսկ ինքը տառապել է ներքուստ, անձայն ու անարտասուք: Հետագայում հենց Լենա մայրիկն է Հրաչյային խորհուրդ տվել ուսումը շարունակելու զինվորական ուսումնարանում, եւ ընդհանրապես, այս մեծ ընտանիքում բոլորը մինչ օրս լսում են այս իմաստուն կնոջ խորհուրդները:
Տասը թոռ եւ երկու ծոռ ունի այսօր մեծ մայրիկը: Ապրում է Հարութ որդու հարկի տակ եւ շաբաթը մեկ անգամ պարտադիր պետք է պատրաստի, ինչպես ընդունված է ասել՝ իր ֆիրմային ուտեստները եւ հրավիրի իր զավակներին, թոռներին եւ ծոռներին:
Այս մեծ եւ համերաշխ գերդաստանում բոլորը սիրում են Լենա մայրիկին: Հարեւանության շրջանում, եւ, ընդհանրապես, գյուղում, մեծագույն պատկառանքով ու հարգանքով են վերաբերվում այս առինքնող եւ կյանքի մեծ փորձով իմաստնացած տիկնոջը: Համագյուղացիների համար օրինակելի է ինչպես Լենա մայրիկը, այնպես էլ նրա ընտանիքը:
Արժե հիշատակել նաեւ, որ 2018-ի հոկտեմբերի 7-ին, երբ Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ Ագարակ գյուղը նշում էր իր վերածննդի 10, ինչպես նաեւ լեգենդար «Արարատ 73»-ի հաղթանակի 45-ամյակները, այդ օրը բազմաթիվ նշանակալից իրադարձությունների հետ մեկտեղ Ագարակի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց նաեւ մեր ճանաչված բարերարի մորը՝ Լենա Պողոսյանին, որ մինչ օրս մեծ հարգանք եւ հեղինակություն է վայելում համայնքում:
Ագարակ գյուղում նշված այդ մեծ ու հիշարժան տոնակատարություններին ներկա է գտնվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
– Պարոն Պողոսյան, հատուկ շնորհակալություն ձեզ, որ մեր հայրենակիցների հետ կապը չեք կորցրել»,- նշել է Նիկոլ Փաշինյանն ու ընդգծել, որ Հրաչյա Պողոսյանը խոսքի տեր մարդ է եւ առաջինն արձագանքեց նոր Հայաստանը շենացնելու իր կոչին:
Կարծում ենք, արժե մեկ անգամ եւս հիշեցնել, որ դեռեւս 2018-ից առաջ էլ Հրաչյա Պողոսյանը հազար թելերով կապված էր հայրենի Ագարակին ու Հայաստանին եւ ուժերի ներածին չափով ցանկանում էր օգտակար լինել իր հայրենակիցներին:
Իմ առաջին բարեգործությունը Ագարակում էր,-հիշում է Հրաչյա Պողոսյանը: Ես ամեն անգամ ցավով նկատում էի, թե ինչպիսի դժվարությամբ են գյուղից քաղաք մեկնում երեխաներն ու ուսանողները. կանգառում սպասելիս՝ պատսպարվելու տեղ չունեին: 2004 թվականին իմ նախաձեռնությամբ կառուցվեց մի կանգառ՝ քաղաք մեկնողներն արդեն պաշտպանվում էին անձրեւից, քամուց եւ ձյունից: Հետո գյուղում իմ հովանավորությամբ կառուցվեց խաղահրապարակ, որտեղ երեխաներն անցկացնում են իրենց մանկությունը: Ագարակը չուներ նաեւ որեւէ հոգեւոր կենտրոն: Իմ նախաձեռնությամբ 2008 թվականին կառուցվեց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի եւ օծվեց նույն թվականի հոկտեմբերի 4-ին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, իսկ 2010 թ.-ին եկեղեցու կողքին կառուցվել է զանգակատուն՝ նվիրված Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին:
Արդեն երկար տարիներ է, ինչ հոկտեմբերի 4-ը համարվում է Ագարակ համայնքի Վերածննդի օրը, որը նշվում է ամեն տարի: Եվ 2008-ի հոկտեմբերի 4-ին, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողության ժամանակ, առաջին անգամ հնչեց իմ նախաձեռնությամբ եւ հատուկ այդ օրվա համար ստեղծված երգը՝ «Վերածնունդ» անվամբ, որը կատարեց ճանաչված երգիչ Արթուր Հակոբյանը (Միստր Իքս):
Խոսքերի հեղինակն է Հայկ Բլբուլյանն է, երաժշտությունը գրել է Արտակ Հակոբյանը: Համատեղ քննարկելուց հետո ստեղծվեց համանուն տեսահոլովակը: Այդ տեսահոլովակը անչափ թանկ է ինձ համար: Այնտեղ մեր գյուղն է, մեր գյուղի մարդիկ, հայրս, մեր սրբավայրերը…
Համագյուղացիները երախտագիտությամբ հիշում են, որ Հրաչյա Պողոսյանի ջանքերով Հայրենական մեծ պատերազմի նահատակների հիշատակը մաքրվեց պատմության փոշուց, եւ այսօր Ագարակի կենտրոնում վեր է խոյանում մի հրաշալի հուշակոթող, որն անմահացնում է զոհված 43 նահատակների հիշատակը:
Կարեւորելով վաղվա ագարակցու կրթությունն ու առողջ ապրելակերպը՝ պարոն Պողոսյանը վերանորոգել է դպրոցը, կահավորել ռոբոտոտեխնիկայի եւ այլ առարկայական դասարաններ, համալրել գույքով եւ տեխնիկայով եւ ամեն կերպ աջակցում է հարազատ դպրոցին: Ի դեպ, որպես նախկին շրջանավարտի երախտագիտության խոսք դպրոցի նախկին տնօրենին՝ քիմիայի սիրելի ուսուցչին՝ Հրաչյան ամբողջովին վերանորոգել եւ կահավորել է քիմիայի դասասենյակը:
Անհանգիստ այս մարդը մի գերբնական զորություն ունի՝ իր շուրջը բարիք ու բարություն սփռելու, եւ շնորհն այդ, իրոք, աստվածատուր է: Ի պատիվ իր հավատացյալ պապի՝ նա գյուղում մատուռ է կառուցել, բարեկարգել է խաղահրապարակը: Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ խաղահրապարակում տեղադրվել է մեծադիր ցուցատախտակ-քարտեզ, որտեղ նշված են Ագարակի հիմնադիրները եւ Արեւմտյան Հայաստանի այն քաղաքներն ու գյուղերը, որտեղից նրանք գաղթել են:
Այսպիսի որդի, անչափ մարդամոտ եւ մեծահոգի զավակներ է աշխարհին պարգեւել Լենա մայրիկը եւ այսօր բոլոր նախադրյալներն արդեն կան, որ նրա թոռներն ու ծոռները նույնպես կյանքում բռնելու են շիտակության եւ ազնվության ճանապարհը:
Վերջում մնում է ջերմորեն շնորհավորել Լենա մայրիկին՝ ծննդյան 85-րդ ամյակի կապակցությամբ, առողջություն ցանկանալ եւ անսպառ եռանդ՝ իր սիրելիների ներկայությունը, հարգանքը եւ ջերմությունը դեռ երկար ու երկար տարիներ վայելելու համար:
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ