Նախորդ համարում ներկայացրել էինք Կարապետ Մելիք-Օհանջանյանի կարեւոր աշխատության՝ «Զիյա Բունիաթովի գրական-պատմական հայեցակարգը» ժողովածուի վերահրատարակված հատորը, որը 5 լեզուներով ըմբերանիչ պատասխանն էր եւ է՛ ադրբեջանական հակահայ պատմագիտական ստախոսությունների:
Այս անգամ ողջունում ենք ՀՀ Ազգային ժողովի ամենազարգացած պատգամավորներից ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանի երկհատոր՝ «Արցախյան բանակցություններ» աշխատությունը, որը, այս անգամ, ուղղված է ներքին ուրացողներին, բոլո՛ր համբակներին, բայց նաեւ նրանց՝ ովքեր ուսումնասիրում, գրում-խոսում, առավել եւս՝ ցանկանում են ճշտել-ճշգրտել վերջին 37 տարիներին «Արցախյան հակամարտություն» կոչված, իրականում՝ հայ ժողովրդի նորագույն պատմության գլխավոր խնդրի շուրջ միջազգային, շրջանային ու ներքին բանակցությունների, ընդունված որոշումների հանրագիտարանը:
Աշխատության գիտական-քաղաքական արժեքի ու նշանակության մասին կարիք չենք զգում կրկին անդրադարձ կատարելու, քանզի դա արել է մեր թերթի հիմնադիրներից, Հայաստանում ՌԱԿ առաջին նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կրրթամշակութային գործիչ Ռուբեն Միրզախանյանը շատ ձեռնհասորեն: Բայց շնորհակալությամբ ենք ընդգծում ընդհանուր՝ 1400 էջ կազմող աշխատության ընծայումը «Ազգ»ի գրադարանին, հրատարակված Յակոբ եւ Անահիտ Տէր Խաչատուրեանների մեկենասությամբ, պգդ. պրոֆեսոր Էդիկ Մինասյանի եւ պգդ. պրոֆեսոր Վահրամ Բալայանի խմբագրությամբ, «Լուսակն» հրատարակչության կողմից:
Ինչ-որ իմաստով իրո՛ք ոգեւորիչ է, որ մեր երկրում պատմաբանների, հետազոտողների կողմից ի լույս են բերվում հենակետային նշանակության աշխատություններ, որոնք իշխանության ձեռնածուական (manipulative) տեսությունների հակադիր՝ հանրությանը անառարկելի փաստական նյութեր են հրամցնում, որոնցից մեկն է Ա. Խաչատուրյանի եւ այլոց մատուցած փաստագրական երկհատորյակը:
Կրկին շնորհակալություն հայտնելով հեղինակին՝ իրավունք ենք վերապահում մեզ սպասելու իր եւ այլ հետազոտողների նոր հրապարակումներին, հրատարակություններին:
Սպասում ենք:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ





