Լուսանկարիչ եւ վավերագրող Հուսեյն Օվայոլուն ծնվել է 1986-ին, Այնթապում, Թուրքիա: Ուսանել է Ստամբուլի Բիլգի համալսարանի լուսանկարչության եւ վիդեո բաժնում, նաեւ Ստամբուլի Լուսանկարչական հիմնադրամի կազմակերպած վավերագրական լուսանկարչության դպրոցում: Իր աշխատանքներով փորձում է լուսանկարչության լեզվով ներկայացնել իր անձնական պատմություններն ու սոցիալական հիշողությունը։
Մենք երկու անգամ հանդիպեցինք Երեւանում անցյալ հուլիսին։ Հետաքրքրական էր լսել, որ Հուսեյնն իր անգլերեն զրույցի ժամանակ ոչ մի անգամ չօգտագործեց «Արմենիա» բառը, այլ միայն՝ «Հայաստան»…
–Հուսե՛յն, մի առիթով մի թուրք մտավորական ասաց, որ Թուրքիայում բոլորը փոքրամասնություն են։ Դու նո՞ւյնպես։
–Ես ծնվել եմ քուրդ ալեւիների ընտանիքում, բայց հորս երկու տատիկներն էլ Ցեղասպանությունից փրկված մարաշցի հայեր էին: Մեր ընտանեկան գյուղի շրջակայքում 11-12 հայկական գյուղ կար։ Երբ Ցեղասպանության ժամանակ նրանց բնակիչներն աքսորվել են Դեր Զոր կամ Հալեպ, շատ հայեր իրենց երեխաներին տվել են քուրդ ընտանիքների։ Այդպես եղավ իմ երկու նախատատիկների հետ։ Նրանք շատ փոքր են եղել, նույնիսկ չեն իմացել իրենց իսկական, հայկական անունները։ Նրանցից մեկը, որը վերանվանվել է Խաթիջե, վաղ է մահացել, բայց հայրս ու մորաքույրս պատմում էին, որ երբեմն նա օգտագործում է բառեր, որոնք ո՛չ քրդերեն են, ո՛չ թուրքերեն, օրինակ, «աղջիկ» բառը։ Պատմում են, որ Խաթիջեն քաջատեղյակ էր պետական եւ հասարակական օրենքներին, ինչը բնորոշ չէր գյուղացի կանանց։
Գիտե՞ս, ես չգիտեմ հայոց լեզուն եւ ավանդույթները, բայց երբ հանդիպում եմ հայի, շատ տարբեր զգացողություններ եմ ունենում, ուզում եմ ամուր գրկել նրանց: Եվ այս զգացումն ունենում եմ ոչ միայն Հայաստանում, այլեւ Սասունում, Վանում կամ Ճիպինում։ Ու դա վերաբերում է ոչ միայն վայրերին, այլեւ մարդկանց. նույնը պատահեց ինձ, երբ հայերի հանդիպեցի Փարիզում։ Թուրքիայի պատմությունը լի է կոտորածներով եւ արյունահեղությամբ։ Եթե թուրք չես, քաղաքականապես անվստահելի ես, մարդիկ կարծում են, թե ամեն ինչին դեմ ես։ Իրականում ես դեմ եմ ֆաշիզմին, ես կանգնած եմ բոլոր ճնշված ու մարգինալացված մարդկանց կողքին՝ լինեն հայեր, քրդեր, թե ասորիներ։ Ես լավ եմ հասկանում փոքրամասնությունների մտածելակերպը։
–Դու Այնթապից ես, հայկական հարուստ անցյալ ունեցող մի քաղաքից, որտեղ թերեւս այլեւս հայկական հետքեր չկան…
–Այո՛, բայց մի հետաքրքիր բան պատմեմ։ Մի անգամ Այնթապում, առեւտրի կենտրոնում մի աղջիկ, տեսնելով հայերեն տառերով պայուսակս, մոտեցավ եւ հարցրեց, թե որտեղից եմ գնել։ Պարզվեց, որ նա սիրիահայ է։ Սիրիական պատերազմից հետո 25 սիրիահայ ընտանիքներ եկան Այնթապ։ Իմ ընկեր Հակոբի կինը՝ Հայկանուշը, երեխա ունեցավ Այնթապում։ Պատկերացնո՞ւմ ես, 100 տարի անց, 2015 թվականին, Այնթապում ծնվեց Սահակ անունով մի հայ։ Ի դեպ, Թուրքիայի կառավարությունը սիրիացիներին տվել էր փախստականների քարտեր՝ առանց նշելու նրանց ազգությունը, սակայն սիրիահայերին տրված քարտերը տարբեր են՝ կարմիր գույնով, նշելով նրանց հայ լինելը։ Ի դեպ, 2018 թվականից հետո Այնթապում այլեւս սիրիահայ չմնաց։
–Ի՞նչը բերեց քեզ այս անգամ Հայաստան։
–Իմ լուսանկարչական գրքի նախագիծը, որը կոչվում է «Արմատախիլ արված»: Այն սկսվեց Այնթապից՝ նպատակ ունենալով բացահայտել, թե ո՛վ եմ ես, ի՛նչ է նշանակում լինել ծնված Թուրքիայում։ Այս նախագծով ես ուզում եմ բացահայտել ինձ Թուրքիային սահմանակից երկրների գույներով եւ լեզուներով։ Ես եղա սահմաններում, որոնք գծել են կառավարությունները եւ մարդիկ, որոնք օրինական են եւ անօրինական: Սա ինձ եւ իմ աշխարհագրությունը հասկանալու մի այլ ձեւ է: Սա պարզապես սեւ-սպիտակ լուսանկարչական վավերագրական նախագիծ չէ. սա իմ մասին է, իմ տեսակետներն են, իմ դիտարկումները եւ թե ինչպես կարող եմ հասկանալ մեր հարեւաններին՝ Իրանին, Իրաքին, Հայաստանին, Վրաստանին, ինչպես նաեւ ծովային սահման ունեցող Ուկրաինա-Ռուսաստանին, Կիպրոսին, նաեւ Իսրայելին: Ես եղել եմ գրեթե բոլոր այդ երկրներում եւ պարզապես ուզում եմ տեսողական վեպի նման պատմել դրանց մասին։
–Իսկ մինչ սա երբեւէ Հայաստանին առնչվող այլ նախագիծ ունեցե՞լ ես:
–Տասը տարի առաջ եկա Երեւան՝ մետրոյի կայարանների լուսանկարչական նախագծիս համար։ Ես լուսանկարել եմ բազմաթիվ դիմանկարներ եւ մետրոյի կայարաններ՝ իմ նախագծի շրջանակներում՝ մետրոյի կայարաններ լուսանկարելով մի շարք նախկին խորհրդային քաղաքներում՝ Մոսկվա, Պետերբուրգ, Կիեւ, Երեւան, Թբիլիսի եւ Բաքու: Մտադիր եմ նույն նախագծի համար կրկին այցելել Կիեւ, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիա։
–Իսկ վավերագրական ֆիլմե՞ր:
–Ծրագրել եմ կարճամետրաժ վավերագրական ֆիլմ նկարահանել թուրք-սիրիական սահմանին գտնվող Աքչակոյունլուի ռազմավարական տարածքում՝ երկաթուղային կայարանում: Իմ մեծ երազանքն է, որ այնտեղ նկարահանվի իմ սիրելի երեւանցի պարուհին՝ փայլուն Ռիմա Պիպոյանը, որի հետ անձամբ ծանոթանալու բախտն ունեցա քո շնորհիվ։
–Սա քո երրորդ այցելությունն է Հայաստան, բայց առաջինը՝ պատերազմից հետո։ Ի՞նչ ես զգում։
–Այս անգամ հասկացա, որ պետք է զգույշ լինել՝ թուրքական անձնագրիս պատճառով։ Չորս կամ տաս տարի առաջ ես բազմաթիվ լուսանկարներ էի անում Հայաստանում, եւ եթե մարդիկ ինձ խնդրում էին ցույց տալ անձնագիրս, դա իսկապես խնդիր չէր: Բայց այս անգամ, երբ գնացել էի Արմավիր՝ երկաթուղային կայարանում լուսանկարելու, տեսա մի ոստիկանական մեքենա ու անհանգստացա. ի՞նչ կլինի, եթե խնդրեն անձնագիրս ցույց տալ։ Նախկինում կարելի էր ասել, որ ես Թուրքիայից եմ, բայց հիմա իրավիճակն այլ է. մենք սարսափելի օրեր ունեցանք, մոտ 5000 երիտասարդ սպանվեց։ Ի դեպ, պատերազմից հետո ես գնացել եմ Ադրբեջան, որտեղ մարդիկ բավականին թերահավատ էին իմ հանդեպ, բայց այնտեղ թուրքական անձնագիրն ինձ համար նպաստավոր էր. չէ՞ որ նրանք համագործակցել են, միասին են սպանել…
Այս անգամ Երեւանում տեսա բազմաթիվ մտավորական եւ ակտիվ ռուսների։ Իհարկե, երկրներն ունենում են իրենց հանրության կրթության որակին համապատասխանող հյուրեր։ Հայաստանում ռուսները Թուրքիա այցելող իրենց հայրենակիցների ճիշտ հակապատկերն են։ Մի անգամ Անթալիայում ծանոթացա մի ռուսի հետ եւ երբ ասացի, որ շատ եմ սիրում Դոստոեւսկի, նա ինձ հարցրեց. «Ո՞վ է Դոստոեւսկին»…
Այս անգամ քո շնորհիվ այցելեցի Նոր Այնթապ քաղաքը, որը հաճելի փորձառություն էր ինձ նման այնթապցիի համար: Տպավորված եմ Նոր Այնթապի թիվ 2 դպրոցից, տնօրենի եւ ուսուցչուհիներից մեկի ջերմ ընդունելությունից։ Հիանալի էր տեսնել Այնթապի ինքնապաշտպանության քարտեզն ու լուսանկարները, այցելել հուշարձանը ու տեսնել Այնթապի ինքնապաշտպանության հերոսներ Ասատուր Լեւոնյանի, Ավետիս Գալեմքարյանի, նաեւ Ներսես քահանա Թավուքճյանի կիսանդրիները։ Նրանց անուններն ինձ քաջ ծանոթ են Այնթապի պատմությունից…
Ամեն անգամ Հայաստանում տարբեր հետաքրքրական մարդկանց եմ հանդիպում։ Օրինակ, պոլսահայ Ռուբենին, որն ապրում էր Ֆրանսիայում, իսկ այժմ՝ Հայաստանում։ Նա պահպանել է իր հայկական ինքնությունն ու մշակույթը՝ ունենալով նաեւ այլ ինքնություններ՝ ֆրանսիական եւ թուրքական։ Նաեւ սիրում եմ, որ Հայաստանում մարդիկ ապրում են արվեստով։ Ամենուրեք տեսնում ես հուշարձաններ։ Սիրում եմ առավոտյան քայլել հանգիստ եւ խաղաղ զբոսայգիներում, հաճախ շենքերից լսել դաշնամուրի նվագի կամ վոկալ պարապմունքի ձայներ…
Հայաստանն ինձ համար նման է Նոյյան տապանին։ Այստեղ հայեր են ապրում, բայց նրանցից շատերը տարբեր մշակույթների, լեզուների ու գիտելիքների կրողներ են։ Հայաստանի մարդկանց այս հարստությունը ես շատ եմ սիրում…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ