Բանաստեղծական խոսքը հավերժական կյանք է առնում, երբ եղանակավորվում է շնորհաշատ երգահանների ձեռոք: Իրականում, ոչ միշտ է, որ խոսքը միանգամայն ներդաշնակվում է երաժշտությանը: Եվ երջանիկ են այն հեղինակները, որոնց մտքերի եւ հոգիների բխումները ներհյուսվում են, ասես՝ համահեղինակ են թե՛ երաժշտության եւ թե՛ խոսքի: Ահա, նման ստեղծագործություններ հնչեցին «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգին: Ընդ որում, համերգի ծրագրում ընդգրկված բոլոր խմբերգերի խոսքերը շատ ավելի վաղ են գրվել, քան դրանց հիման վրա ծնված մեղեդիները: Երգչախմբավար Սոնա Հովհաննիսյանը «Հայ կոմպոզիտորներ, հայ պոետներ» խորագրված համերգային երեկոյի համար ընտրել էր կոմպոզիտորներ Գեղունի Չթչյանի, Երվանդ Երկանյանի, Արմենուհի Կարապետյանի, Լեւոն Չաուշյանի, Տիգրան Մանսուրյանի, Սեդրակ Երկանյանի, Արմեն Բոյամյանի եւ Վաչե Շարաֆանի խմբերգերը՝ գրված հայ դասականների բանաստեղծությունների հենքով: Բոլոր դեպքերում, մեր տպավորությամբ, պոետական խոսքը հուշել էր մեղեդահյուսքը՝ ամեն անգամ կոմպոզիտորական անհատական ձեռագրի, սեփական մտածելակերպի եւ ոճի յուրատիպությամբ:
Մինչ ստեղծագործությունները հնչեցնելը, ողջ համերգի ընթացքում խմբավար Սոնա Հովհաննիսյանը բարձրաձայն ընթերցում էր բանաստեղծությունները: Նպատակ չուներ ասմունք ներկայացնելու, այլ հանդիսականին հստակորեն հասցնելու այն խոսքը, որի հիման վրա ստեղծագործել են կոմպոզիտորները: Եղիշե Չարենցի «Նավզիկե»-ն եւ Համո Սահյանի «Մասրենի»-ն այն բարձր պոետական արվեստի նմուշներից են, որոնք ինքնին մեղեդիներ են հուշում: Այդ երաժշտությունը լսել, թղթին է հանձնել կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, եւ ինչը հուզական է` ամենաազդեցիկ հունչով մատուցվեց հանդիսականին:
Քանիցս տարբեր երգչախմբերի կատարմամբ ունկնդրել եմ «Նավզիկե»-ն, բայց ամեն անգամ նորից ու նորից հայտնաբերել եմ այդ երաժշտական հյուսվածքի բացառիկ նրբությունը՝ բացարձակ անձեռակերտ, եթերային, չարենցյան հանճարին համազոր, սիրո բարձր արտահայտությամբ, բայց եւ խորապես դրամատիկ: Չարենցն իր երկը թվագրել է 1936.21.IX, երբ իր ողբերգական վախճանին ամիսներ էին մնացել:
«Նայադների՜ նման, նայադների՜ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք ու կորուստի կսկիծ…»:
Տիգրան Մանսուրյանի արարումներից ընտրվել էին երեք գործեր՝ գրված Հովհաննես Թումանյանի, Կոստան Զարյանի եւ Եղիշե Չարենցի խոսքերով: Հովհ. Թումանյանի «Արագիլ»-ը՝ հուսո, վաղվա օրվա հավատով լեցուն, նույնպիսի լավատեսական հունչ ուներ երաժշտական լեզվով.
«Արագի՛լ, բարով եկար, // Հա՜յ, արագի՛լ, բարով եկար. // Դու մեզ գարնան նշան բերիր, // Մեր սրտերը ուրախ արիր…»:
Չարենցյան հանճարի կնիքը կրող գլուխգործոցներից է «Ծիածան» շարքի «Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով» տողով սկսվող բանաստեղծությունը: Այնքա՜ն աննյութական սեր, քնքշություն, պատկերայնություն կա այս բանաստեղծությունում, որ պիտի խորագետ ընթերցող լինես՝ նրանում պարունակած պոետական հնարանքի ողջ խորքն ու հմայքը տալու համար.
«Լուսամփոփի՛ պես աղջիկ` աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՛ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…»:
Չարենցյան տողի երաժշտական ընթերցման հմայքի համազոր ուժով հնչեց Լեւոն Չաուշյանի հոգեւոր խմբերգերից մեկը՝ Գրիգոր Նարեկացու «Տաղ ծննդյան»-ի խոսքերով: Տաղը հնչեց աշխարհաբար: Թորոս Ռոսլինի վրձնին բնորոշ գեղանկարչական նրբագծումներով Նարեկացու քնարերգության ցայտուն նմուշը կատարվեց տաճարական սրբերգության ազդեցիկությամբ:

Թումանյանական խոսքի կախարդանքին է դիմել նաեւ Արմենուհի Կարապետյանը, եւ իրեն հաջողվել է Լոռվա բնաշխարհի պատկերների, ձայների համադրությունը հաղորդել՝ բազմաձայնելով Մեծ լոռեցու «Գարնան առավոտ»-ը:
«Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լուսը բացվեց մեր աշխարքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ…»:
Սեդրակ Երկանյանի հեղինակած ստեղծագործությունների շարքում կան խմբերգեր, որոնք հազվադեպ են կատարվել: Ուշ միջնադարի հեղինակ Պաղտասար Դպիրի խոսքը խոհական է, մեկ երկնքին հղված ողորմածության հայցով, մեկ կյանքի ունայնության քննությամբ, մեկ դրամատիկ հունչով, մեկ սիրաշաղախ, միշտ խորն ու բազմանշանակ: Հենց այդ բանաստեղծական աշխարհից ընտրված երեք երկերի հիման վրա է ստեղծել իր եռերգությունը Սեդրակ Երկանյանը: «Սիրտ իմ…», «Սիրոյդ կապեցայ», «Գարուն» խմբերգերը կատարվել են սրանից շուրջ երեք տասնամյակ առաջ՝ նախորդ դարի 90-ականներին, նախ՝ մաեստրոյի հիմնած եւ ղեկավարած «Խորան» երգչախմբի կողմից, ապա՝ Հալեպում, երբ տեղի հայ համայնքի «Զվարթնոց» երգչախմբի խմբավարն էր (1993-1994 թ.թ.): Եվ ահա, հիմա՝ 2026 թ. փետրվարի 23-ին «Հովեր» երգչախմբի համերգին հնչեցին սրտաբուխ հունչով, երաժշտական լեզվով գեղեցկորեն շարադրված, հայկական տաճարական երաժշտության տրամաբանութամբ, բայց հեղինակային մտահղացման յուրատիպությամբ:
«Սիրոյդ կապեցայ,
Գեղոյդ պատրեցայ,
Ով կենցաղ, իմ սուտ բարեկամ,
Ունայն վարեցայ…
Արդ զոր խօսեցայ,
Ստոյգ բարբառեցայ,
Ուրեմն ապա յոյժ յիրաւի
Զքէն գանկատեցայ»:
Երեք գործերը ներքին կապ ունեին, ուստի հնչեցին սահունորեն՝ աննշմար ընդմիջումներով, բայց տրամադրությունները զանազանվող էին դրանցում՝ սիրտը քննելու դրամատիզմի շեշտվածությունից մինչեւ հոգեկան ուժերի վերընձյուղում եւ լավատեսական հայեցողություն:
«Հայ կոմպոզիտորներ, հայ պոետներ» համերգը մեկնարկել էր Գեղունի Չթչյանի խմբերգով՝ գրված Չարենցի «Ո՜ւր ես թռչում, ա՛յ, քնար» քերթվածքի հիման վրա, եւ ավարտվեց Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունների կատարմամբ: Վ. Շարաֆյանի գործերը, ի տարբերություն նախորդների, ժամանակակից փորձառական արվեստի հորինվածքներ կարելի է համարել՝ անգամ բանաստեղծական խոսքերի ընտրության առումով, որ, ասես, հարմար ատաղձ են, իր երաժշտական նորաձեւ մտահղացումներին մարմին տալու համար: Երաժշտության միջոցով իր ասելիքը շարադրելու համար հեղինակն ընտրել էր Զահրատի «Ոսպ ստկող կինը» եւ «Զերո»-ն: Երկու գործերն էլ հետաքրքրական էին իրենց կառույցներով եւ եւերդաշնակման յուրահատկությամբ:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ





