Վրացահայ գեղանկարիչ Թենգիզ – Սեյրան Միկոյանցի հետ ծանոթությունս Երեւանում իր անհատական ցուցահանդեսին էր: Հովհ.Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի առթիվ Լոռվա աշխարհում արված իր նկարաշարը թիֆլիսյան պատկերաշարերի հարեւանությամբ ցուցադրվում էր Հայաստանի նկարիչների տանը:
Թենգիզ Միկոյանցը թումանյանական թեմայի ի՛ր մեկնությունն ուներ, եւ այդ մեկնությունը՝ տրված նկարաշարերով, նկարչի արմատների, ի՛ր ծագման, իր ապրած միջավայրի հայկականության բացահայտման մի նոր փուլ էր: Մի քանի բազմակտավ նկարաշարեր էր Միկոյանցը բերել Երեւան. մեկն արված է հին թիֆլիսյան միջավայրում, մյուսը՝ Լոռվա աշխարհում, որտեղ ծնվել, հասակ էր առել եւ որտեղից բանաստեղծական անսպառ ոգեշնչում էր ստացել Համայն Հայոց բանաստեղծը: Մյուս նկարաշարերն էլ ստեղծվել էին այն վայրերում, որոնք դարձյալ անմիջականորեն կապված էին բանաստեղծի անվան հետ: Բանաստեղծի ապրած կյանքի հետագծով շրջելով՝ Թենգիզ Միկոյանցը եղել էր Ախալքալակում եւ Ախալցխեում, Բորժոմիում եւ Մանգլիսում, Կոջորիում եւ Աբասթումանում, Ախթալայում եւ Փարվանա լճի ափին, այլուր:
Նկարիչը վերականգնել էր Թումանյանի ներկայության հիշողությունը թիֆլիսյան փողոցներում ու տներում, ապա մի կարճ ընթացքով տեղափոխվել էր Դսեղ՝ այնտեղ եւս փնտրելու բանաստեղծի կենդանի ներկայությունը՝ բարձրուղեշ ծառերով շրջապատված հողե ճանապարհին, բանաստեղծի հայրական տան մերձակայքում, անդնդախոր ձորերի եզերքին, հայացք ձգելու հեռվում ուրվագծվող այն լեռներին, որոնց կանաչ լեռնալանջերին հաճախ է շրջել բանաստեղծի միտքը, տեսնելու եւ ճանաչելու այն մարդկանց սերունդներին, որոնց մի շառավիղն էլ Թումանյանն է…
Թենգիզի օջախի անունը Սեյրան էր: Վրաստանում նրան ճանաչում էին՝ իբրեւ Թենգիզ Միկոյանցի, որ ծնվել էր վրացական Խաշուրի անվանյալ վայրում՝ հայկական ընտանիքում, գեղարվեստական կրթություն ստացել Մոսե Թոիձեի անվ. գեղարվեստի քոլեջում, ապա եւ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում: Թենգիզի գեղանկարները գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում, մի տասնյակից ավելի անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թբիլիսիում, Ռուսաստանում, հայաստանյան տարբեր ցուցասրահներում: Թենգիզ-Սեյրանին Վրաստանում ճանաչում էին՝ որպես Հին Թիֆլիսի պատկերները հավերժացնող նկարչի: Հին թիֆլիսյան թեմաների գեղանկարչական արծարծումներն են հենց Միկոյանցի համար դարձել՝ որպես նկարիչ կայուն կայացման հենքը: Հատուկ ընդգծված սիրով, խանդաղանտանքով, վառ գույների ու տաք երանգների համադրությամբ էր պատկերում հին քաղաքի ամեն մի նրբանցքը, շենքը, պատշգամբը, դարպասը… Նկարչի հետ զրույցս իր հայկական արմատների, հայկական գենի իր զգացողության, հին թիֆլիսյան պատկերաշարերի մասին էր:
«Հին Թիֆլիսի ողջ շունչը, բույրը, գույնը, տրամադրությունը բերեցիք երեւանյան ցուցասրահ,- կիսեցի տպավորություններս նկարչի հետ,- եւ այդ գործերը դիտելիս՝ կարոտի զգացման ալիքը բարձրացավ հոգումս, որովհետեւ հին Երեւանի նույնքան կենդանի շունչը մենք կորցրեցինք մարդկային անտարբերության, անփութության, թե՞ հանցավոր անգիտության, ազգային ժառանգությունը չգնահատելու հետեւանքով»: Ի՞նչ էր ապրում՝ հին Թիֆլիսը նկարելով, ի՞նչն էր, որ իրեն ձգում էր. չէ՞ որ Թիֆլիսում ամեն մի անկյուն նաեւ հայկական է՝ հետաքրքվեցի:
«Քաղաքը, որ կառուցել են հայերը (եթե անգամ հայերը կառուցած չլինեին), ինքնին կախարդական է, հմայում է, ջերմացնում իր գույներով,- ասաց Թենգիզ-Սեյրան Միկոյանցը:- Ըստ էության, հենց ա՛յդ քաղաքը սովորեցրեց ինձ նկարել, ես երախտապարտ եմ այդ քաղաքին. նրա գույնը, երանգները, ինչով հագեցած է քաղաքը,- այդ ամենի շնորհիվ եմ նկարիչ. հիմա դա կտավներին եմ արտացոլում – դուրս բերում քաղաքի այդ ջերմությունը, որը շատ հին է, կոլորիտով, գեղեցիկ: Տների կառուցվածքը, պատշգամբները, այդ ամենի սիրուն համադրությունը, ամեն ինչ ներդաշնակված է այնտեղ: Ես գերված եմ այդ քաղաքով: Ես գիտակցում եմ, որ դա էլ օգնել է ինձ, իմ՝ որպես նկարչի կայացմանը»:
Հետաքրքվեցի՝ արդյոք այդ հիշողությունը կենդանի՞ է այն վայրերում, որոնց հետ կապված է Հայոց մեծ բանաստեղծի անունը: Պարզվեց՝ իրականությունն այսօր այլ է: Նկարիչը երբեմն ստիպված է եղել բացատրելու, ապացուցելու այս կամ այն վայրի հայկականության փաստը. «Երբ նկարում էի կոնսիստորիան, որտեղ աշխատել է Թումանյանը, ինձ հարցրին՝ ինչո՞ւ եմ ընտրել այդ վայրը: Ասացի, որ այստեղ հայկական եկեղեցի է եղել. ինձ հակաճառեցին, թե վրացական է: Իմ բացատրությունից հետո ներողություն խնդրեցին՝ պատճառաբանելով, թե իրենց այդպես են սովորեցրել»: Ցավով եզրակացրեցի, որ, ուրեմն՝ հայկականության, նաեւ թումանյանական կենդանի «ներկայության» հետքերը հետզհետե ջնջվում են: Եվ այս նկարաշարով արվեստագետը, ասես, պատմության փոշին էր մաքրում, հիշողություն էր վերականգնում, դարձ է կատարում դեպի թումանյանական Թիֆլիսը:
Փնտրումս՝ գտնելու Թումանյանի գեղանկարչորեն արտահայտված տողն այս կտավներին, զուր չէր: Թենգիզն իր՝ գեղանկարչի լեզվով շարադրել էր այն, ինչ խոսքի ուժով հանճարեղորեն նկարել է բանաստեղծը: Տպավորված էր թե՛ Լոռվա բնության զորությամբ ու տաք գույների բազմագեղությամբ, թե՛ մարդկանցով: Հմայքը, որ հատուկ է այս վայրերին, անգամ հպանցիկ դիտելիս, հզոր տպավորություն էր թողել իր վրա. անդունդների ահռելիությունը, երկրի ճեղքվածքը եւ դրա զույգ ափերին գունագեղվող դաշտերի լայնարձակությունը, եւ կղզյակի պես՝ բարձունքում՝ Դսեղը՝ բանաստեղծի հայրական տան նիստուկացի ավանդույթի մասին կենդանի հուշերով:
«Բայց ամենից ավելի տպավորվել էի, կախարդվել մարդկանց վերաբերմունքից,- պատմում էր Միկոյանցը,- բարի են. աշխատելիս՝ մոտենում էին, հետաքրքրվում՝ ինչո՞վ կարող են ինձ օգտակար լինել… Ես նկարեցի այն վայրերը, որտեղ ծառայություն է մատուցել Թումանյանի հայրը, որտեղ նաեւ հենց ինքն է եղել, սիրել է այցելել: Ես հպարտ եմ, որ եղել եմ այն տեղերում, որտեղ Թումանյանն է եղել… Ես հպարտանում եմ, որ հայ եմ»:
Սա էլ, թերեւս, դեպի սեփական արմատները, ազգային պատկանելությանը գալու մի հետաքրքրական ընթացք էր եղել նկարչի համար: Իմանալով իր զտարյուն հայ լինելու անառարկելի փաստը, հիշողության մեջ ունենալով արմատներով՝ մշեցի, ծնունդով՝ կարսեցի լինելու, Եղեռնից մազապուրծ տատի պատմությունները՝ նկարիչն արդեն իր ստեղծագործությամբ եկել, հանգել էր հայկականության բացահայտման թեմային: Նրա արվեստը ջերմ էր՝ գույնով, ընտրված երանգներով, զգացմունքի արտահայտման գեղանկարչական կերպով:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ