Այն ո՞վ էր ասում՝ ուզում եմ ապրել Հ1-ի Հայաստանում: Այսինքն՝ մեր Հանրային հեռուստատեսության, այլ երկրի օրինակի խոնարհ հետեւողությամբ Առաջին ալիք վերանվանված: Ապրել նրա ներկայացրած Հայաստանում: Այնպիսի պայծառ գույներով է ներկայացնում, դիցուք, վարչապետի Եվրոպա այցի, այնտեղի հանդիպումների բովանդակությունը, որ մտածում ես՝ աշխարհն իր գործերը թողած՝ մեզ սատարելու, մեր խնդիրների դրական լուծմանն օգնելու փութաջանությամբ է տառապում: Մինչդեռ առ այժմ արդյունքների առումով հո ճիշտ հակառակն է եղել: Այն աշխարհը, որն անտարբեր նայեց հայ Արցախի դեմ այլոց օգնությամբ Ադրբեջանի 2020 թ. ագրեսիային ու ռազմական հանցագործություններին, հետո նրա համարյա 10-ամսյա բարբարոսական դաժան շրջափակմանը, ապա ռազմական ուժով էթնիկ զտմանը, հազարամյակների իր տեր հայ բնակչությունից նրա դատարկմանը, հիմա էլ առիթից առիթ կարող է «մեծահոգաբար» խոսել բնավեր եղած արցախահայության սոսկ սոցիալական խնդիրներին հնարավոր որոշ աջակցության, բայց ոչ երբեք՝ 150 հազար մարդու խախտված ամենատարրական քաղաքացիական իրավունքի մասին:
Գուցե արդեն սխալվում եմ (տա Աստված) կամ չափազանցված զգացողություն է, բայց այնպիսի տպավորություն է, թե մեզ հետ այդ եվրոպական, ամերիկյան եւ մյուս բանակցությունները, բոլոր հիմնական խոսակցությունները միայն մեր երկրի տարածքից՝ Ադրբեջանից Նախիջեւան միջանցք տալու մասին են: Եվ դարձյալ՝ ոչ մի խոսք այդ երկրում ապօրինաբար պահվող հայ գերիների, պատանդների վերադարձի, անգամ մեր ինքնիշխան տարածք ներխուժած ազերի զինուժի հեռացման ու այլ խնդիրների մասին: Մեր դարավոր դաշնակից համարված Ռուսաստանն անգամ, որի դաշնակից էության ամբողջ պերճանքն արդեն լավ տեսանք, ճիշտ Ադրբեջանի նման կառչել է 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության միայն 9-րդ կետից, երբ ինքը եւ այդ մյուս կողմը չեն կատարել մնացածներից իրենց վերաբերող ոչ մի կետը ու նույնիսկ չկա այդ հայտարարության առարկա հայ Արցախն ինքը:
Մեզ համար անհանգստացնող հարցեր են մնում՝ ըստ էության ի՞նչ են բանակցել ու պայմանավորվել կամ չեն պայմանավորվել Փաշինյանն ու Էրդողանը, Փաշինյանն ու Ալիեւը, նա ու եվրոպացի պաշտոնյաները: Եվ որոշ բաներ կարդում ենք «դրսի» լրատվամիջոցներում՝ չիմանալով հայտնվող այս կամ այն տեղեկության իսկության աստիճանը, քանի որ ամեն մեկը հաճախ իր քաղաքական շահագրգռությունների տեսանկյունից է ներկայացնում ու մեկնաբանում դրանք: Մյուս կողմից, այդ հրապարակումները նաեւ ավելի տեղեկացնող կարող են լինել:
Եվ ահա, «Եվրասիա դեյլի» լրատվական գործակալության կայքում կարդում ենք. «ԵՄ-ն եւ Հայաստանը համաձայնել են ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման վերահսկողության ոլորտում»…
Ըստ հրապարակման, այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ Բրյուսելում օրեր առաջ կայացած բանակցությունների ավարտին արված համատեղ հայտարարությունում: Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում հայերեն բերված այդ, ավելի ստույգ, մամուլի համատեղ հաղորդագրության տեքստում միտքը մի փոքր այլ բառերով է շարադրված, Ռուսաստանի անունն էլ չկա, բայց բոլորի համար հասկանալի է:
Այստեղ բա չասե՞ս՝ Հայաստանին հիմա միայն սա էր պակաս, հա՞: Մենք ուրիշ հոգս, խնդիր, ուրիշ հարց չունեինք, ու պատկերավոր ասած՝ փորձելով «արջի ճանկերից» ազատվել, պիտի նրան մի հատ էլ բզե՞նք, մեր դեմ արդեն կատաղած հանե՞նք, երբ ողջ Եվրոպան ու Ամերիկան էլ հետը այսքան ժամանակ դեմը ելած՝ չեն կարողանում նրան զսպել: Մենք թշնամիների պակա՞ս ու նոր պահա՞նջ ունենք…
Եվրոպան, հավաքական Արեւմուտքը իրենց հարցն են լուծում, ինչո՞ւ ենք մենք մտնում ուրիշի կռվի մեջ, գործիք դառնում ու մեզ համար արդեն անկեղծ մի նոր, զորեղ թշնամի ավելացնում: Ո՞ւմ թելով ենք թելվում եւ ի՞նչ հույսով…
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ





