Մոսկվայում ստեղծագործում է մի ռուս աղջիկ՝ ոգեշնչված Մարտիրոս Սարյանի գույներով
Վալենտինա Բարաբաշ անուն-ազգանունը թեեւ անծանոթ է հայաստանաբնակ հանրությանը, սակայն Մոսկվայում ապրող եւ ստեղծագործող 27-ամյա արվեստագետը, որ մասնագիտությամբ նկարչուհի է, իր ստեղծած մուլտֆիլմերի շարքով արդեն հասցրել է ոչ միայն ճանաչում ձեռք բերել Ռուսաստանում, այլ նաեւ մրցանակային տեղեր զբաղեցնել միջազգային հեղինակավոր փառատոներում:
Վալենտինայի վկայությամբ՝ ոչ քիչ թվով մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում չեն կարողանում գտնել իրենց սիրելի զբաղմունքը, բայց այդ առումով ինքն իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ արդեն 3-4 տարեկանից իր շրջապատը հաստատ գիտեր, որ ցանկանում է նկարել եւ նկարիչ է դառնալու:
Վալենտինան դպրոցից հետո սովորել եւ ավարտել է գեղարվեստաթատերական քոլեջի անիմացիայի բաժինը, գործնական մեծ փորձ, հմտություններ եւ գիտելիքներ է ձեռք բերել անիմացիոն մուլտֆիլմեր ստեղծելու աշխատանքների ընթացքում, մտադիր է հետագայում ուսանելու նաեւ համալսարանի արվեստաբանության ֆակուլտետում:
– Ծագումնաբանությունը, արմատները մեծ նշանակություն կարող են ունենալ մարդու ճակատագրում, մասնագիտության ընտրության հարցում,- ասում է Վալենտինան: – Ի դեպ, քոլեջի իմ ավարտական դիպլոմային աշխատանքը կատարել եմ աշխարհահռչակ Մարտիրոս Սարյանի «Հեքիաթներ եւ երազներ» ստեղծագործությունների շարքով ոգեշնչված: Բայց ի՞նչ իմանայի, որ ինձ համար ամենահետաքրքիր անակնկալը դեռ առջեւում է: Տարիներ հետո, երբ արդեն ավարտել էի քոլեջը, մի անգամ հայրս հանդիպել է Հեռավոր Արեւելքում ապրող բարեկամների հետ, եւ նրան ասել են, որ իր նախապապերից մեկը Հայաստանից է եղել, շատ է սիրել նկարել: Այդ նկարչի ընտանիքը, հավանաբար, ժամանակի փորձությունների միջով է անցել, հաճախակի են տեղափոխվել մի երկրից մյուսը, ուստի նրա աշխատանքները չեն պահպանվել: Այնպես որ, մասնագիտության ընտրության հարցում ես ունեմ գոնե մեկ ծանրակշիռ փաստարկ…»:
Վալենտինան մանուկների շրջանում մեծ համակրանքի արժանացած մի քանի անիմացիոն մուլտֆիլմերի հեղինակ է: Հենց առաջին սերիայից նա մասնակցել է «Պրոստոկվաշինո» ռուսական անիմացիոն սերիալի ստեղծման աշխատանքներին, այդ սերիալը, որն այսօր մեծ ժողովրդականություն է վայելում, թողարկվել է մի քանի տարի եւ, կարելի է ասել, խորհրդային մուլտֆիլմերի «Երեքը Պրոստոկվաշինոյից», «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» շարքի շարունակությունն է:
– Ես ֆիլմեր եմ նկարում հիմնականում երեխաների համար,-ասում է Վալենտինան, եւ չեք պատկերացնի մեծ ուրախությունս, երբ տեսնում եմ, թե ինչպիսի անհամբերությամբ են եղբորս տղաները սպասում «Պրոստոկվաշինոյի» նոր սերիային: Նրանք ինձ ասում են, թե ինչ են հավանել եւ ինչպիսին կուզեին տեսնել սյուժեի հետագա զարգացումը: Հավատացեք, երեխաները շատ անկեղծ են եւ պետք է վստահել նրանց ճաշակին ու երեւակայությանը: Այդ հանգամանքը միշտ էլ աշխուժացնում եւ ոգեշնչում է ինձ, հաճելի է տեսնել, որ երեխաները սիրում են քո ստեղծածը:
Բոլորովին վերջերս «Իմ ընկեր Վագրը» կարճամետրաժ մուլտֆիլմը հաղթող է ճանաչվել Իսպանիայի երկու փառատոներում: Արտասահմանյան մամուլի՝ արվեստի նորություններին նվիրված էջերը հանդիսավությամբ նշեցին, որ Gaztefilm Fest 2022-ում ռեժիսոր Տատյանա Կիսելեւայի «Իմ ընկեր վագրը» մուլտֆիլմը (բեմադրող նկարիչ՝ Վալենտինա Բարաբաշ) ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ, իսկ Zinetxiki Zinemaldia Festival 2022-ում ֆիլմը դարձել է հինգ տարեկանից բարձր երեխաների կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում հաղթող:
– Մուլտֆիլմը պատմում է փոքրիկ աղջկա եւ վագրի ընկերության մասին, որոնք մանկուց իրենց ամբողջ ժամանակը միասին են անցկացնում, մինչեւ որ հերոսներից մեկը ստիպված է լքել իր տունն ու լավագույն ընկերոջը,-ասում է Վալենտինան: – Soyuzmultfilm-ի ներկայացուցիչները ժապավենն անվանել են հուզիչ պատմություն, որը նկարագրում է էմոցիաների ողջ շրջանակը, երբ մեծանում ես եւ բաժանվում սիրելիներից:
Վալենտինան շատ է սիրում ճամփորդել, նրան առավելապես հոգեհարազատ է լեռնային տեղանքը, ազատ ժամերին ստեղծագործելիս նախընտրում է բնանկարի ժանրը: Սիրելի հոբբին յոգան է, որն առավել ամրապնդվեց Հնդկաստանում ճամփորդելիս: Ունի շուն եւ կատու, շատ է սիրում շան հետ զբոսնել եւ օրվա տպավորությունները կիսել մոր հետ:
Մոսկվայում ապրում եւ ստեղծագործում է մի ռուս նկարչուհի՝ իր իսկ խոստովանությամբ՝ դեռեւս մինչեւ վերջ չբացահայտված եւ չգաղտնազերծված հայկական արմատներով:
Տաղանդավոր եւ խոստումնալից այս նկարչուհուն, որն այսօր աչքի է ընկնում իր ինքնատիպությամբ եւ որը դեռեւս ուսանողական տարիներից ոգեշնչվելով գույների մեծ վարպետ Մարտիրոս Սարյանի «Հեքիաթներ եւ երազներ» ստեղծագործությունների շարքով, ուզում եմ մաղթել նույնքան ինքնատիպ եւ հաղթանակներով լեցուն ուղի: Ավելորդ չեմ համարում նաեւ երիտասարդ նկարչուհուն ընդամենը մեկ դրվագ վկայակոչել Մարտիրոս Սարյանի կյանքից, գուցե Վալենտինան ինչ որ ընդհանրություննե՞ր հայտնաբերի. 1903 թ. Մոսկվայի ուսումնարանն ավարտելուն պես երիտասարդ Մարտիրոս Սարյանը կտրականապես մերժեց գեղանկարչական դպրոցի կայունացած կանոնները եւ ելավ ինքնարտահայտման նոր միջոցների որոնման ճանապարհ: «Բնությունից արված մի շարք էտյուդներից հետո, ես ուզեցի կտրվել նրանից եւ ընկղմվել երեւակայության ոլորտը», – հիշում էր Սարյանը: Հեքիաթի եւ անուրջի աշխարհը նկարչին հնարավորություն ընձեռեց արտահայտելու բնության հետ մերձենալու եւ նույնանալու նրա ձգտումը: Ջրաներկի տեխնիկան հնարավորություն տվեց նրան վերարտադրել հոգեկան ամենանուրբ ապրումները, նրբագեղ գունախաղերը, օդի շարժումը, լույսի թրթիռը…
Քեզ մեծ հաջողություններ եմ ցանկանում, սիրելի Վալենտինա, միշտ հիշիր, որ Հայաստանի՝ «Հեքիաթների եւ երազների աշխարհի» հյուրընկալ դռները բաց են քո առջեւ: Այնտեղ դու կգտնես քեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխանները…
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից