Խաղի գլխավոր մասնակիցը
Հատուկ ծառայությունների մասին գրելու համար պետք է ճանաչել այդ «աշխարհը»:
Այդ «աշխարհը» ճանաչելու համար պետք է նրանց մոտ կանգնել, որպեսզի համոզիչ ստացվի, ավելի լավ է լինել դրանց կազմում:
Խաղալ պետք է միայն այն թիմում, որտեղ կա ինտելեկտ եւ պրագմատիզմ: Պետք է հավատալ միայն այն խաղի կենսունակությանը, որի կենտրոնում մտածող մարդն է:
Երբ գնում են առաջ, պետք է իմանաս հաջորդ քայլը:
Հատուկ ծառայությունում չի կարելի առաջ գնալ հարմարվողականությամբ եւ հնազանդության սկզբունքով: Դա կբերի բարոյական աստիճանական անկման: Հարմարվողականներին չի կարելի բերել պաշտոնի, հատկապես հատուկ ծառայությունում, համակարգի արժեքավոր մարդիկ դառնում են աննշան:
Ազգային անվտանգության շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ են մարտունակ զինված ուժեր, առաջատար դիվանագիտություն, արդյունավետ հետախուզություն եւ հակահետախուզություն:
Երբեմն վերջին սկզբունքը կարող է զբաղեցնել առաջինի տեղը:
Հետախուզությունը՝ դա մշտական փորձ է թափանցել առճակատման եւ պատերազմի մառախուղ ու հայտնաբերել ապագայի ուրվագծերը:
Կարծիք կա, որ ԱՄՆ (ԿՀՎ) Կենտրոնական հետախուզության վարչությունը եւ Իսրայելի «Մոսադը» (իսրայելական հետախուզություն) աշխարհի ամենաուժեղ հատուկ ծառայություններն են: Սակայն, կա մեկ ուրիշ հատուկ ծառայություն, որի անունն հաճախ չի հոլովվում, եւ այդ ծառայության մասին քիչ է խոսվում, բայց նրա հետախույզներն ու լրտեսները շատ ակտիվ են ամբողջ աշխարհում: Այդ մասին շատ քչերը գիտեն, որովհետեւ այդ կազմակերպությունը շատ քիչ հետքեր է թողնում իր հետեւից: Դա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական անվտանգության նախարարությունն է (Ministry of State Security): Այդ գերատեսչությունը միաժամանակ հետախուզություն, հակահետախուզություն, գաղտնի ոստիկանություն եւ կիբեռստորաբաժանում է: Վստահ եմ, որ ընթերցողներիս մեծ մասը շատ քիչ բան գիտի այս գերատեսչության մասին: Սակայն, միայն շարքային ընթերցողս չէ, որ չունի գիտելիքներ Չինաստանի այս կազմակերպության մասին: ԱՄՆ Հատուկ ծառայությունների վերլուծաբանները խոստովանում են, որ իրենք էլ առանձնապես տեղեկացված չեն այդ հետախուզության աշխատանքի նրբություններին, նրանց տեխնիկական հագեցվածությանը, ե՞րբ եւ աշխարհի ո՞ր հատվածում են նրանք ակտիվ գործառույթներ անցկացնում, որտե՞ղ եւ ո՞ւմ են հավաքագրում, ե՞րբ եւ ո՞ր պետությունների քաղաքականության մեջ են նրանք խառնվում, ի՞նչ տեխնոլոգիաներ են օգտագործում համաշխարհային գործառույթներին հետեւելու համար:
Ուսումնասիրենք որոշ լարված եւ խճճված սյուժետային դրամաներ:
Չինաստանի հետախուզությունը պարզապես հատուկ ծառայություն չէ, դա ստվերային իմպերիա է, որն ի վիճակի է հսկել միլիոնավոր մարդկանց, կարող է իրականացնել կիբեռպատերազմներ, գաղտնի գործառույթներ ամբողջ աշխարհում:
Չինաստանի Պետական անվտանգության նախարարության (ՊԱՆ) պատմությունը սկսվել է 1983 թվականից, այսինքն այն պահից, երբ երկրում սկսեցին շուկայական հարաբերությունների ռեֆորմները: Դեն Սիա Պինի ռեֆորմների հետ միասին՝ երկրի ներսում ակտիվացան օտարերկրյա լրտեսները, օտարերկրյա ազդեցության լծակները, ներքին բողոքարկությունը: Չինաստանի կոմկուսը հասկացավ, որ պետությանը խիստ անհրաժեշտ է հզոր հատուկ ծառայություն, որպեսզի երկրում հսկողության տակ վերցվի ամեն ինչ, ամեն բան:
Ընդ որում, այդ նախարարության կարեւորագույն խնդիրներից մեկը՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատիվը պահպանելն էր: Նախարարության կենտրոնակայանը՝ «Իդունյուանը» (Yidongyan) գտնվում է Պեկինի «Հայդիան» (Haidian) շրջանում; դա մայրաքաղաքի հյուսիս-արեւմտյան շրջանն է:

2022թ-ից նախարարությունը ղեկավարում է Չեն Իսինը (Chen Yixin):
Նախկինում հետախուզությամբ զբաղվում էր կենտրոնական հետախուզական (հետազոտական) դեպարտամենտը, որն ուներ բավականին սահմանափակ իրավասություններ եւ լիազորություններ: Իսկ հակահետախուզությունը այդ ժամանակ (գտնվում էր Հասարակական անվտանգության նախարարությունում) ուներ բավականաչափ լիազորություններ, բայց զբաղված էր արտասահմանյան գործակալների դեմ պայքարով եւ չէր կարող նախահարձակ գործառույթներ իրականացնել:
1983թ.-ից այդ երկու կառույցները ընդգրկվեցին ՊԱՆ-ում: Այսինքն՝ Պետանվտանգության նախարարությունը իր հսկողության տակ վերցրեց նաեւ արտաքին հետախուզությունը, հակահետախուզությունը, տեղեկատվական գործառույթները, քաղաքական ճնշամիջոցները եւ այլն:
Ինքնըստինքյան հասկանալի է. եթե կա արտաքին հետախուզություն, ապա նրա աշխատակիցներն ու գործակալները պետք է աշխատեն ոչ միայն իրենց երկրի ներսում, այլեւ այլ պետություններում՝ դիվանագիտական, տնտեսական, քաղաքական, ռազմական, լրագրողական եւ այլ «ծածկերի տակ»:
Իհարկե, այդ պետության առաջին դեմքերից բացի, ոչ ոք չի կարող իմանալ հատուկ ծառայության աշխատակիցների կոնկրետ քանակը, բայց ըստ որոշ տեղեկությունների՝ այդ թիվը գերազանցում է 600.000-ը: Իհարկե, այս քանակությունը ամբողջովին չի պատկանում կենտրոնակայանին: Աշխատակիցների որոշակի մասը աշխատում է «ծածկերի» տակ, տարբեր բյուրոներում եւ այլն:
Եվ իհարկե, ոչ ոք չի կարող իմանալ, թե իրականում ինչ թվով բիզնեսմեններ, ժուռնալիստներ, տուրիստներ, դիվանագետներ, առրեւտրականներ, ուսանողներ կարող են աշխատել այլ երկրներում իրենց հետախուզության հետաքրքրություններով: Չինական հատուկ ծառայություններում ընդունված է «ծածուկ (գաղտնի) ճակատ («hidden front»)» հասկացությունը:
Այս ճակատի աշխատակիցներն ու գործակալները մեծ աշխատանք են կատարում արդյունաբերական լրտեսության ոլորտում: Այս ոլորտը հայտնի է նաեւ լրտեսության տնտեսական ճակատում, հայտնի է նաեւ կորպորատիվ լրտեսությունը, որը իրականացվում է կոմերցիոն նպատակներով (իհարկե վերջին ելեւէջները արդեն չեն իրականացվում ազգային անվտանգության նկատառումներով – հեղինակի կողմից):
Իհարկե, նախարարությունը զբաղվում է նաեւ (ինչպես աշխարհի շատ հատուկ ծառայություններ) այլախոհների հետապնդումներով, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:

Վերոհիշյալ նախարարության ամենահայտնի ստորաբաժանումներից մեկը համարվում է «apt 31» հաքերային խումբը (hacker group), որը հայտնի էր նաեւ «Ցիրկոնիում» (zirconium) անունով: Այս խմբի աշխատակացիները գաղտնի հանդիպումներ չեն ունենում, նրանք պաշտոնապես աշխատում են չինական ընկերություններում եւ զբաղվում են համակարգչային սերվերների (server hacking) կոտրումով (հիմնականում՝ արեւմտյան պետությունների ուղղությամբ): Այդ սերվերներից չինական հետախուզությունը հաջողում է տվյալներ հավաքել ռազմական տեխնոլոգիաներից սկսած ու վերջացրած տարբեր քաղաքական գործիչների կենսագրական տվյալներից եւ ոչ լեգալ գործունեությունից:
Օրինակ՝ 2021թ. ԱՄՆ պաշտոնապես մեղադրանք ներկայացրեց Չինաստանի Պետական անվտանգության նախարարությանը Microsoft Exchange ծրագրերի վրա հաքերային հարձակման համար: Իմիջիայլոց այս ծրագիրը օգտագործվում է աշխարհի հազարավոր ընկերությունների եւ պետական կառույցների կողմից: Գլոբալ մասշտաբով չինական հետախուզությունը ընկղմվել է աշխարհի «թվային կյանք» (цифровая жизнь – digital life):
2020թ. ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ – FBI) ձերբակալեց ԿՀՎ-ի նախկին աշխատակից Ջերրի Չուն Շինին, որը փոխանցում էր չինական հետախուզությանը տեղեկատվություններ ԿՀՎ-ի գործակալների մասին, ովքեր ապրում եւ գործում էին Չինաստանում: Ձերբակալեցին Չինաստանում ամերիկյան ավելի քան 20 գործակալներ:
Որքա՞ն չինական հետախույզներ են աշխատում ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արեւելքում, ոչ ոք չի կարող հայտարարել: Նրանք աշխատում են զգուշությամբ ու նրբորեն եւ նրանց գործառույթների մեծ մասը չի բացահայտվում: Չինական հետախուզության կարեւորագույն գործառույթներից է նաեւ ֆինանսավորել նախընտրական քարոզարշավներն իրենց թիրախ պետություններում, կաշառքների միջոցով մեղմացնել տնտեսական պատժամիջոցները Չինաստանի դեմ, չինական ընկերություններ հիմնել իրենց հետաքրքրող երկրներում:
Այնուամենայնիվ, չկան տեղեկատվություններ, որ չինական հետախուզությունը կազմակերպում է «գունավոր հեղափոխություններ»: Բոլոր նարատիվները այդ ուղղությամբ պատմում են ԱՄՆ-ի հետախուզության, Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամի», USAID-ի գործունեության վերաբերյալ ամբողջ աշխարհում: Դա նույնպես մեծ հմտություններ է պահանջում, առանց իշխանափոխությունների ապահովել լոյալություն իրենց երկրի՝ Չինաստանի նկատմամբ եւ աշխատեցնել տարբեր պետությունների կառավարությունները եւ էլիտար հասարակությունները չինական ազդեցության ոլորտները մեծացնելու նպատակով:
Չինական հետախուզության ամենամեծ եւ վստահելի գործընկերները այս պահին Իրանի եւ Ռուսաստանի հետախուզություններն են: Բացի հետախուզական համագործակցությունից, Չինաստանը օգնում է Իրանին ստեղծել ստվերային ֆինանսական ուղիներ՝ շրջանցելով պատժամիջոցները, վաճառել իրանական նավթամեքենաները:
Չինական հետախուզության մյուս կարեւոր դաշնակիցներից մեկն էլ հանդիսանում է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (որը իմիջիայլոց մեր թշնամու՝ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցներից մեկն է – հեղինակ):
Պակիստանի հետախուզությունը տարածաշրջանում համարվում է ամենաազդեցիկ հատուկ ծառայություններից մեկը եւ այն օգտագործվում է Չինաստանի կողմից որպես պլացդարմ՝ Հնդկաստանի դեմ գործառույթները անցկացնելու համար: Այդ երկիրը Չինաստանի ասիական գլխավոր մրցակիցն է: Չինաստանը լրջորեն օգնում է Պակիստանին ռազմական տեխնոլոգիաներով, զենքով եւ այլն: Պակիստանի հետախուզությունը օգնում է չինական հատուկ ծառայություններին հսկել ույղուրական բնակչությանը, որոնց ուժգնորեն սատարում են Չինաստանի դեմ թուրքական հատուկ ծառայությունները: Զարմանալի է, չէ՞, քանի՜ շերտանի համագործակցություն, հակասություններ, ճկուն, իրար հակասող խաղեր: Չէ՞, որ այդ նույն Պակիստանի հատուկ ծառայություններն ու զինված ուժերը մեր տարածաշրջանում ակտիվորեն համագործակցում են Ադրբեջանի եւ Թուրքիայի ուժայինների հետ ընդդեմ Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի:
Ի՞նչն է մեզ խանգարում ուժեղացնել եւ ամրացնել դաշնակցային հարաբերությունները չինական հատուկ ծառայությունների հետ, թեկուզ Պակիստանին զսպելու համար:
Չինաստանի հատուկ ծառայությունների ամենավստահելի գործընկերներից մեկն էլ Հյուսիսային Կորեայի համապատասխան ծառայություններն են: Մասնավորապես Հյուսիսային Կորեայի ընդհանուր հետախուզության բյուրոն: Չինաստանը օգտագործում է Հյուսիսային Կորեան որպես բուֆերային ուժ: Արեւմուտքը կենտրոնանալով Հյուսիսային Կորեայի գործառույթների վրա՝ հաճախ աչքաթող է անում Չինաստանին:
Եվ այսպես, Հյուսիսային Կորեան, Իրանը, Պակիստանը շատ հարցերում ընդունում են Չինաստանի «մոդուս օպերանդին» (գործողության եղանակները), լրտեսական իմաստությունը (the wisdom of espionage), casus belli (պատերազմական շարժառիթները), շատ հաճախ նշված պետությունների համար նույն իրավիճակը ձեռնտու է:
2017թ. Չինաստանում ընդունվեց մի օրենք, որի համաձայն բոլոր այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են մեծ, միջին կամ փոքր բիզնեսով, պարտավոր են անհրաժեշտության դեպքում օգնել երկրի հետախուզությանը:
Եվ այսպես, ի՞նչն է կարեւոր: Չինաստանի հետախուզությունը պարզապես տեղեկատվության հավաքով չի զբաղվում: Այդ կազմակերպությունը ֆունդամենտալ փոփոխության է ենթարկում հետախուզության հայեցակարգը՝ (կոնցեպցիան), համատեղում է ավանդական լրտեսական մեթոդները նորագույն բիզնես-տեխնոլոգիաներով եւ այդ ամենը՝ պետության հսկողության ներքո: Մի խոսքով, հետախուզությունը եւ վարվող արտաքին քաղաքականությունը դառնում են մի անբաժանելի ընդհանրություն:
Մոտովորապես այսպես են աշխատում նաեւ Բրիտանական հետախուզությունը «Mi-6»-ը, Իսրայելական «Մոսսադը», բայց պարզ չէ, թե ինչպես կաշխատի այսուհետեւ ամերիկյան ԿՀՎ-ն, քանի որ պարզ չէ ո՞ւր են տանում երկիրը նախագահ Թրամփը եւ Իլոն Մասկը: Տարօրինակ է, բայց նաեւ փաստ, որ ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի եւ ԱՄՆ այլ հատուկ ծառայություններից հազարավոր աշխատակիցներ են կրճատվում:
Պարզվում է նաեւ, որ չինական տեխնոլոգիական ընկերությունները, որոնք կապված են երկրի Անվտանգության նախարարության հետ, տեխնիկական հնարավորություններ ունեն ապահովելու տեսահսկում (видеонаблюдение) Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում ու Եվրոպական շատ երկրներում:
Արեւմտյան շատ պետություններում սկսել են հասկանալ, որ Չինաստանի հետախուզությունը գործում է ոչ միայն ընտրովի, այլ ճշգրիտ եւ համակարգային:
Վերջացնելով հերթական թեմաս, կապված հատուկ ծառայությունների հետ, ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ Չինաստանի Պետական անվտանգության ծառայությունը մեր դարաշրջանի գլխավոր խաղը վարողն է, այն շուտով կփոխի համաշխարհային խաղի կանոնները, քանի որ ոչ մի հատուկ ծառայություն (թերեւս բացի ռուսական հատուկ ծառայություններից) դեռ չի գիտակցում, թե ինչքան է խորապես ներթափանցել չինական հետախուզությունը համաշխարհային գործընթացների մեջ:
Խորհուրդ եմ տալիս (եթե այդ իրավունքը ունեմ) մեր հատուկ ծառայություններին, հատկապես նորաստեղծ հետախուզությանը շատ չտարվել ԿՀՎ-ի եւ ՄԻ-6-ի ուսմունքներով…
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Գաղտնի ծառայությունների աշխարհից