Համաշխարհային պատմությունից ինձ հայտնի չէ որեւէ հեղափոխություն, որը դժբախտություն չի բերել տվյալ երկրին ու ժողովրդին, անկախ այն բանից, թե այդ հեղափոխությունը ներքին դրդապատճառների՞ց, թե՞ արտաքին հրահրմամբ, ուղղորդմամբ կամ կազմակերպմամբ է տեղի ունեցել, եւ կամ՝ այդ բոլորի համատեղման հետեւանքով:
Այս հաստատումը բնավ պայմանավորված չէ ռամկավար-ազատական իմ ըմբռնումներով, որոնք միշտ կողմ են էվոլյուցիային (արեւմտահայերը պիտի ասեին՝ եղափոխություն) եւ դեմ՝ հեղափոխությանը:
Իսկապես չեմ հիշում որեւէ հեղափոխություն, որի հետեւանքով իշխանության եկածները չեն դիմել բռնաճնշումների ընդդեմ նախկինների, նույնիսկ՝ անկողմնակալ դիրքորոշում ունեցողների: Հալածանք, բանտարգելություն, իրավազրկում, ունեզրկում, երկրից աքսոր, ֆիզիկական հաշվեհարդար եւայլն: Եվ այդ բոլորը՝ «օրենքով», մեկ-մեկ՝ «պատահաբար», բայց միշտ՝ նախապես փոփոխված օրենսդրությամբ:
Կարիք չկա բացելու եւ պրպտելու համաշխարհային պատմության դասագրքերը, համացանցը, թերթելու ֆրանսիական, ռուսական, աֆրիկյան, հարավամերիկյան եւ հեղափոխություն ապրած ու տակավին ապրող այլ երկրներում պատահած ու դեռ պատահող իրադարձությունների մասին վկայությունները: Նման վերաքաղ անելու փոխարեն բավական է մտաբերել գեթ վերջին տասնամյակներում մեր տարածաշրջանում, մերձակայքում ու հարեւանությամբ պատահածները՝ Իրաքից, Լիբիայից, Սիրիայից մինչեւ Վրաստան, գունավորներից մինչեւ «արաբական», «գարնանային», «վարդային», «մետաքսե» ու «թավշե» հեղափոխությունները: Մանավանդ վերջինը, որի ընթացքում, մեր բոլորի աչքի առաջ, սկզբում ընդամենը «պոպուլիստ» համարվող հեղափոխականը, ապա վարչապետից բռնապետի վերածվելու ճանապարհին ինչե՜ր բերեց մեր երկրի, մեր Արցախի, մեր ժողովրդի, համայն հայության գլխին՝ պատերազմ, զոհեր, հաշմանդամներ, տարածքների ու դիրքերի կորուստ, նվաստացում, աղքատացում, ապագայի անորոշություն եւ հայկական հիվանդություններից ամենավտանգավորի՝ արտագաղթի բորբոքում:
Հիշենք թավշից պողպատի ու չագուչի «ժողովրդավարությանը» անցած այդ տղայի առաջին երկու նախաձեռնությունները: Առաջին՝ Սահմանադրական դատարանի քանդում եւ հպատակեցում, երկրորդ՝ Հայ եկեղեցու ու եկեղեցականների դեմ հալածանք: Առաջինը՝ օրենքի եւ օրինականության սեփական ըմբռնումը պարտադրելու համար, ինչպես որ «օրենքով» գողերն են անում իրենց գողությունները հարգելի դարձնելու համար, երկրորդը՝ «ինձից բացի չի՛ք հեղինակություն, հակասող կարծիք ու տեսակետ» բանաձեւը պարտադրելու, ժողովրդային խոսույթով՝ սաղացնելու նպատակով:
Կարիք չկա մեկ առ մեկ, թեկուզ մասամբ թվարկելու վերջին 7-8 տարիներին մեր երկրում արձանագրված հակաօրինականությունների, հակամարդկային, հակազգային ու հակապետականական արարքները, բռնադատությունները, շարունակ երկարաձգվող կալանքները: Դրանց մասին խոսում եւ գրում են ոչ միայն մեր, այլեւ միջազգային լրատվամիջոցները, միջազգային բարձր հեղինակությունները, ինչպես՝ Ռոբերտ Ամստերդամը, Ջոել Վելկամպը, Ալիսոն Հուքերը, նույնիսկ նախագահ Թրամփի որդին՝ Դոնալդ կրտսերը, անգամ՝ Բելոռուսի բռնապետը՝ Լուկաշենկոն, որը չարախինդ ծաղրում է մեզ, զգուշացնում մեր պետության կործանման մասին: Բռնատիրական որեւէ երկիր չեմ հիշում, որ, օրինակ, հարց տալու, հարցադրում կատարելու համար բանտ տանեն լրագրողի կամ բլոգերի…
Կարծում եւ առաջարկում եմ, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է ունենա երկու հավելվածներ. առաջինը՝ Հայաստան պետության տարածքում հեղափոխությունն ու հեղափոխականությունը բացարձակապես արգելելու, իսկ երկրորդը՝ այսուհետեւ պետական բարձրագույն պաշտոնների հավակնող թեկնածուների մտավոր, հոգեկան, գենետիկ այլ հիվանդությունների առկայությունը բացառող բժշկական հատուկ հանձնաժողովի եզրակացության հրապարակումը օրինականացնող:
Հեղափոխությունները, նույնիսկ ֆրանսիական Մեծ հեղափոխությունից, որը քաղաքական-սոցիալական, ինչպես նաեւ արվեստների ու գիտության ասպարեզում այնքան կարեւոր արժեքների ծնունդ է տվել, անցումային երկար ժամանակ է պահանջվել օրենքի իշխանության, հասարակության եւ անհատի կենսական ազատությունների հասնելու եւ կարգուկանոն հաստատելու համար:
Մեզ պետք չեն նման փորձանքներն ու փորձությունները:
Հեղափոխությունը չարիք է: Հեղափոխականները՝ նույնպես:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ





