Հելեն Իսպիրյանը գերմանահայ երգչուհի, դերասանուհի եւ կինոռեժիսոր է: Ծնվել է Ուլմում (Բադեն–Վյուրտեմբերգ, Գերմանիա), երգեցողություն, դրամա եւ պար է սովորել Վիեննայի երաժշտության եւ կատարողական արվեստի համալսարանում, նաեւ երաժշտական մանկավարժություն՝ Բեռլինի արվեստների համալսարանում: Աշխատել է Գերմանիայի թատրոններում (Կառլսռուե, Շտուտգարտ, Շվայնֆուրտ, Բեռլին) եւ մասնակցել մի շարք նախագծերի արտերկրում (Վիեննա, Ալմաթըի Գերմանական թատրոն, Մոսկվայի Մեյերհոլդի կենտրոն): Որոշ ժամանակ բնակվել է Մոսկվայում, այստեղ հիմնել «GASTARBAiTERKA – Helen & Guys» անունով շանսոն–ֆոլկ խումբը, որի կազմում ելույթներ է ունեցել Ուրալի եւ Սիբիրի ակումբներում եւ փառատոներում, Մոսկվայի միջազգային կինոփառատոնին: Հելենը նաեւ նկարահանվել է մի քանի ֆիլմում եւ ընդգրկվել վավերագրական երկու ֆիլմերի նախագծերում: Այժմ կրկին ապրում է Բեռլինում, որտեղ հանդես է գալիս վաղ եւ ժամանակակից երաժշտությամբ իր կազմած «Օրգա Վոչե» խմբում (սոպրանո, մեցցո–սոպրանո, երգեհոն) եւ երգում է պրոֆեսիոնալ երգչախմբերում: Նա նաեւ աշխատում է որպես վոկալի ուսուցչուհի եւ ղեկավարում է երկու սիրողական երգչախումբ:
–Հելե՛ն, մենք առաջին անգամ հանդիպեցինք Երեւանում, 2001 թվականին: Այն ժամանակ դու Քյուրքջյան էիր, բայց երկար ժամանակ է գրվում ես Իսպիրյան, որը քո ամուսնու ազգանունը չէ: Ուրեմն, ինչո՞ւ փոխեցիր ազգանունդ:
-2008 թվականին, երբ իմացա, որ հորս անուն-ազգանունը ոչ թե Մանուել Քյուրքջյան է, ինչպես միշտ իմացել ենք, այլ Ռաֆայել Իսպիրյան, ու նաեւ որ նրա ծննդավայրն Ալեքսանդրետը չէ, ինչպես գրված է նրա անձնագրում, այնքան հետաքրքրվեցի, որ սկսեցի ուսումնասիրել հորս ընտանիքի պատմությունը եւ միեւնույն ժամանակ՝ համաշխարհային պատմության այն ողբերգական իրադարձությունները, որոնք ազդել էին այդ պատմության վրա: Այդ ընթացքում որոշեցի փոխել ազգանունս՝ նախ միայն որպես արվեստագետ, բայց 2019 թվականին արդեն անձնագրով պաշտոնապես Իսպիրյան դարձա:
–Լինելով կես հայ, կես գերմանացի, ինչպե՞ս ես բնութագրում կապերդ հայրական երկրի հետ:
-Թեեւ բուն Հայաստանում հարազատներ չունեմ, բայց Լիբանանում, Անգլիայում եւ Կանադայում ու Երուսաղեմի գերեզմանատանը ես ամուր կապ եմ զգում հայ մշակույթի հետ: Մանկությանս տարիներին այնքան էլ չէի գիտակցում դա, բայց երբ առաջին անգամ հրավիրվեցի մասնակցելու մի գեղարվեստական նախագծի Երեւանում, շատ ուրախացա հայ արվեստագետների եւ այլ մարդկանց հետ փորձի փոխանակման այդ հնարավորության համար: Ու քանի որ սկսեցի ավելին իմանալ ընտանիքիս պատմության մասին, ավելի շատ ներգրավվեցի հայկական գործունեության մեջ:
–Եվ ինչպե՞ս է ազգային պատկանելությունդ ազդել քո դերասանական խաղի վրա:
-Ես այլեւս այնքան էլ չեմ զբաղվում դերասանությամբ, ավելի շատ՝ երաժշտությամբ, որտեղ այնքան էլ կարեւոր չէ արտաքինը: Ես հասկանում էի, որ քասթինգով զբաղվողները մեծ մասամբ չգիտեն՝ ինչպես վարվել ինձ հետ. ես նման չեմ տիպիկ գերմանացու, բայց ոչ էլ՝ տիպիկ օտարերկրացու: Խաղացել եմ տարբեր դերեր, բայց չէի ասի, թե դերասանական շատ հաջող կարիերա եմ ունեցել: Ֆիլմերում կանանց համար շատ դերեր չկան, եւ նույնիսկ թատրոնում աշխատանք գտնելն ավելի է դժվարանում: Այսպիսով, ես հոգնել էի դերեր խաղալուց եւ որոշեցի ստեղծել իմ սեփական նախագծերը: Երբեք չէի ծրագրել բեմադրիչ դառնալ, պարզապես պատմություններ ներկայացնելու խիստ կարիք էի զգում: Եվ ինչ-որ կերպ, իմ պատմություններն ու նախագծերը միշտ արտացոլում են բազմամշակութային, բազմամասնագիտական միջավայր՝ անկախ այն բանից՝ ֆիլմ է, թե երաժշտություն:
–Երկրորդ անգամ Հայաստանում էիր 2011 թվականին՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում վավերագրական կինոֆիլմիդ նախագիծը ներկայացնելու համար: Հիմա ո՞ր փուլում է այն:
-Իմ «Homeport» վավերագրական ֆիլմը, ցավոք, երկար ժամանակ է, ինչ սառեցված է: Ցավոք, քանի որ այն շատ լավ սկսվեց, շատ բարձր մակարդակի մասնագետներ հետաքրքրվեցին դրանով եւ աջակցեցին ինձ: Բայց ես չկարողացա ողջամիտ բյուջե գտնել եւ բավական ժամանակ ծախսեցի այդ կապակցությամբ: Ինչեւէ, ժամանակն անցնում էր, 2013-ին ցածր մասնավոր բյուջեով, «Հորդանանի ավիաուղիների» աջակցությամբ եւ այնպիսի հրաշալի մարդկանց օգնությամբ, ինչպիսիք են Գեւորգ Հինդլյանը Երուսաղեմի հայկական թաղամասից եւ իմ օպերատոր Մարեյկե Մյուլլերը, կարողացա որոշ նկարահանումներ կատարել Իսրայելում եւ Լիբանանում: Բեյրութում նույնիսկ որոշ ազգականների գտա: Այնուամենայնիվ, ես գումար եւ ժամանակ չէի գտնում կինոնկարն ավարտելու համար: Նկարահանումներից հետո ես մի քանի ամիս ծախսեցի միայն մոնտաժի եւ հետարտադրության վրա՝ կարճամետրաժ տարբերակի համար, իսկ հիմա չեմ կարող դա անել՝ լիամետրաժի համար, բայց հուսով եմ, որ մի օր կանեմ:
–Դու երգում ես գերմանական, ռուսական եւ ֆրանսիական երգեր: Ժամանակ առ ժամանակ ինձ դիմում ես նաեւ որոշ հայկական երգերի վերաբերյալ՝ երգելու եւ սովորեցնելու համար դրանք:
-Վերջերս «Օրգա Վոչեի» հետ կատարեցինք Կոմիտասի «Ալագյազ» երգը, մի գործ էլ սովորեցրի իմ սիրողական երգչախմբերին: Քանի որ ես հայերեն չեմ խոսում եւ կարդում, ավելի շատ ժամանակ է պահանջվում հայկական երաժշտությամբ համերգների համար, դա նաեւ որոշակի համատեքստի կարիք ունի: Եթե ընտրությունն իմը լիներ, կուզեի ավելի շատ հայկական երաժշտություն կատարել: Անցյալ տարի Բեռլինի հայ համայնքն ինձ հրավիրեց՝ երգելու Կոմիտասի «Կռունկը» Ցեղասպանության ոգեկոչման պաշտոնական տոնակատարություններին:
–Սփյուռքահայերի համար Ռուսաստանում ապրելն անսովոր է. ինչպիսի՞ն էր այդ փորձառությունը:
-Հիանալի ժամանակ էր: Ես որպես ուսանող եկա Մոսկվա եւ բացեցի իմ խումբը: Հետո որոշեցի ավելի երկար մնալ: Գերմանիայում ինձ որպես հայ այնքան էլ չէին ընկալում, քանի որ գերմաներենն իմ մայրենի լեզուն է, եւ մարդիկ շատ բան չգիտեն Հայաստանի մասին: Ռուսաստանում ինձ հայ էին ընկալում, եւ ռուսները սովորաբար գնահատում էին իմ կրկնակի էթնիկ ծագումը: Եվ նաեւ հաճելի էր Ռուսաստանում հանդիպել գերմանացիների կամ հայերի:
–Իմ տպավորությամբ՝ որտեղ էլ ապրես, լինի Գերմանիա, թե Ռուսաստան, միշտ կապի մեջ ես հայ արվեստագետների հետ:
-Այո, ճիշտ է. հենց հիմա բախտս բերեց՝ ստանալով հայ նկարչուհի Զառա Մանուչարյանի նկարները, որոնք օգտագործեցինք մեր որմազդի համար՝ գովազդելու «Օրգա Վոչեի» հաջորդ համերգները:
–Անցյալ տարի քո առաջին կինոնկարը՝ «Լսի՛ր մեզ, քաղցր ազատություն»-ը Երեւանի «Կին» միջազգային փառատոնում արժանացավ առաջին մրցանակին: Ինձ տպավորեց քո հակաուտոպիկ երաժշտաֆիլմում քո համարձակ փորձարարական մոտեցումը կովիդյան խելագար ժամանակներին:
-Շատ շնորհակալ եմ, մեծ անակնկալ էր, որ իմ ֆիլմը հաղթեց, դա մեծ պատիվ էր: Իրականում, այն թիմային աշխատանք է. ճիշտ ժամանակին ճիշտ պատմություն՝ մասնակցությամբ մեծ սիրտ ունեցող տարբեր երկրների այնպիսի հրաշալի արվեստագետների, ինչպիսիք են Թիմոթի Սեդգվիքը (օպերատոր, Գերմանիա), Էվանգելիա Պապադոպուլոսը (պարադիր, Հունաստան), Կարոլինա Յուոդելիտեն (երգեհոնահար եւ դերասանուհի, Լիտվա) եւ շատ ուրիշներ: Ֆիլմը ներկայացվել է նաեւ Նյու Յորքում «Socially Relevant» կինոփառատոնում եւ սահմանափակ ժամանակով դիտվել է նաեւ առցանց:
–Անցած մարտին «Օրգա Վոչեն» համերգներ է տվել՝ նվիրված ուկրաինացի, հայ, ռուս եւ աշխարհի բոլոր այն մայրերին, որոնք անհունորեն տառապում են…
-Ինչպես տեսնում ենք, քաղաքակիրթ աշխարհը գրեթե թքած ունի արցախյան պատերազմի վրա՝ ի տարբերություն Ուկրաինայի: Քանի որ «Օրգա Վոչեի» կազմակերպման եւ գովազդի հարցերի մեծ մասը ես եմ անում, որոշեցի նվիրումի մեջ նշել նաեւ հայ մայրերին: Կատարեցինք Պերգոլեզիի «Ստաբատ մատերը», եւ ինձ հարմար առիթ թվաց՝ Աստվածամորից զատ հիշելու բոլոր այն մայրերին, որոնք սարսափելի ցավ են ապրում: Իհարկե, հայերը կամ նրանք, ովքեր կապված են հայ ժողովրդի հետ, կրկին տառապում են աշխարհի անտարբերությունից: Այն անհավանական ուշադրությունն ու համերաշխությունը, որ աշխարհը ցուցաբերում է Ուկրաինայի հանդեպ, հայերի մեջ ավելի է սաստկացնում այն զգացողությունը, որ իրենք մնացել են մենակ եւ մոռացված՝ Դավթի եւ Գողիաթի իրենց կռվի մեջ: Որտե՞ղ էր աշխարհը 2020 թվականին եւ ինչո՞ւ նույնիսկ հիմա ուշադրություն չի դարձնում Ալիեւի եւ Էրդողանի ագրեսիային, ինչո՞ւ թքած ունեն հայերի վրա: Կարծում եմ՝ ոչ միայն այն պատճառով, որ Ուկրաինան ավելի մեծ է, այլեւ քանի որ այն շատ ավելի մոտ է Գերմանիային, քան Հայաստանը, եւ այս պատերազմը հսկայական ազդեցություն է թողնում մեր անձնական կյանքի վրա: Բայց նաեւ հիմնական պատճառները լրատվամիջոցներն ու քաղաքականությունն են: Երկու տարվա մշտական կովիդյան նորություններից հետո մենք այժմ շուրջօրյա հաղորդումներ ենք լսում Ուկրաինայի պատերազմի մասին: Ամեն ինչը սեւ ու սպիտակ ներկելը շատ ավելի հարմար է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մարդիկ նրա մասին շատ բան չգիտեն, եւ այն, ցավոք, աշխարհաքաղաքական նշանակություն չունի Եվրոպայի համար…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ