«Վերին խավը պաշտում է փողը, միջին խավը` առաջնորդին, ստորին խավը` Աստծուն»:
Ալբերտ Էյնշտեյն
Ղարաբաղյան շարժումը երբ սկսվեց, ընդգրկեց կյանքի բոլոր բնագավառները, այդ թվում նաեւ պատմագիտությունն ու աղբյուրագիտությունը: Բնագավառի շատ ներկայացուցիչներ, թողնելով իրենց հիմնական թեմաները, սկսեցին փորփրել արխիվներն ու տարաբնույթ փոստաթղթեր հրապարակել եւ ապացուցել, որ Արցախը պատմական հայկական տարածք է եղել: Տպավորություն էր, թե ԽՍՀՄ վերնախավն այդ ամենից տեղյակ չէ: Սակայն խիստ սխալվում էին, քանի որ այդ հարցը գրեթե միշտ բարձրացվել էր: Հետո էլ հատուկ ծառայությունների հրահանգով ամեն ինչ ուսումնասիրված էր, եւ նրանք քաջատեղյակ էին իրերի իսկական վիճակի մասին ու ամեն անգամ ներողամտորեն ժպտում էին մեր միամտության վրա, քանզի գիտեին, որ թղթերով չէ, որ հողի ու տարածքի տեր են դառնում: Ցավոք, այսօր էլ պատմությունը կրկնվում է: 1921 թ. Ադրբեջանը ճանաչել է Արցախը որպես Հայաստանի անբաժանելի մաս: Իրականում էլ Արցախը Հայաստան է՝ իր ամեն քարով, իր ամեն պատմական հուշարձանով ու իր ամեն ինչով: Այս փաստաթուղթը (ներկայացված է վերջում) փաստ է: Այն ներկայացնում եմ հատուկ ազգային այն զազրախոսների համար, որոնք դեռ բարբաջում են, որ Արցախը եղել է ադրբեջանական կամ ունեցել է ադրբեջանական պատկանելություն: Ավելի շուտ՝ այդ կերպ մտածողներն իրենք ունեն ադրբեջանական պատկանելիություն: Տարածել է պետք, որպեսզի բոլոր կասկածները փարատվեն եւ բոլոր արատավոր կեցվածք ունեցողներին զրկեն շարունակաբար զիջելու իրենց կործանարար կեցվածքից: Հարկավոր է վերջապես նաեւ հասկանալ, որ զանազան վավերագրերն ու պայմանագրերը լոկ թղթի կտորներ են, քանի որ անկախ այն բանից, թե ինչ պատկերավոր խոսքերով կներկայացվեն հարաբերությունները, իրականում ուժն է ծնել եւ ծնում իրավունքը:
Չնայած դարեր շարունակ բոլոր առումներով շարունակաբար զիջել ու կծկվել ենք, սակայն այդպես էլ իրատես չենք դարձել: Զգացմունքայնությունը մեզանում միշտ գերակա եղավ սառը դատողությանն ու հաշվենկատությանը, որի պատճառով դիվանագիտություն չունեցանք, դարեր շարունակ վարդանմամիկոնյանական պաթոսով նետվեցինք անհավասար մարտերի, ու պարտությունները հաջորդեցին միմյանց, իսկ մեզ մնացին սոսկ բարոյական հաղթանակները, ասել է թե՝ պարտությունների խոսքային արդարացումները: Այսօր էլ ոչինչ չի փոխվել, բացի թերեւս ճիշտ կողմնորոշվելու հրամայականը, քանզի արդեն բան էլ չի մնացել զիջելու…
Արդ՝ գերխնդիր է դարձել կողմնորոշման հարցը. դեպի հյուսիս՝ Ռուսաստան, թե դեպի Արեւմուտք: Նախ նշենք, որ կողմնորոշման հարցը դարեր շարունակ գերխնդիր ու չլուծված է եղել մեզ համար: Իսկ այսօր դա, շատ այլ հարցերի նման, հատկապես մեր նորելուկ ու «ամենագետ» գործիչների համար միջոց է ու հարձակման թիրախ բոլոր նրանց համար, ովքեր համարձակվեն իրենց սեփական տեսակետը հայտնել, որը հանկարծ իրենց սրտով չի: Ինքս պատմաբան եմ, քաջածանոթ այդ հիմնախնդրին եւ բոլորովին չեմ տարակուսի սեփական տեսակետս հայտնելու:
Նկատենք, որ ինձ համար այնքան էլ ընդունելի չէ, որ որոշ կուսակցությունների ղեկավարներ ու քաղաքագետներ համառ անողոքությամբ փորձում են հանրային գիտակցությանը պարտադրել արեւմտյան արժեքները: Այս իրողությունը նորություն չէ մեր պատմության մեջ: Այդպես է եղել նաեւ անցյալ դարերում: Երբ Հռոմին չհաջողվեց իրեն ենթարկել Հայ առաքելական եկեղեցուն, դիմեց խարդախ միջոցի եւ, կաթոլիկություն տարածելով, սկսեց պառակտել հայ ժողովրդին: Հայաստան եկած կաթոլիկ քարոզիչներին հաջողվեց հավաքագրել իրենց համախոհ հայերին, որոնք կաշառվելով դարձան կաթոլիկության քարոզիչներ: Առանձնապես եռանդուն էին ֆրանսիացիները: Դրանից օգտվում էին շահական Պարսկաստանը եւ սուլթանական Թուրքիան, քանի որ դրանով ջլատվում էին Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբված ժողովրդի ուժերը:
Մեր օրերում էլ Արեւմուտքի տերությունները Հայաստանում անկախությունը հռչակելուց հետո ձգտում են Հայաստանում տարածել ու հաստատել արեւմտյան արժեքներ: Եվ այդ նպատակով նրանք Հայաստանում գտան քաղաքացիական եւ քաղաքական դաստիարակությունից զուրկ, անզուսպ ու անվայելուչ շուկայական անողոքությամբ աչքի ընկնող իրենց ազդեցության գործակալներին, որոնք իրենց քարոզներով ձգտում են քաղաքացիներին համոզել, թե Հայաստանի առաջընթացը կարելի է ապահովել ացառապես Արեւմուտքի հետ ինտեգրվելու միջոցով: Այդ «առաքյալները» Ռուսաստանին համարում են Արեւմուտքի հետ ինտեգրվելու միակ ու գլխավոր խոչընդոտ եւ ձգտում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից: Նրանց նպատակն է Հայաստանում ձեւավորել արեւմտյան արժեքներ՝ ապրելակերպ, միասեռ ընտանիք ու այլ արատավոր բարքեր: Դրանք արմատավորելու միջոցով վերացնել հայկական ընտանեկան ավանդույթները եւ ազգային արժեքները: Տեղին է հիշել, որ Մարկ Տվենը դեռեւս 1906թ. սեպտեմբերի 7-ին, իր ինքնակենսագրականում գրում էր, թե 125 տարի շարունակ ամերիկացիները սովորեցնում են Եվրոպային. «Մեզ ոչ ոք չի հրավիրել, մենք ինքներս ենք մեր կարծիքը նրան աներեսաբար պարտադրում: Մենք անգլոսաքս ենք. Իսկ երբ անգլոսաքսին ինչ-որ բան հարկավոր է, նա գնում եւ վերցնում է: Մենք՝ անգլիացիներս ու ամերիկացիներս գող ենք, ավազակներ ու ծովահեններ, ինչով էլ հպարտանում ենք: Որ ամոթ չէ լինել անգլոսաքս, ամոթ է քաղաքակիրթ հասարակությանը, որ նա իր շարքերում հանդուրժում է մարդկության այդ խայտառակությանը»:
Մարկ Տվենի գնահատականից անցել է 100 տարուց ավելի: Եվ այդ ընթացքում անգլոսաքսերի կողմից ղեկավարվող ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Արեւմուտքի մյուս պետությունների զավթողական քաղաքականությունը, որ միանգամայն նման է Հռոմեական կայսրության գործողություններին, դարձել է ավելի սանձարձակ ու ավանտյուրիստական: Դեռեւս պատմիչ Տացիտոսը, մեջբերելով Բրիտանիայի ցեղային առաջնորդներից Կալգակի խոսքերը՝ հռոմեացիների մասին, նշում էր. «Հափշտակելը, սպանելը, թալանելը, նրանց կեղծավոր լեզվով կոչվում է կառավարել: Իսկ երբ ամեն ինչ վերածնվում է անապատի, ապա դա անվանում են խաղաղություն»: Ինչպես դա եղավ Հարավսլավիայում, Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում եւ այլն:
Այսօր էլ Արեւմտյան տերությունների քաղաքականության մեջ նույն սկզբունքն է գործում՝ ահաբեկել, սպանել, թալանել, եւ իրենց բարեկեցությունն ապահովել մյուս ժողովուրդներին ճնշելու միջոցով:
Հայաստանի անկախության հռչակումից ի վեր արեւմտյան տերություններն օգնության ու աջակցության մասին խոսքեր են շռայլում, սակայն որեւէ գործնական քայլ չեն կատարում՝ դրանք իրագործելու համար: Իսկ մեր քարոզիչները, ոգեւորվելով այդ դատարկ խոսքերից, շեշտում են, թե Հայաստանի փրկությունը ՆԱՏՕ-ի մեջ մտնելու, Եվրոմիության անդամ դառնալու մեջ է: Մինչդեռ Արեւմուտքը երբեք չի խոսում Հայաստանին ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության անդամ դառնալու հնարավորության մասին: Անցյալում էլ Արեւմտյան տերությունները հայերին շատ խոստումներ են տվել, բայց երբեք դրանք չեն իրագործել: 1918-1920 թվականներին, երբ գործում էր Հայաստանի առաջին հանրապետությունը, նրանք դարձյալ խոստումներ էին շռայլում, որպեսզի հայերին հեռու պահեին Ռուսաստանից: Նրանք Հայաստանին խոստումներ էին տալիս, իսկ Թուրքիային՝ գործնական աջակցություն, որի առհավատչյան ու մարմնացումը եղավ Սեւրի դաշնագիրը:
Մինչ այդ էլ չորս անգամ Անգլիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ուիլյամ Գլադստոնը սուլթան Աբդուլ Համիդ II-ին «մեծ մարդասպան» էր անվանում, իսկ «Հայաստանին սատարելը՝ ծառայել քաղաքակրթությանը»: Սակայն 1880-1885 թթ.-ին, մեծ տերությունների հայկական վիլայեթներում բարենորոգումների ծրագիրը քննարկելիս, Գլադստոնի կառավարությունը պաշտպանում էր Թուրքիայի շահերը: 1916թ. նոյեմբերի 7-ին Ֆրանսիայի վարչապետ Բրիանը հայտարարում էր. «Երբ արդար հատուցման ժամը հնչի, Ֆրանսիան պիտի չմոռանայ հայ ազգի կսկծալի տանջանքները եւ, համաձայն իր դաշնակիցներուն հետ, ձեռք պիտի առնէ անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անոր ապահովելու համար խաղաղութեան եւ բարգաւաճման կեանք մը» (Կարապետ Իզմիրյան. Հայ ժողովրդի քաղաքական ճակատագիրը անցեալին եւ ներկայիս (քննական տեսութիւն), Բեյրութ, 1964, էջ 185): Իսկ 1914 թ. հոկտեմբերի 27-ին, Անգլիայի վարչապետ Ասքվիթն ասում էր, թե թուրքական տիրապետության չքացումով կվերանա այն խոցը, որն ուտում է երկրագնդի գեղեցկագույն մասերը:
Իսկ Լ. Ջորջը հայտարարում էր. «Թուրքն անեծք ու ժանտախտ է այն վայրերի համար, որտեղ նա փռում է իր վրանը: Նա չունի նույնիսկ շնորհակալության զգացում այն մարդու նկատմամբ, որը բուժել է նրա վիրավոր թաթը» եւ Հայաստանը նորից չպետք է դրվի թուրքերի աղետաբեր տիրապետության տակ»:
1918թ. մայիսին ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնն էլ հայտարարում էր. «Թուրքիան իր դաժանություններով ապացուցեց Եվրոպայում գոյություն ունենալու իր կասկածելի իրավունքը: Հայերի ընդհանուր կոտորածը ստիպում է մեզ Եվրոպայի սահմաններից վերացնել այդ տգետ բանդան: Հայաստանը պետք է ստանա այն, ինչի համար նա պատմական իրավունք ունի: Նա կյանքի ավելի շատ իրավունք ունի, քան Թուրքիան»:
Եվ ահա 1920թ. Օգոստոսի 10-ին ստորագրվեց Սեւրի պայմանագիրը, որի 88-93 հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Թուրքիան պետք է ճանաչեր Հայաստանը որպես ազատ ու անկախ պետություն: Սակայն պայմանագիրը ստորագրող երկրներից ոչ մեկը տեղից չշարժվեց, երբ Քեմալը նոր արշավանք ձեռնարկեց Հայաստանի դեմ: Սեւրի պայմանագրից առաջինը հրաժարվեց Ֆրանսիան՝ արժանանալով Մուստաֆա Քեմալի գովեստին: Ընդհանրապես Սեւրի պայմանագիրը մնաց թղթի վրա: Այն արեւմտյան տերությունների միջեւ հակասությունների սրման պատճառով չծնված մեռավ: Այն ստորագրած տերություններից յուրաքանչյուրը, իր շահերից ելնելով, շտապում էր Մուստաֆա Քեմալի հռչակած թուրքական հանրապետության հետ կարգավորել հարաբերությունները՝ նրա մեջ տեսնելով մի ուժի, որն ընդունակ էր պայքարել Խորհրդային Ռուսաստանի դեմ: Նրանք մի կողմ քաշվեցին եւ Հայաստանին թողեցին մենակ ընդդեմ քեմալական Թուրքիայի:
1920 թ. օգոստոսի 10-ին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվեց ժամանակավոր համաձայնագիր, որը նպատակ ուներ կարգավորել հայ-ադրբեջանական փոխհարաբերությունները: Ռուսական զորամասերը պետք է մտնեին Ղարաբաղի, Զանգեզուրի ու Նախիջեւանի գավառները եւ կանխեին ազգամիջյան ընդհարումները: Շուտով Անտանտի երկրները հրաժարվեցին Սեւրի պայմանագրից: 1920թ. դեկտեմբերին Ֆրանսիայի վարչապետ Լեյգը հայտարարեց, որ Սեւրի դաշնագրի միջոցով անհնարին է Թուրքիայի հետ խաղաղություն հաստատել: Իսկ ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնը, մոռանալով թուրքական իշխանությունից Հայաստանն ազատագրելու մասին 1918թ. տված իր խոստումները, Մերձավոր Արեւելքում գերագույն կոմիսար նշանակված ադմիրալ Բրիստոլին հրահանգել էր, որպեսզի հավաստիացնի Քեմալին, թե ԱՄՆ-ն երաշխավորում է Թուրքիայի սահմանների անձեռնմխելիությունը, բացի արաբաբնակ հողերից: Իսկ Լոզանի կոնֆերանսում Անտանտի երկրները վերջնականապես մոռացան հայ ժողովրդին տված խոստումները, թաղեցին հայկական հարցը եւ պաշտպանեցին Թուրքիայի շահերը: Բախտորոշ այդ իրադարձություններից հետո անցել է 100 տարի: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ Արեւմուտքի տերությունների քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Այսօր էլ նրանք խոսքով պաշտպանում են հայերին, իսկ գործով՝ Թուրքիային ու Ադրբեջանին:
Երեսուն տարի է՝ հռչակվել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ ընթացքում Արեւմուտքի երկրների շատ գործիչներ հայանպաստ խոսքեր են ասել Ղարաբաղի հայությանը պաշտպանելու մասին: Բայց այդ ընթացքում Արեւմուտքի երկրներից ոչ մեկը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ համարելով այն Ադրբերջանին պատկանող տարածք: 2020 թ. 44-օրյա ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարները հանդես եկան Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին պաշտպանելու ոչինչ չասող հայտարարություններով: Այսինքն՝ այժմ էլ հիշելով այս ամենը՝ հարկավոր է երբեք չմոռանալ արեւմտյան տերությունների դատարկ եւ երեսպաշտ վարքագծի հետեւանքները:
Այժմ էլ Արեւմուտքին ուղղված Հայաստանի բոլոր դիմումները մնացել են անպատասխան, լավագույն դեպքում՝ լսվել են միայն աջակցության մասին խոսքեր: Այս ամենը մեկ անգամ եւս ապացույց է այն բանի, որ արեւմտյան տերություններից ոչ մեկն, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ երբեք մտադրություն չունի Հայաստանին ցույց տալ գործնական օգնություն: Իսկ Հայաստանի ղեկավարությունը հաշվի չի առնում անցյալի դառը փորձը եւ շարունակաբար դիմում է Արեւմուտքի երկրներին եւ, անտեսելով պատմության դասերը, անողոքությամբ շարունակում է Արեւմուտքին ապավինվելու վնասակար քարոզը: Միաժամանակ զբաղվում Ռուսաստանին վարկաբեկելով՝ մշտապես արտահայտվելով Ռուսաստանի թուլանալու եւ Հարավային Կովկասից նրա հեռանալու մասին՝ ակամա դառնալով Թուրքիայի շահերի քարոզիչ, համառորեն Ռուսաստանի փոխարեն առաջ մղելով Հարավային Կովկասում Թուրքիայի գործոնի կարեւորությունը: Կարծում ենք, որ սա այնքան էլ ճիշտ չէ: Հարկավոր է շատ զգույշ լինել ու նախ եւ առաջ սեփական ուժերի վրա հենվել, միաժամանակ կարողանալ տեղ գտնել ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի քաղաքական շահերի ծիրում:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր