«ԿԻԼԻԿԻԱ» հրատարակչատունը վերակերտվում է
1981 թվականի սեպտեմբերին Հալեպում հիմնադրված «Կիլիկիա» հրատարակչատունը հայտնվեց Շվեյցարիայում: Ուրախ լուր մանկական եւ լայն հանրությանը հասցեագրված արեւմտահայերեն գրքերի սիրահարների համար, որոնք այսուհետ կարող են մատչելի գնով ձեռք բերել հրատարակչատան գրացանկում նշված բազմաթիվ ստեղծագործություններ:
Մենք արդեն առիթ ունեցել ենք գրելու այս մարդու եւ նրա ստեղծագործության մասին՝ մեկ այլ կյանքում, երբ պատերազմի ամպերից դեռեւս չէր մթագնել Հալեպի երկինքը («Թղթե Կիլիկիա» France-Arménie, 2010թ. , հունվարի երկրորդ կես, թիվ 354):
«Կիլիկիա» հրատարակչատան տնօրեն Մաթիկ Էբլիղաթյանը հիշում էր իր գործունեության սկիզբը: Նա՝ սիրիացի նշանավոր իրավաբան եւ պատգամավոր Գրիգոր Էբլիղաթյանի որդին, նախ սկսել է ձեռք բերել բազմաթիվ գրաշարներ, մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ Սիրիայում գրեթե գոյություն չուներ հայերեն գրքերի արտադրություն. դրանց մեծ մասը գալիս էր Լիբանանից, ավելի քիչ քանակով՝ Խորհրդային Հայաստանից: 1992-2012 թվականների ընթացքում ավելի քան երեք հարյուր գործեր լույս տեսան «Կիլիկիա» տպարանում. դրանց երկու երրորդը՝ համանուն հրատարակչության անունով:
«Կիլիկիայի» հրատարակած հայ դասականների հավաքածուն, որ ճանաչելի է կապույտ կազմով, գրպանին հարմար փոքր ձեւաչափով, մեծ հաջողություն ունեցավ Սիրիայի եւ Լիբանանի, առհասարակ Սփյուռքի հայկական դպրոցների աշակերտների շրջանում: Երվանդ Օտյան, Հակոբ Պարոնյան, Րաֆֆի, Համաստեղ, Անդրանիկ Ծառուկյան, Վիլյամ Սարոյան, Արամ Հայկազ եւ այլք տեղ են գտել այս պանթեոնում: Սակայն 2012 թվականի աշնանը, երբ պատերազմի ամպերը խավարեցրին Հալեպի կապույտ երկինքը, Մաթիկ Էբլիղաթյանն իջեցրեց իր գրախանութի վարագույրը, որ գործում էր 1993 թվականից եւ գտնվում էր Սուլեյմանիեի աշխույժ բուլվարում՝ քրիստոնեական թաղամասի սրտում: Նա հույս ուներ, որ աքսորը ժամանակավոր կիներ: Ցավոք, 2021 թվականի ամռանը Հալեպ կատարած նրա վերջին այցը լավատեսություն չէր ներշնչել:
Հրատարակչության ՄԱՐՏԱԿԱՆ ուղին՝ Հալեպից Ժնեւ
Ժնեւում հաստատվելով տեղի ունեցավ ոչ միայն միջավայրի, այլեւ ժամանակաշրջանի փոփոխություն: Բուն ոգին, սակայն, մնաց նույնը. շարունակել հրատարակչական գործը՝ ի շահ Սփյուռքի, նրա դպրոցական կարիքների եւ աստիճանական մարման դատապարտված արեւմտահայերենի անհրաժեշտ փոխանցման՝ Մերձավոր Արեւելքի հայախոսների հիմնական շտեմարան:
Հայ գիրքը լավագույնս տարածելու համար, սակայն, անհրաժեշտ է նախ մտնել թիրախային շուկա եւ վաճառքի առարկան գրավիչ դարձնել: Այս գործին է ահա լծվել Մաթիկ Էբլիղաթյանը:
Մինչեւ 2013 թվականը Կիլիկիո կաթողիկոսությունն Անթիլիասում կազմակերպում էր գրքի տոնավաճառ, որին «Կիլիկիա» հրատարակչությունը մշտապես հրավիրվում էր: Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ համագործակցությունը 2001-2011 թվականների ընթացքում հնարավորություն ընձեռեց հրատարակել արեւմտահայերեն ժառանգության գոհարներ, ինչպես՝ Թեոդիկի «Ամէնուն Տարեցոյցը» (հալեպահայ բանասեր Լեւոն Շառոյանի խմբագրությամբ), բառարաններ, Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» երկը՝ գրաբար եւ արեւմտահայերեն աշխարհաբար հանդիպադրությամբ, Հրաչյա Աճառյանի Հայոց անձնանունների հինգ հատորանոց բառարանը, Ֆրեդերիկ Ֆեյդիի «Արեւմտահայերէն ձեռնարկի» վերահրատարակությունը, Արտավազդ արքեպիսկոպոս Սուրմեյանի «Պատմութիւն Հալէպի Հայոց»ը եւ բազմաթիվ այլ նշանակալից աշխատություններ:
Ընդգրկելով 1907-1929 թվականնները՝ Թեոդիկի «Ամէնուն Տարեցոյցը» մեր պատմության մեջ ամենահայտնին է: Նրա 8500 էջերը «Հայկական սովետական հանրագիտարանի» աղբյուրն են հանդիսացել: Տարբեր վայրերում հրատարակված 19 հատորներն արտացոլում են նրա հեղինակ Թեոդիկի տանջալից կյանքն ու դեգերումները Կոստանդնուպոլսից մինչեւ Վենետիկ, Փարիզ, Վիեննա եւ այլուր: 2006 թվականին Մաթիկ Էբլիղաթյանը շքեղ տպագրությամբ վերահրատարակեց Թեոդիկի մեկ այլ՝ պակաս հայտնի արժեքավոր աշխատանք՝ «Տիպ ու Տառը», որը հայ գրահրատարակչության չորս դարերի գործունեության արդյունքի հաշվառումն է՝ սկսած 1512-ին Հակոբ Մեղապարտի տպագրած առաջին գրքից: Ընդհանուր հաշվով 400 հրատարակիչներ, հիմնականում տեղակայված Կոստանդնուպոլսում, այլեւ մոտ քսան երկրներում, ապրեցրել են հայերեն տպագիր գիրքը:
Առցանց գրախանութ
1996 թվականից Մաթիկ Էբլիղաթյանը սկսում է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների համար նախատեսված հրատարակություններին: Այդ ստեղծագործություններն այսօր շատ սիրված են եւ մուտք են գործել Մերձավոր Արեւելքի բոլոր հայ ընտանիքներ: Դրանց մեջ կան համաշխարհային ճանաչում ունեցող հերոսներ, որոնց միանում են նաեւ տարբեր թեմաներով նախադպրոցական գրքեր (այբուբեն, մրգեր եւ այլն, հիմնականում երկլեզու ստեղծագործություններ, որոնք տարածված են Մերձավոր Արեւելքից դուրս ապրող հայության շրջանակներում): Շուրջ քսան տարվա ընթացքում «Կիլիկիա» հրատարակչությունը հրատարակել է բառարաններ, Հայաստանի քարտեզներ, մանկական գրքեր եւ հայերեն ուսուցողական խաղեր (այդ թվում հայերեն սքրաբլ բառ-խաղը՝ հուրախություն փոքրերի եւ մեծերի): Մի խոսքով՝ այն ամենը, ինչ կարող է խթանել արեւմտահայերենի` որպես կենդանի լեզվի, տարածմանն ու ճանաչմանը: «Կիլիկիայի» լայն հանրությանն ուղղված՝ իսկական այցեքարտ հանդիսացող այս գործերը ողջ Սփյուռքում հայտնի դարձրեցին այդ հրատարակչատունը:
2010 թվականին Մաթիկ Էբլիղաթյանը Հալեպի արվարձանում ազատ տնտեսական գոտի հանդիսացող Շեյխ Նաջար առեւտրական ավանում ձեռք էր բերել 1000 քմ տարածք՝ իր նոր տպարանի համար: Սակայն պատերազմն ընդհատեց նրա ծրագրերը: Այժմ Ժնեւում պահեստավորված «Կիլիկիայի» գրացանկում ներկայացված գրքերի պաշարների մեծ մասը պատրաստ է վաճառքի՝ առկա թվաքանակի սահմաններում: Պարզապես այցելե՛ք https://ciliciabooks.com/ կայքը, որտեղ այժմ հնարավոր է գնումներ կատարել առցանց:
«France Arménie»-ն Մաթիկ Էբլիղաթյանի հետ կապվեց Ժնեւում, որտեղ նա ապրում է արդեն գրեթե տաս տարի եւ որտեղ հիմնել է իր ՍՊԸ-ն: Անցյալ ամռանը նա մեկնեց Հալեպ՝ գրքերի պաշարները կոնտեյներով այնտեղից բերելու համար: Մի քանի խորանարդ մետրերով վագոնները բարեհաջող հասան Ժնեւի նոր պահեստ: Հրաշալի տեղակայում՝ Եվրոպայի սրտում: «Վերջապես կարող ենք վերսկսել մեր խմբագրական ծրագրերը եւ շարունակել դասական հեղինակների «Կիլիկիայի» գրպանաչափ գրքերի շարքը, որն ընդհատվել էր 21-րդ հատորից հետո, 2021 թվականին», – ուրախ նշում է նա՝ երջանիկ, սակայն մտահոգված՝ այդ ստեղծագործությունների առցանց վաճառքի դժվարին խնդրով: «Մոտ տասներկու անուն գրքեր արդեն իսկ էջադրված են. դրանք պետք է հերթով տպագրվեն: Մենք պետք է շարունակենք Թեոդիկի Տարեցոյցի վերահրատարակության գործը: Դեռ երեք տարի կա վերահրատարակելու […] Մեր առաջնահերթությունը հետեւյալն է՝ պետք է շարունակենք աշխատել՝ շեշտը դնելով մանկական գրքերի վրա: Իսկ դրա համար պետք է հարմարվել տեղական իրականությանը՝ հրատարակելով երկլեզու գործեր՝ երիտասարդներին տալով հայկական կրթություն, սակայն անել նաեւ այնպես, որ դրանք օգտակար լինեն մեծահասակներին եւս, որպեսզի նրանք կարողանան վարժվել հայոց լեզվին», – եզրափակում է նա:
Այլեւս մի՛ վարանեք եւ գնումներ կատարեք «Կիլիկիայի» կայքում:
ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ
Ֆրանսերենից թարգմանեց Արուսյակ Գրինո-Բախչինյանը
Ֆրանսիա
France Arménie