Ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության բանակցությունները Ռուսաստանի միջնորդությամբ, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները արդիական են դարձրել Հարավային Կովկասում նոր քաղաքական ու տնտեսական իրողությունների հետազոտությունը: Արդեն հասկանալի է, որ առանց այդ իրողությունների համակարգված եւ խորը ընկալման անհնար է անել քիչ թե շատ արժեքավոր երաշխավորություններ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ անելիքի հարցում: Այս վերլուծականը մի փորձ է հասկանալու, թե ի՞նչ իրողությունների վրա է հիմնված Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները եւ ի՞նչ կարելի է սպասել դրանցից:
Թուրքիայի ազդեցիկ ներկայությունը Հարավային Կովկասում
Արժե հիշել, որ Օսմանյան կայսրության եւ սեֆյան Իրանի միջեւ սահմանն ի վերջո գծվել է 1649թ. մեկ դարից ավել տեւած պատերազմների արդյունքում: Դրանից հետո պատերազմներ թուրքերի եւ պարսիկների միջեւ Հարավային Կովկասի համար էլի են եղել, սակայն սահմանը մնացել է նույնը: 1829թ. գծագրվել է ռուս-թուրքական սահմանը, ինչը տեղի է ունեցել Երեւանի եւ Նախիջեւանի խանությունները ռուսական կայսրությանը միացնելուց հետո: Դրանից հետո Ռուսաստանի եւ Օսմանյան Թուրքիայի միջեւ չորս պատերազմ է եղել, որոնց ընթացքում ռուսական զորքերը գրավել են Արեւմտյան Հայաստանի զգալի մասը: Սակայն բոլոր դեպքերում էլ միջազգային դիվանագիտական ճնշման արդյունքում ռուսական զորքերը հետ են քաշվել, իրենց հետ տանելով տասնյակ հազարավոր արեւմտահայեր, որոնց բնակեցրել են Հյուսիսային եւ Հարավային Կովկասում: Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերը ցեղասպանության ենթարկեցին արեւմտահայությանը եւ հայաթափեցին նրանց պատմական հայրենիքը: 1917թ. ռուսական հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը լքեցին իրենց դիրքերը Կովկասյան ռազմաճակատում եւ անկազմակերպ ու ցաքուցրիվ հեռացան Կովկասից: 1917թ. դեկտեմբերին Լենինը ստորագրեց Թուրքահայաստանի մասին հայտնի դեկրետը, որը ոչ այնքան Հայաստանի ճանաչման մասին պետական փաստաթուղթ էր, որքան արեւմտահայերի ողբերգությունը արձանագրող «մահախոսական»:
1918թ. ստեղծվեցին անկախ Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը: Բաթումի պայմանագրի համաձայն՝ նորաստեղծ հայկական պետությունը ստացավ պետականության իրավունք տասը հազար քառ.կմ. տարածքի վրա: 1918թ. աշնանը Թուրքիայի պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմում հույսեր առաջացրեց, որ հայկական պետությունը կարող է ստեղծվել շատ ավելի մեծ տարածքի վրա: 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրվեց Սեւրի հայտնի պայմանագիրը, որը հայ-թուրքական պատերազմի արդյունքում մնաց թղթի վրա: Քչերը գիտեն, որ այդ օրը ստորագրվեց նաեւ ռուս-հայկական պայմանագիր, որով Ռուսաստանը ճանաչում էր փաստացի գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը: Դրանից անմիջապես հետո թուրքական զորքերը հարձակվեցին Հայաստանի վրա եւ երկու ամսվա ընթացքում զավթեցին Հայաստանի տարածքի մեծ մասը (Կարսի մարզը եւ Սուրմալուի օկրուգը): 1920թ. դեկտեմբերի 2-ին Գյումրիում (Ալեքսանդրապոլ) կնքվեց հայ-թուրքական պայմանագիր, որով Հայաստանը կրկին ամփոփվեց 10000 քառ.կմ. տարածքի մեջ: Նույն օրը ռուսական կարմիր բանակը մտավ Երեւան եւ իշխանությունն անցավ բոլշեւիկյան հեղկոմին: 1921թ. փետրվարին Հայաստանում հակաբոլշեւիկյան ապստամբություն բռնկվեց, որի առաջնորդները փորձեցին նաեւ Թուրքիայից աջակցություն ակնկալելով բոլշեւիկներին դուրս մղել Հայաստանից: 1921թ. գարնանը ստորագրվեց հայտնի Մոսկվայի պայմանագիրը, որով բոլշեւիկյան Ռուսաստանը եւ քեմալական Թուրքիան որոշեցին Հայաստանի սահմանները: 1921թ. աշնանը սովետական Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները Թուրքիայի հետ ստորագրեցին Կարսի պայմանագիրը, որով ճանաչվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները: Մի քանի ամիս անց ստեղծվեց Անդրկովկասի սովետական ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետությունը, որը դարձավ ԽՍՀՄ-ի մաս, այդ կարգավիճակը պահպանելով մինչեւ 1936թ.: 1921-24թթ. ընթացքում գծագրվեցին սահմանները Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ: Հայաստանի սովետական հանրապետությունը ստացավ 29,8 հազար քառ.կմ. տարածք: Սովետական հանրապետությունների միջեւ սահմանները շարունակում էին ճշտվել հետագա տասնամյակներում, անընդհատ հարմարեցվելով առաջադրվող զանազան խնդիրների լուծմանը:
Այս պայմաններում կարեւոր է, որ Թուրքիան հակառակ իր ծավալման ձգտումների դեպի Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա այդ հնարավորությունը մինչեւ նախկին ԽՍՀՄ փլուզումը չունեցավ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դիմակայելով Ստալինի ցանկությանը սովետական Վրաստանին եւ սովետական Հայաստանին վերադարձնել Կարսի, Արդահանի եւ Արդվինի շրջանները՝ Թուրքիան փարվեց անգլոամերիկյան ուժերին եւ դարձավ հակախորհդային ալյանսի ակտիվ մաս: Ավելի քան 40 տարի Հարավային Կովկասի սահմանը Թուրքիայի հետ սահման էր ԽՍՀՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ: Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի խոշորագույն հարվածային ուժը ԱՄՆ-ից եւ Գերմանիայից հետո:
1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան ճանաչեց խորհրդային բոլոր նախկին հանրապետությունների ինքնիշխանությունը (այդ թվում եւ Հայաստանի): Սակայն պաշտոնական Անկարան բոլոր այդ հանրապետությունների հետ հաստատեց դիվանագիտական հարաբերություններ, բացի Հայաստանից: Հիշեցնենք, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան առաջադրեց երկու նախապայման. դադարեցնել միջազգային ասպարեզում Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ գործունեությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս բերել հայկական զինված ուժերը եւ գնալ միակողմանի զիջումների:
Ահա այս պայմաններում, լուրջ խոչընդոտների հանդիպելով Եվրոպական միության անդամ դառնալու իր ցանկության ճանապարհին, հավաքական Արեւմուտքի ուղղորդմամբ եւ օրհնանքով Թուրքիան սկսեց ծավալվել դեպի Կովկաս եւ Կենտրոնական Ասիա: Այստեղ ստեղծվել էր որակապես նոր իրողություն: Պետականության դարավոր կորուստից հետո Կենտրոնական Ասիայի հասարակությունները հետաքրքրություն սկսեցին դրսեւորել դեպի համաթյուրքականության գաղափարները, դրանք համարելով պաշտպանողական գործոն մի կողմից ռուսական, մյուս կողմից չինական ազդեցությունները նվազեցնելու միտումով: Ադրբեջանը գնաց էլ ավելի հեռու, հռչակելով «մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքը: Թե՛ Ադրբեջանում, թե՛ Կենտրոնական Ասիայում, եւ նույնիսկ Ռուսաստանի Դաշնության թյուրքալեզու սուբյեկտներում մեծ ընդունելություն գտավ իսլամի մշակութային-քաղաքակրթական ընկալման թուրքական մոդելը: Կենտրոնական Ասիայի եւ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվեցին ռուսագիր այբուբենից եւ ընդունեցին լատինատառ այբուբենը, փորձելով նաեւ այդպես համախմբվել միմյանց միջեւ եւ մոտենալ Թուրքիային:
Ժամանակակից Թուրքիան աշխարհի 16-րդ տնտեսությունն է: Ճիշտ է, քաջատեղյակ քաղտեխնոլոգները պնդում են, որ վերջին աղետալի երկրաշարժերը Թուրքիայում երկիրը ետ մղեցին իր զարգացման մեջ առնվազն մեկ տարով: Թուրքիան G20-ի անդամ է եւ Մերձավոր ու Միջին Արեւելքում ամենահզոր տնտեսությունն ունեցող երկիրն է: Թուրքիան հատուկ հարաբերություններ ունի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Վրաստանի հետ, որի առաջատար առեւտրատնտեսական գործընկերն է: Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը համատեղ վարժանքներ են անցկացնում եւ փորձում են համաձայնեցված քայլեր անել պաշտպանության եւ անվտանգության հարցերում:
Հայաստանը եւ Թուրքիայի ծավալումը Հարավային Կովկասում
Մինչեւ վերջերս Հայաստանում առանձնապես հետաքրքրական չէին Թուրքիայի հետ կապված հարցերը: «Ֆուտբոլային դիվանագիտության» տապալումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման համարվում էր անորոշ ժամանակով փակված: Ազգայնական ուժերը շարունակում էին առատորեն օգտագործել հակաթուրքական հռետորաբանությունը: 44-օրյա պատերազմից հետո իրադրությունը փոխվեց եւ Թուրքիան ցանկություն հայտնեց բանակցություններ սկսել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման եւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների աննախադեպ զարգացման պայմաններում Թուրքիան ու Հայաստանը սկսեցին մանրամասնորեն քննարկել սահմանները բացելու, հաղորդակցության միջոցները վերագործարկելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու զգայուն հարցերը:
Մեր արեւելագետները իրավամբ գտնում են, որ ռուս-թուրքական հարաբերությունները իրենց պատմության ողջ ընթացքում ունեցել են մակընթացութթյուններ եւ տեղատվություններ: Հիմա դրանք փոխգործակցության բարձրակետում են վերջին ավելի քան մեկ դարի հաշվարկով:
Անփորձ քաղաքական գործիչները մեզանում կարծում են, որ բավական է, որ Հայաստանը մեկնի ձեռքը եւ թուրքերը անմիջապես այն կսեղմեն, մանավանդ, եթե մենք առաջարկենք հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների: Մենք թույլ ենք տալիս մեզ պնդել, որ ինչպես «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում, այնպես էլ այսօր Թուրքիան ձգձգելու է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու գործը մինչեւ Ադրբեջանից չստանա համապատասխան իմպուլսներ: Ադրբեջանի հասարակական կարծիքը մոգական ազդեցություն ունի Թուրքիայի հասարակության վրա եւ Թուրքիան չի անելու Հայաստանի հանդեպ քայլեր, որոնք դույզն իսկ կհակասեին Ադրբեջանի շահերին: Մանավանդ որ Թուրքիայում հնչել եւ հնչում են փորձագիտական տեսակետներ, որ հայ-թուրքական սահմանի բացումից ավելի շատ կշահի Հայաստանը, քան Թուրքիան (մասնավորապես նրա արեւելյան շրջանները): Նույնիսկ փակ սահմանների պայմաններում, չճշտված մոտավոր տվյալներով, թուրքական արտահանումը Հայաստան 2022թ. պաշտոնական տնտեսական էմբարգոյի շարունակման պայմաններում կազմել է մոտ 400 մլն. դոլար: Հիմա փորձագետները վիճում են, թե հնարավո՞ր է արդյոք որակական թռիչք հայ-թուրքական տնտեսական համագործակցության մեջ այն բանից հետո, երբ կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ չեղյալ կհայտարարվի 1993թ. թուրքական կառավարության կողմից հայտարարված տնտեսական էմբարգոն:
Ֆինլանդիայից մինչեւ Սեւ ծով ընկած ամբողջ տարածքը հակամարտության գոտի է Ռուսաստանի եւ հավաքական Արեւմուտքի միջեւ: Հարավային Կովկասը սկսում է դառնալ մի յուրահատուկ «զգայուն» տարածաշրջան, որով կարող են հարավից-հյուսիս եւ ընդհակառակը ցամաքային ճանապարհներով բազմապատկված ծավալներով բեռնափոխադրումներ իրականացվել: Եթե նայեք Հայաստանի տնտեսական ցուցանիշներին 2022թ. եւ 2023թ. առաջին ամիսներին, ապա կտեսնեք, թե ինչպիսի զարմանալի ծավալներով են մեծացել Հայաստան մտնող եւ Հայաստանից դուրս եկող ապրանքները: Այդ մասին մեր փորձագիտական եզրակացությունը մենք պատրաստվում ենք անել 2023թ. օգոստոսի 29-ին, երբ 9-րդ անգամ հանդես կգանք «Հայաստանի տնտեսությունը 2023թ. ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության համատեքստում» թեմայով տնտեսագիտական հետազոտության շնորհանդեսի ժամանակ: Հիմա արձանագրենք, որ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Վրաստանի եւ ո՛չ էլ Կենտրոնական Ասիայի հանդեպ ազդեցության համար այսօրվա Ռուսաստանը Թուրքիայի հետ բախման չի գնալու: Ընդհակառակը, Ռուսաստանում գերիշխում են այն տեսակետները, որ հարկ է ըստ ամենայնի զարգացնել եւ խորացնել համագործակցությունը Թուրքիայի հետ, առնվազն այս փուլում «աչք փակելով» Ռուսաստանի քաղաքական կուրսի որոշ սկզբունքային հարցերում Թուրքիայի արեւմտամետ եւ հակառուսական դիրքորոշումներին:
Ահա այս պայմաններում մենք գտնում ենք, որ ձեւավորվել են նոր իրողություններ, որոնք մենք պարտավոր ենք հաշվի առնել մեր ազգային գաղափարները այսօր ձեւակերպելու: Այսօր չկա այլեւս հակաթուրքական ուժերի կոալիցիա եւ չի լինելու տեսանելի հեռանկարում: Փոքրիկ Հայաստանի համար, ինչպես եւ Վրաստանի, ինչպես եւ տնտեսապես ավելի հզոր Ադրբեջանի, կա երկու ընտրություն. լինել Ռուսաստանի հետ, կամ Արեւմուտքի (իրականում Թուրքիայի): Կամ լինել բաց եւ ունենալ լավ հարաբերություններ թե մեկի հետ, թե մյուսի: Ադրբեջանի քաղաքական կուրսը հիմնված է նավթադոլարների հզորության վրա եւ այսօր նա կարողանում է հաջողությամբ համադրել լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ (չնայած չի պատրաստվում մտնել ոչ ԵԱՏՄ, ոչ էլ ՀԱՊԿ), հետեւողականորեն ինտեգրման ճանապարհով գնալով Թուրքիայի հետ:
1915թ. ոչնչացնելով արեւմտահայությունը, թուրք առաջնորդները հայերի երեսին ասում էին, որ նրանք խանգարում են Թուրքիայի շարժմանը դեպի Մեծ Թուրան: Այսօր արեւմտահայություն չկա, իսկ արեւելահայությունը հայտնվել է Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի միջեւ: Թյուրքական աշխարհը ստացել է զարգանալու ու հզորանալու աննախադեպ բարենպաստ հնարավորություն: Հայաստանի Հանրապետությունում պարտավոր ենք մտածել այնպիսի ադապտացիոն մեխանիզմների ստեղծման մասին, որոնք հնարավորություն կտան անվտանգ ու ապահով պահել Հայաստանը: Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ընտրությունը հերթական անգամ կատարելիս մենք պարտավոր ենք հաշվի առնել մեր պատմության դասերը եւ կարողանալ մշակել այնպիսի քաղաքական կուրս, որը հարգանքի է արժանի եւ հասկանալի կդարձնի մեր տարածաշրջանային քաղաքականությունը:
Մեր հաջորդ հոդվածում մենք կվերլուծենք մեր ազգային գաղափարախոսության ալգորիթմների ներդաշնակեցման խնդիրը առկա տարածաշրջանային իրողությունների եւ մեր իրական հնարավորությունների տեսանկյունից:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող