Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հատուկ ծառայություններ. Կիբեռպատերազմ Իրանի դեմ

Վլադիմիր Դարբինյան
13/03/2026
- 13 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
100
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումը Իրանի վրա մեկ անգամ եւս ցուցադրեց կիբեռգործողությունների կարեւորությունը ռազմական գործողությունների սկզբում եւ ընթացքում: Շնորհիվ այդ գործողությունների, կարճատեւ ժամանակահատվածում կարելի է նշանակալի ազդեցություն ունենալ ռազմական գործողությունների սկզբում:
Հայտնի է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առեւանգման ժամանակ ԱՄՆ-ի հատուկ ջոկատայինները կիբեռգործառույթի շնորհիվ անջատել էին նախագահի ռեզիդենցիայի եւ  շրջապատի էլեկտրականությունը:

Իրանի դեմ վերջին ռազմական գործողությունները սկսելուց առաջ (2026թ. փետրվարի 28) նույնպես իրականացվեց համակարգված տիեզերական եւ կիբեռգործողություններ, որոնք շատ արագ ու արդյունավետ ազդեցություն ունեցան Իրանի կապի եւ սենսորային ցանցերի աշխատանքի խափանման ուղղությամբ: Դա զրկեց իրանական հատուկ ծառայություններին  եւ  պաշտպանական համակարգերին տեսնելու, համագործակցելու եւ ընհանրապես արդյունավետ արձագանքելու հնարավորություններից: Համենայնդեպս այդպես հայտարարեց ԱՄՆ-ի Շտաբերի պետերի Համատեղ կոմիտեի նախագահ՝ գեներալ Դեն Քեյնը:

Իհարկե, սա կարծես թե նորություն է ռազմական գործողությունների ծրագրում, սակայն հայտնի է, որ անցյալ տարի հունիս ամսին, ամերիկյան հրամանատարությունը նույն այս գործողություններով կուրացրեց Իրանական Հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) եւ հարվածեց միջուկային օբյեկտներին: Չնայած, որեւէ ապացույցներ չկան, որ Իրանի միջուկային ծրագիրը խափանված է:

Ամեն դեպքում այս կիբեռգործառույթների շնորհիվ հաջողվեց ֆիզիկական լիկվիդացիայի ենթարկել Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին եւ մի շարք ռազմաքաղաքական  հրամանատարների ու ղեկավարների: Ամերիկա-Իսրայելական հետախուզություններին հայտնի էր դարձել, որ շաբաթ օրը՝ փետրվարի 28-ին (2026թ.), երկրի հոգեւոր առաջնորդը իր ռեզիդենցիայում ընդունելու էր պետության ռազմա-քաղաքական մի խումբ ղեկավարների:

ԱՄՆ-ի «Financial Times» լրագիրը հայտնում է, որ ԿՀՎ-ին եւ Մոսադին (ամերիկյան եւ իսրայելական հետախուզությունները) հայտնի էր դարձել, որ այդ հանդիպումը կայանալու է: Ինչպե՞ս էր ձեռք բերվել այդ տեղեկատվությունը: Նրանց հաջողվել էր իրական ժամանակահատվածում թափանցել (CCTV) փակ միացման փողոցային տեսախցիկներ, ինչպես նաեւ բջջային կապի համացանց եւ հայտնաբերել կոնկրետ հանդիպման վայրն ու ժամանակը: Թեհրանի տեսախցիկներից մեկը ցույց էր տվել, թե որտեղ են ավտոկայանել Իրանի բարձրագույն ղեկավարության մեքենաները՝ վարորդներով եւ  թիկնապահներով:

Իհարկե, տեխնիկական ներթափանցման նման հնարավորություն չէր կարող ստեղծվել մի քանի օրում, մի քանի ամսում, նույնիսկ տարում: Դա երկարատեւ, համառ, նպատակաուղղված եւ ահավոր ծախսատար աշխատանքի արդյունք է: Սա ծավալային հետախուզական ճարտարապետության արդյունք է (comprehensive intelligence architecture – всеобъемлющая разведывательая архитектура):

Այս «ճարտարապետության» մեջ օգտագործվել են հզոր ռադիոէլեկտրոնային հետախուզություն, կիբեռլրտեսական ցանցեր եւ իհարկե ոչ նվազ կարեւոր՝ գործակալական ցանցը:

Դժվար է կռահել, թե ինչո՞ւ այդ հանդիպման համար չի օգտագործվել որեւէ խորը ապաստարան կամ ստորգետնյա բունկեր:

Հայտնի է նաեւ, որ անցած տարվա հունիսյան 12-օրյա պատերազմից հետո իրանական հակահետախուզությունը ձերբակալել էր երկրի ներսում մարդկանց մեծաթիվ զանգված, որոնց կասկածում էին Իսրայելի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ (տեղեկատվություն կար, որ անգամ որոշ իրանական քաղաքացիներ հավաքագրվել էին Երեւանում՝ Կասկադի սրճարաններից մեկում): Սակայն, պարզվում է, որ այդ ցանցը դեռեւս ամբողջովին բացահայտված չէր: Ինչպես ասում են, կար նաեւ հատուկ ժամանակաշրջանի գործակալական ցանց (агентурная сеть на особый период):

Միեւնույն ժամանակ, ակտիվորեն աշխատեց նաեւ գաղափարա-տեղեկատվական պատերազմը:
Գոյություն ունի իրանական «Baade Sabaa» (Յոթից հետո) աղոթքի հավելվածը, որով կոչեր ուղարկվեցին պայքարել գործող կրոնական ռեժիմի դեմ:

«Օգնությունը եկավ» կամ «Մեր իրանական եղբայրների եւ քույրերի ազատության համար դիմում ենք բոլոր ճնշող ուժերին, վայր դրեք զենքերը եւ միացեք ազատարար ուժերին: Միայն այդպես կարող եք փրկել ձեր կյանքերը»:

Ի՞նչն է հետաքրքրական: Այդ ուղերձը տարածվել է աղոթքի ժամին: Հայտնի չէ, իհարկե զենքը վայր դնողներ եղե՞լ են, թե՞ ոչ, եւ եթե եղել են՝ ի՞նչ քանակությամբ: Բայց եթե այդ թիվը հասել է նույնիսկ մի քանի հարյուրի, ապա կարելի է սա համարել Իսրայելի հետախուզության թեթեւ հաջողություն:

Հարձակումը սկսվելուց 4 ժամ հետո (փետրվարի 28-ին) Իրանի իշխանությունները արգելափակեցին համացանցը: Դա ռեժիմի ստանդարտ արձագանք էր նման պայմաններում:
Անկասկած, վերը նշված գործողություններում մեծ դեր է խաղացել արհեստական բանականությունը (artificial intelligence «AI» –  искусственный интеллект «ИИ »), որի օգնությանը իհարկե դիմել են չարամիտ ուժերը: Եվ իհարկե, նման ուժերի եւ գործողությունների դեմ պետք է ապահովել հիմնական անվտանգությունը՝ կենտրոնանալով բազմագործոն նույնականացման հիմունքների դեմ (многофакторная аутентификация «МФА » – multifactor authentification  MFA ), պայքար ֆիշինգի (fishing) վարկաբեկված հաշվառումների դեմ:

Որպեսզի ընթերցողիս պարզ լինի, կարճ բացատրեմ. պայքար կեղծ հաշվառումների, ուրիշի անձնական տվյալների յուրացման եւ օգտագործման դեմ, որը այսօր կիբեռհանցագործություններում շատ ընդունված եւ տարածված բան է (այդ թվում եւ բանկային գործարքներում եւ տարբեր սպառնալիքների լանդշաֆթում):

Եվ ընդհանրապես հատուկ ծառայությունները (այդ թվում եւ ՀՀ ԱԱԾ-ն) պետք է պարտադիր ստեղծեն հիմունքներ, որոնց միջոցով կարող են պայքարել տարբեր լեզուներով ստեղծված «գրագետ հաղորդագրությունների» դեմ:

***

Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի 16 հատուկ ծառայություններ եւ ուժային կառույցներ, սակայն ընդամենը 3 հիմնական հետախուզական կազմակերպություններ՝ (Mois) – Տեղեկատվության եւ անվտանգության նախարարություն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզությունը (разведка КСИР) եւ առանձին, բարդ հետախուզական գործառույթներ անցկացնելու համար (այդ թվում՝ ֆիզիկական լիկվիդացիա) 1990 թ. հիմնված է «Ալ-Քուդս» կազմակերպությունը:

Աշխարհի բոլոր հետախուզություններն օգտագործում են «դիվանագիտական ծածկը» «թիրախ երկրի» նկատմամբ հետախուզական տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով: Ինչո՞ւ է այս ծածկը օգտագործվում բոլոր պետությունների կողմից եւ ամենաշատը: Մի պարզ պատճառով; «դիվանագիտական ծածկի» տակ գործող հետախույզի բացահայտման դեպքում, մաքսիմում ինչ նրան սպառնում է, դա «Պերսոնա նոն գրատա» սցենարն է, այսինքն, այդ պետությունից տվյալ դիվանագետի արտաքսումը: Չնայած այսօրվա քաոսային աշխարհում, որտեղ միջազգային ոչ մի օրենք չի գործում, դիվանագետը կարող է «պատահաբար» հարբած վարորդի մեքենայի տակ ընկնել կամ ռեստորանում թունավորվել կամ որեւէ ցուցարարի ոտքի տակ ընկնել (ցույցը նկարահանելիս), կամ պարզապես անհետ կորչել:

Նաեւ նշեմ,  որ այսօրվա քաոսային աշխարհում լիովին ուսումնասիրված չեն հետախուզական գործառույթների, ահաբեկչական ակտերի, առանձին քաղաքական գործիչների սպանությունների պրոցեսները: Եվ այս ակտերը շատ դեպքերում չեն բացահայտվում, եթե դրա «ցանկությունը չկա»:

Կարծում եմ բոլորիս համար ակնհայտ է, որ ԱՄՆ-ին որեւէ ուղղակի սպառնալիք Իրանի կողմից չկար եւ մոտակա ժամանակներում չէր էլ կարող լինել: Հասկանալի է, որ համաշխարհային պատերազմների, մինչեւ անգամ «Մրրիկը անապատում» («Буря в пустыне») ռազմական գործողությունների ետեւում չկար  եւ մոտ ժամանակներս չի լինի որեւէ ուղղակի սպառնալիք ԱՄՆ-ի տարածքին եւ այնտեղ ապրող բնակչությանը:  ԱՄՆ-ի կողմից իրականացվող բոլոր ռազմական գործողությունների եւ հատուկ գործողությունների հիմքում ընկած են ավելի լայն ռազմավարական նկատառումներ՝ ամերիկյան ֆինանսա-տնտեսական ակտիվների պաշտպանում եւ պահպանում, ԱՄՆ-ի տեսանկյունից երկարաժամկետ անվտանգություն եւ ամերիկյան հեգեմոնիայի պահպանություն, դաշնակից որոշ պետությունների (այս պահին դա ՆԱՏՕ-ի բլոկի բոլոր պետություններին չի վերաբերվում) առջեւ դաշնակցային պարտավորություններ եւ ամենահետաքրքրական սկզբունքը՝ «Ռազմական միջամտությունը ռազմավարական եւ բարոյական առումով ուղղակի անհրաժեշտ էր»:

Պարզ է, որ այս վերջին սկզբունքը միայն ԱՄՆ-ի նախագահի որոշումով չէ, որ կայացվում է, դրա ետեւում շատ ու շատ ստվերային ուժեր կան, որոնց թվարկելու իմաստը չեմ տեսնում:

Հայտնի է, որ Իրանը դեռ չունի միջուկային զենք, սակայն 2025թ. հունիսին նրա միջուկային ենթակառուցվածքը (ինֆրաստրուկտուրան) մոտեցավ այսպես ասած ճեղքման կետի շեմին, որից հետո Իրանը կարող էր արդեն համապատասխան զենք ստեղծել: Համենայնդեպս ԱՄՆ Պատերազմի նախարարության (Պաշտպանության նախարարությունը) հետախուզական վարչությունը (PYMO) տվեց գնահատական, որ Իրանը տվյալ պահին կարող է արտադրել բավականաչափ ուրան՝ զեմքի համար նախատեսված (համենայն դեպս 1 ռումբի համար):
Մի հետաքրքրական հայտարարություն եւս: ԱՄՆ Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը 2026թ. մարտի 4-ին, այսինքն պատերազմի 5-րդ օրը հայտարարեց, որ Իրանի գաղտնի ստորաբաժանման ղեկավարը (ըստ երեւույթին նկատի ուներ «Ալ Քուդս» կազմակերպությունը), որը ծրագրավորել էր Թրամփի մահափորձը 2024թ. նույնպես սպանվել է փետրվարի 28-ին՝ հոգեւոր առաջնորդի ռեզիդենցիայում:(*)

Պատերազմը սկսվել է փետրվարի 28-ին, ժամը 945: Ամերիկյան կողմը ռազմական գործողությունները անվանեց «էպիկական կատաղություն» ( Epic Fury ), իսրայելական կողմը այն անվանեց «Մռնչացող առկուծը» ( Roaring lion ), իսկ իրանական կողմը՝ «ճշմարիտ խոստում -IV» ( Operation True promise – IV ):

Կան բազմաթիվ վերլուծություններ, մեկնաբանություններ, կանխագուշակումներ եւ դեռ շատ կլինեն: Հայաստանի համար իրոք ոչ հասարակ, կարելի է բնութագրել նաեւ որպես վտանգավոր օպերատիվ-քաղաքական իրավիճակ է ստեղծվել, որը չգիտես ինչու մենք շատ հանգիստ ենք ընդունում: Աստված մեզ պահապան…

Ըստ ԱՄՆ-ի  եւ Իսրայելի կրեդոյի, փետրվարի 28-ին սկսած ռազմական գործողությունները ունեն 4 հիմնական նպատակներ՝

1. Մահաբեր բալիստիկ հրթիռների եւ ընդհանրապես հրթիտային արդյունաբերության վերացում Իրանում;

2. Իրանի ռազմա-ծովային նավատորմի ոչնչացում;

3. Վերջնականապես ապահովել այն հանգամանքը, որ Իրանի կողմից սատարվող «ահաբեկչական» խմբավորումները չկարողանան ապակայունացնել աշխարհը;

4. Վերջնականապես ապահովել այն օպերատիվ-քաղաքական իրավիճակը, որպեսզի չստեղծի միջուկային զենք:

Փետրվարի 28-ին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ամերիկյան մեդիա հարթակներից մեկով ( Truth social ) եւ ընդգծեց, որ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին Իրանի դեմ մասնակցելու նպատակը Թեհրանում գործող ռեժիմի տապալումն է:

Ես ուզում եմ ընթերցողիս ուշադրությունը հրավիրել մարտի 6-ին այսպես կոչված օդային հարձակման վրա (իրանական անօդաչու սարք «Արաշ-2») Արդբեջանի տարածքում:

Ադրբեջանական մամուլում նշվում է, որ դիվերսիոն հարվածներ էին պատրաստվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, օդային հարվածներ Նախիջեւանի որոշ օբյեկտների դեմ, նաեւ՝ Իսրայելական դեսպանատան եւ սինագոգի ուղղություններով:

Իրանի արտգործնախարարն ու նախագահը հերքում են այդ ամենը, Ադրբեջանը թիվ 1 մարտական պատրաստվածության է բերում իր զինված ուժերին: Արդյո՞ք այդ անօդաչու սարքերը, որոնք իբր մինչ պետք է խփեին ադրբեջանական օբյեկտներին, իրոք իրական էին, թե՞ այդ ամենը սարքած էր ըստ նախագծված ծրագրերի հենց Ադրբեջանի ու նրա դաշնակից Իսրայելի կողմից: Ժամանակը ցույց կտա:

Բոլոր դեպքերում, մարտի 3-ից ադրբեջանական զորքերը կենտրոնացել են իրանական սահմանի երկայնքին:

Եվս մեկ հետաքրքրական տեղեկատվություն: Ռազմական կոնֆլիկտի առաջին 100 ժամը, այսինքն մոտավորապես 4-րդ օրը, ԱՄՆ-ին արժեցել է 3,7 միլիարդ դոլար:

2026թ փետրվարի 28-ին իսրայելա-ամերիկյան հարձակումների ժամանակ զոհված իրանցի քաղաքական եւ ռազմական գործիչները

Ալի Խամենեյի – Իրանի քաղաքական եւ կրոնական առաջնորդ 1989-2026թթ.:
Աբդոլրահիմ Մուսավի, գեներալ-մայոր – Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գերագույն հրամանատար:
Մոհամադ Պաքպուր – Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի (ԻՀՊԿ, IRGC) հրամանատար, բրիգադի գեներալ:
Ազիզ Նասիրզադե – Իրանի պաշտպանության նախարար:
Ալի Շամխանի – Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական խորհրդական:

Եվ վերջում՝

«Հակամարտության դեպքում, պատերազմի մեջ մտնելուց առաջ, հավատացյալները պետք է սպասեն, մինչեւ մարտը դառնա պարտադիր»

(Qur an 5:64, Ղուրան 5:64)

*) Խմբագրության կողմից ավելացնենք, որ Թրամփի ուղղությամբ կրակած անձին ամերիկյան քննիչները, ըստ CNN-ի, որեւէ կապ չէին տեսել նրա եւ Իրանի միջեւ:

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Անվտանգության հարցերով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե սա սադրանք է, ապա ի՞նչ ասել “Արցախը Հայաստան է և վերջ” հայտարարության անողին կամ Շուշիում պարողին… Թաթուլ Հակոբյան

Հաջորդ գրառումը

Ե՞րբ կավարտվի Իրանի դեմ պատերազմը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նվաստանալով Ադրբեջանի ուժի ցուցադրումից` իշխանությունն այդ նվաստացումը փոխակերպում է Հայաստանի ներսում ուժի ցուցադրությամբ՝ ձգտելով նվաստացնել ընդդիմախոսներին

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի միջուկային ենթակառուցվածքների թիրախավորումը և պատերազմի սրման նոր փուլը. Արմեն Այվազյան

27/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ին. ՀԱԿ

27/03/2026
27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
Հաջորդ գրառումը

Ե՞րբ կավարտվի Իրանի դեմ պատերազմը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական