Ներածություն
Ի՞նչ արժե հետախուզությունը, այլ կերպ ասած՝ որքան է նստում պետության վրա քաղաքականության եւ անվտանգության այդ կարեւորագույն գործիքը, միջոցը։
Շատ դժվար հարց է. դրան ճշգրիտ պատասխան չկա, որովհետեւ պետությունների մեծ մասը իրենց հետախուզության բյուջեն գաղտնի են պահում։ Իսկ եթե այն հրապարակվում է, ապա միայն պաշտոնական մասը, օպերատիվ ծախսերը երբեք չեն հրապարակվում եւ ոչ մի ֆինանսական հանձնաժողով, աուդիտ, իրավունք չունի այն ստուգելու։
Ոչ գաղտնի տեղեկատվության արժեքը այնքան էլ բարձր չէ, չնայած լավ վերլուծությունն այստեղ էլ մեծ դեր ունի, սակայն գաղտնի տեղեկատվության արժեքը եւ գինը բոլորովին այլ են։
Ո՞վ կարող է ձեռք բերել եւ տալ գաղտնի տեղեկատվությունը եւ ո՞ւմ։ Իհարկե, գաղտնի տեղեկատվությունը արժեք է ներկայացնում հակառակորդի եւ թշնամու համար (չհաշված քո պետության համապատասխան մարմինների համար)։ Ընտրվում է թիրախ՝ պետության խոցելի կետերը, հավաքագրվում են գործակալներ (տեղեկատվության աղբյուրներ, ընդ որում՝ որոշակի ուսումնասիրությունից հետո կամ շփման ընթացքում միաժամանակյա) այդ կետերում եւ վարձատրում են ըստ փոխանցվող տեղեկատվության։
Հաշվի առնենք, որ խոցելի կետերը փնտրում են ինչպես թշնամու հետախուզության մեջ, այնպես էլ տեղի հակահեղափոխության։ Նկատի ունենանք եւս մի հանգամանք՝ հակահետախուզության աշխատանքը ծանր, տաժանակիր, սեւագործ, անշնորհակալ աշխատանք է, լի անակնկալներով եւ անհաղթահարելի բարդություններով, հատկապես փաստեր ձեռք բերելու ուղղությամբ։
Հետախուզությունը արվեստ է, շատ դեպքերում գործընթացի հաջողությունը կախված է հետախույզի անհատական հատկանիշներից, գիտելիքներից, զրույցներ վարելու ընդունակությունից, տեղեկատվությունը դուրս քաշելու հմտությունից (շատ դեպքերում՝ առանց բացահայտվելու)։
Իհարկե, կան համապատասխան ձեռնարկներ, դասընթացներ, դասախոսություններ, սակայն լավ հետախույզը ի ծնե է, ինչպես մանկավարժը, բժիշկը եւ այլն։
Եվ այսպես, գործակալները պետք է վճարվեն հատուկ ծառայության բյուջեից։ Մինչեւ 1-ին համաշխարհային պատերազմը Գերմանիան հետախուզությանը հատկացնում էր 450 հազար մարկ (մոտավորապես 180 հազար դոլար) տարեկան։ Այդ նույն ժամանակահատվածում Ռուսաստանը ցարական բանակի 7-րդ բաժնին (հետախուզությանը) հատկացնում էր 12 միլիոն ռուբլի տարեկան (5 միլիոն դոլար)։
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ամենաբարձր հոնորարը ստացող գործակալը, որ երբեւիցե այդ ժամանակաշրջանում ստացել է (100 000 դոլարից ավել) եղել է Ավստրո-Հունգարական ռազմական հակահետախուզության պետ, գլխավոր շտաբի գործակալական գործառույթների բյուրոյի պետ, ծագումով ավստրիացի, ծնված Ուկրաինայի Լվով քաղաքում, գնդապետ Ալֆրեդ Ռեդլը (1864-1913)։
Վերջինս լրտեսության պատմության մեջ ամենահայտնի կրկնակի գործակալներից մեկն էր։
Ռեդլը հավաքագրվել էր ռուսական հեղափոխության կողմից 1903թ. (վարկաբեկիչ նյութերի հիման վրա) եւ 10 տարվա ընթացքում ռուսական հատուկ ծառայությանն էր փոխանցում Ռուսաստանում գործող գործակալների տվյալները, ինչպես նաեւ այլ թանկարժեք տեղեկատվություններ, օրինակ՝ ավստրիական զինված ուժերի ներխուժման պլանները Սերբիա։
Եվ այսպես, տեղեկատվությունը ձեռք է բերվում տարբեր ճանապարհներով։ Դրանցից մեկի մասին խոսեցինք՝ դա գործակալական ցանցն է։ Մեկ այլ տեղեկատվական կատեգորիա է հանդիսանում ռազմագերիներ վերցնելը։
Ռազմագերիների մեջ երբեմն լինում են ինֆորմացված սպաներ, որոնք հարցաքննության ընթացքում (հատուկ ծառայությունների կողմից) երբեմն կամովին, երբեմն կտտանքների (հիմնականում) արդյունքում հայտնում են ռազմական գաղտնիքներ։ Ռազմական կարեւոր փաստաթղթեր են գտնվում նաեւ սպանված զինվորականների մոտ, կամ հակառակորդ կողմի շտաբ-կայանների բռնագրավման դեպքերում։ Ռազմական հետաքրքրություն է ներկայացնում նաեւ հետախուզական տեղադիտումը (рекогносцировка), որի համար բանակային զորամիավորումներում գործում են հատուկ զորային հետախուզական ջոկատներ։ Եթե այդ ուժերին հաջողվում է շրջադիտել հակառակորդի դիրքերը, կահավորումը, դասավորությունը, զինատեսակները, զրահատեխնիկայի, թռչող սարքերի, հրետանու, ՀՕՊ-ի տեղաբաշխումը, ապա կարելի է համարել, որ պատերազմի դեպքում դա հաղթանակի կեսն է։
Շատ չծանրաբեռնելով ընթերցողիս՝ ասեմ. հետախուզության պատմության մեջ անջնջելի հետք են թողել նաեւ հայազգի հետախույզները։ Նրանց գործունեության մասին շատ մանրամասներ կան նաեւ ՀՀ ԱԱԾ թանգարանում։ Ես պարզապես կթվարկեմ նրանցից մի քանիսի անունները։
Իվան Իվանի Աղայանց, ծնված 1911թ., 2-րդ աշխարհամարտի տարիներին ղեկավարել է ԽՍՀՄ հետախուզական ռեզիդենտուրան Իրանում (Թեհրան-43)։
Աշոտ Աբգարի Հակոբյան, 1915թ. (կեղծանունը՝ Եֆրատ), ոչ լեգալ հետախույզ։
Միխաիլ Անդրեյի Ալավերդով, ծնված Շուշիում, 1900թ., 2-րդ աշխարհամարտի տարիներին աշխատել է Քաբուլում (Աֆղանստան)։
Զոհրաբ Ղասաբյան, 1919թ., ծնված Ատամբուլում, պատմական գիտությունների դոկտոր։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բուլղարիայում ակտիվորեն մասնակցել է ֆաշիզմի դեմ ընդհատակյա պայքարին։
Հովակիմյան Հայկ Բադալի, ծնվել է 1898թ. Նախիջեւանում։ Աշխատել է Գերմանիայում 2-րդ աշխարհամարտի նախօրեին, ձեռք է բերել տեղեկատվության աղբյուր հակաֆաշիստական «Կարմի կապելլա» կազմակերպությունում, մեծ ներդրումներ ունի ԽՍՀՄ-ում ստեղծվող ատոմային ռումբի համար Արեւմուտքից ձեռք բերված գաղտնի փաստաթղերի գործընթացում։
Գեւորգ Անդրեյի Վարդանյան, ոչ լեգալ հետախույզ, Սովետական Միության հերոս, կեղծանունը՝ Ամիր, ծնված 1924թ. Ռոստովում։ Աշխատել է Թեհրանում, Իվան Աղայանցի ղեկավարության ներքո, Թեհրանում նրան հաջողվել է «ներթափանցել» անգլիական դիվերսիոն դպրոց, «Թեհրան-43»-ի ակտիվ մասնակից։ (Գ. Վարդանյանի մասին ատանձին հոդվածներ ունեմ («Ազգ», 14 հունվարի, 2019թ.)։
Ցավով պետք է նշեմ, որ այսօր գլուխ գովելու որեւէ հիմքեր չունենք այս ոլորտում, փոխարենը խումբ-խումբ դավաճաններ են հայտնաբերվում, որոնք աշխատել են մեր Հայրենիքի դեմ վճռական պահերին։ Սակայն սա մի ուրիշ թեմա է, որը խորը ուսումնասիրության եւ վերլուծության կարիք ունի։ Պետք է ուսումնասիրել՝ ի՞նչ է կատարվում մեր հասարակությունում, մի՞թե դավաճանության դրդապատճառը 400 դոլարն է…
Մի քիչ շատ շեղվեցի բուն թեմայից, ինչպես նշել էի հոդվածիս առաջին մասում (տես՝ «Ազգ»ի նախորդ համարը), պետք է խոսեինք գնդապետ Թոմաս Էդուարդ Լոուրենսի մասին (Լոուրենս Արաբացին), որը Օսմանյան Թուրքիայի փլուզման գործում մեծ ներդրում ունի։
Սակայն մինչ Լոուրենսին անցնելը՝ մի քանի փաստեր Մեծ Բրիտանիայի հետախուզության մասին։
Բրիտանական հետախուզության հիմնական դրույթները կապակցված են առաջին հերթին ազգային տրադիցիաների եւ քաղաքացիների վարքի եւ պահելաձեւի կանոնների հետ, որոնք մշակվել են հարյուրամյակների ընթացքում։ Ընդ որում, բնիկ բրիտանացիները շատ կայուն են իրենց համոզմունքների եւ աշխարհայացքի մեջ։
Բրիտանիայի ռազմական փորձագետները, որոնք ուսումանսիրում են պատերազմներ վարելու եւ հետախուզության աշխատանքի սկզբունքները, մշտապես ընդգծում են, որ ոչինչ չի փոխվել դեռեւս Սան-Ցզիի, Հաննիբալի, Նապոլեոնի եւ Չերչիլի (նորագույն պատմություն, ըստ բրիտանացիների) ժամանակներից։
Ծանոթություն.
Սուն-Ցզի. հռչակավոր չին ստրատեգ, զորավար, փիլիսոփա։ Ենթադրաբար ապրել եւ գործել է մ.թ.ա. VI-V դարերում։ Հայտնի է իր գիտական տրակտատով «Պատերազմի արվեստը»։ Պատերազմներում բազմաթիվ հաղթանակներ է տարել։ Չին փիլիսոփա Սուն-Ցզին գտնում էր, որ արքաները եւ հմուտ գեներալները արշավանքներ եւ հարձակումներ սկսելուց առաջ ամեն ինչ գիտեին իրենց հակառակորդի մասին, հատկապես ուշադրություն էր դարձվում կանխող, նախազգուշացնող տեղեկատվություններին։
Հաննիբալ. Հին Կարթագենի զորավար, ծնվել է մ.թ.ա. 247 թվականին։ Հռոմի Հանրապետության երդվյալ թշնամին։ Մ.թ.ա. 218թ. իր զորքով Ալպյան լեռների վրայով ներխուժել է Հռոմ եւ մի քանի խոշոր հաղթանակ տարել։ Եվրոպայի պատմության մեջ համարվում է ռազմական խոշոր ստրատեգ։
Փորձագետները, հենվելով այս փիլսիոփայության վրա, որ եթե նախօրոք ամեն ինչ գիտես հակառակորդիդ վերաբերյալ, ապա կարող ես նրան դիմակայել, նույնիսկ եթե զիջում ես զինվորների թվաքանակով եւ սպառազինությամբ։ Ահա թե ինչի համար է հետախուզությունը բոլոր ժամանակներում։
Ուշադրության են արժանի բրիտանական հետախուզության դոկտրինայի հետեւյալ սկզբունքները.
– ռազմավարություն
– մարտավարություն
– վարչա-կառավարական
– օպերատիվ գործառույթներ
– կադրային քաղաքականություն
– տեղեկատվա-վերլուծաբանական
– բարոյագիտական
Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական հետախույզները հիմնականում բանակում եւ նավատորմում ծառայության մեջ գտնվող սպաներն էին, որոնք հետախուզությամբ էին զբաղվում, ելնելով հայրենասիրական ազնիվ մղումենրից։ Այդ զինվորականները, որպես կանոն, ունեին լայն մտահորիզոն, լավ կրթություն եւ ծագումով ազնվազարմ ընտանիքներից էին (Լոուրենսի ծագումնաբանությունը քիչ այլ էր)։ «Ազգային հետախույզ» գնդապետ Լոուրենսը ժամանակի ընթացքում տարբեր մականուններ ձեռք բերեց՝ Լոուրենս Արաբացի (այդ մականունը նա ստացավ Միջին Արեւելքում), «Արաբական չթագադրված թագավոր», «Էմիր-դինամիտ» (պայթուցիկ նյութ)։ Այդ վերջին մականունը նրան տրվել էր, որովհետեւ վերջինս կատարելապես տիրապետում էր պայթեցման արվեստին, իր գործունեության ընթացքում պայթեցրել է 79 կամուրջ։
Գնդապետ Լոուրենսը բնորոշվում է իբրեւ փառամոլ, պատվախնդիր, հակված արկածախնդրության, հազվադեպ համառության տեր մարդու, որն ընդգծված անտարբեր էր կանանց եւ փողի նկատմամբ (ի տարբերություն այդ մասնագիտության տեր շատերի). հետախուզության ոլորտում անջնջելի հետք է թողել։
Եվ այսպես, Էդուարդ Լոուրենսը ծնվել է 1888թ. օգոստոսի 15-ին, Հյուսիսային Ուելսում, բավականին աղքատ ընտանիքում։ Իր կյանքի առաջին 8 տարիներին Լոուրենսն իր ընտանիքի հետ անցկացրեց թափառաշրջիկի կարգավիճակով, Շոտլանդիայում եւ Անգլիայում, եւ վերջապես ընտանիքը բնակություն հաստատեց Օքսֆորդում։ Ընտանիքում Թոմաս Լոուրենսը 5 ապօրինածին երեխաներից երկրորդն էր։ Նրա մայրը ծագումով հրեա էր։ Դեռ դպրոցական տարիներից Լոուրենսը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում պատմության եւ հնագիտության ուղղությամբ։ Ուսանողական տարիներին լրջորեն տարվեց արաբական աշխարհով։ Օքսֆորդի համալսարանում սովորելիս, որը նա ավարտեց 1910թ-ին, գրեց իր դիպլոմային աշխատանքը «Խաչակիրների արշավանքների ազդեցությունը միջնադրյան Եվրոպայի ռազմական ճարտարապետության վրա»։ Լոուրենսի աշխատանքի գիտական ղեկավարը հնագիտության պրոֆեսոր Հոգգարթն էր, որը «ծածկի» տակ գտնվող հետախույզ էր։
… Հետագայում արդեն նույն Հոգգարթի առաջադրանքներով Լոուրենսը մի շարք գործուղումներ ունեցավ Սիրիա, Եգիպտոս, Պաղեստին, որտեղ արդեն կատարում էր հետախուզական աշխատանք՝ տեղեկատվության հավաք, շփումների հաստատում եւ այլն։ Շփվելով արաբների, քրդերի հետ՝ Լոուրենսը յուրացնում էր խոսակցական արաբերենը, հագնում էր նրանց ազգային տարազը, ուտում էր նրանց ազգային կերակուրները։ Մի խոսքով, Լոուրենսին հաջողվել էր մտնել «արաբի մորթու» մեջ։
Լոուրենսը չէր խմում, չէր ծխում, ուտելիքը նրան քիչ էր հետաքրքրում։ Հմայիչ ժպիտով, երկնագույն աչքերով, հաճելի ձայնով եւ ժպիտով Լոուրենսը հեշտությամբ դուրս էր գալիս առաջին պլան, շփումներ հաստատում եւ նույն հաջողությամբ մղվում էր ետին պլան, դառնում ոչ նկատելի։
1914թ. հոկտեմբերին սկսվեց 1-ին համաշխարհային պատերազմը, եւ Թուրքիան նույնպես ներգարվվեց այդ պատերազմում։
Բրիտանական հետախուզությունը Եգիպտոսում ստեղծեց իր հետախուզական ռեզիդենտուրան՝ «Արաբական բյուրոն»։ Բյուրոն ղեկավարում էր գեներալ Քլեյթոնը։ Երիտասարդ լեյտենանտ Լոուրենսը նույնպես գործուղվեց այդ բյուրո։ Նա արդեն համարվում էր արաբական աշխարհի լավ մասնագետ եւ ակտիվորեն մասնակցում էր հետախուզական գործառույթներին Սիրիայում, Պաղեստինում, Եգիպտոսում եւ արաբական մյուս երկրներում։
Սակայն Լոուրենսի հիմնական խնդիրը Արաբական երկրներում՝ դա գործելն էր թուրքերի թիկունքում, կազմակերպել արաբական մարտական խմբերի հարձակումները թուրքական երկաթգծերի վրա, եւ, իհարկե, ձեռք բերել ռազմավարական եւ մարտավարական տեղեկատվություն ինչպես արաբների, այնպես էլ թուրքերի վերաբերյալ բրիտանական ռազմական ղեկավարության համար։ Ի վերջո, Լոուրենսը դարձավ արաբական աշխարհի պարտիզանական շարժման ղեկավարներից մեկը ընդդեմ Օսմանյան Թուրքիայի։
Ահա թե ինչ է ասել Լոուրենս Արաբացին հայերի մասին մեկ դար առաջ. «… Հայերն ամենաբարձր աստիճանին են հասել։ Ես ասում եմ Ձեզ, եթե հայերին երբեմն հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որեւէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան եւ կաշխատացնեն մնացյալ ամբողջ մարդկությանը։ Սա սարսափեցնում է թուրքերին, հույներին եւ բոլորին, ովքեր գիտեն նրանց»։
Եվ այսպես է արտահայտվում Արաբական աշխարհում գործող հմուտ անգլիացի լրտես-մենակյացը հայերի մասին։ Ինչո՞ւ։
1916-1918թթ. Օսմանյան Իմպերիայի դեմ արաբական ապստամբության առաջնորդ Լոուրենս Արաբացին տառապում էր հայաֆոբիայով (սեւեռուն վախ հայերից)։
1919թ. գնդապետ Լոուրենսը Փարիզում մի կոնֆերանսի ժամանակ իբր թե ներկայացնում էր արաբական աշխարհի հետաքրքրությունները, բայց իրականում իհարկե նրա մասնակցությունը այդ կոնֆերանսին կապված էր բրիտանական իմպերիալիզմի շահերի եւ, ինչ-որ տեղ, հրեական ազգային պետություն ստեղծելու հեռահար պլանների հետ։
Կոնֆերանսի ժամանակ ամերիկյան լրագրող Լինկոլն Ստեֆենսը հարցազրույց անցկացրեց Լոուրենսի հետ։ 12 տարի հետո հարցազրույցը հրապարակվեց «Outlook and Independent» ամսագրում։
Հոդվածը կրում էր հետեւյալ խորագիրը՝ «Այդ անհնարին հայերը»։ Ինչո՞ւմն էր բանը։ Այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը փորձում էր վերականգնել Հայաստանի պատմական, բարոյական, մշակութային կերպարը, ինչին ամեն կերպ փորձում էր խանգարել բրիտանական վարչապետ Լլոյդ Ջորջը, համոզելով Վիլսոնին Թուրքական Անատոլիան (մասնավորապես նաեւ Արեւմտյան Հայաստանը) հայտարարել որպես մանդատային տարածք։ Այս խոսքով բրիտանական իմպերիան առաջարկում էր Հայաստանին թողնել միայն այն հողերը, որտեղ պահպանվել է հայկական էթնիկ մեծամասնություն։ Այսինքն, ո՛չ Բրիտանիային, ո՛չ Ֆրանսիային ձեռնտու չէր Հայկական Կիլիկիայի ելքը Միջերկրական ծով։
Ահա այս ծրագրին էր նվիրված Լոուրենսի հետախուզական գործունեության որոշակի մասը։
«Հայաստանը առանց հայերի» թուրքական դասական կարգախոսը կրկնվում է Լոուրենսի հարցազրույցում։
«Հայերը, ինչպես եւ ուրիշ քաղաքակրթված հին ազգերը, չեն աշխատում։ Նրանք շատ առաջ են գնացել տրամաբանության, հոգեբանության եւ ֆիզիոլոգիայի (բնախոսության) մեջ։ Նրանց ծանր աշխատանք պետք չէ։ Հայերը չափից դուրս ինտելեկտուալ են, որպեսզի աշխատեն ուրիշների համար…
Հայերը պատկանում են հին ռասաներին, նրանք չպետք է ունենան պտղաբեր հողեր, որովհետեւ նրանք չեն աշխատի դրանց վրա։ Նրանց պետք է միայն սեփականություն։ Նրանք վաճառում են ու նորից առնում ավելի ու ավելի շատ…»։
Հոդվածը իհարկե հրապարակվել է 1931թ., անցել է ավելի քան 90 տարի։ Գնդապետ Լոուրենսի վերաբերյալ շատ փաստաթղթերի գաղտնազերծումից հետո (1968թ.) Լոնդոնի պետական արխիվներում հայտնվել են Լոուրենսի ինտիմ կյանքին վերաբերվող մանրամասներ։ Գրում են անգամ, որ նա նեվրոպատիա (նյարդախտություն) է ունեցել։ Ակնհայտ է նաեւ, որ Միջին Արեւելքում աշխատելիս նա բացարձակ արաբ ժողովրդի հետաքրքրություններով չի առաջնորդվել։ Իհարկե նրան, ում կհաջողվի ծանոթանալ գաղտնազերծված փաստաթղթերի հետ, գուցե եւ հասկանալի դառնա, թե որտեղ եւ ինչպես են մեկ դար առաջ հայերը արաբական աշխարհում եւ Թուրքիայում «տրորել» Էդուարդ Լոուրենսի ոտքը։ Սակայն պետք է ընդունել, որ այդ հարցազրույցից պարզ է դառնում, որ աշխատանքի բերումով թե անձնական ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով, Լոուրենս Արաբացին բավականին լավ ուսումնասիրել է հայերին…
(Վերջ)
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, անվտանգության հարցերով փորձագետ