Դիմում Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շթոքերին, ԱԳ նախարար Բեաթե Մայնլ-Ռայզինգերին՝ «Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատարձակումը կարեւոր քայլ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը հանդարտեցնելու համար»
Այսօր Ավագ շաբաթվա ամենադրամատիկ օրն է՝ Ավագ ուրբաթն է, Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այսօր Գերմանիայում փակ են բոլոր հանրային վայրերը: Բոլոր խանութները, որ ամիսներ առաջ ողողված են սուրբ Զատկի խորհրդանշական ապրանքներով, փակ են այսօր: Դեմոկրատական երկրում պահպանվում են քրիստոնեական ավանդույթները, դրանք ամրագրված են օրենքով, հարգանք կա երկրի բնակիչների հանդեպ, որոնց մեծամասնությունը քրիստոնյա է: Աշխատասեր գերմանացիների համար բնական է, որ Ավագ շաբաթվա խաչելության ուրբաթը օրենքով ոչաշխատանքային է մնում, ի հեճուկս սահմանակից եվրոպական երկրների, որ մասամբ են հետեւում Գերմանիայի օրինակին: 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին պետությունը՝ Հայաստանը, որ Գերմանիայի նման դեմոկրատական, առավել՝ խորհրդարանական կառավարման վարչաձեւն է ընտրել, որի բնակիչների տեսակարար մեծամասնությունը քրիստոնյա է, տարրական հարգանք չունի՝ այսպես իմաստավորեմ՝ լռության ավանդույթի հանդեպ… առեւտուրը եռում է եկեղեցիների բակերում անգամ, ծաղկավաճառները փող են շինում նույնիսկ ապրիլի 24-ին, Եռաբլուրում…
Լռության րոպե կա Հայաստանում, բայց լռության օր սահմանելիս, այն շաղկապել են ընտրությունների՝ քաղաքական պայքարի հետ, եւ ստացվում է, որ հայերս լռությունը չենք ընտրել որպես հարգանքի նշան, որպես սուգը եւ աղետը մեր ներսում ընկալելու, դրա մասին մտորելու միջոց: Եւ խախտվել է լռելու եւ խոսելու ժամանակը, աղմուկը շատացել է՝ կարեւորի ու երկրորդականի, մտածելու ու անմիտ լինելու սահմանագիծը հոծ գծից դարձել է բարակ մի դերձան… բայց մեր ներսի խոր ակունքներում, մեզ փոխանցված ժառանգության մեջ դեռ տրոփում է հոգու փրկության գաղափարը, մի հանգուցակետ, որով մարդ ենք մնում՝ Աստծո դրոշմով, բիբլիական Արարատի երկրում:
«Նա մեր մեղքերն Իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24):
Ի՞նչ են ուսուցանում մեզ`վաղնջական քրիստոնյաներիս Քրիստոսի չարչարանքը, խաչելությունն ու մահը, որքանով ենք հայ քրիստոնյաներս արժեւորում այդ զոհաբերումը: Արդյոք մենք էլ չե՞նք ծաղրում, փշեպսակ չե՞նք դնում, չ՞ենք խաչում Նրան, երբ ցեղասպանության վերապրողների զավակներս փորձում ենք հարաբերականացնել ցեղասպանության ոճիրը, նվազեցնել կամ արդարացնել ոճրագործների, ուրացողների վարքը, ցեղասպանության տրավման հաղթահարող արցախցու հանդեպ ատելություն ենք տարածում, իրենց զոհաբերությամբ մեզ կյանք նվիրած՝ Եռաբլուրում ննջող հերոսների մայրերին ու հայրերին անարգում ենք, նրանց առջեւ մինչեւ գետին խոնարհվելու փոխարեն, երբ Փրկչի գլխավոր ուղերձը՝ սերը չենք տարածում մեր շուրջ…
Առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերին խոհանոցում վերակենդանացնելով սուրբ Հարության տոնի ավանդական սեղանը՝ մեկ ափսե ավել դնենք Բաքվի ճիրաններում գտնվող մեր գերյալների համար, հիշենք նրանց եւ նրանց տառապյալ ընտանիքներին, լուռ աղոթենք նրանց վերադարձի համար, ձայնավոր դառնանք՝ բոլոր հնարավոր եղանակներով պայքարենք եւ պահանջենք նրանց ազատարձակումը: «Ամեն մեկ հայ մեկ ոսկի» կարգախոսը կրկնենք մտքում, գործենք:
Վատիկանի լրատուն՝ Vatican News-ը, որ բնավ չի անդրադարձել ապրիլի 10-ին Գրեգորյան համալսարանում անցկացված Ադրբեջանի քրիստոնեական ժառանգության վերաբերյալ գիտաժողով անվանյալ կեղծիքին, երեկ գերմաներեն տարբերակում տեղադրել էր Ազիզ Քարիմովի (Aziz Karimov) ստորագրությամբ մի լուսանկար՝ հետեւյալ մակագրությամբ՝ «ԼՂ-ի նախկին մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցյալ հոկտեմբերին»: Դրան կից հրապարակված հոդվածը Ստեփանակերտի մասին չէ, այլ՝ Բաքվում շարունակվող ոճրագործության վերաբերյալ ակնարկ է եւ արդարացի պահանջ՝ Զատկին ընդառաջ:

Վատիկանի լրատուն, հղում անելով կաթոլիկական Kathpress-ին, ներկայացնում է Վիեննայի Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս Տիրան Պետրոսյանի խոսքը, որ կոչ է ուղղում Ավստրիայի նորանշանակ կառավարությանը՝ ջանք գործադրել ադրբեջանական կալանքից հայ ռազմագերիներին ազատելու ուղղությամբ: Ապրիլի 16-ին Kathpress-ին տված հարցազրույցում Տիրան եպիսկոպոսը հայտարարում է, որ հայ բազմաթիվ զինվորներ, քաղաքացիական անձինք եւ ԼՂ-ի կառավարության նախկին ներկայացուցիչներ դեռեւս Ադրբեջանի բանտում են, «անարդարության եւ բռնության» են ենթարկվում, իսկ դրանց մասին վկայություններն ու փաստերը հաստատում են միջազգային իրավապաշտպան, օգնության կազմակերպությունները եւ ձերբակալվածների հարազատները: Ի հեճուկս հրադադարի մասին գործող պայմանագրերին, միջազգային բազմաթիվ կոչերին եւ պարտավորություններին, ձերբակալվածների ճակատագիրը մնում է անորոշ, նկատել է տալիս Սրբազանը եւ շարունակում՝ բոլոր ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը «ոչ միայն բարոյական, այլեւ միջազգային իրավունքի, մասնավորապես՝ Ժնեւի կոնվենցիաներից բխող պարտավորություն է»: Ավստրիայում ծառայության կոչված հայ հոգեւորականը դիմում է դաշնային կանցլեր Քրիստիան Շթոքերին եւ արտաքին գործերի նախարար Բեաթե Մայնլ-Ռայզինգերին՝ խնդրելով վերջիններիս ակտիվ պաշտպանել հայ բանտարկյալների ազատարձակման պահանջը՝ երկկողմ, եվրոպական թե համաշխարհային մակարդակով: «Ավստրիան միշտ հավատարիմ է եղել մարդու իրավունքների պաշտպանությանը, դաշնային նոր կառավարությունը պետք է վճռականորեն շարունակի այս ավանդույթը», նշված հարցազրույցում հորդորում է Սրբազանը, միջազգային հանրությունից պահանջում ավելի մեծ ուշադրություն դարձնել ողջ տարածաշրջանին: Սրբազանը նկատել է տալիս առաջնայինը՝ Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատարձակումը կարեւոր քայլ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը հանդարտեցնելու համար:
1981-ին Երեւանում ծնված Տիրան եպիսկոպոսը Կենտրոնական Եվրոպայի երկրների՝ Ավստրիայի, Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Սկանդինավյան երկրների հայրապետական պատվիրակն է: Նա իր երախտագիտությունն է հայտնում Ավստրիայի բոլոր եկեղեցիներին, որ շարունակաբար հավատարիմ են մարդու իրավունքների պաշտպանությանը, անտարբեր չեն Հայաստանում բնակվող մարդկանց, ԼՂ-ից բռնագաղթած ավելի քան 100.000 հայերի ճակատագրի հանդեպ:
Պետրոսյան Սրբազանը, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Ավստրիայի նախագահն է, կոչ է անում կիրակի օրը՝ ապրիլի 20-ի սուրբ Հարության տոնը համատեղ էկումենիկ ծառայությունների միջոցով նշել՝ որպես բոլոր քրիստոնյաների, բոլոր եկեղեցիների միջեւ համերաշխությունն ամրապնդելու հնարավորություն: «Հաշվի առնելով քաղաքական եւ սոցիալական մեծ մարտահրավերները, եկեղեցիները պետք է ավելի սերտորեն համագործակցեն, համատեղ վկայություն տան Հիսուս Քրիստոսի ուղերձի մասին», ասում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Ավստրիայի նախագահը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԳերմանիա