keghart.org, 2023 թ. մարտի 4
Ռուսաստանում Միկոյան կամ Խաչատրյան անուններով քաղաքներ չկան: Ֆրանսիայում Ազնավուր անունով քաղաք չկա: Պորտուգալիայում չկա Գյուլբենկյան անունով քաղաք… չնայած «պարոն Հինգ տոկոսը» միլիոնավոր դոլարներ է ներդրել սնանկացած պորտուգալական տնտեսության մեջ, եւ նրա հիմնադրամը շարունակում է աջակցել այդ երկրի արվեստին ու գիտությանը: Թեեւ Ամերիկաներում Արմենիա անվամբ տասնյակ տեղանուններ կան, սակայն հայի անուն կրող քաղաք չկա:
Իսկ Բրազիլիայում այդպիսի քաղաք կա, որը հեռու է Հայաստանից մոտավորապես 11500 կիլոմետր: Դա Կոմենդադոր Լեւի Գասպարյան քաղաքն է: Այն անվանվել է ի պատիվ այն հայ ձեռնարկատիրոջ, որն Ամազոնի եզերքին է բնակվել 1950-ականների սկզբից մինչեւ 1970-ականները:
1906 թվականին ծնված Գասպարյանը 50-ականների սկզբին ժամանեց Ռիո դե Ժանեյրոյից 130 կիլոմետր հյուսիս գտնվող Սերարիա խղճուկ բնակավայրը: Հետազոտելով աննշան կարծեցյալ քաղաքի ներուժը՝ նա 1953 թվականին բացեց կտորեղենի արտադրության ֆաբրիկա: Գասպարյանը ձգտում էր արտահանել գրեթե ողջ կտորեղենը, որն արտադրվում էր իր «Alto da Boa Vista Lanifici»o ֆաբրիկայում:
Որպեսզի քաղաքը բնակելի դարձնի իր աշխատակիցների համար, որոնք հաճախ գալիս էին հեռավոր վայրերից, նա բացի տներից, բնակարաններից եւ պահեստներից, կառուցեց դպրոց, մարզադաշտ, ակումբ եւ կինոթատրոն: Իր զարգացման գագաթնակետին գործարանում աշխատում էր 1400 մարդ: Լեւին, նրա կինը՝ Արմենը եւ երեք որդիները (Արմանդո, Էդուարդո եւ Մարկոս) ապրում էին քաղաքում:
Քաղաքի բնակիչները Գասպարյանին նկարագրել են որպես հեռատես ձեռներեց, որը «համեստ էր, հումորով եւ մարդամոտ»: Նա սիրում էր երեկույթներ կազմակերպել, բայց երբեք չհրաժարվեց իր ֆիրմային թիթեռնիկաձեւ փողկապից: Հաճախ խմում էր իր աշխատակիցների հետ: Նրանց զվարճացնելու համար նա Ռիոյից հրավիրել է սամբայի դասընթացներ եւ սպորտային թիմեր: Խորովածի խնջույքներ է կազմակերպել: Հիմնել է սպորտային ակումբ, որը հաղթել է առնվազն հինգ ֆուտբոլային առաջնություններում: Քաղաքի կենտրոնում հրապարակ է կառուցել եւ զբոսայգի՝ կենտրոնն ավելի գրավիչ դարձնելու համար: Գասպարյանը վերջ է դրել քաղաքի ջրամատակարարման խնդրին` կառուցելով ջրի մաքրման կենտրոն, այն անվանելով իր կնոջ անունով:
Թեեւ չի զբաղեցրել քաղաքական պաշտոններ, սակայն հայ կնքահայրն անխուսափելիորեն ներգրավվել է քաղաքականության մեջ եւ հովանավորել մի շարք գործիչների, որոնք դարձել են քաղաքապետ եւ փոխքաղաքապետ:
Ի գնահատանք Գասպարյանի հասարակական աշխատանքի՝ Հռոմի Պապը նրան շնորհել է «Կոմենդադորի» (Բրազիլիայում ընդունված պատվավոր տիտղոս – թարգմ) կոչում:
Գասպարյանը մահացել է 1972 թ. հոկտեմբերի 31-ին: Թաղվել է Ռիո դե Ժանեյրոյի Սան Ժուան Բատիստա գերեզմանոցում՝ հարյուրավոր սգավորների մասնակցությամբ:
1991 թվականի հունիսին Սերարիայի բնակիչները հանրաքվե անցկացրին եւ որոշեցին վերանվանել իրենց քաղաքը Կոմենդադոր Լեւի Գասպարյան:
1997 թվականին խոշոր ներդրումների բացակայության եւ համաշխարհայնացման պատճառով Գասպարյանի կտորեղենի ֆաբրիկան փակվել է:
Քանի որ Ռիո դե Ժանեյրոն (Կոմենդադոր Լեւի Գասպարյանին ամենամոտ մեծ քաղաքը) հայկական մեծ համայնք չունի (Բրազիլիայի հայերի մեծ մասն ապրում է Սան Պաոլոյում), հայտնի չէ, թե արդյո՞ք Գասպարյանը մասնակցել է հայ համայնքի գործերին: Նաեւ ոչ մի տեղեկություն չկա նրա ծննդավայրի (Բրազիլիա՞, թե՞ Հայաստան) մասին, կամ այն մասին, թե ինչպես է նա վաստակել այն կապիտալը, որը նրան հնարավորություն է տվել Ամազոնի խորքերում բացել կտորեղենի ֆաբրիկա:
Կոմենդադոր Լեւի Գասպարյան քաղաքի բնակչության թիվը 8576 է (2020 թ.):
Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Լուսանկարում՝ Կոմենդադոր Լեւի Գասպարյանի գերեզմանը Ռիոյի Սան Ժուան Բատիստա գերեզմանոցում: