Նրա մահն անսպասելի էր: Թվում էր՝ նա կենսական ուժերով լի էր եւ սիրում էր կյանքը: Նրա կարիքը շատ կար այն միջավայրում, որտեղ նա, անկասկած, առաջատար էր՝ ինչպես իր կոմպոզիտորական գործունեության մեջ, այնպես էլ որպես մանկավարժ: Մեծանալով երաժիշտների ընտանիքում՝ նա վաղ տարիքից սկսեց ստեղծագործել: Ուսանողական նոտաների տետրում գրառված երգը, որ պատահաբար գտել էր նրա մայրը, որոշ ժամանակ անց հրապարակվեց, թողարկվեց ռադիոյով եւ հայտնի դարձավ: «Ստեղծագործել պետք է արհեստավարժորեն»,- զուսպ արձագանքել էր նրա հայրը՝ հայտնի թավջութակահար, մանկավարժ Ալեքսանդր Չաուշյանը , որը ստեղծել է դասագրքեր՝ թավջութակի ուսուցման մեթոդիկայի մասին: Լեւոնը նույնպես որոշեց իր ուղին: Այդ ժամանակից ի վեր երկու ուղղություններով ուսումը՝ դաշնակահարությունն ու կոմպոզիցիան, սկսեցին ձեւավորել նրա ստեղծագործական ուղին:
Իր ուսման փայլուն արդյունքը Լեւոն Չաուշյանը ցույց տվեց Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ավարտական քննության ժամանակ, երբ կատարեց իր թիվ 1 Կոնցերտը՝ դաշնամուրի, լարային նվագախմբի եւ լիտավրների համար: Կոնցերտը նա գրել էր 16 տարեկանում, եւ այն դարձել էր նրա դիպլոմային աշխատանքը: Քննությունից մի քանի օր անց , Լեւոն Չաուշյանը նվագեց իր Կոնցերտը Ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում՝ Վ. Այվազյանի ղեկավարած ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին: Դա դաշնակահարության ռախմանինովյան, պրոկոֆեւյան, բաբաջանյանյան դյութիչ ավանդույթի արտահայտումն էր: Լեւոն Չաուշյանի դաշնամուրի եւ նվագախմբի Կոնցերտի պրեմիերայի այդ երեկոն Երեւանի մելոմանների համար դարձավ սենսացիա, իսկ կոմպոզիտոր-դաշնակահարի համար դարձավ նրա աստեղային ժամը: Երեւանի երաժշտական աշխարհը նոր անուն բացահայտեց:
Այդպիսի մեծ հաջողությամբ սկսվեց Լեւոն Չաուշյանի ստեղծագործական կյանքը: Սակայն նա բնավորությամբ հակված չէր աղմկալի ցուցադրականության, չէր ձգտում զարմացնել եւ ապշեցնել իր ունկնդիրներին: Հակված լինելով վերլուծել իրավիճակները, իրադարձությունները, արվեստի երեւույթները՝ նա բռնեց իր ձիրքի զարգացման իմաստավորված եւ տրամաբանական ուղին: Լեւոն Չաուշյանը ընդունվեց Երեւանի Կոնսերվատորիայի երկու ֆակուլտետ՝ դաշնամուրային՝ մանկավարժ, պրոֆեսոր Գ. Սարաջեւի մոտ, եւ կոմպոզիցիայի՝ պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի մոտ:
Սովորելու տարիներին նա գրում էր բազմաթիվ դաշնամուրային գործեր եւ ինքն էլ կատարում իր ստեղծագործությունները: Նա փնտրում էր իր սեփական լեզուն՝ քաջ գիտակցելով իր արմատները:
Ուսանողական տարիներին գրված «Կոնցերտ նվագախմբի համար (Թեմա վարիացիաներով)», թիվ 1 Լարային կվարտետ, Սիմֆոնիկ պոեմ գործերը լսարանը ջերմորեն ընդունեց, եւ դրանք արժանացան երաժշտական քննադատների բարձր գնահատականին: Այդ տարիներին Արամ Խաչատրյանի, Դմիտրի Շոստակովիչի, Սերգեյ Պրոկոֆեւի ստեղծագործությունները ոչ միայն մասնագետների, այլեւ երաժշտասերների ուշադրության կենտրոնում էին: Կոմպոզիցիայի այս ականավոր վարպետները տեւական ժամանակ ուղղորդել են հայ երաժշտության ուղին: «Այո, այդպես է եղել,- ասում էր Լեւոն Չաուշյանը: Սակայն միեւնույն ժամանակ հայ երաժշտությունը ունեցել է զարգացման առավել լայն շրջանակ: Ես դա այն ժամանակ էլ եմ զգացել: Եվ դա անսահման հետաքրքրական էր»:
Քսաներորդ դարի 60-70-ական թվականներին հայկական կոմպոզիտորական դպրոցը ծաղկում էր ապրում: Ավագ սերնդի հայտնի կոմպոզիտորների անունների շարքը՝ Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Գրիգոր Եղիազարյան, Ղազարոս Սարյան եկան համալրելու հանրային լայն ճանաչում ստացած իրենց աշակերտները. նրանց թվում էին Ջիվան Տեր-Թադեւոսյանը, Ավետ Տերտերյանը, Կոնստանտին Օրբելյանը, Խաչատուր Ավետիսյանը, Էմին Արիստակեսյանը: Իսկ կոմպոզիտորների հաջորդ սերունդը կազմավորվեց ուրույն ձեւով: Արդեն ասպարեզ մտան նոր ուղղություններ՝ մոդեռնը, ավանգարդը: Լեւոն Չաուշյանին հետաքրքրում էր այս ամենը, նա շատ էր լսում ու շատ տեղեկացված էր. նա արդեն Հայաստանի կոմպոզիտորների միության ակտիվ անդամ եւ հասարակական գործիչ էր: 70-ականների կեսերին նա ղեկավար ընտրվեց Կոմպոզիտորների միության կամերային եւ սիմֆոնիկ երաժշտության երիտասարդական բաժնում, որի կազմում ընդգրկված էր տաղանդների մի ողջ ծաղկաբույլ՝ այդ թվում՝ Տիգրան Մանսուրյանը, Մարտուն Իսրայելյանը, Աշոտ Զոհրաբյանը, Ռուբեն Սարգսյանը, Վահրամ Բաբայանը, Երվանդ Երկանյանը, Կոնստանտին Պետրոսյանը, Մարտին Վարդազարյանը, Ռոմեն Դավթյանը. հետագայում նաեւ՝ Էդուարդ Հայրապետյանը, Սուրեն Զաքարյանը, Արտեմ Ղազարյանը, Ստեփան Բաբաթորոսյանը, Աշոտ Բաբայանը: Բաժնում աշխատում էին նաեւ երաժշտագետներ: Աշխատանքը շատ էր: Հնչում էր երաժշտությունը, այն կատարում էին եւ վաճառում: Երիտասարդ կոմպոզիտորները, հպարտանալով իրենց մասնագիտությամբ, զգում էին երկրի համար իրենց կարեւորությունը: Աննա Արեւշատյանը այդ տարիներին գրել է. «Լեւոն Չաուշյանը մասշտաբային կերտմանը ձգտող կոմպոզիտոր է. նրա երաժշտությա մեջ զգացվում է լայնախոհության ձգտումը»: Նրա ստեղծագործությունների մասին շատ է խոսվում. սոնատներ դաշնամուրի համար եւ սոլոներ թավջութակի համար, Թիվ 1 եւ 2 Կոնցերտները դաշնամուրի եւ նվագախմբի համար, ջութակի նվագախմբի համար Կոնցերտը, որը փայլուն կատարել էր Ռուբեն Ահարոնյանը , որին էլ այն նվիրված էր, «Անհայտ զինվորի» սիմֆոնիան՝ մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար:
Լեւոն Չաուշյանը երիտասարդ տարիքից խոր հարգանքով էր լցված ազգային եւ դասական ավանդույթների հանդեպ: Այդ իսկ պատճառով հասուն տարիքում նա այդ ավանդույթները եւ արվեստ ներխուժող նոր միտումները միավորելու ամուր օղակ էր:
Չաուշյանի գործունեությունը միշտ առանձնանում էր բազմակողմանիությամբ՝ ստեղծագործական եւ հասարակական ակունքների համադրմամբ: 90-ականներին Լորիս Ճգնավորյանը հրավիրում է նրան ղեկավարելու Ֆիլհարմոնիկի սիմֆոնիկ կենտրոնը: Որպես ղեկավար նա նպաստում էր նոր սիմֆոնիկ ստեղծագործությունների ստեղծմանը, որոնք կատարվում էին համերգների ժամանակ՝ այդ դժվար ժամանակներում պահելով կոմպոզիտորների հեղինակությունը: Ինքը եւս ստեղծագործում էր: Եվ իր յուրաքանչյուր ստեղծագործություն ավանդույթների իրեն այդքան հարազատ համադրության ակնհայտ եւ վառ ապացույցն է: Այդ իսկ պատճառով, հնարավոր է՝ նրա իրական ձեռքբերումը իր 6 կվարտետներն են՝ ստեղծագործություններ, որոնք գրվել են բոլոր ժանրերից ամենադասականով:
Նրա բոլոր կվարտետները ժամանակին հետաքրքրական կատարողական կենսագրություն են ունեցել: Երբեմն՝ պարզապես շշմեցուցիչ: Առաջին անգամ Կոմիտասի անվան քառյակի կատարմամբ՝ դրանք արագ համաշխարհային հռչակ ձեռք բերեցին: Թիվ 2 Կվարտետի պրեմիերան կայացավ Երեւանում 1983 թվականին: Այնուհետեւ Կվարտետը հնչեց Նորվեգիայում խորհրդային երաժշտության օրերի ժամանակ, հետո նաեւ Մոսկվայում, Լենինգրադում, Նովոսիբիրսկում: Իսկ 1984 թվականի մայիսին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված Կոմպոզիտորների 31-րդ միջազգային տրիբունայի ժամանակ նրա թիվ 2 Կվարտետը ընտրվեց տարվա 12 լավագույն ստեղծագործություններից մեկը եւ 1985 թվականին հնչեց աշխարհի 10 երկրներում:
Նրա թիվ 3 Կվարտետը, որը կոմպոզիտորին պատվիրել էր Երեւանի քառյակի գեղարվեստական ղեկավար եւ ալտ Զարե Սահակյանցը, եւս արժանացավ շռնդալից հաջողության: Կվարտետը կատարել են «Լիդիան» քառյակը (ԱՄՆ) Վաշինգտոնում եւ Բոստոնում, Մոսկվայում եւ Երեւանում: Իսկ 1988 թվականի մայիսին Կվարտետը հնչեց Լենինգրադում՝ Ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում, որին հրավիրված էին ականավոր կոմպոզիտորներ եւ կատարողներ: Բուլղարացի հայտնի երաժշտագետ Ստեֆան Դրագոստինովը մամուլում գրել էր իր տպավորությունները. «Հոգումս կմնան անմոռանալի հանդիպումները Գիա Կանչելիի, Ջոն Ադամսի, Դյորդ Լիգետիի, Սոֆյա Գուբայդուլինայի երաժշտության հետ. նրանց ստեղծագործությունները փառատոնի ժամանակ լսածս գործերից ամենատպավորիչն էին ինձ համար»: Նրանց շարքում հնչել էր նաեւ Լեւոն Չաուշյանի անունը, որի Կվարտետը մեծ տպավորություն էր թողել Դրագոստինովի վրա:
Նրա կվարտետային էպոպեայի շարունակությունը դարձան թիվ 4 եւ թիվ 5 Կվարտետները, որոնք արդեն կատարվում էին մեր նոր իրականության մեջ, որտեղ շփումների շրջանակը չափազանց նեղ էր դարձել: Կվարտետները Երեւանում կատարում էին Կոնսերվատորիայի հրաշալի երիտասարդ երաժիշտներ՝ պրոֆեսոր Էդիտա Ավագյանի ուսանողները:
Լեւոն Չաուշյանի ստեղծագործական հեռանկարները նշմարվում էին հենց այդ կամերային-գործիքային երաժշտության մեջ: Նա, իրապես, Կվարտետների վարպետ էր: Նա պետք է որ հպարտ լիներ, որ հայ երաժշտության մեջ կարողացել էր այդպես պահպանել այդ հրաշալի ժանրը՝ դրան հաղորդելով հոգեւոր հայտնությունների նշանակություն:
Լեւոն Չաուշյանը խորապես գնահատված էր իր երաժշտական լսարանի կողմից, մեծապես հայտնի էր արվեստագետների շրջանում: Նա Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ էր, «Մովսես Խորենացի» շքանշանակիր, բազմաթիվ երաժշտական մրցույթների դափնեկիր, միջազգային փառատոների նշանավոր դեմք: Նրան շնորհվել են Հայաստանի մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի ոսկե մեդալներ: Նրա հեղինակությունը՝ որպես անձ եւ որպես մասնագետ, անփոփոխ մնում էր ամենաբարձր մակարդակի վրա: Երեւանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի (այնտեղ նա դասավանդում էր) ավանդույթները պահպանելու նրա ջանքերը, անկասկած, հետագայում կշարունակեն նրա գործընկերներն ու ուսանողները:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՌՈՒԽԿՅԱՆ
արվեստագիտության դոկտոր
Թարգմ.՝ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԻ